Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբն այս անգամ նշում է օպերային երգիչ Բարսեղ Թումանյանի ստեղծագործական գործունեության 33-րդ եւ ծննդյան 55-րդ հոբելյանները:
Երաժշտական երեկոն տեղի կունենա դեկտեմբերի 18-ին Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում:
Ծրագրում կհնչեն հայ, ռուս եւ եվրոպական կոմպոզիտորների ստեղծագործություններ` Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբի կատարմամբ:
Բարսեղ Թումանյանը այն անվանի երաժիշտներից է, որը բախտ է ունեցել երգել Միլանի «Լա Սկալա» օպերային թատրոնում: Նա եղել է Երեւանի օպերայի եւ բալետի թատրոնի մեներգիչ, իսկ համերգային ծրագրերով ելույթներ է ունեցել Լոնդոնի թագավորական օպերային տանը` նվիրված Լենինականի երկրաշարժին, Լոնդոնի «Վիգմոր» դահլիճում, ինչպես նաեւ եվրոպական բազմաթիվ քաղաքներում: Իսկ Ավստրալիայում արժանացել է Հատուկ մրցանակի` «Ֆաուստ» օպերային ներկայացման մեջ Մեֆիստոֆելի դերի համար, իսկ Հայաստանում` ՀՀ ժողովրդական արտիստի կոչմանը: Մենահամերգներով հանդես է եկել ԱՄՆ-ի, Ավստրիայի, Կանադայի, Գերմանիայի, Չինաստանի, Ճապոնիայի բազմաթիվ քաղաքներում: Ընտրվել է Բնության եւ հասարակության մասին գիտությունների միջազգային ակադեմիայի փոխնախագահ: Իսկ 2000 թ.-ից հանդիսանում է Բարձր արվեստի համաժողովի հայկական մասնաճյուղի նախագահը: