Մակրոնն, ինչպես ասում են, իր ռեպերտուարի մեջ է: Ֆրանսիայի հայ համայնքի ներկայությամբ, որը պոտենցիալ ընտրազանգված է, տղայական համաժամանակյա ապտակ հասցրեց Ալիեւին ու Փաշինյանին:
Արեւմտյան, անգամ ռուսական ամբիոններից չափազանց զգուշավոր, օտարոտի արձագանքներ ենք գրեթե ամեն օր լսում՝ հատկապես Ալիեւին փշի-փշի անող: Դե Փաշինյանի քաղաքական հայտարարությունների՝ ռուսական ու արեւմտյան արձագանքների մասին էլ չխոսենք.բոլորն իմունիտետ ունեն վաղուց:
Իսկ Մակրոնը… Ֆրանսիացի սրտակերն ուրիշ է… Տարավ-բերեց, թե՝ «Ես Ալիեւի վրա ավելի մեծ ճնշում եմ բանեցրել եւ կբանեցնեմ, քան Փաշինյանը: Հարցը Փաշինյանն է: Ես Արցախի հարցով միակն եմ, որը հստակ կեցվածք եւ պատգամ ունեմ: Չկասկածեք Արցախի եւ ընդհանրապես Հայաստանի հարցերով վճռականությանս մեջ: Պիտի շարունակեմ ջանքերս, նույնիսկ եթե մինչ օրս այս օրակարգով գրեթե միակն եմ միջազգային ընտանիքի մեջ»:
Մակրոնի միանձնյա համարձակ կեցվածքն ու հայտարարությունն օրվա լրահոսի հիթը դարձավ: Հայկական շրջանակներից Փաշինյանին վերաբերող մասով՝ «Ես Ալիեւի վրա ավելի մեծ ճնշում եմ բանեցրել եւ կբանեցնեմ, քան Փաշինյանը: Հարցը Փաշինյանն է», մինչեւ օրվա ավարտը, ոչ մի արձագանք չեղավ, թեեւ եթե նմանօրինակ հայտարարություն արվեր հայկական ընդդիմությունից, խորհրդարանական մեծամասնությունը ֆեյսբուքը կվերածեր ռազմի դաշտի: Բայց Մակրոնի «թարս թաթալոշը» չտեսնելու տրվեց:
Ադրբեջանից, ինչպես եւ սպասվում էր, կոշտ արձագանքը չուշացավ. «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի վրա ճնշում գործադրելու հայտարարությունները Ֆրանսիայի նախագահ Մակրոնի երեւակայության արգասիքն են: Ադրբեջանի նախագահի վրա ճնշում գործադրելու փորձերը երբեք արդյունք չեն տվել: Ֆրանսիայի նախագահի հայտարարությունը եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ նա գործիք է Ֆրանսիայի հայկական լոբբի ձեռքում»:
Ադրբեջանի ԱԳՆ-ից կարելի է հասկանալ՝ իբր Ալիեւին ճնշողը դեռ չի ծնվել…
ՆԱԻՐ ՅԱՆ