Հունվարի 13-16-ը Հայաստանում տեղի կունենա Քշիշտոֆ Պենդերեցկու օրերը, որի առթիվ մեծ երաժիշտը կլինի Հայաստանում եւ կմասնակցի իրեն նվիրված համերգաշրջանին:
Պենդերեցկու 80-ամյակին նվիրված ինչպես Արամ Խաչատրյան համերգասրահում, այնպես էլ Գաֆեսճեան արվեստի կենտրոնում, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենան համերգային ծրագրեր:
Հունվարի 13 Արամ Խաչատրյան համերգասրահում Պետական երիտասարդական նվագախումբը թավջութակահար Բարտոշ Կոզիակիի հետ կկատարի` Սերենադ լարայինների համար, Կոնցերտ թավջութակի, լարայինների, հարվածայինների եւ չելեստայի համար, Սիմֆոնիա թիվ 4 գործերը:
Իսկ հունվարի 14-ին Գաֆեսճեան արվեստի կենտրոնի հարկի տակ կհավաքվեն մի շարք երաժիշտներ` ջութակահար Անուշ Նիկողոսյանը, Անի Կարապետյանը, ալտահար Յանա Դարյանը, թավջութակահար Արամ Թալալյանը, դաշնակահար Արթուր Ավանեսովը, Ջուլիետա Վարդանյան եւ կլառնետահար Դարկո Բռլեկը: Ծրագրում կհնչեն` Երեք մանրանվագ կլառնետի եւ դաշնամուրի համար, Սյուիտ թավջութակի համար, Լարային տրիո, Violoncello totale սոլո թավջութակի համար, Սոնատ ջութակի եւ դաշնամուրի համար, Կվարտետ կլառնետի եւ լարային տրիոյի համար գործերը:
Իսկ հունվարի 15-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը Հայաստանի պետական կամերային նվագախումբը եւ «Հովեր» կամերային երգչախումբը, ֆլեյտարահար Մասսիմո Մերչելլիի հետ համատեղ հանդես կգան համերգային ծրագրով` կատարելով Երեք պիես բարոկկո ոճով («Սարագոսայում գտնված ձեռագիրը» ֆիլմից), Ադաջետտո ֆլեյտայի եւ լարայինների համար, Սինֆոնիետտա լարայինների համար, Սինֆոնիետտա թիվ 2 ֆլեյտայի եւ լարայինների համար, Missa Brevis, Ize Heruvimi, De Profundis, Agnus Dei եւ Ecloga VIII:
Իսկ ահա հունվարի 16-ին Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը Արամ Խաչատրյան համերգասրահում ջութակահար Ագատա Շիմչեւսկայի եւ ալտահար Ռոբերտ Կաբառայի նվագակցությամբ երաժշտասեր հանրության համար կկատարի Սիմֆոնիա թիվ 2, De Natura Sonoris թիվ 3, Concerto Doppio ջութակի եւ ալտի համար: Ի դեպ, հենց այդ համերգային ծրագրին որպես դիրիժոր հանդես կգա ինչպես Էդուարդ Թոփչյանը, այնպես էլ Քշիշտոֆ Պենդերեցկին:
Իր հինգ սիմֆոնիաների, փոքրածավալ նվագախմբային երկերի, սոլո կոնցերտների, կամերային երաժշտական գործերի եւ բազմաթիվ վոկալ ստեղծագործությունների համար Պենդերեցկին արժանացել է Արթուր Հոնեգերի, Վիհուրի հիմնադրամի Սիբելիուսի անվան եւ Լեհաստանի Ազգային եւ Premio Lorenzo Magnifico եւ Louisville Grawemeyer համալսարանի մրցանակներին: Պենդերեցկու մրցանակների թիվը այսքանով չի սահմանափակվում: Ի դեպ, Արվեստի եւ գրականության ամերիկյան ակադեմիան նրա անունով հիմնել է Արտասահմանյան պատվո անդամություն: Պենդերեցկին պատվավոր դոկտորի եւ պրոֆեսորի կոչումներ ունի բազմաթիվ հաստատություններից, այդ թվումՙ Ջորջթաունի (Վաշինգտոն), Գլազգոյի, Ռոչեստրի, Բորդոյի, Լուվենի, Բելգրադի, Մադրիդի, Պոզնանի համալսարաններից, Մոսկվայի Չայկովսկու անվան կոնսերվատորիայից, Նորթֆիլդի (Մինեսոթա) Սենթ Օլաֆ քոլեջից, ինչպես նաեւ պատվավոր անդամություն Լոնդոնի Թագավորական երաժշտական ակադեմիայից, Հռոմի Սանտա Չեչիլիա ազգային ակադեմիայից, Ստոկհոլմի Թագավորական երաժշտական ակադեմիայից, Բեռլինի Արվեստի ակադեմիայից եւ Բուենոս Այրեսի Գեղարվեստի ազգային ակադեմիայից:
Պենդերեցկիի վերջին ստեղծագործություններից են «Երուսաղեմի յոթ դարպասները», «Credo», «Sextet», «Concerto grosso», «Piano concerto», «Largo», Ութերորդ սիմֆոնիան, փողի եւ նվագախմբի համար գրված կոնցերտը, թիվ 3 լարային կվարտետը, երեք չինական երգերը: