Բաքվում աշխատանքներն է սկսել ԱՊՀ երկրների երիտասարդ արեւելագետների 2-րդ գիտաժողովը: Հարեւան երկրի ավանդույթով` միջոցառմանը ներկա է գտնվել նաեւ Իլհամ Ալիեւի աշխատակազմի ներկայացուցիչ Էլնուր Ասլանովը, որը Միլլի մեջլիսի պատգամավոր Ռիբայաթ Ասլանովայի որդին է:
Ասլանովը մի քանի հիմարություններ է ասել «ադրբեջանական հողերի օկուպացիայի», «Հայաստանի զավթողական քաղաքականության», «Ադրբեջանի` որպես Հարավային Կովկասի քաղաքական եւ տնտեսական լոկոմոտիվի», «ավանդական ադրբեջանական հանդուրժողականության» մասին:
Վերջին հիմարությունը «հիմնավորելու» համար նա ասել է, որ «չնայած ղարաբաղյան հակամարտությանը, Ադրբեջանում շարունակում է ապրել 30 000 հայ»: Սա իլհամալիեւյան քարոզչամեքենայի կողմից ամենահաճախ օգտագործվող հիմարությունն է:
Բանն այն է, որ Ադրբեջանում «30 000 հայ է ապրում» արտահայտությունն առաջին անգամ 20 տարի առաջ հնչեցրել է «համազգային առաջնորդ» Հեյդար Ալիեւը: 1994-ին, գուցե Բաքվում դեռ մնացած լինեին մի որոշ քանակության հայ կանայք, որ ժամանակին ամուսնացած էին եղել ադրբեջանցու կամ ռուսի, լեզգու հետ եւ որոնց ամուսինները, ի հակակշիռ «հասարակական պահանջի», նրանցից չէին հրաժարվել:
Բայց անցել է 20 տարի, եւ «30 000 հայերը» կամ պետք է ունենային բնական եւ ոչ բնական կորուստներ եւ նվազեին, կամ, եթե նրանք «հասարակության լիարժեք անդամ են», ինչպես իլհամալիեւյան քարոզչությունն է պնդում, այսօր առնվազն պետք է «40 000 լինեին»: Որովհետեւ Ադրբեջանի ընդհանուր բնակչությունը 20 տարում «աճել է 30 տոկոսով», ինչպես այդ երկրի պետական վիճակագրությունն է նշում:
Հարց է առաջանում` ինչո՞ւ 20 տարում Ադրբեջանում «ապրող հայերի» թիվը մնացել է անփոփոխ, ոչ աճել է, ոչ` նվազել: Մի՞թե այդ մարդիկ ենթակա չեն սերնդատվության եւ մահվան բնական օրենքներին: Այդ ինչպե՞ս է, որ Բաքվի 1,5 մլն. բնակչությունը կրկնապատկվել է, իսկ այնտեղ «ապրող հայերի թվաքանակը` մնացել 30 000»:
ԱՊՀ երկների երիտասարդ արեւելագետները, բնականաբար, հնարավորություն չեն ունենալու այդ մասին հարցնել Իլհամ Ալիեւի աշխատակազմի ներկայացուցչին: Ոչ էլ կարեւորելու են «30 000 հայերի գոյությունը հանդուրժողական» Ադրբեջանում: Պարզապես իլհամալեւյան քարոզչամեքենան օգտագործել է հերթական առիթը եւ կրկնել մի հիմարություն, որին աշխարհում կարծես ոչ ոք ուշադրություն չի դարձնում:
Հակառակ դեպքում ժամանակ առ ժամանակ Բաքու հասնող ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կան նրանցից գոնե մեկը ցանկություն կհայտնեին հանդիպելու Ադրբեջանի մայրաքաղաքում «լիարժեք քաղաքացու կյանքով ապրող մի հայի»: Կամ էլ, ավելի ճիշտ, Բաքվում իշխող վարչախումբն առիթը կօգտագործեր եւ ԱՊՀ երկրների երիտասարդ արեւելագետների գիտաժողովին կներկայացներ Բաքվի համալսարանի մի ասպիրանտի, որը «ազգությամբ հայ է»:
Այ դա, իրոք, երեւույթ կդառնար: Բայց այդպես կարող է լինել իրականում հանդուրժողական եւ քաղաքակիրթ երկրում: Ադրբեջանում, մինչդեռ, անցած նախագահական «ընտրությունների» քարոզարշավի ողջ ընթացքում պետական եւ վարչախմբի շահերի սպասարկմանը լծված քարոզչությունը նախագահի ընդդիմադիր թեկնածու Ջամիլ Հասանլիին երկնային եւ երկրային բոլոր մեղքերի մեջ մեղադրելիս «հիմնավորում էր բերում, որ Լոնդոնում բնակվող նրա փեսան թեեւ բրիտանահպատակ, բայց ծագումով հայ է»:
Իրական Ադրբեջանում իրավապաշտպան Լեյլա Յունուսովային մեղադրում են, որ «նրա ամուսնու` Արիֆ Յունուսովի մայրը հայուհի է եղել»: Այսինքն, իրավապաշտպանի ոչ իշխանամետ կեցվածքը պայմանավորում են նրա հանգուցյալ սկեսրոջ հայ եղած լինելու հանգամանքով: Իսկ էքսցենտրիկ քայլերով հայտնի ոմն Ակիֆ Նաղիեւ ժամանակ առ ժամանակ սպառնում է հրապարակել «խորհրդարանի եւ կառավարության այն անդամների անունները, որոնց մայրը կամ զոքանչը հայ է եղել»:
Սա է իրական Ադրբեջանի «հանդուրժողական» դեմքը, այն, որ նույնիսկ էքս-նախագահ Այազ Մութալիբովն էր ստիպված հայտարարել, որ իր «կինը հրեուհի չէ»: Այս պատկերը թաքցնել կարելի էր թերեւս «ադրբեջանական մուլտիկուլտուրիզմի եւ հանդուրժողականության» թեման լռության տալով: Քանի որ մի բան մասին եթե չի խոսվում, ապա հակափաստարկներ էլ չեն բերվում:
Ինչպես տեսնում ենք, իլհամալիեւյան քարոզչամեքենան ընտրել է «բազմիցս կրկնված սուտը հնչում է ճշմարտության պես» գեբելսյան «ոսկե կանոնը»: Բայց «Գեբելս» լինելու համար էլ, ըստ երեւույթին, բանականության որոշակի պաշար է պետք, ինչից, բարեբախտաբար, Ադրբեջանում իշխող վարչախումբը զուրկ է: Եվ ստացվում է, որ 20 տարի ի վեր «Ադրբեջանում ողջ-առողջ, բայց անպտուղ ապրում է 30 000 հայ», որպեսզի ամեն անգամ «իր ներկայությամբ ապացուցի այդ երկրում թագավորող հանդուրժողականության իսկությունը»:
Իրոք, եթե աստված որոշում է մարդուն պատժել, ապա ամենասկզբից խլում է բանականությունը: