Շուկան առանձնահատուկ տեղ է: Հենց այնտեղ հնարավոր է իմանալ ամեն բան: Ընդ որում, քանի որ այդ տեղեկությունները տարբեր աղբյուրներից են, կարելի է վերլուծել եւ գտնել իրական պատկերը: Օրինակ, վարունգ-լոլիկ վաճառողՙ որպես կանոն գեր կնոջից, կամ հակառակը` ջղաձգված ու կիսասափրված դեմքով, ըստ ամենայնի` գիշերը լավ չքնած տղամարդուց կարելի է իմանալ, որ իրականում Հովիկ Աբրահամյանը վաղուց էր ցանկանում դառնալ վարչապետ, այդ նպատակով էլ Տիգրան Սարգսյանի «տակը փորում էր», բայց քանի որ վերջինս կարողանում էր Եվրոպայից փող բերել, Սերժ Սարգսյանը նրան չէր հեռացնում, իսկ հիմա, երբ Եվրոպայից փող բերելը դարձել է անհնարին, կորել է Տիգրան Սարգսյան-վարչապետի անհրաժեշտությունը, հետեւաբար Հովիկ Աբրահամյանն իր նպատակին հասել է, հատկապես, որ նրա խնամի Գագիկ Ծառուկյանն ուղղակի սպառնացել է Սերժ Սարգսյանին, թե` կա՛մ «իմ մարդուն ես նշանակում», կա՛մ էլ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ լցնում ենք Ազատության հրապարակն ու այդպես բոլորով, առանց որեւէ աղոթքի գալիս ենք ուղիղ նախագահական:
Մենք, իհարկե, կարող ենք հավատալ այս տեղեկություններին, կարող ենք չհավատալ, բայց ուզենք, թե չուզենք, այս տեղեկությունը մտնելու է մեր մեջ, եւ այս թեմայով յուրաքանչյուր նորություն ընկալելու ենք նաեւ այս տեղեկությունը հաշվի առնելով: Ընդ որում, շուկայում մեր արկածները կարող են այսքանով չավարտվել: Օրինակ, կանաչի վաճառող սպիտակ մազերով, կեղտոտ գոգնոցով եւ ակնոցներով կնոջից մենք կարող ենք իմանալ, որ Հովիկ Աբրահամյանը առաջին հերթին ցանկանում է, որ իր կառավարությունը լինի լայն կոալիցիոն` ներառելով Ծառուկյանի կուսակցությունն ու դաշնակցականներին: «Օրինաց երկրին» Աբրահամյանը «ատելով ատում է», եւ չի ցանկանում աշխատել նրանց հետ: Բայց, եթե հանկարծ Ծառուկյանն ու դաշնակցականները որոշեն, որ չեն ուզում մտնել կառավարություն, ապա Աբրահամյանը նախարարներ կնշանակի` Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին, Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին, եւ ուրիշ «լավ տղերքի»:
Մեր տեղեկատվությունն էլ ավելի ամբողջական տեսք կստանա, եթե հանկարծ որոշենք պանիր էլ գնել: Պանիր վաճառող միջին տարիքի, բարձրահասակ եւ նիհար տղամարդը մեզ կասի, որ ով-ով, բայց գյուղատնտեսության նախարարը հաստատ չի մնալու իր պաշտոնում, որովհետեւ Հովիկ Աբրահամյանը, որպես գյուղում ծնված մարդ, ավելի լավ թեկնածու ունի: Պանրավաճառից հենց կիմանանաք նաեւ, որ Արարատի մարզի Մխչյան գյուղում (Հովիկ Աբրահամյանի ծննդավայրն է), եւս կանցկացվեն կառավարության արտագնա նիստները` «որովհետեւ նոր կառավարությունը որոշել է գյուղին մոտ լինել, ոչ թե գյուղացիներին սովորեցնել, օրինակ, թե ինչպես պետք է կովին կթել»:
Արդեն մրգի բաժնում մեր տեղեկություններն ավելի խորքային կդառնան: Հենց իր` Արմավիրի գյուղերից մեկի հողամասում բանան եւ անանաս աճեցնող եւ կարմիր ներկված մազերով կնոջից կիմանանք, որ Հովիկ Աբրահամյանն ամենեւին չի բավարարվելու վարչապետի պաշտոնով, այլ, քանի որ «Սերժ Սարգսյանը հեռանում է ու էլ չի գալու», որոշել է դառնալ նաեւ նախագահ: Դրանից հետո ԱԺ-ում Հովիկ Աբրահամյանի «հովանավորյալ» Արփինե Հովհաննիսյանը կդառնա վարչապետ, եւ բոլորը` կառավարությունում, հատկապես դաշնակցական տղամարդիկ, ոտքի կկանգնեն ամեն անգամ, երբ կառավարություն մտնի Արփինե Հովհաննիսյանը:
Մենք, իհարկե, այսքանից հետո չենք ցանկանա միս էլ առնել, որովհետեւ մսի բաժնի` նախկինում սպիտակ եղած գոգնոցով գեր տղամարդը, որը սիգարետը բերանին միս է կտրատում, նախորդ անգամ մեզ բավականին ամաչեցրեց Պուտինի մասին իր պատմություններով, օրինակ այն մասին, թե ինչպես է ՌԴ նախագահը աշխատանքից հետո հաղորդագրություններ ուղարկում ամերիկացի հանրահայտ դերասանուհի Շերոն Սթոունին, իսկ երբ նա չի պատասխանումՙ Ալինա Կաբաեւային:
Շուկայից մենք դուրս կգանք ոչ միայն վարունգ-լոլիկ-կանաչի-միրգ գնած եւ մսի մասին` երազելով, այլեւ երկրի, Պուտինի, նրա գիշերային հաղորդագրությունների մասին հրաշալի տեղեկացված: Արդեն բակում, եթե ծանոթի հանդիպենք, մենք նրան անպայման եւ շատ ստույգ կասենք, թե կոնկրետ ով, երբ եւ ինչու է նշանակվելու նախարար, փոխնախարար, նախարարի սիրուհի, եւ արտասահմանյան երկրներում Հայաստանի դեսպանատներին կից ռեստորանի տեր:
Տանը, երբ երեխաները թույլատրեն, մենք անպայման կնստենք համակարգիչի առջեւ եւ կհետեւենք օրվա իրադարձություններին` արդեն պաշտոնական ԶԼՄ-ների միջոցով: Հենց նրանց էջերում կկարդանք, որ «Հովիկ Աբրահամյանը վաղուց էր ցանկանում դառնալ վարչապետ, այդ նպատակով էլ Տիգրան Սարգսյանի «տակը փորում էր», բայց, քանի որ…»: Մեկ այլ տեղ կկարդանք, որ «Հովիկ Աբրահամյանը առաջին հերթին ցանկանում է, որ իր կառավարությունը լինի լայն կոալիցիոն` ներառելով Ծառուկյանի կուսակցությունն ու դաշնակցականներին: «Օրինաց երկրին» Աբրահամյանը «ատելով ատում է», եւ չի ցանկանում…»: Որպես հրատապ լուր մենք կտեղեկանանք նաեւ, որ «ով-ով, բայց գյուղատնտեսության նախարարը հաստատ չի մնալու իր պաշտոնում, որովհետեւ…»: Ընթրելուց հետո մենք նորից, երեխաների թույլտվությամբ, կմոտենանք համակարգչին եւ կիմանանք, որ «Հովիկ Աբրահամյանն ամենեւին չի բավարարվելու վարչապետի պաշտոնով, այլ, քանի որ… Իսկ ԶԼՄ-ներից մեկ ուրիշում կկարդանք նրա` Պուտինին հատկապես գիշերները մոտ կանգնած հավաստի աղբյուրների տեղեկությունն այն մասին, որ ՌԴ նախագահը, աշխատանքից հետո…
Հետո մենք հանգիստ կքնենք, որովհետեւ այն ինչ կատարվում է մեր շուրջը, մենք գիտենք, տեղեկանում ենք:
Մեզ ոչ երազի մեջ, ոչ հաջորդ օրը չի հետաքրքրի, որ եթե մեր երկրում շուկա է դարձել ամեն ոլորտ, բա հետո ի՞նչ պետք է լինի: