Արցախի հարցը ճակատագրական է եղել բոլոր կառավարողների համար: Ոմանք այդ հարցով իշխանության են եկել, ոմանք էլ զրկվել իշխանությունից: Արցախի հարցը հրաժարականի պատճառ է դարձել Լեւոն Տեր-Պետրոսյանի, մեծ հաշվով՝ նաեւ Սերժ Սարգսյանի համար, օգնել է Ռոբերտ Քոչարյանին, նաեւ Վազգեն Սարգսյանին՝ հայտնվել Հայաստանի իշխանության ղեկին: Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմիրճյանը հավանաբար նաեւ մեզ անհայտ մնացած բանակցային մանրամասներին անհամաձայն լինելու պատճառով են զրկվել կյանքից գուցե (եթե հիշենք Վազգեն Սարգսյանի՝ վերջին ամերիկյան ծանր այցի վերաբերյալ արտահոսքերը):
Համենայնդեպս ոճրագործության՝ մինչեւ այժմ անհայտ մնացած պատվիրատուների շարժառիթների մեջ այդպիսի ենթատեքստ կարող էր լինել պետության համարյա ողջ ղեկավարությանը ոչնչացնելիս:
Այժմ Հայաստանում կառավարող շրջանակներին չգիտես ինչու թվում է, որ հնարավոր է Արցախի հարցը Ստեփանակերտ-Բաքու հարթույթ տեղափոխելով կամ Արցախն անվտանգության երաշխիքների անորոշությանը մղելով շարունակել կառավարել, Հայաստան պետության անվտանգություն հոգալ, ուրախանալ Հայաստանի տասներկու տոկոսանոց տնտեսական աճով (որը անկարեւոր չէ, այո) ու դեռ սպառնալիքներ տեղացող, մեր սահմաններն իսկ իր պատկերացումների համաձայն գծել ցանկացող Ալիեւի հետ խաղաղության պայմանագիր կնքել:
Նույնիսկ այն, որ ԱԺ նախագահը երեխաների պաշտպանության օրով նշում էր, թե իրենց քայլերը գոնե հետաձգում են պատերազմը, հենց այն մասին է, որ այսպես, թե այնպես՝ այդ պատերազմը լինելու է, մայիսքսանութ օրով Լաչինում Աիեւի սպառնալից բարբաջանքները վկա:
Թեեւ՝ Քիշնեւում նախատեսված եռակողմ եւ հնգակողմ (Ֆրանսիայի նախագահի եւ Գերմանիայի կանցլերի մասնակցությամբ) հանդիպումներից առաջ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում կարծես հուշումներ արեց, թե դասեր են քաղել նոյեմբերիննյան հայտարարության սխալներից, գործընկերների պահվածքից, որը պայմանավորվածությունների կատարման տեսակետից հայ ժողովրդին չի բավարարում, ու Արցախի իրավունքների միջագազգային պինդ երաշխավոր է հարկավոր, որը պայմանավորվածությունների կատարումը կվերահսկի: Թե ինչ երաշխավորի մասին է խոսքը՝ Սիմոնյանը շրջանակ նշեց՝ հանձնառու են Ռուսաստանը, Եվրոպական միությունը, ԱՄՆ-ը, բայց լավ կլինի մեկ երկիր լինի դա, հնարավորինս պինդ երաշխավոր, որպեսզի տարբեր երկրների հակասությունները դեր չխաղան:
Արդյոք Հայաստանի անունից բանակցողներն արդեն իրենց մտքում ունե՞ն նախընտրելի երաշխավոր, կամ ավելի լայն դնենք հարցը՝ արդյոք Հայաստանը կարո՞ղ է այդպիսի ընտրության ազատություն ունենալ:
Արդյոք Արցախի ձայնը լսելի՞ է այս դեպքում, որն օրինակ արդեն ԱԳՆ մակարդակով դատապարտող տոնով արձագանքել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցչի՝ Ալիեւին հավանություն տվող խոսքին, իսկ Ալիեւն խոսում էր եւ խոսում է Արցախի իշխանության ենթակառուցվածքների լուծարումից ու Արցախի պաշտոնյաներին մեծահոգաբար համաներելուց:
Արդյոք Հայաստանի իշխանության այն հիշեցումները, թե վերջին ընտրություններին ստացած իրենց քվեն իրենց լեգիտիմ է դարձնում խաղաղության պայմանագիր կնքելու, ի վերջո հանգեցնելո՞ւ են բոլոր առումներով խոցելի (եւ առաջին հերթին Արցախի կորստի առումով) պայմանագրի կնքմանը եթե ոչ Քիշնեւում, ապա առաջիկայում նախատեսված այլ հանդիպումներին:
600 հազարից ավելի քվե տվողները հաստատ Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու օգտին չեն քվեարկել, ու հիմա շատ դրսեւորումներ կարող են այս ասվածի օգտին խոսել: Դիցուք ես ինքս անօգուտ քայլ եմ համարում ռեսուրսի ծախսումը այն նախաձեռնող խմբի, որն սկսել է «Ո՛չ Արցախի էթնիկ զտմանը» եւ «Ո՛չ Արցախն Ադրբեջանի կազմում» ստորագրահավաքը, քանի որ միջազգային առումով դա ոչինչ չի տա, բայց մի շատ կարեւոր բան երկրի ներսում կբացահայտի. եթե ստուգելի եւ վավերական հասցեներով 600 հարյուր-700 հարյուր հազար մարդ իր ստորագրությունը դնի այդ ցուցակներում, ապա դուրս կգա, որ ներկա իշխանության ընտրական քվեին հավասար քվե կա՝ ընդդեմ Արցախը հանձնելու: Եւ դրա հետ հաշվի չնստելով ՝ խաղաղության պայմանգրի ստորագրելը կնշանակի հրաժարականի դիմում գրելուն հավասար բան: Այս իմաստով ստորագրահավաքի հետ իշխանությունը հաշվի չնստել չի կարողանա:
Մոլդովայում երեկ, հունիսի 1-ին, տեղի էր ունենում Եվրոպական քաղաքական համայնքի երկրորդ գագաթնաժողովը, որի շրջանակներում նախատեսված էր նախ եռակողմ հանդիպում Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի նախագահի եւ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ, ապա եւ հնգակողմ հանդիպում՝ նույն կազմի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի մասնակցությամբ:
Մեր հրապարակումը պատրաստ լինելու պահին արդեն տեղի էր ունեցել Փաշինյան-Ալիեւ-Միշել հանդիպումը, որն ընդամենը տասը րոպե էր տեւել, ապա եւ սկսվել էր Փաշինյան-Ալիեւ-Միշել-Շոլց-Մակրոն հանդիպումը:
Նշենք, որ մինչեւ գագաթնաժողովն էր դեռ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը լրագրողների հետ ճեպարույցում իր նախորդ՝ Բրյուսելյան հանդիպումներից ստացած տպավորությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների մոտ քաղաքական կամք եւ առաջ ընթանալու մղում տեսել: Դատելով կառավարության կայքէջի տարածած առաջին կադրերից եւ այն բանից, որ հնգակողմ հանդիպումն էլ առանձնապես երկար չի տեւել, հավանաբար այնտեղ ինչ-որ լուրջ ձեռքբերում չի արձանագրվել:
Թեմային անդրադարձներն առաջիկայում՝ ե՛ւ մեր կայքէջում, ե՛ւ թերթում:
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ