ՍԵՐՈԲ ԱՆՏԻՆՅԱՆ, Համաշխարհային հայկական կոնգրեսի ծրագրերի համակարգող
Արխանգելսկի փոքրաթիվ հայ համայնքը ռուսաստանյան այլ համայնքների կողքին համեմատաբար երիտասարդ է: Որպես ռուսաստանյան հյուսիսային շրջանի ազգային փոքրամասնություն ձեւավորվել է վերջին տասը տարիներին, թեեւ առաջին հայերը այստեղ են եկել շուրջ 30 տարի առաջ: Ներկայումս հյուսիսային հեռավոր այդ մարզում բնակվում է մոտ 1800 հայ, որոնցից 800-ը մարզկենտրոն Արխանգելսկում:
Սակայն հայերի փոքր թիվը մարզում չի խանգարում նրանց ակտիվորեն ներգրավված լինել մարզի հասարակական, քաղաքական, սոցիալ-տնտեսական, գործարար եւ մշակութային կյանքում: Հայերը արժանի կերպով ներկայացված են ազգային փոքրամասնությունների տարածաշրջանային կառույցներում, պետական եւ ռեգիոնալ կառավարման մարմիններում, խոշոր գործարարության մեջ: Այսպես, «Արխանգելսկի օդանավակայան» ԲԲԸ նախագահը մեր հայրենակից, գործարար Վահե Պետրոսյանն է, ով իր անձնուրաց եւ հետեւողական աշխատանքով վերակառուցել է հյուսիսային այդ քաղաքի օդանավակայանը եւ կառավարում է այնՙ ապահովելով ծառայությունների բարձր որակ եւ պատշաճ սպասարկում:
2006թ.-ից մարզում գործում է «Արխանգելսկի մարզի եւ Արխանգելսկ քաղաքի ազգությունների խորհուրդը», որի նախագահը «Ռուսաստանի հայերի միություն» համառուսաստանյան հասարակական կազմակերպության Արխանգելսկի տարածաշրջանային բաժանմունքի նախագահ, մեր հայրենակից Մամիկոն Գեկչյանն է: Վերջինս նաեւ Արխանգելսկի նահանգի Հանրային խորհրդի ազգամիջյան հարաբերությունների հարցերով հանձնաժողովի նախագահն է: Նշենք, որ «Ազգությունների խորհուրդը» տարածաշրջանային հասարակական կազմակերպություն է, որը միավորում է 13 ազգային մշակութային ինքնավարություն եւ հասարակական կազմակերպություններ: Մարզային իշխանությունները աջակցում են այդ կազմակերպությունների ներդաշնակ գոյակցությանը, նրանց կողմից նախաձեռնվող սոցիալ-տնտեսական եւ մշակութային ծրագրերին:
Հայկական հուշարձան-խաչքարի բացումը Արխանգելսկում
Այս ամառը համայնքի համար նշանավորվեց կարեւոր իրադարձություններով: Հունիսի 10-11-ը տեղի ունեցած Հյուսիսային ազգամիջյան 6-րդ ֆորումի հետ համատեղ անցկացվեցին հայկական համայնքի կազմավորման 10-ամյակը եւ Հայ մշակութային օրերը Արխանգելսկի երկրամասում: Տոնական միջոցառումների ցանկը հագեցած էր. հայկական հուշարձան-խաչքարի հանդիսավոր բացում, Արխանգելսկի հյուրատանը «Բարեկամության կամուրջ» հայկական ցուցահանդես, երկրամասի տարբեր ազգությունների ներկայացուցիչների մասնակցությամբ տոնական համերգ, Արխանգելսկի մարզի կառավարության եւ Վայոց ձորի պատվիրակության միջեւ մինիֆուտբոլի ազգամիջյան մրցաշարի անցկացում եւ այլն:
Հանդիսավոր միջոցառումները համընկան Արխանգելսկի երկրամասՙ ՀՀ Վայոց ձորի մարզի պատվիրակության պաշտոնական այցի հետ: Հայաստանի եւ Ռուսաստանի տարածաշրջանների միջեւ համագործակցության շրջանակներում Արխանգելսկի եւ Վայոց ձորի մարզերի միջեւ առկա են ջերմ գործընկերային հարաբերություններ: Հայ-ռուսական միջտարածաշրջանային երրորդ համաժողովի շրջանակներում ռուսաստանյան պատվիրակության այցի ժամանակ Մալիշկա գյուղի դպրոցներից մեկը անվանակոչվել է ռուս մեծանուն գիտնական Մ.Լոմոնոսովի անունով, բացվել է գիտնականի անունով հուշատախտակ եւ հիմնվել Բարեկամության ճեմուղին:
Հունիսի 10-ին տեղի ունեցավ խաչքարի հանդիսավոր բացումը: Միջոցառմանը ներկա էին մարզպետի գլխավորած պատվիրակության անդամները, ինչպես նաեւ Սանկտ Պետերբուրգում Հայաստանի գլխավոր հյուպատոսը:
Քաղաքում, որտեղ չկա հայկական եկեղեցի, հուշարձան-խաչքարը դարձավ համայնքի համար առաջին հայկական սրբատեղին: Այն տեղադրվել է քաղաքի ռուսական եկեղեցուՙ Սբ.Աստվածամոր տաճարի բակում: Ճարտարապետական հուշարձանի բացմանը ներկա էին Արխանգելսկի նահանգապետը, Ռուս ուղղափառ եկեղեցու Արխանգելսկի եւ Հոլմոգորի մետրոպոլիտը, հոգեւոր եւ պետական այրեր, պաշտոնատար այլ անձինք, Արխանգելսկի հայ համայնքի ներկայացուցիչներ, քաղաքի բնակիչներ:
Նահանգապետ Ի.Օրլովը ողջույնի իր խոսքում բարձր գնահատեց հուշարձանի տեղադրումը, այն համարելով կարեւոր իրադարձություն ոչ միայն տեղի հայ համայնքի կյանքում, այլեւՙ երկրամասի բոլոր բնակիչների համար: Նա նշեց, որ իրադարձությունը մերձեցնում է հայ եւ ռուս ժողովուրդներին, ռուս ազգի ներկայացուցիչները հուշարձանի միջոցով հաղորդակից են լինում հայ մշակույթին, հոգեւոր եւ ստեղծարար արժեքներին: Այդպես են միավորվում մեր երկրները, տարածաշրջանները, ժողովուրդները, որոնք քրիստոնեական մեծ ընտանիքի անդամներն են, իր խոսքում նշեց նահանգապետը: ՀՀ Վայոց ձորի մարզպետ Է.Ղազարյանը իր շնորհավորական ուղերձում կարեւորեց հայ-ռուսական ռազմավարական գործընկերությունը, որը մեր ժողովուրդների դարավոր եղբայրության նորօրյա դրսեւորումներից է: Եվ այսօրվա հոգեւոր մեծ իրադարձությունը դրա ամենավառ վկայությունն է, նշեց մարզպետը:
Օրհնության խոսքով եւ շնորհավորանքի ելույթով հանդես եկավ նաեւ Դանիիլ Սրբազանը: Միջոցառումն անցավ տոնական բարձր տրամադրության մթնոլորտում: Ներկաները ծաղիկներ դրեցին նորաբաց հուշարձանին: Նահանգապետը, հոգեւոր առաջնորդը եւ հյուրերը հուշարձանի հարակից տարածքում տնկեցին անվանական եղեւնիներ:
Խաչքարը պատրաստվել էր Հայաստանում քարագործ վարպետների կողմից եւ տեղափոխվել հեռավոր Արխանգելսկ տեղի հայկական համայնքի ղեկավար, «Ռուսաստանի հայերի միություն» համառուսաստանյան հասարակական կազմակերպության նախագահ Մամիկոն Գեկչյանի ջանքերով: Վերջինս նշեց, որ հուշարձանի պատրաստումը մոտ երեք ամիս է տեւել: Այն կշռում է մեկուկես տոննա եւ իր տեսակով յուրահատուկ է:
«Բարեկամության կամուրջ» ցուցահանդես եւ տոնական համերգ
Հյուսիսային ազգամիջյան 6-րդ ֆորումի եւ Հայկական մշակույթի օրերի շրջանակներում հունիսի 10-ին Արխանգելսկի «Հյուրատուն» կոչվող երկրամասային թանգարանային համալիրում բացվեց «Բարեկամության կամուրջ» ցուցահանդեսը: Այն նվիրված էր Արխանգելսկի երկրամասում հայկական համայնքի կազմավորման տասնամյակին: Ներկայացվեցին հայկական մշակույթի եւ կենցաղի առարկաներ, հայ գեղանկարիչների, կավագործ վարպետների աշխատանքներ: Ցուցադրության էին դրված հայկական գորգեր, կարպետներ, ձեռագործ աշխատանքներ, ազգային տարազներ, հայկական ուտեստներ, աղանդեր, չրեր, ավանդական փախլավա եւ այլն: Համերգային կատարումներով հանդես եկավ Գյումրիից հրավիրված ժողգործիքների համույթը:
Ներկա էին Արխանգելսկի կառավարության անդամներ, հայ համայնքի ներկայացուցիչներ, հյուրեր: Ելույթներ ունեցան Արխանգելսկի մշակույթի փոխնախարարը, հայ համայնքի ղեկավարը, այլ անձինք:
Նախքան միջոցառման մեկնարկը հայկական պատվիրակության անդամների համար կազմակերպվեց հետաքրքրական էքսկուրսիա «Հյուրատուն» տարածաշրջանային թանգարանային համալիրում, տեղի ունեցավ հանդիպում թանգարանի տնօրենության հետ, խոսվեց միջմշակութային համագործակցության եւ, մասնավորապես, վայոցձորցի դպրոցականներին հյուսիսային ռուսաստանյան մշակութային արժեքներին հաղորդակից դարձնելու հնարավորությունների մասին:
Նույն օրը երեկոյան Արխանգելսկի Մ. Լոմոնոսովի անվան դրամատիկական թատրոնում տեղի ունեցավ Ազգամիջյան ֆորումի ավարտական տոնական համերգը: Այն ողջույնի ուղերձով բացեց Արխանգելսկի նահանգապետ Ի.Օրլովը: Նահանգապետը Արխանգելսկի կառավարության անունից կրթության, արվեստի, հասարակական մի շարք գործիչների պարգեւներ եւ մեդալներ շնորհեց: Նրանց թվում էին մեր հայրենակիցներ Մամիկոն Գեկչյանը եւ Վահե Պետրոսյանը:
Տոնական համերգին ելույթներով հանդես եկան ռուս, ուկրաինացի, հրեա, թաթար, ինչպես նաեւ հայ երաժիշտ կատարողներ, երգի, պարի համույթներ: