Պիռուետ, տուռ, շենե, ժետե, բատման տանձյու, գրան բատման, ռոնդե ժան անլեռ, պլիե: Բալետային շարժումների անվանումների այս շարքը կարծես առաջին հայացքից մեզ ոչինչ չի տալիս եւ շատ քչերը գիտեն, որ հենց այս շարժումների միջոցով մարմինը լեզու է առնում ու «կապ հաստատում» տիեզերքի հետ, ասում է Սպենդիարյանի անվ. օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր խորեոգրաֆ Ռուդոլֆ Խառատյանը:
Հայաստանում բալետի ուրաքանչյուր պարող նախ 8 տարի սովորում է պարարվեստի պետական քոլեջում, ապա սկսում է ծավալել բալետային գործունեություն:
Մկանները մարզելը, պարային դիրքերը սովորելն ու հրաշալի պարելը դեռ չի նշանակում, որ տիրապետում ես բալետի գաղտնիքներին:
Ոչ բոլոր բալետի արտիստներն են իրենց մեջ բացում շարժումների հետեւում ընկած փակագծերն ու վարագույրը: Բալետմայստերը «Ազգի» հետ զրույցում հավաստիացրեց, որ բալետն ու տիեզերքը փոխկապակցված են եւ գիտակցաբար օգտագործելով ամեն մի շարժումՙ կարող ես կապ հաստատել տիեզերքի հետ ու ստանալ էներգիա:
Վաշինգտոնում դասավանդելու տարիներին Ռուդոլֆ Խառատյանը հենց դասական պարերի մեջ գտավ այն «մանրուքները», որոնց հիման վրա ստեղծեց իր դասավանդման սխեման: Ի դեպ, այդ շրջանում Ռ. Խառատյանը փնտրում էր նորը, ժամանակակիցը, սակայն բախտի ճանապարհը նրան նորից կապեց դասականին:
«Մարդու մարմինը գործիք է, որն ունի մի քանի սկզբունք` անդըդան, անդըդոր` ներս ու դուրս: Իսկ մարմնի մեջ առկա են արական ու իգական էներգիաներ, որոնք սկսում են աշխատել մարդու համակցված շարժումներով: Աջ կողմը` արական` դրական, իսկ ձախը` իգական` բացասական: Թե ինչու է նման կերպ բաշխվել, դժվար է ասել»,- ասաց Ռ. Խառատյանն ու ավելացրեց. «Մարդը` որպես հաղորդիչ, պետք է սովորի, թե ինչպես պետք է կառավարել տիեզերքից եկած էներգիան: Մարդը դառնալով հաղորդիչ, էներգիայի հոսքի միջոցով մաքրում է ներքինը` հոգին ու մարմինը»,- ասաց Ռ. Խառատյանը:
Խորեոգրաֆի խոսքերով, էներգիան ինֆորմացիա է: Մարմինը պետք է մարզել այնքան, որ պարողը կարողանա շարժումների տեխնիկային այնպես տիրապետել, որ այն վերածի զգացմունքի ու դրա սլաքն ուղղի հանդիսականին:
Ռուդոլֆ Խառատյանը ցավով փաստում է, որ այսօր պարարվեստի պետական քոլեջում միայն ֆիզիկական շարժումների վրա է շեշտը դրված, իսկ թե դրա հետեւում ինչ է ընկած, չի սովորեցվում, ու մեր այսօրվա պարողները դրան չեն տիրապետում:
Տարածությունն ու ժամանակը բալետի պարողը զգում է շարժումներով: Բաց ձեռքերով տարատեսակ շարժումներն ու դիրքերը տարածությանն նշանն է, իսկ կլորացրած ձեռքերը` ժամանակի: Մարմինը ճկվելով տարածության ու ժամանակի միջեւ` էներգետիկ կապ է հաստատում տիեզերքի հետ:
Մարդու «անտենաները» ընդունում, ստանում են էներգիան վերեւից, որին օգնում է մտքի կենտրոնացումը:
Հետաքրքրական է, որ իգական եւ արական էներգիաները, ինչպես լույսն ու ստվերը անընդհատ հարմոնիայի մեջ են: Բալետը ձգտում է անընդհատ վեր թռչել, հասնել երկնայինին եւ դուրս գալ ձգողական ուժից:
Ռ. Խառատյանը երիտասարդների հետ անցկացվող վարպետաց դասի ընթացքում նրանց փորձեց սովորեցնել մարմնի լեզվով հաղորդակից լինել տիեզերքի հետ: Մեջբերենք մի հատված. «Ձեռքերը բարձրացնում ենք վեր, փորձում ենք ափերով զգալ մեզնից մի փոքր հեռու գտնվող պատերը, մարմնի ծանրությունը տեղափոխում ենք կրունկների վրա, արտաշնչում ենք, ապա փորձում գլխի հոգետան միջոցով տիեզերքից էներգիա ստանալ»: Այս վարժությունների շարքը մի փոքր երկար էր եւ հաշվի առնելով մեր ընթերցողի համբերությունը, վարժություններից կներկայացնենք միայն սա: Խառատյանը բալետի պարողներին նաեւ խորհուրդ տվեց, որպեսզի փորձեն իրենց միտքը տարածել վերջույթների վրա` միաժամանակ կառավարելով դրանք: Այդ ժամանակ ճիշտ կառավարելով մարմինը, կարող են ճիշտ պատգամ ուղարկել հանդիսատեսին:
Հատկանշական է, որ նախկինում` դարեր առաջ եղել են նաեւ ծիսական պարեր, որոնց միջոցով մեր նախապապերը կապ են հաստատել տիեզերքի հետ, էներգետիկ դաշտով անձրեւ են տեղացրել եւ այլն: Իսկ այսօր այդ գաղտնիքը բացահայտում է Ռ. Խառատյանը: