Դիտարկում Լեռնային Ղարաբաղի շրջափակման ներսից
Լյուկ Հարդինգը բրիտանական «Գարդիան» պարբերականի արտասահմանյան թղթակիցներից է: Չորս տարի (2007-2011) աշխատել է Ռուսաստանում, բայց 2011-ին Անգլիայից վերադառնալուց Ռուսաստան մուտքն արգելվել է: Հեղինակ է «Ներխուժում» (Invasion) գրքի:
Հովիկ Ասմարյանը ամեն ճաշաժամին կարտոֆիլ է ուտում: «Մեկ խաշում ենք, մեկ տապակում», ասում է նա հավելելով. «Ընտանիքս ու ես առողջ ապրելակերպ ենք ընտրել: Բանջարեղեն ենք ուտում, ոտով ման ենք գալիս եւ հեծանվով շրջում, բայց այս բոլորը հարկադրաբար ենք անում»:
Իր ծննդավայր Ստեփանակերտում ապրանքափոխանակումն է սկիզբ առել: «Մենք մեր այգում պտղատու ծառերն ունենք, մրգեր ենք տալիս մեր հարեւաններին եւ փոխարենը նրանցից ստանում ստեպղին»:
Ասմարյանը Լեռնային Ղարաբաղում է ապրում, հայկական մի անկլավ Հարավային Կովկասում, Ադրբեջանի տարածքում, որտեղ ապրում են մոտ 120 հազար բնիկ հայեր: Տարրական անհրաժեշտության սննդի պաշարներ, դեղորայք եւ վառելիք ժամանակին Հայաստանի մայրաքաղաք Երեւանից բեռնատար մեքենաներով տեղ էր հասնում Լաչինի միջանցքի հինգժամյա տեւողության լեռնային գեղատեսիլ ճանապարհով: Ազգակից այցելուները նույնպես այս ճանապարհն էին օգտագործում:
Անցյալ դեկտեմբերին Ադրբեջանը արգելափակեց այս ճանապարհը, տեղի հայ բնակչությանը փաստացի պաշարման մեջ պահելով: Կարմիր խաչի միջազգային կազմակերպության մեքենաներին թույլատրվում էր անցնել այդ միջանցքով եւ հիվանդների տեղափոխադրումը կազմակերպել: Սակայն այս տարվա ապրիլին Բաքուն մի նոր անցակետ տեղադրեց եւ հունիսի 14-ին հայերի հետ Հակարի կամրջի վրա տեղի ունեցած սահմանային ընդհարումից հետո, ադրբեջանցի պահակախումբը ամբողջովին փակեց ճանապարհը: Դրա հետեւանքում Լեռնային Ղարաբաղի բնակչությունը այժմ սուր կարիքի մեջ է: ԿԽՄԿ-ի տվյալներով խիստ սահմանափակ են ինչպես սնունդը, այնպես էլ անհրաժեշտ դեղորայքը, առողջապահական պարագաները եւ մանկական կերը:
Սուպերմարկետները դատարկ են, հասարակական տրանսպորտը կանգնած է վառելիքի պակասի պատճառով, քաղաքային պիկ ժամեր գոյություն չունեն: Բազմաթիվ թաղամասերում ոչ ջուր, ոչ էլ էլեկտրականություն: Բնակիչների ասելով Բաքվի ծրագիրը հստակ է՝ սովամահ անելով ենթարկեցնել, որպեսզի երբ եւ եթե ճանապարհը բացվի, մարդիկ թողնեն ու հեռանան իրենց բնօրրանից: Դա, իրենց ասելով, դանդաղ գործող ցեղասպանություն է, որի ժամանակ սովի մատնելը օգտագործվում է որպես դասական զենք: Ադրբեջանը ժխտում է, որ շրջափակում գոյությւոն ունի եւ պնդում, որ ստիպված է այդպես գործել որպես էկոլոգիական կոպիտ խախտումների հետեւանք: Ազերի փաստաբանները Հայաստանի հակափաստարկները չհիմնավորված եւ չճշգրտված են համարում:
Ճգնաժամը, այնուամենայնիվ, իրական է եւ հետզհետե վատթարանում է: Ասմարյանը ասում է, որ փետրվարին ստիպված է եղել փակել իր ռեստորանը, քանի որ ալյուրն ու մյուս ապրանքները սպառվել են: Նա գյուղում մի այգի ունի, մոտ 3000 ծառերով, բայց բենզինի պակասության հետեւանքով չի կարողանում միրգը հավաքել: Ամբողջ բերքն այդպիսով փչանում է: «Արդեն 245 օր է, ինչ այս վիճակում ենք: Նրանք փորձում են իրավիճակը է՛լ ավելի սրել, բայց մենք չենք հանձնվելու», ասում է նա:
Ասմարյանը «Գարդիանի» թղթակցին առաջարկեց շրջագայել հայկական տարբերակով՝ Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի տեսարժան վայրերով: «Z» սուպերմարկետը փակ էր, դարակները դատարկ: Շուկան եւ «Նոստալջի» խանութը նույնպես փակ էին: Մեկ խանութ թեեւ բաց էր, բայց այնտեղ ոչինչ չկար գնելու, բացի խաղալիք ավտոմեքենայից: «Նրանք չեն հանգստանալու մինչեւ մենք չմահանանք փողոցներում», ասաց նա:
«Մայրս եւ քույրս քաշ են գցել», ասում է իր հերթին Լիլիթ Շահվերդյանը՝ մի լրագրող Երեւանից, որի ընտանիքը ապրում է Ստեփանակերտում: «Նրանք նախաճաշին հացի հետ վարունգ են ուտում: Հայրս ճանապարհի արգելափակումից առաջ որոշակի քանակի ուտելիք էր պահեստավորել, բայց դա երկար չի կարող մեզ պահել: Լրջագույն խնդիրն այն է, թե ինչպես է ժողովուրդը դիմանալու ամառվանից հետո: Տրամադրությունները հուսահատական են: Վատ բան են կանխատեսում, հույս ունենալով, որ լավ բան տեղի կունենա»:
Ադրբեջանի միակուսակցական պետությունը, նախագահ Իլհամ Ալիեւի գլխավորությամբ, անջատողական(*) տարածաշրջանին առաջարկում է օգտվել Աղդամ քաղաքի մոտակա խաչմերուկից: Շահվերդյանը բացատրում է, որ դա ընդամենը քարոզչական խաղ է (PR) Ղարաբաղը «ինտեգրելու» Ադրբեջանի կազմում: «Տեղացիները բարիկադներով փակեցին այդ ճանապարհը, չցանկանալով Ադրբեջանից սնունդ ստանալ, վախենալով, որ թունավոր կարող է լինել», ասում է Լիլիթը:
Անվստահությունը երկու կողմերում էլ խորը արմատներ ունի: 1917-ին Ռուսական կայսրության փլուզումից հետո, Հայաստանն ու Ադրբեջանը վիճարկում էին Ղարաբաղը: Այն Ադրբեջանից առանձնացավ 1990-ի սկզբներին տեղի ունեցած պատերազմի հետեւանքում: 2020-ին սակայն, Ադրբեջանը վերստին տիրացավ այդ եւ շրջակա տարածքին մի երկրորդ պատերազմի հետեւանքում, որն ավարտվեց Ռուսաստանի միջնորդած հրադադարով: Հաայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվեց Ղարաբաղի հայերի անջատողական պահանջները բավարարելուց, բայց պնդում է, որ նրանց իրավունքները պետք է պաշտպանվեն:
Իր ռազմական հաղթանակից հետո Ալիեւը տրամադիր չէ փոխզիջումների գնալ եւ, ինչպես «Carnegie Europe» ուղեղների շտեմարանի ավագ աշխատակից Թոմաս դը Վաալն է նշում, «հավատացած է, որ ինքը հաջողակ է»: Վաալը այսպես է արտահայտվում. «Ալիեւը ե՛ւ դիվանագիտություն, ե՛ւ հարկադրանք է բանեցնում, որպեսզի ավարտին հասցնի հայերի հետ իր օրակարգային խնդիրները: Որպես գերտերություններից ոչ մեկին չհարող ինքնավստահ պետության ղեկավար, որը կարող է ե՛ւ Ռուսաստանի, ե՛ւ Արեւմուտքի հետ գործ ունենալ, նա քաջալերված է զգում իրեն Ռուսաստանի՝ Ուկրաինայում ընթացող պատերազմի պատճառով»:
2020-ի հրադադարի համաձայնությամբ Ռուսաստանը պարտավոր է ապահովել, որ Հայաստանի եւ Ղարաբաղի միջեւ տրանսպորտային հաղորդակցության ճանապարհը բաց մնա, սահմանին տեղակայված խաղաղապահ զորքերի հսկողության ներքո: Մոսկվայի անկարողությունը այդ հարցում «թուլության նշան է» որակում Միջազգային ճգնաժամային խմբի Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիա ծրագրի (ICG S ECA) փոխտնօրեն Ալիսա դը Կարբոնելը, հավելելով. «Ռուսաստանը մտացրված է եւ գուցե դա էլ հենց այն պատճառն է, թե ինչու տեղի ունեցավ (Ղարաբաղի) երկրորդ պատերազմը»:
Միացյալ Թագավորությունը, Մ. Նահանգները եւ եվրոպական մյուս պետությունները բարձրաձայնում են, որ խորապես մտահոգված են Ղարաբաղում վատթարացող իրավիճակից: Նրանք Ադրբեջանից պահանջում են վերաբացել Լաչինի միջանցքը եւ թողնել, որ հումանիտար օգնությունը տեղ հասնի: Մ. Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը փորձում է միջնորդել, նույնը Եվրոխորհրդի նախագահ Շառլ Միշելն է փորձում անել: Նա անցյալ ամիս Բրյուսելում խաղաղության բանակցությունների հերթական հանդիպումը կազմակերպեց Ալիեւի եւ Փաշինյանի միջեւ:
Ռուսաստանն իր առանձին միջնորդական դերակատարությունն ունի: Ռուսաստանի իր գործընկերոջ՝ Սերգեյ Լավրովի հետ քննարկումներից հետո, ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը չորեքշաբթի օրը նշել է. «Իրավիճակը աղետալի է, որովհետեւ մենք գազ չունենք: Մեզ մոտ էլկետրական հոսանքի անջատումներ են»: Ըստ ռուսաստանյան ՏԱՍՍ լրատվական գործակալության հաղորդումների, Միրզոյանը շեշտել է նաեւ «հումանիտար աղետից խուսափելու անհրաժեշտությունը»:
Մինչ դիվանագիտական որոշ առաջխաղացում նկատվում է, Ադրբեջանն առայժմ չի կատարում միջազգային կառույցների պահանջները: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը նա ներքին խնդիր է համարում: Մայիսին արտասանած ելույթի ժամանակ Ալիեւը հայ ժողովրդից պահանջեց «գլուխները ծռել» եւ ընդունել ձուլումը ադրբեջանցիների հետ, ինչը նշանակում է Արցախի կառավարության արձակումը: Բաքուն հրաժարվում է բանակցել ղարաբաղցիների հետ՝ համարելով նրանց «անջատողականներ»:
Այս ամիս միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օքամպոն Ղարաբաղի ժողովրդի արգելափակումը որակեց «ցեղասպանության» հնարավոր տարբերակ՝ սովի մատնելով նրան: Ադրբեջանի կողմից նշանակված փաստաբան Ռոդնի Դիքսոնը Օքամպոյի կարծիքը համարեց «ակնհայտորեն» չհիմնավորված, սադրիչ եւ սխալական:
Մյուս կողմից, Բաքվի «Հարավային Կովկասի ուսումնասիրությունների կենտրոն շտեմարանի» ղեկավար Ֆարհադ Մամադովը «Ռոյթըրզ» գործակալությանը հայտնել է, որ ճանապարհի վերահսկողությունը անհրաժեշտ է, բացառելու համար «զինամթերքի եւ հայ զինվորների» տեղաշարժը դեպի Ղարաբաղ» եւ այնտեղից հակառակ ուղղությամբ: Այնտեղ տեղակայված են մոտ 5000 հայ զինվորներ: Նրանց հարցը ներկա բանակցությունների օրակարգում չի ընդգրկված: Եթե մի նոր ադրբեջանական ռազմական օպերացիա տեղի ունենա, նրանք կռվելու են, բայց դա, ինչպես փորձագետներն են վկայում, իրականում լինելու է ինքնասպանական պայքար:
Ասմարյանի համոզմամբ, դրսում ապրողները այնքան էլ չեն մտահոգվում Ղարաբաղի ժողովրդի ճակատագրով, քանի որ պաշարված շրջանը շատ քիչ բնական ռեսուրսներ ունի: «Մենք ոսկի չունենք, ոչ էլ նավթ կամ գազ: Մենք ոչինչ չունենք, որ հետաքրքրի արեւմուտքին կամ արեւելքին: Աշխարհը սիրում է խոսել մարդու իրավունքների մասին, բայց այդ բոլորը գրոշ չարժեն: Ներեցեք, որ այդքան կոպիտ եմ արտահայտվում, բայց մենք էլ, ի վերջո, մարդ ենք, չէ՞», ասում է նա:
*) Արեւմուտքում շատ տարածված այս արտահայտությունը անգլիական ամենալուրջ այս թերթն էլ կրկնում է դժբախտաբար: Խմբ.:
ԼՅՈՒԿ ՀԱՐԴԻՆԳ
Անգլ. բնագրից թարգմանեց՝ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ