ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆ, քաղաքական վերլուծաբան, բանասիրական գիտությունների թեկնածու
Վերջին շրջանում Թուրքիայում աշխուժացած հասարակական քննարկումները Հայոց ցեղասպանության իրողության փաստի նկատմամբ Թուրքիայի իշխանությունների ավանդական ժխտողական պաշտոնական դրսեւորումների կողքին ստիպում են ավելի խորը ուսումնասիրել աշխուժացած հայ-թուրքական հասարակական երկխոսության եւ թուրքական արձագանքների մանրամասները: Արեւմտահայոց ազգային համագումարի ակտիվ գործիչների ելույթները հայկական եւ թուրքական ԶԼՄ-ներում պարզ վկայում են, որ համագումարը մտադիր է լրջորեն հանդես գալու միջազգային ատյաններում իբրեւ Հայոց ցեղասպանության զոհերի իրավահաջորդ: Մեզանում քաջածանոթ այդ գործիչները մտադիր են ցեղասպանության զոհ դարձած Օսմանյան կայսրության հայ հպատակների ժառանգների իրավունքներն առաջ մղել թե միջազգային կազմակերպություններում (ՄԱԿ-ում, Եվրոպական Միությունում, Մարդու իրավունքների միջազգային դատարանում եւ այլն), թե ուղղակիորեն գործունեություն ծավալել Թուրքիայում, նկատի ունենալով վերջին շրջանում Թուրքիայի հասարակական տարբեր շրջանակներում այս հարցի նկատմամբ դրականորեն տրամադրված աչքի ընկնող գործիչների ակտիվության մեծացումը: Հենց այս պատճառով է, որ Հայաստանում պետական եւ քաղաքական ատյանները սկսել են լրջորեն ուսումնասիրել Թուրքիայում ծավալվող հասարակական քննարկումները Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ որդեգրվելիք դիրքորոշումների մասին:
Քաղաքական մոտեցումներ եւ իրավահաջորդության հարցը
Ի՞նչն է հիմք տալիս պնդելու, որ Թուրքիայում նկատվում են նոր միտումներ, որոնք կարող են ազդել տասնամյակներ ի վեր կարծրացած պետական ժխտողականության քաղաքականության վրա: Արդյո՞ք հիմքեր կան պնդելու, որ Թուրքիայում ստվարացել է ազատ մտածող եւ անցյալին ուղիղ ու ազնիվ հայացքով նայելու պատրաստ թուրք քաղաքական ու հասարակական գործիչների թիվը: Եվ վերջապես, արդյո՞ք այդ մարդկանց թիվը կարող է այնքան ավելանալ, որ Թուրքիայում փոխվի պաշտոնական վերաբերմունքը Հայոց ցեղասպանության անժխտելի իրողության նկատմամբ:
Սկսենք սկզբից: Վերջին տասնամյակի քաղաքական ազգային եւ միջազգային քննարկումների արդյունքում մեր քաղաքական դաշտը եկել է այն պարզ եզրակացության, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ դատապարտման գործընթացի վերջնակետը Թուրքիայի իշխանությունների կողմից այդ փաստի ճանաչումն է: Սա քաղաքական մակարդակում նվազագույն տրամաբանական ակնկալիքն է: Անկախ Հայաստանի գոյության ամբողջ ընթացքում ծավալված քաղաքական ու հասարակական քննարկումների արդյունքում, այդ թվում Սփյուռքի կառույցների եւ նշանավոր գործիչների մասնակցությամբ սկսել է բյուրեղանալ այն մոտեցումը, ըստ որի Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման փաստը ենթադրում է նաեւ հատուցում: Այս վերջին հանգամանքը, որքան որ ճիշտ է իբրեւ ընդհանրական դատողություն, այնքան էլ մեկնաբանությունների եւ կոնկրետացման կարոտ է իրականություն դառնալու բարդ ճանապարհին: Արեւմտահայոց ազգային համագումարը, որի գործունեությանը մեծ հետաքրքրությամբ եւ զուսպ ուշադրությամբ Հայաստանում ու Սփյուռքում հետեւում են շատերը, խնդիրը ձեւակերպում է հետեւյալ կերպ. նվազագույնը, որ Թուրքիայի իշխանությունները կարող են անել արեւմտահայության ժառանգորդ-իրավահաջորդների համար, բոլոր ցանկացողներին Թուրքիայի Հանրապետության քաղաքացիություն շնորհելն է, փոխհատուցել նրանց նախնիների կրած նյութական վնասները եւ արեւմտահայությանը վերադարձնել բոլոր այն հասարակական կառույցներն ու կալվածքները, որոնք ժամանակին բռնագրավվել էին սկզբում Օսմանյան կայսրության, իսկ հաջորդ տասնամյակներում նաեւ հանրապետական Թուրքիայի իշխանությունների կողմից: Խոսքն այս վերջինի պարագայում, այսպես կոչված լքյալ գույքի մասին տխրահռչակ օրենքն է, որը հիմք տվեց տիրանալու սպանված եւ տեղահանված թուրքահայերի սեփականությանըՙ լինեն դրանք հողեր, շենքեր կամ գույք: Թուրքիայում այս հարցն ավելի քան զգայուն է, որովհետեւ ձեւավորվել է մի ստվար եւ ազդեցիկ դասակարգ, որը հարստացել եւ ազդեցիկ է դարձել արեւմտահայերի սեփականությունը յուրացնելով: Այս մարդիկ ձեռքերը ծալած չեն նստելու եւ սպասելու, թե ինչպես է ձեռքից գնում իրենց ունեցվածքը: Բայց այս հարցին լուծում տալ ցանկացողներ ժամանակակից Թուրքիայում նույնպես կան: Այս համարձակ մտածող եւ ըստ երեւույթին որոշակի ազդեցություն ունեցող քաղաքական, հասարակական գործիչները, իրավաբաններն ու լրագրողները հունվարի 18-ին հավաքվել էին Անկարայում եւ «Անկարայի ֆորում» անվանումը ստացած համաժողովում մի հատուկ հայտարարությամբ ձեւակերպել իրենց մոտեցումները:
«1915-ի հեռանկարով Հրանտ Դինքի սպանությունը» կարգախոսով համաժողով Անկարայում
Թուրքիայում ճանաչելի քաղաքական, հասարակական ու մասնագետ 35 գործիչներ, Արեւմտահայերի ազգային համագումարի ներկայացուցիչներ, ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանի եւ Սեւակ Արծրունու մասնակցությամբ, Հրանտ Դինքի սպանության յոթերորդ տարելիցի օրը քննարկեցին Հայոց ցեղասպանության նկատմամբ վերաբերմունքի խնդիրը: Իր բացման խոսքում Արագած Ախոյանը մասնավորապես ասել է. «1915-ի ժխտումը, արեւմտահայոց իրավունքների նկատմամբ Թուրքիայի իշխանությունների մերժողական կեցվածքը, առ այսօր Թուրքիայում առկա հայատյացության ավանդույթը, այս եւ նման իրողությունների դեմ ընբոստացումը Դինքի համար դարձան Թուրքիան բարեփոխելու, ավելի արդար, ավելի ազատ երկիր տեսնելու կամքի արտահայտություն»: Արեւմտահայերի համար, ըստ Արագած Ախոյանի, խնդրի խորհուրդը կայանում է նրանում, որ «մենքՙ հայության մի ստվար հատված, Հրանտ Դինքից հետո, ազատագրվեցինք մեզ դատապարտող, մեր կամքն ու հնարավորությունները սահմանափակողՙ մեզ իսկ թունավորող մեր ատելության ավանդույթից: «… մենք հասկացանք, որ ամենակարեւորըՙ վերադարձն է, հոգեպես, մտային եւ ֆիզիկական վերադարձը դեպի մեր հողն ու ջուրը, դեպի մեր ակունքները, որտեղ ապրել ենք, ստեղծագործել տարածաշրջանի մյուս ժողովուրդների հետ միասին, հավատացել ազնիվ ու արդար հայրենիքի տեսլականին: Հրանտ Դինքըՙ որպես մեկ եւ կես միլիոն մեկերորդ զոհ, իր մարմնով ու ավանդով այսօր նաեւ կամուրջ է դարձել 1915-ի զոհերից դեպի զոհի կարգավիճակը մերժող արեւմտահայության նոր տեսլականը, որը հավատում է մարդկությանը, քաղաքակրթությանը, արդարությանը եւ, ինչու ոչ, նաեւ հաշտությանը»:
Այդ ֆորումի ամենաուշագրավ հանգամանքը մասնակիցների կողմից ընդունված եզրափակիչ հայտարարությունն է, որտեղ օգտագործվել է «Ցեղասպանություն» եզրը եւ որը հանգամանորեն շարադրել է գործողությունների հերթականության այն տեսլականը, որը մասնակիցների կարծիքով Թուրքիան պետք է անի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ: Այստեղ խոսվել է թե՛ ճանաչման, ներողության եւ հատուցման մասին, թե՛ ցեղասպանության ժխտման գործողություններին վերջ տալու, թե՛ արեւմտահայերին անձնագիր եւ քաղաքացիություն շնորհելու, թե՛ վերադարձի եւ վերաբնակեցման հնարավորություն ընձեռելու մասին: Պակաս ուշագրավ չեն պահանջներն արեւմտահայերի կալվածքները վերադարձնելու, օսմանյան արխիվներըՙ ներառյալ զինված ուժերի արխիվըՙ հասանելի դարձնելու, լքյալ գույքի արձանագությունները բացահայտելու պահանջները, որոնք վերաբերում են թե՛ Թուրքիայի պետությանը, թե՛ քաղաքական ու առեւտրային կազմակերպություններին: Չափազանցություն չի լինի ասել, որ ֆորումի մասին տեղեկությունները բառացիորեն ռումբի պես պայթել են ամենատարբեր լրատվամիջոցներում, որոնցից մեկը եզրափակիչ հայտարարության տեքստն անվանել է ավելի ծանր, քան Սեւրի պայմանագրի պահանջները: Այսուհանդերձ հենց այն հանգամանքը, որ աննախադեպ թվով թուրքական լրատվամիջոցներ ներկայացրել են Թուրքիայի քաղաքացիություն ստանալու արեւմտահայերի իրավահաջորդների ցանկությունը եւ վերը նշված միջոցառումների հերթականությունը, խոսում է այն մասին, որ ցեղասպանության զոհերի իրավահաջորդներին փոխհատուցում տալու պահանջը ցեղասպանության ճանաչումից հետո հստակ սկսում է ուրվագծվել թուրքական քաղաքական ու հասարակական դաշտում: Պետք չէ առաջանցիկ եւ հավելյալ ակնկալիք ունենալ այդ համաժողովի եւ նրա ընդունած հռչակագրի նկատմամբ: Վերջին հաշվով սա Թուրքիայի չորս տասնյակի հասնող ազնիվ եւ ինքնուրույն մտածող, ինչու չէՙ նաեւ համարձակ քաղաքացիների տեսլականն է: Այս առիթով արժե անդրադառնալ նաեւ նույն խնդրի այլ մոտեցումներին մերօրյա Թուրքիայում:
Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջները Թուրքիայում
Թուրքիայում արգելված եւ ԱՄՆ-ի կողմից ահաբեկչական կազմակերպությունների շարքը դասված Թուրքիայի աշխատավորական կուսակցության ձերբակալված եւ բանտարկված առաջնորդ Աբդուլահ Օջալանը բանտից վերջերս կոչ արեց ճանաչել Հայոց ցեղասպանությունըՙ իբրեւ անժխտելի իրողություն: Այն հանգամանքը, որ շատ մեծ թվով քրդերի համար իրական եւ անվիճելի առաջնորդ հանդիսացող Օջալանը հանդես եկավ նման կոչով, խոսում է այն մասին, որ թուրքական հասարակության մի պատկառելի մաս կազմող քրդերի հանրությունն այս հարցի նկատմամբ ունի դրական, պաշտոնական իշխանությունների ժխտողական դիրքորոշումից արմատապես տարբերվող մոտեցում: Այդ մասին են վկայում նաեւ Արագած Ախոյանն ու Սեւակ Արծրունին, ըստ որոնց Արեւմտահայերի ազգային համագումարի հայաստանյան համաժողովին, որը գումարվելու է առաջիկա մայիս ամսին, գալու եւ մասնակցելու են նաեւ թուրքական խորհրդարանի ազգությամբ քուրդ պատգամավորներ:
Ավելորդ չէ հիշեցնելը, որ թուրքական հասարակության մեջ դեռ անցյալ դարի 80-ական թվականներից ձախակողմյան գործիչների շրջանում միշտ էլ դրական վերաբերմունք է եղել դեպի Հայոց ցեղասպանության փաստի ճանաչումը: Օրինակ Եվրոխորհրդարանի 1989 թվականի հայտնի բանաձեւի ընդունումից հետո այն ժամանակ Պրահայում գործող եւ խորհրդային կոմունիստների ազդեցության տակ գտնվող Թուրքիայի արգելված Կոմունիստական կուսակցության ղեկավար մարմինը մի բանաձեւ էր ընդունել, որտեղ շեշտել էր Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության փաստն ընդունելու անհրաժեշտությունը: Դեռ տարիներ առաջ ես ճանաչում էի թուրքերի, որոնք պատմում էին, թե այդ հայտարարությունից հետո Թուրքիայում ինչ որս էր գնում ծպտյալ կոմունիստների նկատմամբ: Ինչեւէ, թուրքական հասարակության մեջ ձախ գաղափարներ ունեցող մարդիկ միշտ էլ եղել են, պարզապես այժմ նրանց ձայնն ավելի լսելի է դարձել:
Մեր հասարակական-քաղաքական միտքն այս օրերին լրջագույն անելիք ունի:
Առաջին. ուշադրությամբ հետեւել եւ փորձել հասկանալ Թուրքիայում ծավալված գործընթացների ներքին իմաստն ու տրամաբանությունը: Այս կապակցությամբ մեծանում է մեր մասնագետ-փորձագետների, եւ, որ պակաս կարեւոր չէ, Սփյուռքի գործիչների տեսակետներն ու դերակատարությունը: Երկրորդ. Թուրքիայում զարգացող գործընթացները, փաստորեն, խթանում են հասարակական քննարկումները հայ իրականության մեջ, որովհետեւ ինչպես նշել է մեր հայտնի վերլուծաբան Գագիկ Հարությունյանը, չստացվի այնպես, որ մենք գնում ենք թուրքական իրադարձությունների հետեւից: Դրա համար առնվազն անհրաժեշտ է, որ կամ Արեւմտահայերի ազգային համագումարը լրացուցիչ բարոյական աջակցություն ստանա հասարակության կողմից, կամ այլ քաղաքական կամ հասարակական կառույցներ ձեւակերպեն Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման գործընթացի զարգացման իրենց տեսլականը: Երրորդ. Մեր պետության որդեգրած քաղաքականության ամենաարդյունավետ եւ իր կենսունակությունն արդեն ապացուցած մասը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը պետականորեն հովանավորելու եւ առաջնորդելու հանգամանքն է: Ինչ վերաբերում է հայոց Սփյուռքին, ապա նրա ակնկալիքը առավել ընդհանրական ձեւով մի զրույցի ժամանակ փայլուն ձեւակերպել է հայտնի ամերիկահայ հասարական գործիչ եւ լրագրող Հարութ Սասունյանը: Պատմում են, որ նա, բանաձեւելով հայության ակնկալիքը, կարճ ասել է. «Մենք արդարություն ենք ուզում»: Արդարությանՙ մեր հավաքականության համար ընդունելի եւ ժամանակակից միջազգային գործընթացների տրամաբանության մեջ տեղավորվող ակնկալիքի ձեւակերպումը մեր ամենակարեւոր խնդիրներից մեկն է սկսում դառնալ:
Այս հոդվածը պատրաստելու ժամանակ ես մտածել էի մեր քաղաքական դաշտի այն արմատական բեւեռների մասին, ում համար որեւէ երկխոսություն Թուրքիայի հետ նախքան նրա կողմից ցեղասպանության փաստի ամբողջական ճանաչումը անընդունելի է: Ես մտածել եմ նաեւ այն մասին, թե ինչպես կվերաբերվեն ժամանակակից Թուրքիայի քաղաքական առաջնորդները 1919 թվականի Փարիզի խաղաղության կոնֆերանսին Հայաստանի նորաստեղծ Հանրապետության եւ Արեւմտահայության ներկայացրած փոխհատուցման պահանջներինՙ այն ժամանակվա հաշվով 20 մլրդ ոսկե ֆրանկ: Ես ուզում էի նաեւ հասկանալ, թե ո՞վ է պահանջ ներկայացնելու Թուրքիայի այսօրվա իշխանություններին, եթե դրա ժամանակը հասունանա: Հենց այս մտորումներում էլ խորացածՙ ես պնդում եմ, որ Արեւմտահայերի ազգային համագումարը ցեղասպանության զոհերի միակ իրավահաջորդը չէ, սակայն բոլոր հիմքերն ունի հայտարարելու, որ իրավահաջորդներից մեկն է: Այսօր, գուցե, ամենագործունյան: Ուստի եւ արժանի է ամենայն աջակցության: