Երրորդ օրն է, որ սպասում եմ որեւէ մեկին՝ մեր «հազարան բլբուլ» փորձագետներից ու վերլուծաբաններից, որ խոսի կամ գրի ուրբաթ օրը, հունիսի 23-ին, Իլհամ Ալիեւի Կիեւ գնալուց, Զելենսկու հետ ջերմ, շատ ջերմ հանդիպելուց, նրան 10 միլիոն դոլար նվիրելուց։ Դա ոչ թե շաղակրատելու, այլ՝ դիմակները պատռելու, քաղաքական երկերեսանիությունը ցուցահանելու, դավաճանությունը ջրի երես հանելու առիթ էր եւ է՛ մեզ համար։
Անկեղծորեն՝ Իլհամի այդ արարքը ինձ վրա թողեց ցնցիչ տպավորություն։ Մտածում էի՝ որ Իլհամը գիտի բաներ, որ մենք, գոնե ես, չգիտենք, եւ գնում է հաշվարկված ռիսկի՝ հաստատ տեղեկություն ունենալով Ռուսաստանի մոտակա պարտության մասին։ Ճիշտ է, նույն գիշեր, ուրբաթ օրվա մասին է խոսքը, Ռուսաստանը բառի իսկական առումով ցնցվեց Պրիգոժինի ապստամբության (ռուսները թող շարունակեն խռովություն կոչել այն) շարժումով, ու ես, հավանաբար նաեւ ուրիշներ, զարմացել էի Հեյդարի թրփոշ լակոտի տեղեկացվածությամբ։ Իսրայելական Մոսսա՞դն է, թուրքական MIT-ը, անգլիական M-6-ը, թե՞ ամերիկյան CIA, վերջին տեղեկությունն է տվել նրան Վլադիմիր Պուտինի կործանման մասին։
Հաջորդ՝ շաբաթ գիշեր էր, որ, ի տարբերություն մեր ախմախ որոշ քաղաքագետների, հանգստացա՝ ապստամբության ձախողման կամ կանխման մասին տեղեկանալով։ (Կարելի է Պուտինին չսիրել, բայց նրա պարտությունը սիրելը ապշեցնում է ինձ, երբ «սիրողը» հայ է)։
Այո՛, Իլհամը այրեց իրեն, եւ մենք շատ հետո կզգանք դրա ճենճերահոտը։
Մինչ այդ՝ ո՞ւր է մեր քարոզչությունը, ոչ պետական,- դա ընդհանրապես չկա,- այլ անհատ քաղաքագիտական ու փորձագիտական։ Ոչ թե ուղղված Կրեմլին ու նրա տիրակալին,- նրանք շատ լավ գիտեն այդ մասին,- այլ՝ ռուս ժողովրդային խավերի մոտ, որոնք 70-60 տոկոսով պուտինական են։
Զելենսկին մեր թշնամու բարեկամն է, հետեւաբար՝ մեր թշնամին։ Ունե՞նք կարողությունը սա բացատրելու ռուս ժողովրդին։
Հ. ԱՎԵՏԻՔՅԱՆ