Գնագոյացման առանձնահատկությունները
Ուկրաինա առաքվող ռուսական գազի 1000 խոր. մետրի գինը ապրիլի 1-ից դարձավ 385,5 դոլար: Այդ մասին հայտարարեց «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը: Փաստորեն չեղյալ է հայտարարվում անցյալ դեկտեմբերին զեղչի վերաբերյալ նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Վիկտոր Յանուկովիչի ձեռք բերած համաձայնությունը:
Այս տարվա առաջին եռամսյակում Մոսկվան Կիեւին գազ էր վաճառում 1000 խմ-ի դիմաց 268,5 դոլարով: Այսպիսով, վառելիքի գինը բարձրացվում է 43,5 տոկսով կամ 117 դոլարով:
«Դա կանխորոշված է եւ պայմանավորված է նրանով, որ ուկրաինական կողմը չի մարել 2013 թ. գազամատակարարման պարտքը, 100 տոկոսով չի վճարել ընթացիկ մատակարարման դիմաց եւ ըստ այդմ ավելացրել է գազի առաքումների պարտքը», պարզաբանել է Միլլերը, որի խոսքը մեջբերում է BBC-ն:
Ռուսական վառելիքի մատակարարումների դիմաց ուկրաինական «Նաֆտոգազի» ներկայիս պարտքը կազմում է 1,7 մլրդ դոլար: Դեռ մեկ ամիս առաջ այն կազմում էր 1,5 միլիարդ:
Արդեն մարտի սկզբին «Գազպրոմը» նախազգուշացրել էր, որ գազի «դեկտեմբերյան» զեղչը կարող է չեղյալ հայտարարվել: Այն ժամանակ Միլլերը ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւին պատմել էր, որ Ուկրաինան լրիվ չի վճարել հունվարյան վարձը եւ ֆինանսական դժվարութունների պատճառով չի կարողանա վճարել նաեւ փետրվարյան մատակարարումների դիմաց: Մեդվեդեւն ասել էր, որ նման պայմաններում արտոնյալ գազամատակարարումից հրաժարվելը միանգամայն օրինաչափական է: Ռուսաստանցի պաշտոնյաների այդ խոսքերը նկատի ունենալովՙ Ուկրաինայի կառավարությունը երկրի ընթացիկ տարվա բյուջեն վերանայելիս գազի նոր գինը հաշվարկել էր 1000 խմ-ի դիմաց 480 դոլար «վերին սահմանագծով»:
Ի դեպ, Կիեւում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո վարչապետ դարձած Արսենի Յացենյուկը օրերս ենթադրություն էր արել, թե ռուսական գազի գինը կարող է հասցվել մինչեւ 500 դոլարի: Ինչ վերաբերում է նախադեկտեմբերյան գներին, անցյալ տարի Ուկրաինան ռուսական գազի 1000 խմ-ի դիմաց վճարում էր միջին հաշվով 400 դոլար:
Ուկրաինային վաճառվող ռուսական գազի գնագոյացման գլխավոր առանձնահատկությունն այն է, որ մինչեւ օրս այդ գինը շաղկապվել է Հարավային Եվրոպայում գործող նավթամթերքների գների հետ: Դա վերաբերում է, օրինակ, 2009-ին Ուկրաինայի վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի ստորագրած եւ ապա 2010-ի ապրիլին նախագահ Յանուկովիչի փոփոխած գազային պամանագրին: Մասնավորապես 2012-ին Ռուսաստանը Ուկրաինային գազ էր վաճառում 1000 խմ-ի դիմաց միջինը 416,25 դոլարով: Սակայն գնագոյացման կարգը այսուհետեւ կարող է մասնակիորեն փոփոխվել, քանի որ 2010 թ. ապրիլին ստորագրված «խարկովյան» համաձայնագրերը Ուկրաինային վաճառվող գազի գնի զեղչ էին նախատեսում Սեւաստոպոլում ՌԴ Սեւծովյան նավատորմի բազավորման ժամկետը 25 տարով (2017-ից մինչեւ 2042 թթ.) երկարաձգելու դիմաց, սա էլ գնագոյացման մյուս առանձնահատկությունն է: Ղրիմի եւ Ռուսաստանի վերամիավորումից հետո Ռուսաստանը դադարեցրեց Սեւծովյան նավատորմի հետ կապված ռուս-ուկրաինական համաձայնագրերի գործողությունը, ինչը կարող է անդրադառնալ նաեւ գազի գնագոյացման պայմանների վրա:
Հ.Գ. Վերջին պահին ստացանք լուր, որ Ռուսաստանը եւս 100 USD-ով ավելացրել է Ուկրաինային վաճառվող գազի գինըՙ վերջնական գինը կազմեց 485 դոլար։