«Թեքեյան» կենտրոնում կայացավ ՀԹՄՄ «Ադամանդակուռ Արարատ» շքանշանակիր, «Հայկաշեն Ուզունյան» գրական մրցանակակիր, խմբագիր, մատենագետ, հրատարակիչ Ժիրայր Դանիելյանին նվիրված՝ «Անկրկնելի Ժիրայր Դանիէլեանը» գրքի շնորհանդեսը։
Ձեռնարկին ներկա էին Ժիրայր Դանիելյանի ընկերները, բարեկամներ, ինչպես նաև կինը և դուստրը՝ Զվարթ և Մարալ Դանիելյանները։
Ժիրայր Դանիելյանը շուրջ 23 տարի եղել է Բեյրութի Հայկազյան համալսարանի հայագիտական գրադարանի վարիչ, գրադարանապետ, Բեյրութի Հովակիմյան, Մանուկյան, Դարուհի Հակոբյան երկրորդական վարժարանների տնօրեն։ Աշխատել է հայագիտական տարբեր հաստատություններում, խմբագրել մի շարք պարբերականներ, հեղինակ է մի շաք աշխատությունների։
Գիրքը հրատարակվել է Մեծի Տնան Միլիկիո կաթողիկոսության կողմից՝ բարձր գնահատելով Ժիրայր Դանիելյանի կրթական ու մտավորական մեծ վաստակը։
«Բացառիկ քննադատող լրագրող և խմբագիր, իմաստուն ընկեր, ում խորհուրդները մշտապես օգտակար կարող էին լինել։ Կյանքով լեցուն մարդ, որ հայկական լավագույն համաձուլվածքն էր՝ ծնողների ծագումնաբանությամբ հնչակյան էր, իր ուսումնառությունը ընկերական շրջապատը ռամկավարներն էին, իսկ դաշնակցականները հարգում էին նրան»,-Ժիրայր Դանիելյանին այսպես բնորոշեց «Ազգ» թերթի խմբագիր Հակոբ Ավետիքյանն ու բարձր գնահատեց նրա դերը սփյուռքահայության կյանքում։
Գրքի կազմողն ու խմբագիրը գրականագետ Երվանդ Տեր-Խաչատրյանն է։ Վերջինս Ժիրայր Դանիելյանի հետ շփվել և համագործակցել է շուրջ 25 տարի։ Շնորհանդեսի ընթացքում տարիների հեռվից հիշեց այնպիսի դիպվածներ, դեպքեր, որոնցում նկարագրվում էր Ժիրայր Դանիելյանի՝ անգերազանցելի մատենագետի, բանասերի, հրատարակչի և եզակի մարդու կերպարը։
«Ինձ համար պատվելի է նրան ճանաչելը։ Հանրագիտակ մարդ էր, իր գործի նվիրյալը, խոշոր գիտնական։ Նրա գիտելիքները զարմացնում էին, իսկ իմացությամբ բարձր էր բոլոր կոչումներից։ Անգերազանցելի գրականագետ էր, ուներ բանասիրական շարադրանքի ընտիր լեզու, որով առանձնանում էր սփյուռքահայ գրականության մեջ»,-իր խոսքում նշեց Երվանդ Տեր-Խաչատրյանն ու վստահեցերց՝ Ժիրայր Դանիելյանի տեղը ոչ ոք չի կարող լրացնել ոչ գրականության, ոչ էլ մամուլի ասպարեզում։
Գեղանկարիչ, արվեստաբան Հրազդան Թոքմաջյանը ևս երկարամյա անձնական շփումներ է ունեցել Ժիրայր Դանիելյանի հետ և բազմաթիվ հուշեր ունի դրանցից։ Խոստովանում է՝ հիացած և զարմացած է, թե ինչ մեծ սեր և հարգանք էր վայելում Ժիրայր Դանիելյանը սփյուռքի բոլոր շրջաններում։
Հավելենք, որ «Անկրկնելի Ժիրայր Դանիէլեանը» գրքում տեղ են գտել Ժիրայր Դանիելյանին կյանքն ու գործունեությունը ներկայացնող և արժևորող հոդվածներ, որոնցում հստակ ուրվագծվում է մտավորականի մեծագույն դերն ու հնվիրումը իր գործին։ Գրքում վերհանվում է նաև Ժիրայր Դանիելյանի՝ նվիրյալ հայորդու և ուսուցչի, գրադարանապետի վաստակը։
Ներկաների կարծիքով՝ գիրքը յուրատեսակ գնահատանքի խոսք է Ժիրայր Դանիելյանին, նրա ծառայությանը հայ մշակույթին, դպրոցին, հայ համայնքին և ամենատարբեր ոլորտներին։
Հայաստանի Թեքեյան մշակութային միության լրատվական կենտրոն