Կան մարդիկ, որոնք հրաշալի դատել ու տրամաբանել գիտեն, երբ հարցը վերաբերում է իրենցից դուրս կամ հեռու խնդիրներին: Բայց երբ հարցը վերաբերում է իրենց կամ իրենց շրջապատին եւ կամ սեփական գործունեությանը, ընկնում են սուբյեկտիվիզիմի որոգայթների մեջ եւ, բնականաբար, թույլ տալիս տրամաբանության սխալներ: ՀՀ հիմնադիր նախագահը այդ տիպի մարդկանցից է:
Ուշադրությամբ ծանոթանալով նրա վերջինՙ ilur.am կայքէջին տված հարցազրույցին, ապշում ես, որ պատմական ու միջազգային հարցերի մեջ երկաթյա տրամաբանություն ցուցաբերող մարդը ինչպե՞ս է կարողանում հօգուտ իրեն ներկայացնել իրադարձությունների ընթացքը, երբ փաստերն ու իրողությունները բացորոշ կերպով հակառակն են ապացուցում: Նա փորձում է համոզել ընթերցողներին, որ վարչապետի հրաժարականը կամ պաշտոնազրկումը (ի դեպ, նա հերքելով հերքում է հրաժարականի վարկածը, քանի որ դա հակասում է իր թեզին) արդյունք էր բացառապես «հրաշալի քառյակի» շուրջօրյա հանրահավաքների սպառնալիքին, եւ այդ իրողությունը «մեծ հաղթանակ» որակելուց հետո պնդում, որ «Սերժ Սարգսյանը եթե ոչ ամբողջովին, ապա գոնե կիսով չափ կապիտուլյացիայի է ենթարկվել», եւ հորդորում է ոչ¬ իշխանական մյուս ուժերին շարունակել ճնշումը մինչեւ Սերժ Սարգսյանի հրաժարականի հարցի բարձրացումըՙ իշխանափոխության նպատակով: Նա առաջարկում է նաեւ երկրորդՙ իր բառերով ավելի փափուկ տարբերակՙ հանրահավաքների ճնշման ներքո խորհրդարանում «երկիցս վիժեցնել նոր կառավարության ծրագրի ընդունումը», ինչը, նրա կարծիքով կստիպի նախագահ Սարգսյանին ցրել խորհրդարանը եւ ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնել: Այսինքնՙ երկու տարբերակ, մեկը կոշտ, մյուսը փափուկ, երկուսն էլ իշխանափոխության նպատակով, երկուսն էլ «շուրջօրյա հանրահավաքների ճնշման տակ»:
Այստեղ առկա է ոչ միայն տրամաբանության սխալ, այլեւ հաշվարկի:
Առաջինՙ ինքնամեծարմամբ «հրաշալի քառյակ» հորջորջվածի մյուս անդամների վարքագծի անորոշությունը, որը, մեղմ ասած, եզրակացության հանգելու ոչ մի կռվան չի կարող տալ ամենահեռատես կամ խորաթափանց մարդուն անգամ:
Երկրորդՙ հակառակ կողմի, այսինքնՙ իշխանության հնարավոր քայլերի անտեսումը, հակառակ որ Լ. Տեր¬Պետրոսյանն ինքը նույն հարցազրույցում հաստատում է, որ «Սերժ Սարգսյանը, ինչ¬ինչ, բայց հաշվել գիտի»: Երրորդՙ շուրջօրյա հանրահավաքների մասնակիցների թվի, անգամ «սիներգիայի օրենքի ներգործությամբ» նրանց հարյուրհազարանոց մասնակցության վրա հույս դնելը, այն էլՙ ելնելով ինքնախաբեական այն տվյալներից, որ, իբր, այս տարվա մարտի 1-ի իրենց հանրահավաքը եղել է երեսունհազարանոց:
Իսկապես զարմանալ կարելի է, որ մեկ անգամ արյունալի ու ողբերգական վախճան ունեցած հանրահավաքներ ու երթեր նախաձեռնած անձը ցանկանում ու դրդում է կրկին փորձել ձախողված նույն բանը եւ անկայուն մեր ժամանակներում կրկին անորոշության մատնել երկիրն ու ժողովուրդը:
Ի՞նչ անուն տալ սխալների կրկնությանը: