Սիրիական պետական զորքի եւ ընդդիմադիր ուժերի միջեւ բախումներին վարժված Քեսաբի բնակիչների համար այդ օրվա կրակոցները միայն սկզբից սովորական հնչեցին, երբ հասկացան, որ ուղղությունը ուրիշ կողմից էր` թուրքական սահմանից: Վերահաս խուճապը վերածվեց փախուստի: Այս տարվա մարտի 21 -ի առավոտյան ճակատագրի անիվը շրջեց Քեսաբի հայ բնակչության կյանքի բնականոն ընթացքը: «21 Մարտ 2014, առաւօտեան 5:45-6:30, այսինքն քառասուն-յիսուն վայրկեանի ընթացքին Էքիզօլուքէն անցած էր Քեսապի գրեթէ ամբողջ բնակչութիւնը`շուրջ 4000 հոգի» : Պատմությունը կրկնվում է, տեղի տարեց բնակիչները հիշում են Թալանտի օրը`1909-ի աղետը, երբ երեք օրվա մեջ շրջանի բնակչությունը` ամբողջապես հայեր, մազապուրծ փախուստ տվեցին, ներխուժած հրոսակները կողոպտեցին ամենը, ինչ հնարավոր էր, կրակի մատնեցին տները, դպրոցները, եկեղեցիները, 161 հայ զոհվեց:
Քեսապցի մտավորական, հայագետ, ուսուցիչ Հակոբ Չոլաքյանը ականատեսի իր վկայություններն է արձանագրել «Քեսապի երեք օրերը (21-23 Մարտ 2014)» գրքույկում` լույս տեսած օրերս, Երեւանում («Էդիթ Պրինտ» տպ.): Քաջատեղյակ տեղանքի հին ու նոր պատմությանը, մասնագիտացած այս ոլորտի մեջ` Հակոբ Չոլաքյանը Քեսապի եւ Անտիոքի շրջանի հայերին նվիրված պատմաազգագրական, բարբառագիտական, բանագիտական մի շարք ուսումնասիրությունների հեղինակ է: Նրա վավերագիր այս վերջին արձանագրությունը ականատեսի տպավորությունների շարադրանք լինելուց բացի, պարունակելով պատմական անցյալի եւ ներկա իրադարձությունների համեմատական վերլուծումներ, կարեւոր մեկ այլ նշանակություն ունի` վերհիշեցնելու պատմության մոռացված դասերը, հատկապես ինչ-ինչ խոստումներին սպասող եւ իրենց երազը դրանցով օրորող հայության հատվածներին: Վերջին տարիների սիրիական իրադարձությունների` հեղինակի անմիջական փորձառությունը վերլուծում- եզրահանգումներին հաղորդում է առավել իրատեսական ու սթափ բնույթ: Քեսաբի վրա թուրքական հարձակման առաջին օրվա դեպքերի, հայերի խուճապի ու փախուստի նկարագրությանը անմիջապես հետեւում է հարցադրումը` անակնկա՞լ էր արդյոք մարտի 21-ի հարձակումը, եւ դրա պատասխանը նա գտնում է ոչ վաղ անցյալի էջերում` որպես հետեւանք 1938-1939 թվականների Ալեքսանդրեթի սանջակի իրադարձությունների:
Սիրիական սահմանային այդ հատվածի ներկայիս պաշտպանությունը, հեղինակի կարծիքով, թեեւ բնակչության համար ապահովություն ստեղծում էր, սակայն մեծ ներխուժման համար բավարար չէր. «Ընդդիմադիր-պետութիւն բախումին մէջ քեսապցին կրնար չէզոք մնալ, բայց երբ ընդդիմադիր կողմը ուղղակի Թուրքիայէն կու գար ու թրքական օգնութեամբ, հայը մտահոգուելու դարաւոր փորձառութիւն եւ պատճառներ ունէր» . նախորդող` 2012-ի օգոստոսի մի քանի դեպքերի նկարագրությունները` սահմանային հարձակումների, դրա հաստատումն են: Հիշելով նույն թվականի դեկտեմբերի Ծննդյան տոների օրերին Քեսաբի ռմբահարման երեք դեպքերը, դրանք համարում է վերահաս վտանգի ազդանշան. նրան զարմացնում է իր որոշ հայրենակիցների լավատեսությունը: Այդ օրերին կազմակերպված գյուղական ինքնապաշտպանությունը բավարար չի եղել, չեն եղել բարձրագույն խորհուրդ, վերին հրամանատարություն, հստակ ծրագիր, իսկ ավելի վտանգավորըՙ հոգեբանական ինքնախաբեական պատրանքն էր, թե` «Ցեղասպանութեան հարիւրամեակի սեմին Թուրքիան չ”արտօներ ընդդիմադիրներուն մօտենալ Քեսապին» , համամիտ չէ նաեւ դրական չեզոքություն պահպանելու կեցվածքին, քանի որ «թուրք պետութիւնն է որ ընդհանուր թոհուբոհին մէջ քե՛զ թիրախի կը բերէ կամ ծայրայեղ իսլամական ներմուծուած մահակներով գլուխդ կը ջարդէ» :
Հեղինակը ներկան միտումնավոր զուգորդում է անցյալի հետ այնպես, որ երբեմն դժվար է դառնում զատել միմյանցից, դրանք այնքան ներհյուսված են իրար, կարծես նույն պատկերներն են. Լաթաքիա ապաստանած քեսապցիների ճակատագրի անորոշությունը` հանձնված միջազգային կամ հայկական բարեսիրական կազմակերպությունների խնամքին` շփոթահար, անօգնական, թե՛ անցյալում, թե՛ հիմա, նույնն է: Միայն թե այս անգամ նրանց հույսն ու սպասումը ուրիշ տեղից է, կարծես ավելի վստահելի. «Չեմ գիտեր, թէ գործնապէս ինչ կրնայ պատահիլ, բայց հայրենիքը առաջինն է մտածումին ու ապրումին մէջ այս ժողովուրդին, որ ահա երրորդ օրն է, որ ողբերգութիւն կ”ապրի, բայց հայրենիքը տակաւին լուռ է» : Սիրիական եւ պրո-սիրիական պետական լրատվամիջոցները խոսում են հարյուր տարվա ընթացքում քեսաբահայության երրորդ տեղահանության մասին- սա անակնկալ է, որովհետեւ` «Պատմութիւնը կը կրկնուի, դերակատարներն ու դերերը նոյնը կը մնան» : Ժամանակը փոխում է միայն արտաքին ձեւեր ու ժեստեր, իրականության մեջ մեծ տերությունների քաղաքականությունը չի փոխվում: Քաղաքական նույն ծրագիրը շարունակվում է: «…Մենք կը մոռնանք, աշխարհ կը մոռնայ, բայց Գորշ Գայլը կը սպասէ մահիկի ազդանշանին, ու հիմա համաարաբական, ռուս – ուքրաինական, Արեւմուտքի ու Ռուսիոյ միջեւ ստեղծված այս թոհուբոհին մէջ այս անարիւն Ցեղասպանությունը կատարեց… մաքրելով Սուրիոյ հիւսիսային տարածքի տեղաբնիկ հայերու վերջին պատառիկներն ալ…» :
Պատմական անցյալի վերհիշեցումները եւ ներկա իրադարձությունների հեղինակային նկարագրությունները կարեւոր լինելով հանդերձ, հասանելի են տարբեր այլ աղբյուրներից նաեւ, վավերագիր այս պատմության գլխավոր առավելությունը ականատեսի անձնական վերապրումներն են, մտածում-վերլուծումները, եզրահանգումները, բազմաթիվ տեղանունների, տեղաբնակների մի մասի անվանական հիշատակումները, նրանց պարզ մարդկային նկարագրերի, հոգեբանության, կենցաղային, առօրեական անցուդարձերի պատկերումը, որի շնորհիվ շարադրանքը դառնում է ավելի կենդանի, դեպքերն ու եղելությունները ավելի շոշափելի:
Ինչպես է կարողանում սեփական փորձառության օրինակով ընդհանրացնել հեղինակը քեսապցի տարագրյալների տագնապներն ու սպասումները, որը նաեւ արժեքավոր դաս է, փոխանցումը մանավանդ ականատեսի կողմից է: Վերլուծել-վերաշարադրել կամ նկարագրել այս զգացումները, կարծում եմ, հարկավոր չէ, մանավանդ անհնար էլ է: Մի քանի մեջբերում միայն.
«…Ես կը սարսափիմ իրապէս ոչ հեռաւոր այս պատկերէն, երբ տարիներով, դարերով, գուցէ հազարամեակ մը եւ աւելի այս հողերուն վրայ ապրած հայ ժողովուրդը, բաժակի պէս ջարդուփշուր պիտի ըլլայ…
Կը սարսափիմ այն պատկերէն, երբ այս հողերուն վրայ իր բարբառը շինած, իր պարերգներն ու տիլանին հիւսած, իր առածն ու առակը, իր բարքերն ու հաւատալիքները ստեղծած, այս հողին հետ նոյնացած քեսապցի հայը յանկարծ արմատախիլ պիտի ըլլայ ու տարտղնուի դէս ու դէն:
Հոս հայկական իւրայատուկ ենթամշակոյթ մըն ալ պիտի մեռնի:
– Ե՞րբ Քեսապը պիտի ազատագրուի…
– Իսկ ի՞նչ արժէք ունի Քեսապի ազատագրութիւնը առանց քեսապցիին,- կ”ըսեմ ես բարձրաձայն:
…Այլեւս Քեսապ տարբեր աշխարհ մըն է: Հեռո՜ւ աշխարհ մը: Կարծես մեր մոլորակէն դուրս, անհասանելի, ինչպէս Սասունն ու Վանը…: Այլեւս հոն հասնելու համար ո՛չ ինքնաշարժը պիտանի է, ո՛չ անցագիրը, ոչ ալ թեւեր ունենալը…
Այլեւս ամէն օր մարդիկ պիտի երթան հիւսիս, մօտենան իրենց լեռներուն, պիտի նային վեր, իրենց տան, իրենց պարտէզին տեղը պիտի ճշդեն իրենց միտքին մէջ, ձեռքերնին պիտի երկարեն անոր` այդ լեռնակղզիին, այնքան մօտիկ, այնքան պայծառ, ինչպէս Արարատը` Խոր Վիրապէն դիտած, ու իրիկուան մութին վերադառնան ձեռնունայն…
Ու Լաթաքիոյ այս հին եկեղեցւոյ պատերուն տակ կծկտած կամ դուրսը` դարպասին առջեւ խմբուած, իրենց շրթունքները պիտի շարունակեն կրծոտել դեռ ժամանակ մը, պիտի զայրանան, պիտի սպառնան, պիտի հայհոյեն…
Ու անդրադառնան, որ այնտեղ` «Յո՞ երթաս, ժողովո՛ւրդ» գոռալով` կռուի՛լ, կռուի՛լ, կռուի՛լ հարկաւոր էր, ու առիւծի պէս տապալիլը աւելի լաւ էր, քան այս սպասումն ու մաշումը…
Յետոյ յանցաւորներ պիտի փնտռեն իրենց շարքերուն մէջ, իրենց ճակատագրակիցներուն մէջ… Ու պիտի ամչնան, պիտի ամչնան, ոչ չկրցան բան մը ընել իրենց տունն ու տեղը, իրենց պատիւն ու պատմութիւնը, իրենց անձն ու վաղը փրկելու համար:
Մենք մեր դասը լաւ սորված ժողովուրդ ենք,- կ”ըսէ պատին տակ ծնկածալ պպզած Սիրական Պապուկը,- մենք դիւրին կը կորսնցնենք ու երկար կու լանք, այսպէս եղան մեր հայրերը, այդպէս եղանք եւ մենք»:
Հունիսի 15-ին սիրիական բանակը ժողովրդական պաշտպանության ջոկատների հետ ազատագրեց Քեսաբը. «Քեսապցիները կը վերադառնան Քեսապ, ուր աւելի կորուստ ու աւեր կը գտնեն, քան կրնային երեւակայել…» :
Կկարողանա՞ կյանքը կրկին վերանորոգել քեսաբցին, հաղթահարել տագնապներն ու հոգեբանական վախերը, թե` «բաժակի պէս ջարդուփշուր պիտի ըլլայ…» – մտահոգությունը իրատեսական է, սակայն` ինչպես քեսաբցի հեղինակն է գրում` «Ես կը հաւատամ հողի ձգողութեան եւ ուժին» :