Վ. Պ.
Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով դեկտեմբերի 2-ին պետական այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը:
Պաշտոնական հաղորդագրության համաձայնՙ այցի շրջանակներում տեղի կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Նախագահներ Սարգսյանն ու Պուտինը Գյումրի քաղաքում եւ մայրաքաղաք Երեւանում կմասնակցեն մի շարք միջոցառումների, այդ թվումՙ հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովին, կայցելեն Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայան:
Երեւանումՙ նախագահական նստավայրում, կկայանան երկկողմ բանակցություններ: Կողմերը կքննարկեն նախագահ Սերժ Սարգսյանիՙ սեպտեմբերի 3-ին ՌԴ կատարած այցի ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, մտքեր կփոխանակեն նաեւ Մաքսային միությանը եւ Միասնական տնտեսական տարածքին Հայաստանի միանալու ուղղությամբ իրականացվող աշխատանքների եւ հետագա քայլերի շուրջը: Կստորագրվեն երկկողմ հարաբերությունների ամրապնդմանն ու համագործակցության խորացմանն ուղղված մի շարք փաստաթղթեր:
ՌԴ նախագահի հայաստանյան այցի արդյունքները կամփոփվեն զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Վլադիմիր Պուտինի հանդիպման ժամանակ: