Ժողովրդի շահերին հակառակ Ուկրաինան վաղուց պետություն չէ, այլ տարածք, որտեղ բախվել են գլոբալ շահեր: Ուկրաինական ղեկավարությունն էլ կողմերից մեկի շահերը սպասարկող ռեզիդենտների հավաքածու է եւ իր ժողովրդի տառապանքը չի զգում: Ցավոք, Հայաստանն էլ է կանգնած այդ ճանապարհին…
Պատմությունը խեղաթյուրելը, կեղծելը, սեւացնելը սովորաբար անում են օտարները եւ ոչ բարյացակամ հարեւանները: Մեր դեպքում այդ գործընթացը ավելի ցայտուն է. ե՛ւ թուրքական, ե՛ւ մասնավորապես ադրբեջանական պատմագրությունը հարյուր տարուց ավելի լծված են այդ գործին եւ դա թշնամու հասկանալի ու նենգաբարո քաղաքականություն է: Բայց երբ յուրայիններն են կեղծում պատմությունը, դա շատ անգամ ավելի վտանգավոր է ու վատ, քան երբ դա անում են օտարները, որովհետեւ քո հասարակությունը քեզ հավատում է: Իսկ մեր օրերում, հատկապես սոցցանցերում, դա ամենօրյա գործընթաց է դարձել, որից հարկավոր է ոչ միայն զգուշանալ, այլեւ բոլոր միջոցներով պայքարել դրա դեմ:
Քաղաքագիտությունից բոլոր տեղյակներն էլ կվկայեն, որ բռնապետական ռեժիմները սեփական ժողովրդին երկրի խնդիրներից ու իրենց հանցագործություններից շեղելու համար, որպես կանոն, մշտապես ստեղծում են ներքին եւ արտաքին թշնամու կերպարներ ու փորձում այդպիսով բռնապետերի համար լայն կոնսոլիդացիա (համախմբում) ապահովել: Սա քաղաքագիտական աքսիոմա է: Օրինակ՝ Ռուսաստանում, հանձինս Սորոսի, քաղաքական ընդդիմության, արեւմտյան ֆինանսավորմամբ Հ/կ-ների եւ այլն (Հայաստանում էլ կան այդպիսի երեւույթներ, եւ ովքեր վերլուծական միտք չունեն, այդտեսակ խայծերը կուլ են տալիս) երկար տարիներ պետական քարոզչամեքենան այդպիսի ներքին թշնամու կերպարներ է ստեղծել: Այդ երեւույթը, մասնավորապես հայատյացության տեսքով, մեծ ու խորքային բնույթ ունի Թուրքիայում եւ հատկապես Ադրբեջանում: Այսպես կոչված «Ժողովրդավարական» բռնապետություններն էլ հիմնված են նման խաբեությունների վրա: Նրանք թեւավորում, ոգեւորում, ժողովրդին նոր հույսեր են տալիս՝ դրանք նորից կոտրելու, ժողովրդին հուսալքելու համար: Այդ գործընթացը ծրագրված-միտումնավոր ավելի է հիասթափեցնում ու հուսահատեցնում քաղաքացիներին, որպեսզի երկիրը վերջնականապես գնա ինքնասպանական քայլերի, որպիսիք այսօր տեսնում ենք մեր պարագայում: Դա է պատճառը, որ ոչ միայն ներկա վարչակարգը, այլեւ մեր ողջ համակարգը պետք է հիմնովին փոխվի, այլապես այս ազգակործան շրջափուլից չենք կարողանալու դուրս գալ: Իսկ առանց քրտնաջան աշխատանքի, երկար պայքարի ու մեծ զոհաբերությունների ոչինչ էլ լավ չի լինելու: Միայն համակարգից լրիվ դուրս մի ճշմարիտ քաղաքական շարժումը կարող է այդ կարեւոր փոփոխությունը կատարել…
Վերջերս Միջազգային հանրապետական ինստիտուտը հրապարակել է 2023 թվականի մարտին Հայաստանում անցկացված սոց. հարցման արդյունքները: Որքան էլ վերապահումով մոտենամ տարատեսակ հարցումներին եւ դրանց տվյալներին, այդուհանդերձ դրանք միանշանակ ներկայացնում են իրերի ընդհանուր վիճակը: Այդ հարցման տվայալների համաձայն, եթե առաջիկա կիրակի ընտրություններ լինեին, ապա հարցվածների 30%-ը պատասխանել է, որ չի մասնակցի ընտրություններին, 20%-ը դժվարացել կամ հրաժարվել է պատասխանել, եւ հարցվածներից միայն 21%-ն է պատասխանել, որ նախապատվությունը տալիս է ՔՊ-ին: Հատկանշական է այն, որ հետազոտողը չի նշել, թե քանիսն են պարզապես հրաժարվել մասնակցել հարցմանը, քանզի մարդիկ արդեն քաղաքականությունից էլ, իշխանությունից էլ, ընդդիմությունից էլ զզվել են: Այդուհանդերձ, տվյալները վկայում են մի կարեւոր հանգամանք՝ հասարակության գերակշռող մեծամասնությունն իշխանության համախոհ չէ: Հասարակության գերակշռող մեծամասնությունը պրոբլեմ ունի գործող իշխանության հետ, բայց պարզ է նաեւ, որ նույն հասարակությունն էլ ոչ պակաս պրոբլեմ ունի գործող ընդդիմության հետ: Քանի որ աստիճանաբար պարզ է դառնում, որ ընդդիմության ամենամեծ ձեռքբերումն այն է, որ իշխանությունն արդեն գոհ է ընդդիմությունից եւ անգամ միջազգային հարթակներում է նրա գովքն անում:
Հետեւությունները թողնելով ընթերցողին՝ նշենք, որ աշխարհի տարբեր վայրերում եւ տարբեր ձեւաչափերով ընթացող հայ-թուրքական բանակցությունները լուրջ փակուղի են մտել, իսկ դա իր հերթին նշանակում է, որ ռազմական հակամարտության սրման նոր վտանգներ, իրավիճակի ապակայունացման նոր միտումներ են առկա: Ինչպես նաեւ այն, որ սեփական պատմությունը պղծելու հանդգնությամբ՝ ազգովին մեր եփած դառնահամ ճաշ ենք վայելում: Իսկ այսպիսի դեպքերում գիտնականները հակված են կարծելու, որ մարդկանց ավելի շատ ու ավելի որակյալ տեղեկություն տրամադրելը հազիվ թե որեւէ օգուտ տա: Նրանք գտնում են, որ կրթության որակը բարձրացնելով եւ նպաստելով, որ փորձագետներն էլ անվիճարկելի փաստեր ու փորձագիտական զեկույցներ ներկայացնելով ու հանրային կարծիքի վրա ազդելով՝ հույս ունեն մարդկանց ազատել մոլորություններից: Նման հույսեր փայփայելը նշանակում է թյուր պատկերացում ունենալ մարդկային մտածողության մասին: Քանզի մարդկանց հայացքները մեծ մասամբ ձեւավորվում են խմբային մտածողությամբ, այլ ոչ թե անհատական բանականությամբ, եւ նրանք՝ ելնելով խմբային հավատարմությունից, պաշտպանում են դրանք: Հետո էլ կյանքը ցույց է տալիս, որ «մարդկանց փաստերով ռմբակոծելն ու նրանց տգիտությունն ի ցույց դնելն ավելի հաճախ հակառակ ազդեցություն է ունենում: Մեծ մասը չի սիրում փաստերի հետ գործ ունենալ, առավել եւս ոչ ոք չի սիրում հիմարի դերում հայտնվել» (Յուվալ Նոյ Հարարի, «21-րդ դարի 21 դասերը», Ե., 2020):
Տխուր, իսկապես տխուր վիճակում ենք հայտնվել: Դրանում անկասկած, անհասկանալի իր վարքագծով մեղքի մեծ բաժին ունեն այսօրյա իշխանությունները: Սակայն պետք է խոստովանենք, որ նրանք մեկ օրում ու, առավել եւս, օդից չհայտնվեցին, այլ այս ամենի արմատներն ավելի խորն են: Հայտնի արտահայտություն է՝ ասա ով է գրական հերոսդ, կասեմ, թե որն է ազգային ձգտումներիդ բովանդակությունը. խղճահարություն առաջացնող Մարո՞ն, Սաքո՞ն, թե՞ Գիքորի հեր Համբոն ու ցեղասպանված հիշողությունների արնաներկ զոհերը: Ասեմ՝ վերջնարդյունքը անկալվածից մի բան էլ ավելին է. Բեռլինի վեհաժողովից ի վեր աշխարհը խղճում է մեզ, հետո՞: Այսպես, Լլոյդ Ջորջն իր հուշերում խղճահարությամբ է հիշում 1920 թ. Շուշիի հայության կոտորածը, բայց եւ միաժամանակ նշում, որ ադրբեջանական նավթը կշեռքի նժարին ավելի ծանր կշռեց, քան Շուշիի հայության արյունը: Ցինիկ է ասված, բայց քաղաքականության շարժառիթն է երբեմն այդպիսին: Վուդրո Վիլսոնն էլ իր հերթին խղճահարությամբ էր լցվել հայերի հանդեպ, երբ կարդացել էր ցեղասպանության մասին Ջեյմս Բրայսի գրքերը: Հետո՞: Երբ Հայկական մանդատը ստանձնելու խնդիր առաջացավ, սենատն անմիջապես պատասխանեց նրան՝ «Չհասկացանք՝ բարեգութ հրեշտա՞կ ես, թե՞ Ամերիկայի պրեզիդենտը»: Առանց վարանելու արձանագրենք, որ ասվածներն այսօր էլ ավելի քան արդիական են:
Մի ցավոտ խնդիր էլ կա այս ամենի հիմքում: Սովորաբար հայ եկեղեցական մատենագրության ու պատմագրության հերոսը ինքնության պահապանն է եղել: Հայ պատմիչների մատյաններով ոգեւորվելով, չկորցնելով ազգային դիմագիծն ու նկարագիրը եւ ամենադաժան փորձությունները հաղթահարելով՝ հերոսաբար պահել ենք մեր ինքնությունը: Ինքնության համար կռիվ տվող ազգ ենք, բայց ոչ պետության ու պետականության:
Օրինակ, ինչո՞ւ է Գերմանիային ամեն անգամ հաջողվում ուղղել ջարդված մեջքը եւ ավերակներից ուժեղ պետություն կառուցել: Որովհետ Շիլլեր ու Գյոթե ունեն, ովքեր գերմանացիների համար կերտել են պատմական հերոսի այլ մոդելներ: Շիլլերի «Ավազակները» դրամայի գլխավոր հերոս Կառլ Մորը, երազելով վերջ տալ անիրավություններին եւ ստեղծել հանրապետություն, դառնում է ավազակ ու իր ջանքերն ուղղում դեպի հասարակության փոփոխությունը: Գյոթեն ընդհանրապես այնպես ալեկոծեց գերմանական ժողովրդի ոգին, որը հետագայում մղեց այդ ժողովրդին աննկարագրելի սխրանքների: Գերմանացին դարձավ նրա գրական հերոս դոկտոր Ֆաուստը՝ անհանգիստ, փոթորկուն, որոնող ու ընդվզող մարդը, որն իր որոնումների ճանապարհին չէր երկնչում ոչ մի դժվարությունից, որն ի վերջո գտնում է ճշմարտության ուղին, այն է՝ սեփական քրտնաջան աշխատանքով ստեղծել հզոր ու գեղեցիկ հայրենիք: Իսկ մե՞նք: Մեզ սովորեցրել են որեւէ կերպ գոյատեւելու տարրերը, որքան ու ինչ մեթոդներով որ հնարավոր լինի սողանցքներ գտնել եւ խախտել գործող օրենքները: Եթե նախորդ դարերում, երբ մեր պետականությունը չունեինք եւ իրապես գոյատեւելու խնդիր ունեինք, ինչ-որ տեղ հասկանալի էր դա: Ըմբռնելի է նաեւ, որ ամեն գնով գոյատեւելը ժամանակի հետ բնավորության կայուն գիծ է դարձել: Սակայն արդյո՞ք ժամանակը չի սթափվելու եւ միմյանց ու պետությանը խաբելուց հրաժարվելու: Ավելի քան վստահ եմ, որ միայն այն դեպքում, երբ իշխանավորը նույն կերպ ու նույն չափով օրինավոր կդառնա, կդադարի արտոնյալ լինելուց ու սովորական մահկանացուներին հավասար կենթարկվի օրենքներին, կվճարի բոլոր հարկերը, իր զավակները նույնպես կծառայեն հայոց բանակում, այս ծանր վիճակը չի լինի: Որովհետեւ նախ՝ այլեւս ամեն սրբություն ոտնահարելով չեն ձգտի իշխանության, հետո էլ պաշտոններին կվերաբերեն որպես ծանր ու պատասխանատու աշխատանքի, աջ ու ձախ հաճախ իրար հակասող հայտարարություններ չեն անի եւ պատասխանատու կզգան իրենց բոլոր քայլերի համար:
Հաճախ ենք հպարտ-հպարտ հայտարարում, որ հնագույն ժողովուրդ ենք, իսկ Հայաստանը՝ թանգարան է բաց երկնքի տակ եւ ամեն անգամ մեր երկիր այցելողներին շրջագայելիս եկեղեցի, վանք ու մատուռ ենք ցուցադրում: Չնչին բացառություններ լինում են, իհարկե, եւ մեկ-երկու բերդ ու ամրոցի ավերակներ եւս ներկայացնում ենք, սակայն, ցավոք, թագավորական շքեղ պալատներ ու դղյակներ՝ ոչ: Բնականաբար հարց է առաջանում՝ ինչու Հայաստանում գրեթե չկան այդպիսիք, ինչպես նաեւ՝ հայ թագավորների արձաններ: Իհարկե, կան, բայց դրանք այնքան քիչ են ու անշուք, որ ուղղակի դուրս են թողնվել զբոսաշրջային ուղեցույցներից: Այնինչ, թագավորներն ու նրանց դղյակները պետության դեմքն են, պետության մարմնավորող խորհրդանիշերը: Արդ, չունենք դղյակներ ու թագավորների արձաններ, որովհետեւ մեր հայրենասիրության մոդելը դարեր շարունակ պետականաշինական չէ, այլ՝ գոյատեւման: Իհարկե, հասկանալի է, որ թագավորների արձաններ ու պալատներ կան միայն այն երկրներում, որոնք իրենց պետականությունը չեն կորցրել: Իսկ մենք պետականություն չենք ունեցել հազար տարի:
Առաջին հանրապետությանը հաջորդեց Երկրորդ՝ Խորհրդային Հայաստանը, որտեղ պրոլետարիատի դիկտատուրա էր: Այսինքն, իշխում էր պրոլետարիատը, որը մերժում էր թագավորներին: Հետեւապես, նրանց արձանները չէր կանգնեցնի:
Նորանկախ Հայաստանի պատմությունը կրկին սկսվեց պատերազմով, ավերիչ երկրաշարժ եղավ, ավեր, սով, ցուրտ ու մեծաթիվ զոհեր: Իսկ այդ խնդիրներն ուղղակի հնարավորություն չտվեցին թագավորների արձաններով զբաղվել, իսկ երբ այդ ամենը աստիճանաբար հաղթահարվեց, սկսեցինք ե՛ւ արձաններ, ե՛ւ հուշակոթողներ դնել, ե՛ւ դամբարանները վերանորոգել: Այդ ազգաշահ, սերունդներ դաստիարակող եւ Հայաստան այցելող հյուրերին ցույց տալու բան ունենալուն միտված գործընթացը խաթարեց 2018-ին սկսված քայլարշավն ու իշխանության եկած ձեւի մեջ մի փոքր տարբեր, բայց բովանդակության խորքում այս նույն դավանանքին մերօրյա թուրքական-երիտբոլշիկյան նորընծա վարչակարգի տարօրինակ քաղաքականությունը, որը, մեղմ ասած, մեր պետականությունները տանում է կործանման: Ինքնին հասկանալի է, որ դրա իրական պատճառները խորքային են եւ անչափ կարեւոր է ըմբռնել, թե ում է այս աղետը ձեռնտու: Միայն այդ դեպքում հնարավոր կլինի իրատեսական պայքար մղել եւ այս վտանգավոր շրջափուլը հաղթահարել, որին ինքս անվերապահորեն հավատում եմ:
ՍՈՒՐԵՆ Թ. ՍԱՐԳՍՅԱՆ
պգդ, պրոֆեսոր