ՌՈՒԴՈԼՖ ԱՎԱՆԵՍՅԱՆ
Եվ այնուամենայնիվ, որքան անսպասելի են լրատվական տարածքում տրանսֆորմացվում այն տեղեկատվական հոսքերը, որոնք արտամղվում են կրիմինալ օլիգարխիայի սնուցման մեջ գտնվող առանձին ԶԼՄ-ների կողմից: Թեզը, թե ով տիրապետում է տեղեկատվությանը, տիրում է աշխարհին, նրանց մեկնաբանությամբ էական փոփոխություններ է կրել եւ հնչում է մոտավորապես հետեւյալ կերպ. «Աշխարհին տիրում է նա, ով ավելի համոզիչ է ստում»:
Միջազգային տրամաչափի այսպիսի PR վարպետներից մեկին կարելի է համարել Մուխտար Աբլիազովին: Նա ստաժավոր ստախոս է, որը ԶԼՄ-ները վերածել է «գլխարկ դնելու» գործիքի: Նա մի մարդ է, որով ակտիվորեն հետաքրքրվում են Մեծ Բրիտանիայի, Իսպանիայի, Չեխիայի, Հունաստանի, Ուկրաինայի, Ռուսաստանի եւ Ղազախստանի իրավապահ մարմինները:
Նա նախարարական պաշտոններ էր զբաղեցնում Ղազախստանում: Եղել է նաեւ ձեռնարկատեր Ռուսաստանում: Նրա ծառայողական ցանկում կոռուպցիոն սկանդալներ են, բանտային մեկուսացում եւ քաղաքական գործունեություն, որոնց նպատակը մեկն է եղելՙ ապահովել սեփական անձի եւ սեփական կասկածելի բիզնեսի անձեռնմխելիությունը:
Նրա վերջին պաշտոնը հայրենիքից փախչելուց առաջ Ղազախստանի խոշորագույն ֆինանսական կառույցներից մեկի ղեկավարինն էր: Բանկի նախագահ եղած ժամանակ նա գողացավ ավանդատուներից եւ վարկատուներից մոտ վեց միլիարդ դոլարՙ դրանք ուղղորդելով իր հետ կապված ընկերություններ եւ լվալով դրանք օֆշորների միջոցով:
Ապացույցնե՞ր: Դրանք անսպառ են: Օրինակ, կարելի է բերել Լոնդոնի Բարձր դատարանի մի շարք որոշումներ, որոնցով ձերբակալվել են Աբլիազովի գույքը, նրա բոլոր հաշիվները եւ ընկերությունները բանկի օգտին, քանի որ գողության փաստը ապացուցված է եղել: Անգլիացի դատավորը, ով վարում էր գործը, զարմանում էր, թե ինչո՞ւ այն չի դիտարկվում քրեական ենթատեքստում, քանի որ հանցագործությունն ակնհայտ է: Բանկի ներկայացուցիչները բացատրել են, որ անօրինականորեն յուրացված փողերը վերադարձնելը ավելի հեշտ էր քաղաքացիական դատավարության միջոցով: Ծայրահեղ դեպքում դա թույլ տվեց դեն շպրտել մեղադրանքներն այն բանում, որ Աբլիազովի հետապնդումը քաղաքական մոտիվներ ունի: Ինքըՙ փախած օլիգարխը, ամբողջ դատական լսումների ընթացքում խաբում էր, դատավորներին գցում մոլորության մեջ եւ դատապարտվեց 22 ամսվա ազատազրկման անգլիական Թեմիսի նկատմամբ անհարգելի վերաբերմունքի համար, ինչից հետո փախավ Մառախլապատ Ալբիոնի ափերից:
Եթե փորձենք հետեւել Աբլիազովի ճանապարհին Անգլիայում, այնուհետեւ նրա ընդհատակյա գոյությանը Եվրոպայում եւ դրան հաջորդած ձերբակալությանը Ֆրանսիայում, կտեսնենք, թե ինչպես է փոխվում նրա բուռն գործունեությանն ուղեկցող կոնտենտը:
Աբլիազովՙ Մեծ Բրիտանիա
Դա ժամանակ էր, երբ Աբլիազովը ձիու վրա էր: Ստանալով քաղաքական վտարանդու կարգավիճակՙ (իսկ անգլիացիներն այն ժամանակ չգիտեին, թե ում են հյուրընկալել) օլիգարխին ենթակա ԶԼՄ-ների ելույթներն ուղղված էին Ռուսաստանի, Ուկրաինայի եւ ավելի մեծ չափով Ղազախստանի դեմ: Քաղաքական գործիչը մերկացնում էր այդ երկրի քաղաքական եւ հասարակական համակարգը, աշխուժորեն ֆինանսավորում էր ընդդիմությանը, որի նպատակն էր ապակայունացնել իրավիճակը: Այդ ժամանակ Աբլիազովը երազում էր վերադառնալ Ղազախստանի մեծ քաղաքականություն: Բայց այդ բարեկեցիկ պետությունը տնտեսության մեջ առաջատար դիրքեր է գրավում: Խարխլել իրավիճակը նման երկրում դժվար է: Եվ ահա իշխանության նկատմամբ անվստահության ճգնաժամ առաջացնելու համար գործի էին դրվում բոլոր հնարավոր միջոցները, ընդհուպ անկարգությունների եւ ահաբեկչական գործողությունների կազմակերպումը: Այսպես, Աբլիազովի անվտանգության ծառայության աշխատակից ոմն Ալեքսանդր Պալվով բացահայտվել է իբրեւ Ղազախստանի տնտեսական մայրաքաղաք հանդիսացող Ալմաթի քաղաքում ահաբեկչական գործողության նախապատրաստող:
Աբլիազովի կողմից վերահսկվող ԶԼՄ-ները ձեռք ձեռքի տված կանգնեցին Պավլովի պաշտպանության դիրքերումՙ մեղադրելով ղազախստանյան իշխանություններին, որ քրեական գործն ունի քաղաքական մոտիվ: Ինքըՙ Պավլովը, թաքնվեց եւ այսօր Իսպանիայի բանտերից մեկում է, որտեղ վճռվում է նրա էքստրադիցիայի հարցը:
Աբլիազովՙ փախուստ Անգլիայից
Այս փուլում աբլիազովական ԶԼՄ-ների տոնայնությունը փոխվեց: Ղազախստանում պետական հեղաշրջում իրականացնելու ամբիցիոզ ծրագրերը չիրականացան: Սկսվեց օլիգարխի կյանքի երկրորդ փուլը: Գոյատեւման քաղաքականությունը: Մի կողմից այն բանի համար, որպեսզի ամրապնդվի ընդդիմադիրի իմիջը եւ դրանով արգելակվեն քրեական հետապնդման փորձերը, աբլիազովական ԶԼՄ-ները շարունակում էին հարձակումները Ղազախստանի դեմ, բայց արդեն ավելի նվազ եռանդով: Շատ ավելի մեծ ուժեր սկսեցին ծախսվել միջազգային հանրության աչքում օլիգարխի անունը մաքուր պահելու, նրա հետապնդումը որպես անձնական հաշիվներ ներկայացնելու վրա: Ընդ որում ակնհայտ փաստերը, մասնավորապես այն, որ Աբլիազովը միջազգային տրամաչափի ավազակ է, ավանդաբար լռության էին մատնվում: Զուգահեռաբար ԶԼՄ-ների հետ միասին աշխուժացան զանազան իրավապաշտպան կազմակերպություններ: Նրանց նպատակն էր անձնապես Աբլիազովի իրավունքների եւ ազատությունների պաշտպանությունը: Այդ կազմակերպություններից մեկը Լեհաստանում գործող «Բաց երկխոսություն» հիմնադրամն էր:
Աբլիազովՙ Ֆրանսիա
Աբլիազովի պաշտոնական կենսագրության այս մասը նման է դետեկտիվ թրիլլերի: Այստեղ ամեն ինչ կաՙ ընտանիքի առեւանգում չարամիտ թշնամիների կողմից, սեր, որը բերել է ձերբակալություն, անբարյացակամ բանտային տախտակամած եւ բանտային շիլա:
Ընտանիքի առեւանգումն, իրականում պարզվեց, որ սովորական արտաքսումն էր Իտալիայից դեպի Ղազախստանՙ կապված միգրացիոն օրենսդրության խախտումների հետ: Ընդ որում կան կասկածներ, որ իր ընտանիքից օլիգարխը ինքն է ազատվելՙ մի կողմից հիանալի հնարավորություն սեփական PR-ի համար, մյուս կողմից կարելի էր բացահայտորեն ինչ-ինչ կապեր ունենալ իր բիզնես գործընկերոջ կնոջՙ տիկին Տիշչենկոյի հետ: Հենց նա էլ դարձել է այն չարագույժ կինը, որին հետեւելով, իրավապահ մարմինները դուրս եկան փախստականի հետքի վրա:
Ահա այսպես, եթե խոսենք Աբլիազովի կողմից այդ ժամանակահատվածում վճարվող ԶԼՄ-ների քաղաքականության մասին, ապա նրանք սկսեցին հետապնդել մեկ գլխավոր նպատակՙ թույլ չտալ հանձնել օլիգարխին Ուկրաինային, ում հարցապնդմամբ էլ նա ձերբակալվել էր Ինտերպոլի կողմից Ռիվերայի ափերին: Լրագրողները վախեցնում էին զգացմունքային եվրոպական ընթերցողին, թե եթե, Աստված չանի, Աբլիազովը հանձնվի Ուկրաինային, այնտեղից նա անպայման կարտահանձնվի Ղազախստանին: Իսկ այնտեղ նրան կսկսեն տանջել եւ արդարացի դատական գործընթացների հետ հույս կապելն անհնար կլինի: Սակայն, ինչպես ցույց է տալիս փորձը, Աբլիազովի նկատմամբ ոչ մի արդարադատություն չի կարող լինել արդարացի, եթե չի տանում դեպի արդարացնող որոշում…
Թողնենք Ղազախստանը: Եվրոպայի պետությունները միշտ էլ զգուշավորությամբ են վերաբերվել խորհրդային «շինելից» դուրս եկածներին: Բայց ինչպե՞ս հասկանալ ոչ օբյեկտիվության մեղադրանքները, որոնք հնչում էին Լոնդոնի Բարձր դատարանի հասցեին: Չնայած լավագույն փաստաբանների ջանքերին, Աբլիազովը խայտառակ կերպով պարտվում էր մեկը մյուսին հաջորդող գործերով: Եվ, իհարկե, նա սկսեց դրա պատճառները փնտրել անգլիացիների երկերեսության, նրանց ծախվածության մեջ: Դրա համար էլ պետք չէ զարմանալ, եթե շուտով սկսեն մեղադրել նաեւ ֆրանսիական Թեմիսին, երբ նա, այնուամենայնիվ, որոշում ընդունի օլիգարխի էքստրադիցիայի մասին: Պատրաստ եղեք, պարոնայք դատավորներ, թող ողջ Ֆրանսիան էլ պատրաստ լինի: Շուտով ձեզ ըստ ամենայնի կմեղադրեն նրանում, որ ռեսուրսներով հարուստ Ղազախստանը գնեց ողջ հինգերորդ հանրապետությունը: Օբյեկտիվ գնահատականները կարող են եւ չլսվել «քյոյնյա» իրավապաշտպանների աղմկոտ երգչախմբում:
Մի փոքր այլ տեղեկատվական քաղաքականություն է վարվում Աբլիազովի թիմի ներկայացուցիչների նկատմամբ, որոնք ձերբակալված են եւ արտահանձնման են սպասում Եվրոպայի ուրիշ երկրներում: Դրանք են վերոհիշյալ Պավլովը Իսպանիայում եւ Տատյանա Պարասկեւիչը Չեխիայում:
Օլիգարխի գրպանային ԶԼՄ-ները այժմ կողմնորոշված են կանխարգելելու եւ չեզոքացնելու նրանց հնարավոր ցուցմունքները Աբլիազովի դեմ արտահանձնման դեպքում: Գործի են դրվել արդեն ծանոթ թեզեր, թե կլինեն կտտանքներ եւ ոչ օբյեկտիվ հետաքննություն:
Աբլիազովը հաշվի չի առել միայն մի բանՙ հասարակական կարծիքն, անշուշտ, լուրջ ուժ է, սակայն փաստերը համառ եւ դաժան բաներ են: Իսկ իրավաբանները սովոր են ավելի շատ վստահելու հենց փաստական նյութերին: Հենց դրա համար էլ գողեգող փախած բիզնեսմենը գործնականում ազատություն վերադառնալու որեւէ շանս չունի: