«Եթե միակ գործիքդ մուրճն է, բոլոր հարցերը մեխի նման են դառնում»: Աբրահամ Մասլոուն, ամերիկացի այս հայտնի հոգեբանն առավել հայտնի է մարդկային պահանջմունքների «Մասլոուի բուրգի» շնորհիվ, նաեւ այս խոսքերի հեղինակն է, երբ փորձել է բնութագրել դիլետանտությունը:
Տանել չեմ կարող, երբ ինչ-որ առողջական խնդրի շուրջը հայրենակիցներիս հետ զրույցը արագ տեմպերով վերածվում է դեսից-դենից հավաքված խորհուրդների մատուցման, ընդ որում` ամենաբարձրակարգ մասնագետի լրջությամբ ու վստահությամբ ներկայացվում են ոչ միայն դեղամիջոցները, այլեւ բուժման արդյունքները: Ավելի հաճախ այնպես են պնդում այս կամ այն դեղամիջոցի օգտակարությունը, որ բժշկի գնալու մտադրությունդ հենց քեզ անլուրջ է թվում:
Մի խոսքով, եւ այսպես ամեն հարցում: Ամեն հարցում բոլորս մասնագետ ենք, բացի այն ոլորտից, որտեղ կոչմամբ կամ մասնագիտությամբ պիտի լինեինք: Եթե հիվանդ ես, կամ ցավ ունես` բոլորը բժիշկ են: Եթե դեպք է պատահել` ազգովին իրավաբան ու դատավոր ենք: Եթե մի բան պետք է ներկայացվի, բոլորն անխտիր լրագրող են, մինչդեռ հենց լրագրողներից շատերի պարագայում այդ որակումը տալն առնվազն վրիպում է:
Վերջին օրերի ամենաթեժ թեման ադրբեջանցի դիվերսանտներն են, որոնց «պիկնիկի», ձերբակալության կադրերն ու այդ առնչությամբ պաշտոնական հաղորդագրությունները, այս անգամ էլ, բոլորին դարձրել են մեկնաբան, լրագրող, վերլուծաբան, հետաքննող, անգամՙ հետախույզ: Սակայն դիլետանտությունից դենը այս ամենը չի անցնում:
Մի կողմ թողնենք այն հանգամանքը, թե դիվերսանտնե՞ր են արդյոք հայկական կողմում հայտնված ադրբեջանցիները, թե «հայրենի կողմերն այցելելու խիզախություն ցուցաբերած» մարդիկ: Ակնհայտ է, որ զենքով, պատերազմող կողմի տարածքում հանգիստ խորոված անող որեւէ մեկը չի կարող հայրերի գերեզմաններին այցի գնացած շարքային քաղաքացի լինել: Ավելին, դիվերսիոն գործողությունների գնալիս ֆրակով ու շողշողացող սափրված դեմքով են հայտնվում այնպիսի մի վայրում, որտեղ մարդիկ ամեն օր ու ժամ հողի մշակ, չարչարվում են ու դեմքերին կրում կյանքի դժվարին պայմանների տառապանքի բոլոր հետքերը: Քարվաճառցի հովվի անհետացումը, ապա հրազենային վնասվածքներով դիակի հայտնաբերումը եւս չպետք է լիներ այնպիսի թեմաներից, որոնցով բոլորն են իրենց թույլ տալիս «վերին հարկի պատուհանի բացվածք» չափելու վարժանքներ անել:
Որոշների համար կան ակնհայտ բաներ, որոշների համար էլ Հռոմի պապից ավելի կաթոլիկ երեւալու մղումը վերածվում է անհասկանալի մեկնաբանությունների ու հարցադրումների այն դեպքում, երբ ուղղակի կաթոլիկ լինելու ոչ գիտելիք ունեն, ոչ էլ կարողություն: Ի վերջո, տրամաբանությունը հրաշալի բան է, եւ պետք է երեւա, այլ ոչ թե ծառայեցվի ինչ-ինչ նպատակների, այն էլ այնպիսի մի թեմայի առնչությամբ, ինչպիսին հակամարտությունն ու մարդկային կյանքերն են եւ այնպիսի մի իրավիճակում, երբ առանց այդ էլ անկազմակերպ, դեսից-դենից տեղեկատվական հոսքը խուճապային, վտանգավոր տրամադրություններ է ստեղծում բոլորիս մոտ:
Իհարկե, հարեւանների սիրողական մոտեցումն էլ է ակնհայտ շատ հարցերում, հատկապես, երբ նույն իրադարձություններին որեւէ կերպ արձագանքելու անհրաժեշտությունից դրդրված հայտարարում են, թե «ադրբեջանցիները եղել են Ադրբեջանի տարածքում»: Սա էլ իրավիճակներին անպատրաստության հարեւանների մոտեցումն է, երբ ամեն ինչ արվում է միայն մեկ սցենարով եւ որեւէ գործոնի փոփոխության դեպքում անպատրաստ վիճակում են հայտնվում: Ի դեպ, հայկական կողմում էլ այդ հարցում ոչ մի կերպ չեն փայլում պրոֆեսիոնալիզմով:
Հակամարտության հարցում գիտակների առատությունը վերջերս նաեւ «հանրային դիվանագիտության» ոլորտ է ներթափանցել ինչպես հայաստանցիների, այնպես էլ այդ դիվանագիտությունը հովանովորողների, ֆինանսավորողների առումով: Վերջերս այնքան շատ են հակամարտության լուսաբանման թրեյնինգներ անցկացվում, այնպիսի բազմազան կազմակերպությունների կողմից ու այնպիսի բազմաբնույթ ֆինանսավորմամբ, որ տպավորություն կարող է ստեղծվել, թե աշխարհի դարդը Արցախն է ու նրա խնդրի լուծումը:
Սա հենց այն թեման է, որտեղ դիլեմաները բազմաթիվ են, որտեղ մասնագիտական որակներն ու մարդկային, քաղաքացիական առանձնահատկություններն մշտապես հակադրվում են, ավելի հաճախ` բախվում, երբեմն էլ` հանգեցնում էթիկական լուրջ խնդիրների: Բայց արի ու տես, որ այսօր ով ասես այդ հարցով զբաղվում է, բավական չէ` ուրիշներին էլ փորձում է սովորեցնել:
Ամենացավալին կրկին այն է, որ այս պարագայում էլ սիրողական մակարդակով գործ անողներն ավելի շատ են, քան մասնագետները: Մինչդեռ սա առավել քան վտանգավոր թեմա է, որին անդրադարձողները պետք է նախ պրոֆեսիոնալ լինեն, ունենան իրապես հավասարակշռված նկարագիր:
Տեղեկատվությունը զենք է, եւ սա պարապ խոսք չէ: Այսօրվա պատերազմները ռազմադաշտերից արագորեն տեղափոխվում ու շարունակվում են տեղեկատվական դաշտում: Սարսափելի է, երբ պատերազմի ժամանակ կողքիդ կարող է հայտնվել մեկը, որ մանկության չիրականացած երազանքների խաղալիքի դերում օգտագործի զենքը: ճիշտ նույնքան վտանգավոր է, երբ այդ զենքը տեղեկատվությունն է: