Հայաստանի Հանրապետությունը, ի թիվս աշխարհի բազմաթիվ երկրների, գտնվում է ժողովրդագրական երկրորդ անցման փուլում, որը, հանդիսանալով պատմական գործընթաց, բնութագրվում է նաեւ ավանդական վերարտարդրողական վարքի փոփոխությամբ, երբ «բարձր ծնելիություն-բարձր մահացություն» մոդելը փոխակերպվում է «ցածր ծնելիություն-ցածր մահացություն» մոդելով: Մեր երկրի դեպքում բնակչության վերարտադրողական վարքագծի վրա ազդեցություն ունեցան նաեւ սոցիալ-քաղաքական հայտնի իրադարձությունները եւ դրանցով պայմանավորված զանգվածային միգրացիոն հոսքերը: Վերոնշյալ գործոնների ազդեցությամբ ծնելիության եւ մահացության ցուցանիշների միջեւ ձեւավորվեց նոր հարաբերակցություն:
Ժողովրդագրական ներկա անցումը բերեց նրան, որ առաջիկա տասնամյակների ընթացքում հնարավոր չէ վերադառնալ բնակչության տարիքասեռային այն կառուցվածքին եւ ծնունդների այն թվաքանակին, որը հանրապետությունում առկա են եղել 1980-ական թվականներին: Սակայն մեղմել դրանց ազդեցությունը, բավարար նախադրյալներ ստեղծելով ժողովրդագրական հետագա զարգացման համար, հնարավոր է եւ անհրաժեշտ:
Ժողովրդագրական խնդիրների բարդությամբ եւ սոցիալ-տնտեսական զարգացման մակարդակով պայմանավորված, յուրաքանչյուր երկիր յուրովի է դիմակայում մարտահրավերներին: Հայաստանի Հանրապետությունում այդ մարտահրավերներին արձագանքելու, ժողովրդագրական իրավիճակի բարելավման նպատակով ներկայումս իրականացվում են մի շարք միջոցառումներ, որոնք, փոխլրացնելով միմյանց, նպատակ ունեն աջակցել երեխա ունեցող ընտանիքներին: Նշված միջոցառումները վերաբերում են ծննդօգնության ծառայությունների որակի ու մատչելիության ապահովմանը, մինչեւ 7 տարեկան երեխաների անվճար բուժսպասարկման կազմակերպմանը, երեխաների ծննդյան եւ խնամքի նպաստի տրամադրմանը եւ այլն: Մասնավորաբար, կարեւորելով բնակչության պարզ վերարտադրության ապահովումը եւ ընդլայնված վերարտադրության համար անհրաժեշտ նախադրյալների ստեղծումը` պետությունը տարբերակված մոտեցում է ցուցաբերում` ըստ ընտանիքում ծնված երեխաների հաջորդականության: Այսպես ընտանիքում ծնված երրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի համար տրամադրվում է ծննդյան նպաստ, որը կազմում է 430 հազ. դրամ:
Հաշվի առնելով ծնունդների խրախուսման նոր մոտեցումների անհրաժեշտությունը` կարեւորվում է էապես նոր ծրագրերի ներդրումը, ծրագրեր, որոնք կարող են հանդիսանալ ընտանիքների զարգացման երկարաժամկետ գրավական եւ երաշխավոր:
2014 թվականի հունվարի 1-ից, համաձայն ՀՀ կառավարության 2013 թվականի սեպտեմբերի 28-ի N 39 արձանագրային որոշման, Հայաստանի Հանրապետությունում երրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան համար կներդրվի պետական աջակցության նոր ծրագիր: Նախ, երրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստը 430 հազ. դրամից կաճի` հասնելով 500 հազ. դրամի:
Բացի դրանիցՙ երրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան դեպքում ընտանիքը կստանա պետական աջակցության իրավունք:
Երեք եւ ավելի երեխա ունեցող ընտանիքներին պետական աջակցությունը երրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան դեպքում ընտանիքին անկանխիկ եղանակով տրամադրվող ֆինանսական միջոցներ են` ընտանեկան դրամագլխի ձեւով:
Ընտանեկան դրամագլուխը (կապիտալ) ` պետական աջակցության շրջանակներում, երեք եւ ավելի երեխա ունեցող ընտանիքներին անկանխիկ եղանակով տրամադրվող ֆինանսական միջոցներ են, որոնք փոխանցվելու են պետական աջակցության հաշվին, որոնք ժամանակի ընթացքում կարող են աճել օրենքով չարգելված այլ աղբյուրներից պետական աջակցության հաշվին փոխանցվող ֆինանսական միջոցների, ինչպես նաեւ դրանց վրա հաշվարկված եւ չպահանջված տոկոսների շնորհիվ:
2014 թվականի հունվարի 1-ին եւ դրանից հետո Հայաստանի Հանրապետությունում ընտանիքում երրորդ եւ չորրորդ երեխայի ծննդյան դեպքում ընտանեկան դրամագլխի չափը կկազմի 500 հազ. դրամ, հինգերորդ եւ հաջորդ երեխայի ծննդյան դեպքում` 1 մլն դրամ` համաձայն ստորեւ տրված աղյուսակի:
Ընտանեկան դրամագլխի չափը, (ՀՀ դրամ) | |
երրորդ եւ չորրորդ երեխայի ծննդյան դեպքում | 500.000 |
հինգերորդ եւ հաջորդ երեխայի ծննդյան դեպքում | 1.000.000 |
Ընտանեկան դրամագլուխը տնօրինվելու է պետական աջակցության տնօրինողի` ընտանիքում ծնված երրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի հոր եւ (կամ) մոր, կամ երեխաների օրինական այլ ներկայացուցչի կողմից,
Ընտանեկան դրամագլուխը կարող է տնօրինվել ոչ միայն այն երեխայի համար, որի ծնունդով պայմանավորված, ծագել է պետական աջակցության իրավունքը, այլեւ պետական աջակցության իրավունք ստացած ընտանիքի մյուս անդամների համար: Ընտանեկան դրամագլուխը, մինչեւ այն երեխայի չափահաս դառնալը, որի ծնունդով պայմանավորված, ծագել է պետական աջակցության իրավունքը, պետական աջակցության տնօրինողի կողմից կարող է օգտագործվել միայն անկանխիկ եղանակով` ըստ ուղղությունների. Ընտանեկան դրամագլխի տնօրինման ուղղությունների ընտրության ժամանակ հաշվի են առնվել տարբեր տարիներին հանրապետությունում իրականացված ընտրանքային հետազոտությունների արդյունքները, որոնց համաձայն, ընդլայնված վերարտադրության ապահովելու համար ընտանիքների գերակշռող մեծամասնությունը, անկախ ընտանիքի տիպից եւ բնակության վայրից, ի թիվս այլ խնդիրների, պետությունից ակնկալում է աջակցություն բնակարանային պայմանների բարելավման, առողջապահական եւ կրթական վճարովի ծառայությունների մատչելիության ապահովման հարցերում: Նշված խնդիրները պայմանավորել են ընտանեկան դրամագլխի օգտագործման ուղղությունները, որոնք հետեւյալն են.
1) պետական աջակցության իրավունք ստացած ընտանիքի (կամ այդ ընտանիքի անդամի) համար նոր բնակարանի գնման, կառուցման համար կամ բնակարանի ձեռք բերման նպատակով տրամադրված եւ հիփոթեքով ապահովված վարկի տոկոսադրույքների եւ մայր գումարի մարման,
2) պետական աջակցության իրավունք ստացած ընտանիքի անդամիՙ ուսումնական (ուսումնադաստիարակչական) հաստատություններում ուսումնառելու ընթացքում ուսման վարձավճարի վճարման,
3) պետական աջակցության իրավունք ստացած ընտանիքի անդամի` բժշկական օգնության դիմաց վճարման եւ (կամ) առողջության ապահովագրության դասով ընտանիքի մեկ կամ մի քանի անդամների ապահովագրության նպատակով ապահովագրավճարի վճարման:
Նշված ուղղություններից օգտվելու առաջնահերթությունը որոշվելու է պետական աջակցության տնօրինողի կողմից:
Ընտանեկան դրամագլխի վրա հաշվեգրվելու են տոկոսներ, որոնք պետական աջակցության տնօրինողի կողմից կարող է օգտագործվել կանխիկ կերպով:
Ընտանեկան դրամագլուխն իր ողջ ծավալով, ներառյալ դրան հաշվեգրված եւ չպահանջված տոկոսներով, կանխիկ կերպով կարող է օգտագործվել միայն այն երեխայի չափահաս դառնալուց հետո, որի ծնունդով պայմանավորված, ծագել է պետական աջակցության իրավունքը, առանց սահմանափակումների:
Ըստ էության, առաջարկվում է ծնունդների խրախուսման որակապես նոր համակարգ, երբ, ընտանիքում ծնված երրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնունդով պայմանավորված, պետական աջակցությունը հնարավորություն է տալիս ոչ միայն հոգալ ընտանիքի առաջնահերթ կարիքների մի մասը, այլեւ ժամանակի ընթացքում ծնողների շրջանում էլ ավելի ամրապնդել իրենց երեխայի ապագայի նկատմամբ վստահությունը:
Բնականաբար, առանձին վերցրած մեկ ծրագրի շրջանակներում հնարավոր չէ համապարփակ լուծում առաջարկել երեք եւ ավելի երեխա ունեցող ընտանիքների սոցիալական հիմնախնդիրներին: Հանրապետության սոցիալ-տնտեսական հետագա զարգացման եւ բնակչության կենսամակարդակի բարելավման համատեքստում հարկավոր է շեշտը դնել հատկապես այն ուղղությունների վրա, որոնք կարող են առավելագույնս ազդել ամուսնական զույգերի վերարտադրողական վարքագծի վրա: Ուստի, երրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան պետական աջակցության նոր ծրագրի իրականացումից նախ եւ առաջ ակնկալվում են տարեկան ծնունդների հաշվեկշռում երրորդ եւ հաջորդ երեխաների ծնունդների տեսակարար կշռի ավելացումը եւ ընտանիքների այդ տիպին տրվող պետական աջակցության արդյունավետության եւ հասցեականության բարձրացումը: