Ըստ արեւմտյան պատմիչների (փորձագետներ, վերլուծաբաններ, քաղաքագետներ), ս. թ. հունիսի 23-24-ի իրադարձությունները («Վագների ապստամբությունը») Ռուսաստանում ի հայտ բերեցին լուրջ ճաքեր ռուսական ռազմաքաղաքական համակարգում, եւ Ռուսաստանը գնում է դեպի «լուրջ պայթյուն»:
ԱՄՆ-ի էքս-նախագահ Դոնալդ Թրամփը գտնում է, որ պետք է կենտրոնանալ Ուկրաինայում ռազմական կոնֆլիկտը դադարեցնելու վրա, առաջարկելով, որ Ռուսաստանը տարածքային որոշ զիջումների գնա: Սակայն նախագահ Բայդենի վարչակարգին այդ տարբերակն առայժմ այնքան էլ չի հետաքրքրում:
Սույն թվականի հուլիսի 1-ին Անգլիայի հարավ-արեւելքում գտնվող հանդիսակարգային Կոմսության (Օքսֆորդշիր) Դիտչլի հիմնադրամում ելույթ ունեցավ ԱՄՆ ԿՀՎ (Կենտրոնական հետախուզական վարչության – CIA) տնօրեն Ուիլյամ Բերնսը: Վերջինս իր ելույթում մի անհոգ եւ անփույթ հայտարարություն արեց: Մեջբերենք. «Պուտինյան այս պատերազմը Ռուսաստանին կանգնեցրեց ռազմավարական ձախողման առաջ, բացահայտվեցին պետության ռազմական խոցելիությունը, նրա տնտեսությունն ուժգնորեն տուժեց երկարատեւ ժամկետով: Ռուսաստանի ապագան պարզորոշ երեւում է որպես Չինաստանի կրտսեր գործընկեր եւ տնտեսական գաղութ, որը որոշվում է Պուտինի սխալներով: Նրա ռեւանշիստական նկրտումները (հավակնությունները) բթացվում են ՆԱՏՕ-ի կողմից: ՆԱՏՕ-ն ընդլայնվում է եւ հզորանում:
…Այս դժգոհությունը, պայմանավորված Ուկրաինայի հետ պատերազմով, կշարունակի կրծոտել ռուսական ղեկավարության հոգին: Այս դժգոհությունները բացառիկ հնարավորություններ են ստեղծում ԿՀՎ-ի՝ մեր երկրի հիմնական հետախուզության համար: Մենք թույլ չենք տա, որ այս հնարավորությունը աննպատակ (իզուր) կորչի»:
Իհարկե, ԿՀՎ տնօրենն այն անձնավորությունը չէ, որ պարզապես «քամի բարձրացնի» եւ, իհարկե, թիրախավորելով Ռուսաստանին իր հիմնական թշնամիների ցուցակում, ըստ երեւույթին, ոչինչ չի խնայի ազդեցության գործակալներ, 5-րդ շարասյուն, ռազմական եւ քաղաքական խռովություններ եւ դժվարություններ այդ երկրում կազմակերպելու համար:
Բայց եւ տեղին է մեջբերել նաեւ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը. «Ռուսաստանը յուրաքանչյուր բարդ իրավիճակներից մշտապես դուրս է գալիս ավելի ուժեղ եւ ավելի դիմացկուն, եւ հազիվ թե Պրիգոժինի խռովությունը կարելի է անվանել ավելի մեծ բան, քան դժվարություն»…
Հետաքրքրական մտորումներ այս հարցի շուրջ ունի էքս-նախագահ Թրամփը: Նրա կարծիքով, Վլադիմիր Պուտինն իրոք որոշակիորեն թուլացել է, եւ դրա հիմնական պատճառն այն է, որ նա ժամանակին չկարողացավ հստակ սահմանել Պրիգոժինի եւ նրա նմանների ոչ ադեկվատ (պատշաճ) վարքագիծը, եւ դա նրան թույլացրեց: Բացի այդ՝ ակնհայտ է, որ Եվգենի Պրիգոժինը հատուկ անձնավորություն է շնորհալի մականունով՝ «Ալպինիստ»: Նա կարողացել էր մշակել որոշակի օպտիկա իր եւ Պուտինի անձնական մտերմության վերաբերյալ, ի շնորհիվ ինչին կարողացել է կուտակել մեծ հարստություն:
Պուտինին թուլացած է համարում նաեւ Թուրքիայի վերընտրված նախագահ Էրդողանը: Հակառակ դեպքում ինչո՞վ բացատրել այս խառը օպերատիվ-քաղաքական իրավիճակում նախագահ Զելենսկու այցը Թուրքիա եւ հանդիպումը Էրդողանի հետ ս. թ. հուլիսի 7-ին:
Քննարկվում են հարցեր, կապված խաղաղության բանաձեւի, ՆԱՏՕ-ի գագաթաժողովի, հացահատիկի վաճառքի, ռազմաարդյունաբերական ձեռնարկությունների համագործակցության հարցեր: Էրդողանը, որը վետո է դնում Շվեդիայի ՆԱՏՕ-ի ալյանս մտնելու հարցում, հայտարարում է, որ Ուկրաինան անպայման պետք է դառնա այդ կազմակերպության անդամ: Եվ ի՞նչ, Պուտինը կների՞ այս ամեն ինչը: Կների, ինչպես ներեց ՌԴ դեսպանի (Անդրեյ Կառլովի) սպանությունը Թուրքիայում 2016թ. դեկտեմբերի 19-ին, ինչպես ներեց ռուսական ինքնաթիռի (SU-24) խոցումը թուրքական F-16-ի կողմից 2015թ. նոյեմբերի 24-ին Սիրիայի երկնքում:
Սակայն այս պատմության մեջ ամենակարեւոր հանգամանքը այն է, որ Պուտինին հաջողվեց կանխել զանգվածային արյունահեղությունը, որի մասին վստահորեն կանխատեսում էին արեւմտյան շատ հետախուզություններ, այդ թվում եւ ԿՀՎ-ը, որն իր հերթին կբերեր Ուկրաինայի հաղթարշավը դեպի Ղրիմ կամ գուցե եւ Ռուսաստանի այլ տարածքներ:
Ինչպե՞ս կանգնեցվեց խռովությունը փոքրաթիվ զոհերով (մի տասնյակ ռազմական օդաչուներ եւ «Վագների» վարձկաններ) եւ ո՞ւմ միջոցով, Պուտին-Լուկաշենկո ինչ-որ օպերատիվ խաղերի՞, թե՞ Շոյգուի եւ Գերասիմովի ակնհայտ փախուստով Հարավային օկրուգի (շրջանի) շտաբից, թե՞ գոյություն ունեին ինչ-որ պայմանավորվածություններ, թե՞ ամերիկյան ԿՀՎ, Անգլիայի Mi-6, Իսրայելի «Մոսսադ» (հետախուզության) ակտիվ հետախուզության ակցիան էր սա՝ այժմ դա էական չէ, եւ վաղ թե ուշ կբացահայտվի, կարեւորը՝ արյունահեղություն չեղավ, քաղաքացիական պատերազմ չսկսվեց, զինվորականությունը եւ ռուս հասարակությունը չկիսվեց սեւ եւ սպիտակի, Ուկրաինական ԶՈՒ-ն չհասցրեց օգտվել իրավիճակից:
Երկուշաբթի օրը, հունիսի 26-ին, ամերիկյան “Wall Street Journal” թերթը հրապարակեց մի հոդված հետեւյալ վերնագրով. «Վագների կորպորատիվ կլանումը Պուտինի կողմից սկսվեց» (“Putin՛s corporate takeover of Wagner has begun”): Հոդվածում նշվում է, որ ռուսական պետության ուշադրության կենտրոնում է հայտնվել Եվգենի Պրիգոժինի անցյալը եւ խճճված գործունեությունը հսկայական բիզնես-իմպերիայի ստեղծման գործում:
“Wall Street”-ը նշում է, որ Եվգենի Պրիգոժինին հաջողվել էր ստեղծել աշխարհի ամենաբարդ եւ ոչ հաշվետու կորպորատիվ կառույցներից մեկը, մի ցանց, որ գործում էր Ռուսաստանում եւ այլ պետությունների իրավասություններում: Շատ անգամներ հսկայական գումարներ են տեղաշարժվել այդ ցանցերում մաքսանենգ ճանապարհներով եւ այլ ապօրինի ուղիներով:
Ի՞նչ պատասխանատվություն եւ ի՞նչ մասնակցություն ունի Պուտինն այս ամենում: Մենք չգիտենք, ինչպես նաեւ չգիտենք, թե ինչ պատասխանատվություն ունի Ջո Բայդենը, երբ Սպիտակ տանը հայտնաբերվում է մեծ քանակությամբ մարիխուանա:
Ամեն դեպքում, հանցագործ օլիգարխ Եվգենի Պրիգոժինին ներկայացնել որպես խարիզմատիկ գործիչ, որն ըմբոսատցավ Շոյգուի եւ Գերասիմովի դեմ, կամ գուցե անձամբ Պուտինի եւ Կրեմլի դեմ ինչ-որ գաղափարական կամ մարդասիրական սկզբունքներից ելնելով, բացարձակ չարժե:
Նույն ժամանակահատվածում հոդվածներ հրատարակվեցին նաեւ New York Times եւ այլ ամերիկյան լրագրերում: Բոլոր հոդվածներում կարմիր գծով անցնում էր մի համոզվածություն, որ ԱՄՆ-ի եւ արեւմտյան որոշ այլ հետախուզություններին հայտնի էր, որ Պրիգոժինն իր ռազմական կապալառուներով («Վագներ» մասնավոր ռազմական ընկերության մասին է խոսքը) պատրաստում է ռազմական խռովություն:
Հարց է ծագում. իսկ որտե՞ղ էին ռուսական ռազմական հետախուզությունը (թՀձ), Անվտանգության դաշնային ծառայությունը (Ղհը) եւ արտաքին հետախուզության ծառայությունը (հԹՀ): Ուղղակի բացառվում է, որ այս երեք ծառայությունները գործակալական ցանց չունենային ինչպես «Վագների» ստորաբաժանումներում, այնպես էլ Պրիգոժինի եւ Ուտկինի («Վագների» ռազմական ղեկավարը ռազմական հետախուզության նախկին հատուկ ջոկատային Դմիտրի Ուտկին) մոտիկ շրջապատում: Հակառակ դեպքում այդ 3 ծառայությունների ղեկավարներն էլ վաղուց պետք է հրաժեշտ տային իրենց պաշտոններին: Պարզապես հայտնի չէ, թե կոնկրետ ե՞րբ ռուսական հատուկ ծառայությունները ինչ-որ բան կարողացան «հոտոտել» պատրաստվող խռովության վերաբերյալ: Առաջին իսկ չստուգված եւ չհաստատված ինֆորմացիան ստանալուց հետո, ամենայն հավանականությամբ, Պրիգոժինի զինվորական վրանում եւ մի գուցե համազգեստում արդեն տեղադրված էին գաղտնալսման եւ գաղտնադիտման սարքեր: Այլ կերպ հնարավոր չէր, չէ՞ որ Ռուսաստանի լինել-չլինելու հարցն էր օրակարգում: Համենայն դեպս, շաբաթ երեկոյան, հունիսի 24-ին, Սերգեյ Նարիշկինը՝ ՌԴ Արտաքին հետախուզության պետը հայտարարեց, որ պետական հեղաշրջման փորձը ձախողվեց:
Կարծիք կա, որ Պրիգոժինը հայտնվել էր ռուսական հատուկ ծառայությունների տեսադաշտում դեռեւս ամիսներ առաջ, երբ նա «անհեթեթ» հայտարարություններ էր անում դեռեւս Բախմուտյան ճակատից: Սկզբից նա խոսում է զենքի, զինամթերքի պակասի մասին, այն մասին, որ երկրի ռազմական ղեկավարները վատ են կառավարում ռազմական օպերացիան, որ բավականաչափ չեն գնահատում «Վագների» դերը այդ կոնֆլիկտում, հետո նրա հայտարարություններն ավելի ու ավելի քաղաքական նրբերանգներ էին ստանում, ընդհուպ Ռուսաստանի ռազմական հատուկ օպերացիան Ուկրաինայի դեմ անվանեց անհեթեթություն, ինչպես նաեւ հայտարարեց, որ ՆԱՏՕ-ն ոչ մի չարամիտ մտադրություններ Ռուսաստանի դեմ չունի…
Ինչեւէ, տեղի ունեցավ գործարք, ըստ որի Պրիգոժինը պետք է ոչ թե պատժվեր, այլ պարզապես անհետանար: Եվ իհարկե, երկրագնդի վրա ամենահարմար տեղը նրա անհետանալու համար ընտրվեց Բելառուսիան, Ալեքսանդր Լուկաշենկոյի «բարեհամբույր» հսկողության ներքո: Այստեղ նույնպես ընդգծենք մի կարեւոր հանգամանք: Հազիվ թե Լուկաշենկոն ներքաշվեց այս գործարքի մեջ իրադարձությունների ամենաթեժ պահին Պուտինի հեռախոսային մեկ զանգից հետո, այն էլ երբ ուրացողների շարասյունը Մոսկվայից մի 200 կմ հեռավորության վրա էր: Պարզ է, որ Պուտին-Լուկաշենկո պայմանավորվածությունը վաղուց կար, անկախ այն բանից, այդ տարբերակը Պրիգոժինին ձեռնտու էր, թե ոչ:
Ուշադրության է արժանի մի ուրիշ վարկած: ԿՀՎ նախկին վերլուծաբան Ռեբեկա Կոֆֆլերը համոզված է, որ «Վագների» խռովությունը կազմակերպվել էր Պուտին-Պրիգոժին դուետով: Դա մի դասական «կեղծ դրոշ էր», որը պետք է համոզեր արեւմուտքին, որ ռուսական բանակը եւ անձամբ Պուտինը շատ են թուլացել: Դրանով նա ժամանակ կշահեր, կհավաքագրեր եւ կմոբիլիզացներ լրացուցիչ զինուժ եւ կվերսկսեր հարձակումը դեպի Կիեւ: Չգիտեմ, ինչքանո՞վ է փայլուն այս վերլուծաբան տիկնոջ վարկածը, ինչքանո՞վ կհավատա դրան նախագահ Բայդենը, բայց որ այս վարկածն այնքան էլ ընդունելի չի լինի ոչ Ուիլյամ Բերնսի, ոչ էլ Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի համար, հաստատ համոզված եմ:
Պրիգոժինը հիմար մարդ չէ, նախկին կալանավոր, այնուհետեւ կրպակի սեփականատեր, որտեղ «hot-dog» (հաց եւ նրբերշիկ) էր վաճառում, իսկ հետո ռեստորանային ցանցի սեփականատեր, որը սպասարկում էր Կրեմլը եւ անձամբ Պուտինին (իզուր չեն նրան անվանել Պուտինի խոհարար, իսկ երկդիմի կատակով՝ Պուտինի շեֆ) եւ այլն, եւ այլն…
Ակներեւ էր նաեւ այն փաստը, որ Ռոստով մտնելիս (որտեղ արդեն հայտարարված էր «Ամրոց» (տսՈվ “ԽՐպտՏրՑՖ”) պաշտպանական պլանը, «Վագները» բացարձակ ոչ մի դիմադրության չհանդիպեց: Միգուցե եւ ճիշտ են այն մեկնաբանությունները, որ Պրիգոժինն ուներ սատարող ուժեր ՌԴ բոլոր ուժային կառույցներում: Ինչպես Ռոստով, այնպես էլ Վորոնեժ «Վագների» մարտիկները մտան առանց դիմադրության:
Մի խոսքով, հետախուզություններն իրենց վարկածներն ու օպերատիվ խաղերն ունեն, անկախ վերլուծաբաններն ու փորձագետները՝ իրենց կարծիքը, Շոյգուն ու Գերասիմովն իրենց մշակած պլանները, Պուտինն ու իր մերձավոր, վստահելի շրջանակը (որտեղ Լուկաշենկոն էլ է ընդգրկված)՝ իրենց խաղն են տանում, չնայած՝ ամեն դեպքում Պուտինի վրա մնաց քաղաքական խոցելիության սպին: Ընդ որում, Լուկաշենկոյի դերը այս ամեն ինչում դեռ պարզ չէ, բայց, անկասկած, նա ստացավ որոշակի բոնուսներ: Թեկուզ եւ այն, որ Ռուսաստանում եւ Բելառուսում շատ-շատերը համոզված են, որ արյունահեղությունը կասեցվեց շնորհիվ Լուկաշենկոյի:
Զելենսկին վստահ է, որ եթե մի քիչ էլ զենք ստանա արեւմուտքից, ապա իրար ետեւից կգրավի Դոնեցկը, Լուգանսկը, վերջում էլ… Մոսկվան:
Իսկ 62-ամյա Պրիգոժինը, որը կուտակել է 1,5 միլիարդ դոլարի կարողություն եւ վարում էր հեքիաթային կյանք, ալյեւս չի կարող վերադարձնել իր բարձրագույն օլիգարխի կարգավիճակը:
Իսկ մի գուցե սա դեռ վերջին ակտը չԷ՞…
ՎԼԱԴԻՄԻՐ ԴԱՐԲԻՆՅԱՆ
Հատուկ ծառայությունների աշխարհում Անվտանգության հարցերով փորձագետ