-Azg.am-ի զրուցակիցն է գյուղատնտես Հարություն Մնացականյանը։
-Պարո՛ն Մնացականյան, խոսակցություններ կան, որ այս տարի Հայաստանից ծիրանի արտահանում գրեթե չի կատարվել։ Ինչո՞ւմ է խնդիրը։
-Ոչ թե չի կատարվել, այլ կատարվել է շատ քիչ քանակություններով։ Արդեն 4 տարի է՝ խոսում եմ այս խնդրի մասին։ Ես միշտ ասում էի, որ մենք ահագին հետ ենք ընկնում. Ուզբեկստանը մեր շալախ սորտի ծիրանը սելեկցիա է անում, իսկ պետությունը պետք է հնարավորինս բրենդինգ անի, ընդ որում՝ ոչ միայն ծիրանը, այլ նաև հայկական մյուս մրցունակ մրգերը։ Հայկական ծիրանը շուկա պետք է մտնի պարտադիր բրենդինգ արած, լեյբլով և հայկական մակնշմամբ։
Պետությունը պետք է ամեն ինչ անի, որ մեր վերավաճառողները ոչ թե հայկական ծիրանը տանեն, Մոսկվայի «Ֆուդ սիթի» շուկայում կանգնեն, վաճառեն, այլ մտցնեն ցանցեր՝ հստակ մակնշմամբ, գովազդով և այլն, որպեսզի շուկան չկորցնենք։
Բայց ոչինչ չարվեց. ուզբեկներն արդեն շատ մեծ քանակի շալախ երևանյան սորտի ծիրան են արտահանում և հենց այդպես էլ գրում են՝ «Армянский шалах из Узбекистана»։ Մի քանի տարի հետո այդ «Армянский»-ն էլ կհանեն, կթողնեն «Шалах из Узбекистана»։ Հայկական սորտի ծիրանի կիլոգրամն ուզբեկները Մոսկվայում վաճառում են 90 ռուբլով՝ մոտավորապես 380-400 դրամ։ Իսկ մեզ մոտ միայն բեռնափոխադրումների գինը ծիրանի գնի վրա ավելացնում է մոտավորապես 200 դրամ։ Բնականաբար, եթե գյուղացուց ծիրանը գնեին կիլոգրամի դիմաց 150 դրամով, մեր արտահանողներն էլի գնի մեջ չէին տեղավորվելու։ Դրա համար էլ շատ քիչ քանակությամբ են արտահանում, Ռուսաստանում էլ հայկական ծիրանը հիմնականում հայերն են գնում. ռուսի համար տարբերություն չկա՝ հայկական շալախ է ուտում, թե ուզբեկական։
-Իսկ ծիրանի ի՞նչ ծավալի արտահանումներ են կատարվում դեպի Եվրոպա։
-Արտահանումներ գրեթե չկան՝տարեկան մոտ 15-20 տոննա։ Սա սարսափելի ցածր ցուցանիշ է՝ համեմատած ուզբեկական ծիրանի՝ տարեկան մոտ 700 հազար տոննա արտահանման հետ։ Եվրոպայում հայկական ծիրանը հիմնականում սպառում են հենց հայերը՝ կիլոգրամը 15 եվրոյով։ Եվրոպական սուպերմարկետներ, խանութների ցանցեր հայկական ծիրանը չի մտնում և չի էլ մտել։
-Պարո՛ն Մնացականյան, ինչո՞ւ է այդպես ստացվել՝ եվրոպացի սպառողին չե՞ն գոհոցնում հայկական ծիրանի որակակա՞ն չափանիշները, թե այլ խոչընդոտներ կան։
-Մի քանի ռիսկ կա. ամենաառաջինն այն է, որ մեր ֆերմերները բավարար չափով հզոր չեն, որպեսզի կարողանան պայմանավորվել եվրոպական ցանցերի հետ։ Հաջորդը տրանսպորտային խնդիրն է. փոխադրումների գինը, ինչպես արդեն ասացի, բավական բարձր է, բացի այդ՝ բերքն ավելի երկար ճանապարհ է անցնում. օդային բեռնափոխադրումները բավականին թանկ են՝ մեկ կիլոգրամ ծիրանի փոխադրման համար՝ 2.5-2.6 եվրո։ Սա մրգի գնի հետ միասին շատ մեծ թիվ է կազմում։ Գումարած սրան՝ ոլորտը բացարձակապես չի վերահսկվում, և չկան երաշխիքներ, որ գյուղացու ծիրանենիները թույլատրելի նորմը մի քանի աքնգամ գերազանցող թունաքիմիակտներով մշակված չեն լինի։ Եվրոպական լաբորատորիաները, հայտնաբերելով այդ արգելված նյութերը, միանգամից խոտանում են հայկական միրգը։
-Հավաստի՞ են տեղեկությունները, որ արտահանողները ծիրանի մեկ կիլոգրամի դիմաց գյուղացուն 100 դրամ են առաջարկում, իսկ գյուղացին չի համաձայնում՝ նախընտրելով 30 դրամով գործարաններին հանձնել։
-Այսպիսի գներ, բնականաբար, սպասելի են։ Վերավաճառողները դրանից բարձր գնով ուղղակի չեն կարող գնել, չեն կարող ավելի բարձր գին առաջարկել։ Մյուս կողմից շատ հավանական է այն վարկածը, որ գյուղացին նախընտրում է իր ծիրանը հանձնել մթերող գործարաններ, որովհետև գործարանն ապրանքն ամբողջությամբ է վերցնում, իսկ արտահանողները ծիրանը տեսակավորում են, ընտրում են լավագույն բերքը, իսկ գյուղացու քաղած ծիրանի մյուս՝ զգալի մասը չեն ընդունում։ Ֆերմերն էլ ավելորդ գլխացավանքի տակ չմտնելու համար նախընտրում է բերքը գործարան հանձնել։
Այս ամենին գումարած՝ հիասթափության ալիքն է շատ բարձր. ինձ համար սպասելի էր, գիտեի, որ հենց այսպես էլ լինելու է, բայց գյուղացու համար անսպասելի է։ Մարդիկ այդքան աշխատել են, չարչարվել են և այսօր կանգնել են բերքի իրացման խնդրի առաջ։
-Պարո՛ն Մնացականյան, այսինքն՝ կարո՞ղ ենք փաստել, որ Էկոնոմիկայի նախարարությունը և անձամբ նախարար Վահան Քերոբյանը չեն կարողացել ճիշտ կազմակերպել հայկական ծիրանի արտահանման գործընթացը։
-Միայն ծիրանը չէ։ Ես միշտ ասել եմ՝ հայկական պտուղ-բանջարեղենը պետք է պարտադիր բրենդավորվի։ Դա պետք է պետական գործառույթ դառնա, պետք է հստակ ստանդարտներ մշակվեն, որպեսզի ստանդարտներին համապատասխանող ցանկացած գյուղմթերք հեշտորեն արտահանվի արտասահմանյան խանութների ցանցեր։ Պետք է սուբսիդավորվեին օդային բեռնափոխադրումները, որպեսզի կարողանայինք հայկական ծիրանը, դեղձը, նեկտարինը Մերձավոր Արևելքի շուկաներ դուրս բերել։ Բայց այս ուղղությամբ էլ ոչինչ չի արվել, և պետք է հասկանանք, որ ինչքան ձգձգում են ք այս գործընթացները, այնքան ուշանում ենք, այնքան մեր գյուղատնտեսության ծավալները փոքրանում են։
Ճիշտ է, վերջին տարիներին գյուղատնտեսությանը սուբսիդիաներ, դրամական միջոցներ տրամադրվեցին, ինչ-որ արհեստական շնչառություն տալով՝ իրավիճակը կարծես բարելավել է, բայց եթե նման վերաբերմունքը շարունակվի, վաղ թե ուշ ամեն ինչ կորցնելու ենք։ Եթե հստակ պետական քաղաքականություն չկիրառվի, ամբողջ համակարգը քանդվելու է։
-Իսկ տեղյա՞կ եք՝ ինչ գնով են ծիրանը մթերում չիր արտադրող ընկերությունները։
-Կոնկրետ գին չեմ կարող նշել, բայց պարզ է, որ առիթից օգտվելով՝ չիր արտադրողները ևս ցածր գնով են ծիրանն ընդունում։ Այնպես որ, այս պահին գյուղացուն չեմ նախանձում։ Ըստ էության՝ գյուղացին իր բերքի հետ միայնակ է մնացել։
-Պարո՛ն Մնացականյան, իսկ քանի՞ տոննա է կազմել ծիրանի բերքն այս տարի։ Նախորդ տարվա համեմատ բերքի ծավալի, արտահանման, տեղական շուկայում վաճառքի գների հետ համեմատականներ կարո՞ղ եք անցկացնել։
-Հստակ թվեր կդժվարանամ նշել, սակայն հայտնի է, որ անցած տարվա համեմատ ծիրանի բերքն այս տարի քիչ է։ Անցած տարի, երբ Լասը փակվեց, շատ մեծ ծավալի ծիրան մնաց Հայաստանում։ Իմ նախաձեռնությամբ ֆլեշմոբ արեցինք, կոչ արեցինք, որպեսզի ազգաբնակչությունը թեկուզ մեկ-երկու կիլոգրամ ծիրան գնի, գինը կրիտիկականից ցածր չլինի, և գյուղացուն հնարավոր փոքր վնաս հասցվի։ Դա օգնեց, որ ծիրանի գինն այս տարվա չափ չիջնի։
Այս վիճակի համար շատ եմ ափսոսում, և սրա ելքը միայն պետությա ձեռքում է՝ այն էլ երկրատև աշխատանքի արդյունքում։ Գյուղատնտեսության ոլորտում առկա խնդիրները մեկ տարում չեն -լուծվելու, առնվազն 7-8 տարի է պետք։ Արդյունքի հնարավոր կլինի հասնել միայն համառ աշխատանքի գնով, մինչդեռ մեր երկրում գյուղնախարարությունը փակել են։ Էկոնոմիկայի նախարարությունում գյուղատնտեսության գծով միայն մեկ պատասխանատու կա, որը, բնական է, բոլոր հարցերով չի կարող զբաղվել։