Friday, 24 July, 2026

«+ ԿԻՆՈՅԻ» ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ

ԱՆԱՀԻՏ ՂԱԶԱՐՅԱՆ

Մեզանում արդեն լավ ավանդույթ է ձեւավորվել «+Կինո» ամսագրի նոր լույս ընծայված համարին անդրադառնալը:

Մեր թղթակցի այն հարցին. «Ի՞նչ ուշագրավ հրապարակումներ կան այս համարում», ահա թե ինչ պատասխանեց ամսագրի գլխավոր խմբագիր Ռոբերտ Մաթոսյանը.

– Ամսագիրը բացվում է կինոռեժիսոր Բագրատ Հովհաննիսյանի դիմանկարի էսքիզով: Հայ գրականության, արվեստի, մշակույթի փայլուն գիտակ Բ. Հովհաննիսյանը 40-ն անց էր, երբ սկսեց կինոռեժիսորի իր գործունեությունը: Ռուբեն Հովսեփյանի սցենարով, նրա նկարահանած առաջին լիամետրաժ «Հնձան» (1973 թ.) ֆիլմը դուրս եկավ հայկական շրջանակներից եւ համարվեց նախկին Միության տարվա լավագույն կինոնկարներից մեկը: Ֆիլմի գեղարվեստական ղեկավարը հանրահայտ կինոռեժիսոր Անդրեյ Տարկովսկին էր, որը հետագայում մշտապես համակրանքով է խոսել ու գնահատել Հովհաննիսյանին: Այնուհետեւ Հրանտ Մաթեւոսյանի գործերի հիման վրա նա նկարահանել է «Աշնան արեւ» (1977թ.) եւ «Տերը» (1983թ.) ֆիլմերը, որտեղ մի կողմից նա աշխատել է հավատարիմ մնալ արձակագրին, մյուս կողմից էկրանային իր տարբերակն է ստեղծել:

Հաջորդ էջը բացվում է «Ո՞վ է Բոհդան Գեմբարսկին» հոդվածով, որը նվիրված է լեհ ժողովրդի արժանավոր զավակներից մեկինՙ Բոհդան (Բոգդան) Գեմբարսկուն, որի բաց նամակներն ու հոդվածներն իր ժամանակին լույս սփռեցին Մեծ եղեռնը պարուրող լռությունը:

Եղեռնի սգո 100-ամյակի առիթով «+Կինո» ամսագրի ընթերցողներին ներկայացնում ենք Գեմբարսկու «Նամակ իմ հին թուրք ծանոթին» հոդվածը, որում հեղինակը Թուրքիային ապաշխարանքի կոչ է անում:

«Նա իր դրոշմն է դրել ժամանակի վրա» հոդվածը հանգամանորեն ներկայացնում է արտիստուհի Անահիտ Թոփչյանին: Ի դեպ, շապիկի լուսանկարի կոլաժի հեղինակը Սերգեյ Փարաջանովն է:

«Իրականացված երազանք 56 տարի անց» հարցազրույցները պատմում են ԼՂՀ-ի անկախության օրը կոմպոզիտոր Անդրեյ Բաբաեւի (Բաբայան)ՙ Շուշիում բեմադրված «Արծվաբերդ» օպերայի հրաշալի բեմականացման մասին, որն իրականացվել է ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո:

«Ասպետները նրա հոգեւոր ուտոպիան են» հոդվածն ու իլյուստրացիան հավուր պատշաճի ներկայացնում է գյումրեցի հանրահայտ քանդակագործ Ալբերտ Վարդանյանի անսովոր ու ինքնատիպ ստեղծագործությունները:

«Շնորհանդես» մշտական էջում այս անգամ տեղ է գտել Ռուբեն Գեւորգյանցի «Փարաջանով. Կոլաժ երկուսի համար» վերջերս հրատարակված գիրքը, որտեղ հեղինակն անդրադառնում է Ս. Փարաջանովի հետ իր հանդիպումներին եւ այդ ֆոնի վրա ներկայացնում է հանրահայտ ռեժիսորի դիմանկարը:

«20-ից ավելի ֆիլմերի բեմադրող նկարիչը» մի յուրօրինակ անդրադարձ է Գրիգոր Թորոսյանիՙ հայ կինոյում կատարած աշխատանքներին:

««Ֆիլմ» թերթի էջերից» խորագրի ներքո ժամանակակիցները այս անգամ պատմում են անզուգական Հրաչյա Ներսիսյանի կյանքին նվիրված դեպքեր ու դիպվածներ:

«Ցուցադրվում է էկրաններին» էջում ընթերցողներին ներկայացվում է «Շարմ» ընեկերության նկարահանած «Քայլ ձիով» ֆիլմը:

«Մեր լեզուն, մեր խիղճն է դա

Սուրբ հացը մեր սեղանի,

Մեր հոգու կանչն է արդար

Ու համը մեր բերանի»:

Համո Սահյանի այս քառյակով, ինչպես նաեւ Ֆր. Ֆեյդիի («Հայերենը աշխարհի հնագույն, հարուստ ու զարգացած լեզուներից է. չկա մի երեւույթ, որը չկարողնաս արտահայտել հայերենով») բնորոշմամբ է բացվում «Հարստացնենք մեր բառապաշարը» նոր խորագիրը:

Ամսագրում տեղ է գտել ինֆորմացիա հայկական հեռուստատեսության հիմնադիր-օպերատոր Լաերտ Պողոսյանիՙ վերջերս տպագրված «Իմ կյանքի էջերից» գրքի մասին:

«+Կինոյի» այս անգամվա հյուրը օպերային հանրահայտ երգիչ Բարսեղ Թումանյանն է:

«Գտնված են հայկական կինոյի առաջին կինոկադրերը» վերնագրի ներքո հրապարակված է կինոռեժիսոր, վավերագրող Սամվել Մաթոսյանի ընդարձակ ինֆորմացիան: Այդ առիթով հրապարակված է նաեւ Ռուսաստանի կինեմատոգրաֆիական արվեստի ու գիտության ազգային ակադեմիայի պրեզիդենտ Վ. Ն. Նաումովի շնորհակալական նամակը ինչպես նրան, այնպես էլ «Սինեմաթոս» ընկերությանը:

Ամսագրում տեղ է գտել նաեւ ընդարձակ ինֆորմացիաՙ նվիրված «Կինոաշուն» ծրագրին եւ մանկապատանեկան ֆիլմերի 9-րդ ու «Ռեանիմանիա» 5-րդ միջազգային կինոփառատոներին:

«+Կինոն»պատրաստ էր տպագրության, երբ լուր ստացվեց, որ Լիսաբոնում կայացած «Թեմփս դե Իմաժ» միջազգային կինոփառատոնում «Հայկ» կինոստուդիայի ռեժիսոր, վավերագրող Արմեն Խաչատրյանի «Երկաթե դարպասներ» ֆիլմն արժանացել է գլխավոր մրցանակի: Ի դեպ, հայկական ֆիլմը փառատոնին ներկայացրել եւ նախաձեռնել էր Գալուստ Գյուլբենկյան հիմնարկությունը, իսկ Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունը ռեժիսորին դրամական աջակցություն է ցուցաբերել:

Ամսագրում կարող եք կարդալ նաեւ մեր արվեստին ու մշակույթին վերաբերող այլ նյութեր:

Հիշեցնենք, որ Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության եւ Մշակույթի նախարարության «+Կինո» ամսագիրը վաճառվում է մամուլի կրպակներում: