Կարոտ էինք մնացել պետական մարդու խոսքին։ Վերջին հինգուկես տարում շատ հազվադեպ ենք հայաստանյան մեր տիրույթում հանդիպում, լսում կամ կարդում նման խոսք, հավասարակշիռ, պատասխանատու, գլխավորը երկրորդականից հստակորեն բաժանող, միաժամանակ՝ միջազգային պետական վերին մակարդակներում հասկանալի խոսք։
Նախագահ Սերժ Սարգսյանի բաց նամակը, ուղղված իր նախկին պաշտոնակիցներ Վլադիմիր Պուտինին, Ջոն Բայդենին եւ Էմանուել Մակրոնին, անկաշկանդ խոսք էր, հորդոր եւ կոչ, պետական մարդու արժանապատվությամբ ու պատասխանատվությամբ գրված, ստանձնելու իրենց պատասխանատվությունը եւ անհապաղ միջամտելու օրհասական վիճակում հայտնված իր-մեր հայրենակիցներին։ Կոչ՝ առայժմ մի կողմ թողնելու Արցախյան կնճռի դիվանագիտական «հարթեցման» խնդիրը եւ ստանձնելու իրենց առաջնային՝ մարդկային կյանքեր փրկելու պարտականությունը, ցեղասպանության սպառնալիքին ենթակա արցախահայությանը։
Բաց նամակում կան բնորոշիչ մի քանի արտահայտություններ՝ 2018 թ.ին մեր ժողովրդի «զգացմունքային» կողմնորոշման, Իլհամ Ալիեւի «փորձառու բռնապետ», Փաշինյանի՝ «անլուրջ» գործիչ լինելու վերաբերյալ, նաեւ՝ այսպես կոչված բանակցային գործընթացի խեղանդամվածության վերաբերյալ, քննադատական իր խոսքը «սահեցնելով» շատ-շատերի վրայով (նկատի ունենալով նաեւ հե՛նց նամակի հասցեատեր հանդիսացող երկրները), որոնք, օգտվելով այդ անլուրջ մարդու՝ սեփական երկրի շահերի հետ կապ չունեցող անտրամաբանական քայլերից՝ հնարավորություն են ստացել իրենց տարատեսակ շահագրգռությունների համաձայն լուծելու Արցախյան հարցը։
ՀՀ 3-րդ նախագահի համար, ինչպես մեզ՝ բոլորիս, այս պահին գլխավորը արցախահայության փրկությունն է վերահաս ցեղասպանությունից։
Բաց նամակը, իմ կարծիքով, հրապարակային որեւէ ընդունելության-ճանաչման (acknow-legment) չի արժանանա, սակայն որ դույզն-ինչ ազդեցություն կգործի, վստահ եմ։
Հուսանք՝ որ նման նախաձեռնություններով հանդես կգան նաեւ մեր մյուս նախագահները, որոնք կարող են, օգտագործելով իրենց հին-նոր կապերը՝ ստեղծել Արցախահայության փրկության միջազգային շարժում, հարթակ։
Հ. ԱՎԵՏԻՔՅԱՆ