Նիկոլ Փաշինյանի վերջին ասուլիսից հետո, երբ հնչել էին մեզանից շատերի համար ոչ անսպասելի, իսկ լայն շերտերի համար շոկային մտքերը, թե, այո, Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ներառյալ Արցախն ու անկլավները, Հայաստանում եւ Արցախում բոլորովին նոր վիճակ ստեղծվեց: Եւ պատահական չէ, որ նախ Արցախից հնչեցին վերջին շրջանում ներքաղաքական լարվածությունը կրողների հակահայտարարություններ, իսկ Հայաստանում՝ Փաշինյանի ծրագրին դիմադրելու կոչեր:
Երբ Ազգային ժողովի այս քառօրյայի առաջին օրը իշխող խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանին հիշեցրինք, որ Արցախի խորհրդարանի հայտարարությամբ՝ Արցախը համաձայն չէ վերջին ասուլիսում հնչեցրած վարչապետ Փաշինյանի տեսակետներին եւ չի հրաժարվում ինքնորոշման իրավունքի իրացումից, Հովհաննիսյանը հակադարձեց, որ Հայաստանի ղեկավարներն ամեն օր կապի մեջ են Արցախի ղեկավարների հետ (Արցախի նախագահին նկատի ուներ) եւ առանց նրանց հետ համաձայնեցնելու ոչինչ չի արվում: Ի՞նչ համաձայնության մասին է խոսում Ա. Հովհաննիսյանը, երբ Արցախի նախագահը նույնպես հանդես եկավ հայտարարությամբ եւ այնտեղ եւս Արցախի ինքնորոշումից հրաժարիմք չկա, հակառակը, խոսվում է այն մասին, որ Արցախը չի եղել եւ չի լինելու Ադրբեջանի կազմում, քանի որ դա է Արցախի ժողովրդի կամքը, որն ունի բավարար վճռականություն՝ իր իրավունքների ու շահերի համար պայքարելու: Նույնը նշում են Ռուբեն Վարդանյանը, Սամվել Բաբայանը, մյուսները:
Ի՞նչ է ստացվում՝ Հայաստանի վարչապետը խոսում է միայն Հայաստանի անվտանգությունից (այն էլ խիստ թեական, քանի որ դժվար թե որեւէ թուղթ ստիպի զսպել Ալիեւի ախորժակը), մի քանի ամիս շրջափակված Արցախի խնդիրը բացառապես թողնելով Ստեփանակերտ-Բաքու երկխոսության տիրույթում եւ ինչ-որ անհայտ միջազգային երաշխիքներից կախված, որոնք, իբր, պետք է ապահովեն արցախցիների իրավունքներն… Ադրբեջանի կազմում: Կա՞ մեկը, որ հավատա դրան ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Արցախում:
Հատկապես Արցախում, որտեղ հիմա ներքաղաքական կոնյուկտուրան կրող մի քանի բեւեռ կա, ու նրանք բոլորն էլ, իրար հանդեպ անհանդուրժողականությամբ հանդերձ, մի բանում համակարծիք են՝ Արցախը չի կարող Ադրբեջանի կազմում լինել, իրենց խոսույթներում ունեն ինքնակազմակերպվելու եւ Արցախի պայքարը շարունակելու կոչեր: Ընդհանրապես անհասկանալի է, թե ինչ իրավասահմանադրական հիմքով Հայաստանի ղեկավարը պետք է Հայաստան-Ադրբեջան բանակցային փաստաթղթի կամ նախագծի համատեքստում վճռի Արցախի ճակատագիրը:
Այսպիսով՝ Նիկոլ Փաշինյանի վերջին ասուլիսից հետո ստեղծվել է ներհայկական ոչ թե բարդ, այլ գերբարդ իրավիճակ, բոլոր հայերին վերաբերող, որի ընդհանուր պատասխանատուն եւ հասցեակիրը դեռ չի երեւում: Սոսկ ընդդիմությունը կամ իշխանությունը չեն կարող այդ հասցեակիրը լինել, տեղի ունեցողը բոլոր հայերին է վերաբերում: Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն Արցախով եւ անկլավներով ճանաչելու փաշինյանական մտադրության հետ անհամաձայն կլինի, անշուշտ, հայության գերակշիռ մասը:
Բնականաբար՝ հայ ժողովուրդը չի կարող անտարբեր նայել, թե ինչպես է մի ողջ սերնդի կյանքի, պայքարի արգասիք Արցախը հանձնվում Ադրբեջանին, դիվանագիտորեն ինչ ձեւակերպումներով էլ դա արվի՝ բուն բնորոշումը դա է: Ունե՞նք այդ ծրագրի դեմն առնողներ, ունե՞նք այլ ծրագիր առաջարկողներ: Քաղաքական աղմուկը հանած՝ կարծես թե ոչ, որքան էլ ցավալի է: Միակ բանը, որ ասում են այս ամենին ընդդիմացողները՝ տարբեր ձեւերով ընդամենը պահանջում են Փաշինյանի հրաժարականը: Իսկ թե դրան ի՞նչ է հաջորդելու, ի՞նչ քայլեր՝ դիվանագիտական ճակատում, ի՞նչ՝ պատերազմի դեպքում, ի՞նչ քայլեր՝ ուղղված միջնորդներին եւ այլն, ոչ մի բառ:
Խորհդարանում հնչեցին քաղաքական էմոցիոնալ հայտարարություններ, սուր եւ ականջահաճո, եւ ոչ մի ռեալ առաջարկ, էլի անորոշ ասվում է՝ ժողովուրդը պետք է ոտքի կանգնի, կողմնորոշվի՝ որ կողմո՞ւմ է: Խորհրդարանում չորեքշաբթի տեղի ունեցած հերթական սկանդալը Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածու Արմեն Դանիելյանի թեկնածության քննարկման ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի եւ ՔՊ-ից Հովիկ Աղազարյանի միջեւ կարծում եք թե Արցախի թեմայո՞վ էր: Իհարկե ոչ՝ անձնական տիրույթում, որն ի վերջո հանգեցրեց նրան, որ թիմերը խորհրդարանում կրկին հաշիվներ մաքրեն կամ մենախոսեն, այդ թվում՝ Արցախի թեմայով: Օդի տատանում՝ միմյանց սխալ հանելու շուրջ, որը որեւէ վատ պայմանագրի ստորագրում ի զորու չէ կանգնեցնել:
Հայաստանի ընդդիմությունն իր գծած շրջանակից, այն է՝ «դավաճանը, կապիտուլյանտը պետք է հեռանա» կարգախոսից այս տարիներին ոչ դուրս է եկել, ոչ էլ ուզում է դուրս գալ՝ համակիրների բավարար թիվ չհավաքելով, ոչ էլ հետ քաշվելով՝ նոր մարդկանց համար ստեղծելու համար այն բարենպաստ մթնոլորտը, որը թույլ կտար ժողովրդին համախմբողների նոր շերտ ձեւավորել: Կորսվեց թանկ ժամանակը, իսկ հիմա եկել է հայերիս հանդեպ մեծ պարտադրանքի կիրառման ժամանակը: Այս իրավիճակում, առանց լայն ընդդիմախոսության, Նիկոլ Փաշինյանը հույս ունի ստորագրել անունը «խաղաղության պայմանագիր» մի թուղթ, որով Արցախը հանձնվում է Ադրբեջանին, անկլավների հարցը լուծվում է ոչ ի նպաստ մեր անվտանգության (ադրբեջանցիք կարող են վերահսկել մեր ռազմավարական մայրուղիները՝ հետագա հետեւանքներով): Ոչ մի կոռուպցիայի դեմ պայքար չի կարող հավասարակշռել Արցախի կորուստը:
Այս պահին ընդդիմության ոչ մի շերտ չունի այն կշիռը, որը միայնակ կարող է կազմակերպել միջազգային ճնշումներով մեզ պարտադրվող եւ իշխող ուժի, նրա ղեկավարի կողմից ընդունելի համարվող ծրագրի դեմ հանրության բողոք: Բայց այդպիսի զանգվածային բողոք չի կարող չլինել, որովհետեւ լուռ հետեւել այս բոլորին, նշանակում է դուռ բացել հետագա ավելի մեծ զիջումների համար, գուցե նաեւ՝ պետականության կորստի: Չնայած հենց նույն պատճառաբանությամբ է վարչապետ Փաշինյանն ընդունելի համարում այսպես կոչված խաղաղության պայմանագիրը, անգամ դա համարում է Հայաստանի համար կադաստրի վկայական: Թե ինչ կադաստրի վկայական է ուզում ստանալ Փաշինյանը՝ բնակարանի ննջասենյակները, խոհանոցը եւ պատշգամբը զիջելով հարեւանին, ես չգիտեմ, ՄԱԿ-ի կողմից ճանաչված պետության եւ հազարավոր տարիներ իր հողին ապրող ժողովրդի ղեկավար է՝ կուրսի՞ չէ, ոչ թե հարյուր տարի առաջ ստեղծված արհեստական պետության, որին ուզում է կադաստրի վկայական ցույց տալ, որ տունդ չմտնի: Էլ չասած Ադրբեջանի ո՞ր 86 հազար քառ կմ-ի մասին է խոսում նա, չէ՞ որ շատ ազգեր դեռ տարածքների պահանջ ունեն Ադրբեջանից, նրանց խնդիրնե՞րն էլ է ուզում Փաշինյանը լուծել, չէ՞ որ Ադրբեջան արհեստական պետությունը ստեղծվել է վրացիների, դաղստանցիների, հայերի, լազերի, թաթերի եւ այլոց հողերի հաշվին:
Չհամաձայնենք ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանի հետ, որը սխալ որակեց հանրային ճնշմամբ որոշում կայացնելը հետաձգելու կոչերը, համարելով, որ հարցի լուծման անցյալի հետաձգումները այսօրվա վատ վիճակին են բերել: Այս մասին նա ասում էր Վճռաբեկ դատարանի քաղաքացիական գործերով եւ հակակոռուպցիոն պալատի դատավորների թեկնածությունների քննարկման ժամանակ: Ի դեպ՝ նա էլ հին ձայնագրություններ միացրեց, ինչպես ընդդիմադիր պատգամավորներ են անում, որոնցով Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ տարբեր առիթնեով ասված խոսքի հնչումով փորձ արեց ապացուցել, որ նրանց ժամանակ էլ ե՛ւ տարածքների վերադարձման, ե՛ւ ինքնորոշումը բանակցություններում անտեսելու թեմաներն էին օրակարգում: Հիշողն ամեն ինչ հիշում է, այժմ դուք եք ղեկավար, փոխե՛ք տրամաբանությունը:
Հուժկու բողոքները, եթե մի քիչ լայն մտածենք՝ հենց Փաշինյանին են անհրաժեշտ այս պահին, ինչպես որ մեզ պատերազմով սպառնալն է պետք Ալիեւին: Եթե Ալիեւը պատերազմով սպառնալով է ուզում ավելին պոկել, Փաշինյանն էլ կարող է հնարավորինս ավելին պահպանել՝ Հայաստանում իր ծրագրի դեմ բարձրացած նոր բողոքի ալիքը վկայակոչելով: Այնպես որ, անկախ շարժառիթից՝ մեր քնած, սրճարաններում ծուլորեն հորանջող, բարձր աշխատավարձերով երանելի նիրվանայում հայտնված շերտերը այս պահին պետք է զարթնեն եւ ոտքի կանգնեն՝ երկիրն անգամ այդ շերտերի ոտքի կանգնելու կարիքն ունի, իսկ նոր լիդերները կառաջանան հընթացս, երբ բոլոր ուժերը մի կողմ կդնեն քաղաքական ամբիցիաներն ու միասնական ուժ ցուցադրելով՝ միջազգային հանրությանը կստիպեն նախ ստիպված լինել վերադառնալ Արցախի ինքնորոշման իրավունքին եւ գոնե մասամբ իրենց նավթագազային եւ հանքային շահերը հարմարեցնել Հայաստանի պահանջներին:
Եթե անգամ այս պահին հայերն ուշքի չգան ու չհասկանան պահի վտանգավորությունը, միեւնույն է, դա անելու են ուշացած, երբ հասկանան, որ խաղաղության պայմանագիր անունով արդեն ստորագրված թուղթը միայն նոր պատերազմ է բերում: Բայց այն ժամանակ մեր զույգ պետությունների կորուստն ավելի մեծ կլինի: Ուզած դեպքում, սակայն, թիվ մեկ պայման է հայերի լայն շերտերի դիմակայությունը: Անկախ նրանից, որ տողերս գրվելու պահին ընթանում էր Փաշինյան-Ալիեւ-Պուտին հանդիպումը Մոսկվայում ու մինչ այդ կանխատեսումներ էին եղել, թե երկու փաստաթղթի ստորագրում է սպասվում՝ Նախիջեւանն Ադրբեջանին կապող հաղորդակցության ճանապարհի վերաբացման վերաբերյալ եւ մի նոր եռակողմ փաստաթուղթ՝ թվով հինգերորդը: Եթե այդպես լինի՝ այդ մասին տեղեկություն փնտրեք մեր կայքում, միգուցե նաեւ այս հրապարակմանը կից:
Փաշինյանն էլ երկու տարբերակ ունի. ստորագրել ու դրանից հետո հրաժարական տալ՝ իր հետեւանքներով հանդերձ, այդ դեպքում չգիտենք, թե որքանով կգործեն նրա անվտանգության երաշխիքները: Չստորագրել՝ պատճառ բռնելով, որ հանրությունը համաձայն չէ իր մոտեցումների հետ եւ փորձել ներկայացնել հանրության մեծ մասի տեսակետները, այս դեպքում իրոք ստանձնելով հանրային տրամադրությունը գեներացնողի դերը (երեւի անհավանական բան եմ ասում): Երկրորդ դեպքում նրա վրա իրենց ճնշումները կմեծացնեն միջազգային դերակատարները, բայցեւ՝ նրա կողքին կարող է կանգնել ժողովուրդը:Ինչպես ասում են՝ ընտրությունն նրանն է: Չնայած՝ վախենամ, որ ամեն ինչ արդեն ուշ լինի, եթե ծրագրել են արագ եւ անաղմուկ հենց այժմ թղթեր ստորագրել:
Երբ այս տողերը եւս գրվել էին՝ Ազգային ժողովում իր ելույթի պահին «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանն էլ իր տարբերակներն էր նշում ԱԺ ամբիոնից.«Փաշինյանին մնացել է անելու երկու տարբերակ. առաջին՝ ստորագրել այն, ինչ հիմա բանակցում է, այսինքն Հայաստանի մահվան դատավճիռը, երկրորդ՝ ստորագրել սեփական հրաժարականի դիմումը»:
Ընդ որում՝ Մամիջանյանն, ի տարբերություն ԱԺ ամբիոնից ելույթ ունեցած այլ ընդդիմադիրների, հասկացել էր, որ այս պահին մի կողմ պետք է դնել կուսակցականություն, պատկանելություն, քաղաքական ամբիցիաներ, որոնք խանգարում են գլխավոր խնդրի վրա կենտրոնանալ՝ քննադատելով նաեւ ընդդիմության սխալները:
Ես, օրինակ, առաջարկում եմ մի երրորդ տարբերակ. եթե միջազգային հանրության, ինչպես նաեւ Մոսկվայի ճնշումից հնարավոր չէ խուսափել (բոլորն էլ փաստաթղթի արագ ստորագրում են ակնկալում), Հայաստանը գոնե պետք է առաջարկի Ադրբեջանի հետ խաղաղության օրակարգով բանակցությունները տեղափոխել Ստեփանակերտ-Բաքու պայմանավորվածությունների ձեռքբերումից հետո միայն՝ այժմ հետամուտ լինելով Արցախի տեսակետները միջազգայնորեն ներկայացնելու գործին նպաստելուն:Այդպես ժամանակ կշահի՝ մինչեւ աշխարհաքաղաքական հստակեցումներ:
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հ.Գ.-Այս հրապարակումը պատրաստ լինելու պահին դիտել էինք Մոսկվայում ընթացող Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստում Փաշինյան-Ալիեւ բանավեճը՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մեկնաբանություններով հանդերձ: Փաշինյանը խոսեց Լաչինի միջանցքի շրջափակման, ադրբեջանցական անցակետի տեղադրման մասին, դա անվանելով եռակողմ համաձայնագրի խախտում, քանի որ այնտեղ միայն ռուսական խաղաղապահներ պետք է լինեին ըստ համաձայնության: Ալիեւը բնականաբար չքմեղացավ եւ ժխտեց դա, Փաշինյանը պնդեց՝ հընթացս խոսելով Հայաստանի կողմից հաղորդակցության ուղիների բացման պատրաստակամության մասին՝ մեր երկրի վերահսկողության ներքո: Ոգին այդ բանավեճի նույնն էր, ինչ մինչեւ հիմա բոլորիս հայտնի է՝ Ալիեւը հոխորտում էր, Ստեփանակերտն անվանում Խանքենդի, Փաշինյանը հակադարձում էր՝ խոսելով արցախցիների իրավունքների պաշտպանության միջազգային երաշխիքների գործարկման, Լաչինի միջանցք ու Լեռնային Ղարաբաղ միջազգային դիտորդներ ուղարկելու անհրաժեշտությունից: Եւս մի անգամ երկուստեք հաստատվեց միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին, Ալիեւն անգամ պնդեց, թե Հայաստանից տարածքային պահանջ չունի եւ հնարավոր է համարում պայմանագրի կնքումը: Հղում արվեց սպասվող եռակողմ հանդիպմանը՝ հիմնական պայմանավորվածությունները թողնելով այդ հանդիպմանը: Չգիտենք, թե արդյոք հայերս կրկին անակնկալի կգա՞նք: