Ծանոթանալով գրող եւ ճարտարագետ-էլեկտրոնիկ Էդուարդ Բարսեղյանի երեք վեպերին՝ թեկուզեւ ծանոթ մոտիվներ ունեցող, սակայն հորինվածքով բոլորովին նոր աշխարհ հայտնագործողի բերկրանքն ապրեցի: Շարքի առաջին՝ «Պոնտացի Պիղատոսի գաղտնիքը» անվանմամբ վեպում (2013), ռուսագիր հեղինակն ինքնատիպ մոտեցում է ցուցաբերում Նոր Կտակարանից մեզ հայտնի բիբլիական պատմությանը: Վեպն առաջին անգամ հրատարակվել է Էդ. Բարսեղ կեղծանունով՝ 2013 թ. ԱՄՆ-ում՝ ռուսերեն բնօրինակով, ինչպես նաեւ անգլերեն թարգմանությամբ (Ed Barsegh, The Mystery of Pontius Pilate ):
Համաշխարհային գրականության մեջ Աստվածաշնչի գեղարվեստական վերապատման բազմաթիվ օրինակներ են հայտնի՝ Լյու Ուոլեսի «Բեն-Հուրը», Միխայիլ Բուլգակովի «Վարպետը եւ Մարգարիտան», Էնթոնի Բըրջեսի «Մարդը Նազարեթից», Մարիաննա Ֆրեդրիքսոնի «Ըստ Մարիամ Մագդաղենացուն» եւ այլն, սակայն նրանցից ոչ ոք այսքան հեռու չի գնացել աստվածաշնչյան բնօրինակից: Հիսուսի կյանքի բարսեղյանական անդրադարձում պատմական մի շարք նշանավոր անձինք ծանոթանում են միմյանց եւ իրադարձությունները տանում իրենց ու հեղինակի համար ցանկալի հունով: Այսպես, Պոնտացի Պիղատոսի հանդիպումներն ընկերների՝ Մարցելիուսի, Լուկիուսի եւ բանաստեղծ Օվիդիուսի հետ մի հնարք է, որով Բարսեղյանը բազմազանություն է բերում վեպ, շարադրում խոհափիլիսոփայական ուշագրավ բանավեճեր. հենց Օվիդիուսի հետ զրույցում էլ առաջին անգամ հնչում է Հայաստանի անունը, որը հետագայում դառնալու է եռագրության գործողությունների վայր, այնտեղ են հայտնվելու ինչպես Հիսուսը, այնպես էլ մեր ժամանակներում ապրող հերոսները:
Հեղինակը յուրովի է ներկայացնում Հիսուսի, Մարիամ Աստվածածնի, Պոնտացի Պիղատոսի, Մարիամ Մագդաղենացու, Բարաբբասի կերպարները: Պոնտացի Պիղատոսը, որն ըստ սյուժեի՝ սիրում է Մարիամին եւ դառնում է Հիսուսի հայրը, այդուհետեւ հոգեւորական Նիկոդիմոսի միջոցով մշտապես օգնության է հասնում որդուն ու նրա չքնաղագեղ մորը: Պիղատոսը հանդես է գալիս որպես խարիզմատիկ, խոհուն, սկզբունքային կերպար, որը մեծ ազդեցություն ունի Հիսուսի վրա, երբեմն էլ ներկայանում է քնարական գողտրիկ բանաստեղծություններով (անշուշտ, Բարսեղյանի գրչին պատկանող):
Վեպում կարելի է առանձնացնել մի քանի հատույթներ՝ կրոնական եւ միստիկակական հարցեր, անտիկ պատմություն եւ քաղաքականություն, սերն իր բոլոր արտահայտություններով՝ Պիղատոսի եւ Մարիամի միջեւ, Մարիամի մայրական սերը, որն այստեղ հիրավի բանաստեղծական մեծ ուժով է նկարագրված, Հիսուսի եւ Մարիամ Մագդաղենացու փոխադարձ զգացմունքները, մինչեւ իսկ բազմատեսակ ԲԴՍՄ (իշխելության էրոտիկական փոխանցում եւ այլ սեքսուալ դերային խաղեր) հարաբերությունների նատուրալիստական տեսարաններ: Որոշ դրվագներ կարող են խրտնեցնել ընթերցողին (ես էլ բացառություն չէի), սակայն նշեմ, որ դրանք էլ երբեմն կենսափիլիսոփայական ինչ-որ նշանակություն են հաղորդում տեքստին: Ամեն մի մանրամասնից պարզ է դառնում, որ Բարսեղյանն աշխարհայացք ունեցող գրող է, նա չի վարանում վերաշարադրել բոլորին հայտնի դեպքերը՝ անսպասելի շրջադարձեր հաղորդելով դիպաշարին, հաճախ ռացիոնալիստական դիտանկյունից փորձելով բացատրել բիբլիական իրադարձությունները եւ հրաշքները:
Վեպին առանձնակի արժեք են հաղորդում նոր սյուժեները, որոնցով առատ է Բարսեղյանի եռագրությունը: Այսպես, նա Օվիդիուսի շուրթերով մի գեղեցիկ սիրային առասպել է ներկայացնում երկու սիրահարների մասին, որոնք նախասկզբնական մեղքն են գործում Արագածի գագաթի մոտ. ամոթահար աղջիկը փախչում է, կորչում մեգի մեջ, նրա ետեւից էլ վազում է տղան, սակայն սիրուն հարգանքով վերաբերվող Աստվածները երկուսին էլ թույլ չեն տալիս ջախջախվել, տղային դարձնում են սպիտակ ճայ, աղջկան՝ ամպ, եւ նրանք ամեն ամառ հանդիպում են, մի քանի ժամով վերստին դառնում տղա եւ աղջիկ՝ միշտ մնալով երիտասարդ:
Մեջբերումներ անելով Աստվածաշնչից՝ հեղինակն այնտեղ գրվածը «բաց է անում» բոլորովին այլ կողմից: Այսպես, մանկուց ինքնադաստիարակությամբ զբաղվող, գիտելիքների մեծ պաշար ունեցող Հիսուսը ցանկանում է մարդկությանը օգտակար լինել նոր կրոն ստեղծելով, քարոզելով բարություն եւ համընդհանուր ներողամտություն: Նրա համար ծանրագույն հարված է դառնում Մարիամ Մագդաղենացու բռնաբարությունը չորս հանցագործների կողմից: Տեսնելով կատարվածի անարդարությունը՝ նա ոչինչ չի կարողանում ձեռնարկել, ու վրեժը լուծում է (հնարամտորեն սեռական տանջանքներ հորինելով) նրա հետ ընկերացած Բարաբբասը, որը հարց է տալիս.
-Դու ասում ես, որ պետք է երկրորդ ա՞յտը դեմ տալ:
Բարոյականության հարցերը Հիսուսին էլ են տանջում: Նա որոշում է զարգացնել իր գիտելիքները, երեք տարի բժշկություն է ուսանում Հունաստանում, կատարելագործում իրեն վերուստ տրված հիպնոտիկ կարողությունները: Միայն քարոզներն ու կրոնական հակառակորդների քողազրկումը բավարար չէին, մարդիկ նախընտրում էին ականատես լինել կոնկրետ գործերի, եւ Հունաստանից վերադարձած Հիսուսը բժշկում է դեղեր ու տարրական գիտելիքներ չունեցող աղքատներին, որոնց համար «հիվանդի բժշկման յուրաքանչյուր փաստ հրաշք էր»: Նա կիրառում է մոգության արվեստը, իրականացնում զանգվածային հիպնոսի սեանսներ, մարդկանց հետ շփվելիս պատմում առակներ. «Ինչո՞վ է լավ առակը: Իր թերասացությամբ: Այն լսելով, մարդը՝ կախված իր գրագիտությունից կամ խելքից, ընկալում էր դրա էությունը եւ հետո լրացնում սեփական մտքերով»:
Բացի այդ, Հիսուսը համոզված է, որ ինչքան էլ ինքը քարոզի նոր գաղափարներ, դժվար է ձեւափոխել մարդկանց մեջ մանկուց ձեւավորված հավատքը, ուստի նա որոշում է ինքնազոհաբերվել խաչի վրա, որպեսզի սեփական օրինակով գրավի մարդկանց վստահությունը: Սակայն Պիղատոսը Հիսուսին ի վերջո համոզում է փոխարենը նրա նմանակին խաչ բարձրացնել, որպեսզի Հիսուսը շարունակի զբաղվել իր գաղափարների տարածմամբ եւ արմատավորմամբ: Նիկոդիմոսի եւ այլ օգնականների ջանքերով հաջողվում է ականատեսներին համոզել, որ Հիսուսը համբարձվել է: Պոնտացի Պիղատոսը Հիսուսին հորդորում է Մարիամ Մագթաղինացու հետ ուղեւորվել հեռավոր Հայաստան. «Կարծում եմ՝ խորհրդանշական կլինի, որ քո ստեղծած նոր կրոնը սկսի զարգանալ այն վայրերից, որտեղ մարդկությունն ինքն է վերածնվել: Ինչպես հենց նոր կարդացի քեզ Ծննդոցից՝ Նոյյան տապանը խարսխեց Արարատ լեռան վրա, եւ այնտեղից մարդիկ տարածվեցին ամբողջ աշխարհով մեկ: …Բոլոր դեպքերում, տրամաբանորեն դատելով՝ ամենահին ժողովուրդները պետք է բնակվեն Արարատի ստորոտին: Արարատը գտնվում է մեր բարեկամ Հայաստանի տարածքում, որի թագավորն այժմ Զենոնն է, ով իշխանության է եկել Հռոմի շնորհիվ: Այնտեղ նա վերցրել է հայկական Արտաշես անունը»: Մի քանի օր անց Հիսուսն ու Մարիամ Մագդաղենացին երկու էշերով, որոնք Հիսուսը մինչ Երուսաղեմ մտնելն էր գնել, ճանապարհվում են Հայաստան:
«Պոնտացի Պիղատոսի գաղտնիքը» խորը, բազմանշանակ ստեղծագործություն է. այն ընթերցելուց հետո նկատում ես, որ աստվածաշնչային շատ սյուժեներ այլեւս դիտարկում ես վեպի պրիզմայով:
Էդուարդ Բարսեղյանը բնակվում է Աշտարակում: Ավարտել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտը, Արտեմ Ալիխանյանի ղեկավարման օրոք աշխատել Երեւանի ֆիզիկայի ինստիտուտում, ապա Աշտարակի Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտում ղեկավարել է լաբորատորիա: Բանաստեղծական ժողովածուի («Սիրե՛ք կնոջը») հեղինակ է: Մտերիմ լինելով բանաստեղծուհի Ալլա Տեր-Հակոբյանի հետ՝ նրա միջոցով 1970 թ. ապրիլին Երեւանում ծանոթացել եւ հյուրընկալել է ռուս բանաստեղծ եւ դերասան Վլադիմիր Վիսոցկուն: Բարսեղյանի՝ Աջափնյակում գտնվող բնակարանում տեղի ունեցած համերգը Վիսոցկու ընկեր Դավիթ Կարապետյանն այսպես է նկարագրել. «Մարդիկ արդեն չեն տեղավորվում սենյակներում, խմբվել են շքամուտքում ինչ-որ տեղ: Լսելով Վիսոցկու ձայնը, բնակարան լցվեցին ոչ միայն հարեւանները, այլեւ տառացիորեն ամբողջ բակը: …Բացարձակ անշլագ է, ամենաիսկական անվճար համերգ… («Հիշո՞ւմ ես, ինչպես դուռը ջարդելով վայր գցեցին»,- հետագայում ոչ մեկ անգամ հպարտությամբ վերհիշում էր Վոլոդյան)»:
Բարսեղյանի եռագրությունը կազմող վեպերը տարբեր են իրենց ոճերով, մասամբ՝ սյուժեով: Երկրորդ՝ «Ծերուկը եւ կույսը» վեպի կապն առաջինի հետ միանգամից չի պարզվում, բայց երբ ամեն ինչ բացահայտվում է, հաճելի զարմանք ես ապրում: Այն եւս տպավորիչ է իր անսպասելի սյուժետային շրջադարձերով, ու թեկուզեւ մեծ է ծավալով, սակայն հեշտությամբ է կարդացվում: Որքան հայտնի է՝ քրիստոլոգիական եւ ԲԴՍՄ մոտիվների միատեղումը նույնիսկ համաշխարհային գրականությունում հազվագյուտ երեւույթ է, ինչն այս վեպերն առավել եւս նորարարական է դարձնում. դրանք կինոսցենարի լավ հիմք կարող են հանդիսանալ:
Նախորդ երկուսից էապես տարբերվում է վախճանաբանական հարցեր արծարծող երրորդ վեպը, որը բովանդակությամբ ավելի բարդ է, մոտ նոն-ֆիքշն ժանրին: Ինչեւէ, մանրամասնորեն երկրորդ ու երրորդ վեպերին չեմ ուզում անդրադառնալ, որպեսզի պահպանեմ ինտրիգը: Քանզի այս եռագրությունն արժե կարդալ…
ԱՇՈՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ