Կիպրոսի արտաքին գործերի նախարարությունն անօրինական է անվանել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցը Կիպրոսի զավթված տարածք եւ նրա հայտարարությունները խնդրի կարգավորման վերաբերյալ անընդունելի է գնահատել։
Այս մասին տեղեկացրել է Կիպրոսի արտաքին քաղաքական գերատեսչությունը:
Կիպրոսը անօրինական է համարում բոլոր այցելությունները Կիպրոսի հյուսիս, եթե դրանք կատարվել են ոչ կիպրոսյան անցակետերով։
«Արտաքին գործերի նախարարությունը դատապարտում է Թուրքիայի նախագահի անօրինական մուտքը օկուպացված տարածք, որը կատարվել է այսօր՝ 2023թ. հունիսի 12-ին, եւ որը ՄԱԿ ԱԽ համապատասխան բանաձեւերի հերթական կոպիտ խախտումն է»,- նշվել է հայտարարությունում։
Նշվել է, որ Էրդողանի հռետորաբանությունը, որը ծառայում է օկուպացված տարածքներում անօրինական անջատողական կազմավորման «ճանաչման» Թուրքիայի քաղաքականությանը, վնասում է կիպրոսյան հարցի լուծման հեռանկարներին։
ԱԳՆ-ն տեղեկացրել է, որ կնախաձեռնի բոլոր անհրաժեշտ քայլերն այդ անօրինական գործողությունների առնչությամբ։
Հունիսի 12-ին Էրդողանն ընտրություններում հաղթանակից հետո իր առաջին այցն է կատարել չճանաչված այսպես կոչված «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետություն»։ Ճեպազրույցում Էրդողանն ասել է, որ Կիպրոսի վերաբերյալ բանակցություններին վերադառնալու ճանապարհն անցնում է «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության ճանաչման» միջով։