Դոկտոր ԱՆԴՐԱՆԻԿ ՍԻՄՈՆՅԱՆ, Թեհրանի Ազատ համալսարանի հայոց լեզվի եւ գրականության ամբիոնի վարիչ, ԻԱՄՄ Պատգամավորական խորհրդի նախագահ, ԹԵՀՐԱՆ
Այդ անունը չէի լսել: Իմացա, որ Բեյրութից է գալու: Հանդիպման օրը Հայաստանից ժամանած հոգեւորական հյուր էլ ունեինքՙ երիտասարդ կուսակրոն քահանա հայր Եղիան: Ես նրան ցույց էի տալիս Մայր աթոռից եւ Մեծի տանն կիլիկիո աթոռից Իրանահայ ազգային եւ մշակութային միության 30 ամյակին շնորհված Հայրապետական սրբատառ զույգ կոնդակները, որոնցից առաջինը ինքն էր մեզ փոխանցել: Գույումջյանը լուռ հետեւում էր մտածող մարդու հայացքով: Հետո խոսք բացվեց նրա հետ ու գնաց մինչեւ վերջերս Երեւանում կայացած Սփյուռքի նախարարության 5 ամյակի միջոցառումներն ու սփյուռքից, հատկապես Բեյրութից ժամանած իմ բարեկամներին: Երկրատեւ զրույցի, այդ գիշերվա նրա պարգեւած պահերի շուրջ, եւ հաջորդ օրվա ընթացքում պարզեցի, որ զրուցակիցս հայրենասիրական լուրջ հայացքներ ունի, Հայաստանում սփյուքի ծիծեռնակների յոթանասունականների ներկայացուցիչերի թվին է պատկանում: Իր շրջանի մեկ-երկու տարի ավագ կամ կրտսեր իրանահայ տղաներին շատ լավ է ճանաչում: Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտից վկայվել է որպես ճարտարապետ, երկար տարիներ աշխատել է Լիբանանում: Հիմա վաղեմի սիրոՙ պոեզիայի հետքերով է քայլում: Մենահամերգներ է ունեցել բազմաթիվ երկրներումՙ Միջին Արեւելք, Ամերիկյան ցամաքամաս, Եվրոպա, Հայաստան, Արցախ եւ էլի ուրիշ տեղերում եւ հիմա, ԻԱՄՄ վարչության հրավերով, եկել հասել է Թեհրան: Այսքանն իհարկե առաջին հանդիպման արդյունքը չեր կարող լինել, քանի որ այդ բարձրահասակ, բարի ու բարեկամական մեղմ ժպիտով օժտված ու բարեհամբույր տեսքով մարդը առաջին հանդիպման օրը այնքան սակավախոս է, որ մեկ համդիպման ընթացքում դժվար թէ այդքան բան փոխանցի: Ինչ որ է, Իրանահայ ազգային եւ մշակութային միությունում տոնվում է Հայ մշակույթի, կամ Թարգմանչաց տոնը եւ որպես օրվա միակ ծրագրի հեղինակ մեզ մատուցվել է նրա անուն-ազգանունը,առանց մի բառ ավելի կամ պակասի:
Գիշերն սկսվում է հայ քնարերգության բնաբանով: Չարենցն է ու նրա պաշտամունքի առարկաՙ Երկիր Նաիրին նաեւ, իհարկե, ինքըՙ Հակոբ Գույումջյանը: Հետո գալիս են Համո Սահյանը, Սիլվա Կապուտիկյանը, Վահան Թեքեյանը եւ էլի շատ մեծեր: Գույումջյանը սփյուռքահայի կարոտով եւ Հայաստանը ճանաչող մարդու ինքնավստահությամբ մեկ առ մեկ լսարանին է մատուցում հայ քնարերգության գոհարները:
Արվեստագետի ճաշակը, անկասկած, նրա հասուն, հասու եւ մշակված ձայնի հետ համընկնող բանաստեղծությունների ընտրությունը առաջնահերթ նշանակությունն ունի, ճաշակՙ որով է պայմանավորվել շուրջ երկու երկար ու ձիգ, բայց եւ լսարանի համար շատ կարճ ու խիտ վայրկյաններ տեւած ծրագրի բոլոր դետալների մանրակրկիտ ընտրությունը:
Հակոբ Գույումջյանի կատարումների մեջ տարբերակվողՙ հատկանշական մի քանի առանձնահատկություններ կան: Նախ որպես արեւմտահայՙ ամենահստակ ու բնական արտաբերմամբ կարդում է արեւելահայ պոեզիան, իսկ անմիջապես ավելացնենք, որ առաջին անգամ թեհրանահայ հանդիսատեսը ունկնդրում է բնական, հասուն ու բարձրահունչ արեւմտահայերեն կատարումներ:
Գույումջյանի ընտրությունները իրենց հերթին բավականին ինքնատիպ ու խիստ անձնական են: Նա միմյանց է կցում փոքրիկ այն բանաստեղծությունները, որոնք առանձին-առանձին շատ փոքր են ասմունքի համար, կամ տպավորություն առաջացնել չեն կարող, իսկ դրանց համադրությունն ու հաջորդականության որոշումը եւ ճաշակ է պահանջում եւ իմացություն եւ գրականության խոր ընկալում, ինչը հիմնովին առկա է Գույումջյան ասմունքողի մոտ:
Վահագն Դավթյանի «Ռեքվիեմի» մատուցումը ներկաներից յուրաքանչյուրի կողմից գնահատվում է որպես անձնական վերաբերմունքի արտահայտման չափանիշ: Քառաշերտ պոեմի շերտատումը ընդունված երեւույթ է եւ յուրաքանչյուր ասմունքող իր մեկնաբանության համաձայն ընտրություն անելու հնարավորություն ունի:
ԻԱՄՄ-ական ունկնդիրը վայելել է լուսահոգի ֆիզիկոս, ազգային եւ հասարակական գործիչ, անցյալ դարի ութսունական թվականներին Թեհրանում լույս տեսածՙ «ՓՅՈՒՆԻԿ» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Հրաչ Հախվերդյանի «Ռեքվիեմի» ամբողջականՙ մեկ ժամանոց հրաշալի կատարումը: Մեր օրերում ճարտարապետ Փյունիկ Սիմոնյանի մեկնաբանությանըՙ եղեռնազարկ հայրենիքի կողքին շեշտել ապրող հայրենիքի Ցայգծաղիկը եւ նրա հուզիչ կատարումները հարազատ կապ են ստեղծել Դավթյանի պոեմի հետ:
Հակոբ Գույումջյանի մեկնաբանությունը, հատկապես Եղեռնի 100-ամյակի նախաշեմին, իմաստուն ու խորունկ է եւ միանգամայն ընկալելի: Այստեղ ակնեցի տատի ու թոռան ապրած անցյալը եւ ահա անապատ տանող ճանապարհներում դառնորեն ու ծանրությամբ իջնող ներկան բացահայտելով, արվեստագետը Դեր Զորի անապատում մահարձան դառնալու տենչով, Եղեռնի անցյալը իր ապրած այսօրվան հակադրելով է ավարտում իր խոսքը, դրանով ընդգծելով հարցի հետապնդման ու արդյունավորման մերօրյա անհրաժեշտությունը……
Նախորդ տասնամյակում իմ մի խումբ երեւանցի մտավորական ընկերներ բողոքում էին այն բանից, թե ինչու մարդկային հուզական ապրումները պարունակող հայ պոեզիայի մեջ հաճախ են դիտվում Եղեռնից եւ ազգի ծանր ճակատագրից բխածՙ սրտաճմլիկ ու շեղում առաջադրող այլ պատկերներ եւ դրանցից ազատ լինելու տենչն էին կրում: Իհարկե, եթե չլիներ Եղեռն, ցավ ու վիշտ, բոլորս էլ գոհ կլինեինք, բայց ինչ արած, որ նույնիսկ արվեստագետի խոսքի վարպետությունը ըմբոշխնելիս, պարտավոր ես լինում ոչ միայն գնահատել նրաՙ այս դեպքում Հակոբ Գույումջյանի բնական օժտվածությունը, հրաշալի ձայնը, մեծ ընկալումը, խոսքի խորքի գիտակցումը եւ այդ ամբողջի վարպետ, ես կասեիՙ արհեստավարժ կատարումների մեջ մարմնավորվելը, այլեւ այն վերաբերմունքը, որ նա տածում է ցեղի մեծ վշտի ու հայ մտավորականի մեծ պարտքի նկատմամբ:
Ավարտական բաժնում Հակոբ Գույումջյանը, որպես ապրող Հայրենիքի բերկրանքը լիովին գնահատող հայորդի, լսարանին է մատուցում Գ. Էմինի «Սասունցիների պարը» պոեմի տպավորիչ ու հրաշալի կատարումը, դրանով բարձր ոգեւորության նոտայով կախման կետեր շարում հայ մշակույթի մեծարման երեկոյի եզրագծին:
Հաջորդ հանդիպման հույսով: