Մեր թվարկությունից առաջ
5-րդ դարում չին փիլիսոփա
Սուն Ցզին գրել է
«Լուսավորյալ թագավորի եւ
իմաստուն գեներալի հաղթանակների
պատճառը, ամեն անգամ, երբ նրանք սկսում են
արշավանքները, կախված է հակառակորդի
վերաբերյալ լիարժեք
տեղեկատվության առկայությունից»…
Բոլորովին վերջերս «Մեկ մարդու արվեստը» խորագրի տակ մի մեծ հոդվածաշար գրեցի իմ կողմից նախընտրած «Ազգ» շաբաթաթերում, որի հետ համագործակցում եմ 2018թ. հոկտեմբերից:
Հոդվածներս վերաբերում էին հետախուզության արվեստին կամ ինչպես ասում էին նախկինում` «Ուղեղների պատերազմին», «Թիկնոցի եւ դաշույնի ասպետներին» եւ այլն: Հոդվածներումս տեղ էին գտել ե՛ւ ԽՍՀՄ պետական անվտանգության հետախուզության՝ ծագումով հայ հետախույզների, ե՛ւ ամերիկյան ԿՀՎ-ի ու Բրիտանական «SIS» (Մի-6) հետախուզության եւ Իսրայելական Մոսսադի, ցարական Ռուսաստանի եւ այլ երկրների հատուկ ծառայությունների մի շարք «ասպետների» անուններ:
Նպատակս ոչ թե հետախուզության գովազդն էր, ծառայություն, որին նվիրաբերել եմ իմ գիտակից կյանքի մեծ մասը, այլ ընթերցողիս փորձել եմ մատուցել այդ արհեստի (եւ, իհարկե, արվեստի) կարեւորությունը պետության կայացման գործում, ռազմական ստառնալիքների առկայության դեպքում, դաշնակիցներ ընտրելու գործում, հակառակորդների եւ թշնամիների լրտեսական, դիվերսիոն ցանցերի բացահայտման գործում եւ այլն, եւ այլն: Եվ վերջապես, ամեն կիրթ ու զարգացած մարդ պետք է իմանա, թե ի՞նչ բան է հետախուզությունը եւ սատարի իր հայրենի հետախուզությանը:
Նորից վերադառնում եմ այս թեմային այն պատճառով, որ իմ կողմից ընդգրկված եւ արդեն հայ հասարակությանը ներկայացրած «Թիկնոցի եւ դաշույնի ասպետներ»-ից մեկը, իսկ ավելի կոնկրետ (MiT- MillՏ stihbarat Te kilat ) պետը՝ Հաքան Ֆիդանը նախագահ Ռ.Թ. Էրդողանի վերընտրությունից հետո, Թուրքիայի նոր կառավարությունում կարեւորագույն պաշտոններից մեկը զբաղեցրեց եւ ստացավ արտաքին գործերի նախարարի պորտֆելը:
Այս (նոր) նշանակումը պարզապես բյուրոկրատական փոփոխություն չի նշանակում, սա զգաստության կոչ է բոլոր շահագրգիռ արտաքին կողմերին, ԱՄՆ-ից մինչեւ Եվրոմիություն, Ռուսաստանից մինչեւ արտաքին քաղաքականության մեջ խճճված Մերձավոր ու Միջին Արեւելք, Չինաստանից մինչեւ Հնդկաստան:
Հաքան Ֆիդանը ղեկավարում էր Թուրքիայի ազգային հետախուզությունը 2010 թվականից, այդ նշանակումը իրականացրել էին Աբդուլլահ Գյուլը (այն ժամանակ Թուրքիայի նախագահ), Ռ.Թ. Էրդողանը (վարչապետ) եւ Ահմեդ Դավութօղլուն (արտգործնախարար):
Նշանակման պահին Ֆիդանը 42 տարեկան էր: Նա փոխարինեց 2010թ. հունիսի 15-ին հրաժարական տված Էմրե Թաներին, որին մեղադրում էին Ֆեթուլլա Գյուլենի «Ջամաաթ Գյուլեն» կրոնական միաբանության հետ կապի (1998թ-ից Ֆեթուլլահ Գյուլենը փախել է Թուրքիայից եւ թաքստոց է գտել ԱՄՆ-ում), ինչպես նաեւ ռազմական հետախուզության հետ հարաբերությունների սրման եւ արտաքին քաղաքականության որոշ ձախողումների մեջ:
Հաքան Ֆիդանը կրթություն էր ստացել Թուրքիայի հեղինակավոր ուսումնական հաստատություններում, ԱՄՆ-ում ավարտել էր Մերիլենդի համալսարանը (Maryland College Park), այնուհետեւ Բիլքենթի համալսարանը (Bilkent University).
Մինչեւ հետախուզության պետ նշանակվելը ծառայել էր Զինված ուժերում, ՄԱԳԱՏԵ-ում (Ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման միջազգային գործակալություն), 2008-ից 2010 թթ. զբաղեցրել է Թուրքիայի վարչապետի խորհրդականի պաշտոնը:
Մագիստրոսի աստիճանը ստանձնելիս Ֆիդանը հետաքրքրական թեզ էր պաշտպանել «Հետախուզությունը եւ արտաքին քաղաքականությունը» թեմայով: Դոկտորական թեզը ավելի հետաքրքրական թեմայով էր՝ «Տեղեկատվությունների դարաշրջանում միջազգային համաձայնագրերի կատարման հսկողությունը տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով»:
Հաքան Ֆիդանը մտերմիկ հարաբերություններ ուներ եւ Դավութօղլուի եւ Էրդողանի հետ: Վերջին երկուսի մեջ անտեսանելի պայքար էր ընթանում Ֆիդանին իրենց ուղեծրում պահելու համար:
Հետախուզության պետ նշանակվելուց հետո Ֆիդանը ձեռնարկեց կազմակերպության կառուցվածքային փոփոխությունները ըստ ամերիկյան սխեմաների: Ընդ որում, ըստ նոր նախագծի, «MIT»-ը իր կանոնակարգի մեջ մտցրեց նաեւ որոշակի հակահետախուզական դրույթներ, որոնք նախապես իրականացվում էին այլ իրավապահների կողմից: Այսինքն՝ նոր MIT -ը միաժամանակ գործելու էր ԱՄՆ ԿՀՎ-ի (Կենտրոնական հետախուզման վարչության) եւ ՀԴԲ-ի (Հետաքննությունների Դաշնային Բյուրոյի) տեսլականներով:
Սկսեցին ստեղծվել գործակալական ցանցեր այն բոլոր երկրներում, որտեղ Թուրքիան քիչ թե շատ կենսական շահեր եւ հետաքրքրություններ ուներ:
Իր տեսլականներում Ֆիդանը նշում էր, որ Թուրքիայի հետախուզությունը լուրջ ձախողումներ է ունեցել ի վնաս իր բարեկամների ռուս-վրացական պատերազմը սկսվելուց առաջ, ինչպես նաեւ հայ-ադրբեջանական հակամարտության շրջանակներում, չի ապահովել բավականաչափ տեղեկատվություն «Բալյոզ» եւ «Էրգենեկոն» քրեական գործերի հետաքննության համար (այդ գործերի շրջանակներում մեղադրվում էին Թուրքիայի Զինված ուժերի եւ Գլխավոր շտաբի մի քանի տասնյակ գեներալներ): Եվ, իհարկե, ամենակարեւորը, նաեւ մեղադրում էր հետախուզության նախկին ղեկավարներին քուրդ անջատողականների դեմ լրիվ թափով աշխատանք չտանելու մեջ:
Այնուհետեւ Ֆիդանը նոր կադրային քաղաքականություն սկսեց վարել. աշխատանքի էին ընդունվում կադրեր արաբերենի, անգլերենի, ֆարսիի, բուլղարերենի, ռուսերենի, հունարենի, վրացերենի, հայերենի, միջինասիական ժողովուրդների լեզուների իմացությամբ:
Նշեմ, որ այդ լեզուների ընտրությունը լիովին համապատասխանում էր Ահմեդ Դավութօղլուի «STRATEGIK DERINLIK» – «Ռազմավարական խորություն» հեղինակած գրքի «ճաշակին»:
Չնայած իր համեստ պահվածքին, Հաքան Ֆիդանը շուտով ոչ թե պարզապես լրտեսների ղեկավար էր համարվում, այլ պետական իստաբլիշմենթի առաջատար դեմքերից մեկը:
Եվ ահա 13 տարի անց, Ֆիդանի պրոֆեսիոնալ գիտելիքները, որակական հատկանիշները, ակադեմիական փորձը, կազմակերպչական հմտությունները, ընկալումները, պետության ղեկավարների հետ հարաբերվելու հմտությունը, մի խոսքով՝ նրա հետախուզական պորտֆոլիոն նրան դարձրեց նշանակալից դեմք ու գործիչ ներքին եւ արտաքին քաղաքական լանդշաֆտում:
Նախկինում էլ իմ հոդվածներում ես նշել եմ, որ քիչ տարբերություն կա լավ հետախույզի եւ արհեստավարժ դիվանագետի միջեւ, երկուսն էլ տեղեկատվություն են ձեռք բերում իրենց պետության ռազմավարական կոնցեպցիաները (տեսլականները) մշակելու համար, երկուսն էլ ձեռք են բերում տեղեկատվության աղբյուրներ, ազդեցության գործակալներ, աշխատում են ե՛ւ գործընկերների ու բարեկամների, ե՛ւ թշնամիների ու հակառակորդների հետ, երկուսն էլ պաշտպանում են իրենց պետության արտաքին քաղաքական շահերն ու հետաքրքրությունները: Թերեւս միակ տարբերությունը այն է, որ որտեղ գեոքաղաքական պայմաններից ելնելով չկա դեսպանատուն եւ դիվանագետներ, հետախույզներն ու լրտեսները պարզապես վխտում են:
Դե իսկ Ֆիդանի մասին ի՞նչ խոսենք, որն աչքի էր ընկնում իր միջազգային կապերով եւ երկար տարիներ համարվում էր Թուրքիայի ռազմավարական նավիգացիայի (նավարկության) գլխավոր մշակողներից մեկը այս խառնաշփոթ աշխարհում: Ակնհայտ է, որ Հաքան Ֆիդանը այժմ մեծ հաջողությամբ կկամրջի կապը այն տարբերությունների միջեւ, որոնք գոյություն ունեն հետախուզական տեղեկատվության եւ արտաքին քաղաքականությունը մշակելու միջեւ:
Էրդողանը ճիշտ որոշում է կայացրել, երբ աշխարհը քաոսային վիճակում է, տեղի են ունենում աշխարհքաղաքական վերադասավորումներ, երբ Ռուսաստան-Ուկրաինա, Ռուսաստան-Հավաքական Արեւմուտք պատերազմի ամենօրյա սրացում է տեղի ունենում, չի բացառվում միջուկային զենքի օգտագործումը, Սիրիայում շարունակվում է հակամարտությունը, Արաբական աշխարհը վերադասավորում է իր արտաքին քաղաքականությունը, Ռուսաստանը աստիճանաբար դուրս է մղվում Հարավային Կովկասից, Թուրքիան չի հրաժարվում «Մեծ Թուրանի» նախագծից, արտաքին գործերի նախարար է նշանակվում փորձառու հետախույզը:
Այնպես չէ, որ նախկին նախարարը՝ Մեվլութ Չավուշօղլուն, Էրդողանի «մարդը» չէր կամ գլուխ չէր հանում իր մասնագիտությունից, սակայն ընտրվեց ավելի ուժեղ գործիչ:
Մի բան էլ նշեմ. սա առաջին դեպքը չէ, երբ հետախուզության ներկայացուցիչը (անգամ երբ նա այսպես ասած հայտնի «վարպետ» չի եղել այդ գործում) զբաղեցնում է ավելի բարձր պաշտոն եւ սկսում է մագլցել վեր «կառավարական աստիճաններով»:
Օրինակ՝ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի կարիերայի հետագիծը (արտաքին հետախուզության նախկին սպա) կամ ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշը, որը զբաղեցրել է նաեւ ԿՀՎ-ի տնօրենի պաշտոնը (Կենտրոնական հետախուզության վարչություն): Բոլորովին վերջերս, ԱՄՆ նախկին նախագահ Թրամփի օրոք, ԿՀՎ-ի տնօրեն Մայք Պոմպեոն դարձավ Պետդեպարտամենտի քարտուղար, Հայաստանում ԱԱԾ-ի ղեկավար Սերժ Սարգսյանը տարբեր պաշտոններ զբաղեցնելուց հետո դարձավ նախագահ:
Իմիջիայլոց նշեմ, որ Հաքան Ֆիդանը նախկինում մեկ անգամ էլ էր փորձել զբաղեցնել արտգործնախարարի պաշտոնը, բայց չէր ստացվել:
Ինչեւէ, հետախուզության միաձուլումը քաղաքական ղեկավարության հետ Հաքան Ֆիդանի ղեկավարության ներքո նոր էջ է բացում Թուրքիայի արտաքին քաղաքականության հարթակում: Այս նոր էջը, միգուցե, պոտենցիալ բարդություններ ստեղծի ինչպես բարեկամների, այնպես էլ երկրի թշնամիների դեմ:
Վերջացնելով հոդվածս, նշեմ, որ վաղուց արդեն շշուկներ կային, իսկ հիմա արդեն կանխատեսումներ, որ Հաքան Ֆիդանը կարող է դառնալ Էրդողանի «ժառանգորդը»: Մի բան ակնհայտ է՝ Հաքան Ֆիդանը կարող է եւ ամեն ինչ կանի վերջին ժամանակներս ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններում ստեղծված լարվածությունը վերացնելու համար:
ՎԼԱԴԻՄԻՐ ԴԱՐԲԻՆՅԱՆ
Անվտանգության հարցերով փորձագետ