Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական թատրոնում սպասում են հրաշքի
Քաղաք Թբիլիսի, Ցամեբուլի 8: Այս հասցեն Վրաստանի մայրաքաղաքում վաղուց ասոցիացվում է տեղի հայկական թատրոնի հետ: Պատճառն այն է, որ 159-ամյա թատրոնն իր ուրույն տեղն ունի հայկական եւ վրացական մշակութային կյանքում, մասնակցում է երկու երկրներում կազմակերպվող փառատոններին եւ հաճախ մեկնում հյուրախաղերի: Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական թատրոնը միակն է Հայաստանի սահմաններից դուրս, որ ունի սեփական թատերասրահ ու պետական կարգավիճակ:
Թբիլիսիում հայկական թատրոնի առանձնահատկությունն ու հաջողության գրավականն այն է, որ այստեղ պահպանվել է տասնամյակների ավանդույթը, բեմադրվում են ոչ միայն հայկական, այլեւ վրացական պիեսներ, ներկայացումներն ուղեկցվում են թարգմանությամբ, ինչն էլ նպաստում է, որ հանդիսատեսի շարքում լինեն նաեւ օտարերկրացիներ: Վրացիները Պետրոս Ադամյանի անվան թատրոնը կոչում են հայկական թանգարան Թբիլիսիում: Թատրոնն իր մեջ ամբողջացրել է ոչ միայն հայկական միտքը, արվեստն ու մշակույթը, այլեւ դժվարությունները հաղթահարելու եւ դրանց դեմ պայքարելու հայկական կամքն ու նվիրվածությունը: 159-ամյա թատրոնն իր կենսագրության ընթացքում բազմաթիվ դժվարություններ է տեսել, թեթեւ հրդեհներ, փլվածքներ ու այսօր երբեմնի ճարտարապետական գեղեցկուհին վերածվել է զառամյալ տատիկի: Միայն դրսից է թատրոնը թվում բարեկարգ, ներսում չկա գեթ մեկ պատ, որն անցքեր ու ճեղքեր չունենա: Տանիքից ջուրը կաթում է ու անձրեւի եւ ձյան հետքերը կարելի է տեսնել կառույցի գրեթե բոլոր հատվածներում: Ներսից թատրոնը մռայլ է, իհարկե պահպանել է արվեստի կենտրոնին հատուկ իր շունչը, սակայն հատակի ճռռոցը, պատերից թափվող ծեփերն ու ջարդուխուրդ եղած աստիճանները ստիպում են, որ մտածես ոչ թե բոհեմականի, արվեստի, այլ սեփական կյանքդ չվտանգելու մասին: Իսկ առաստաղին եղած ճաքերն այնքան մեծ են, որ ամեն վայրկյան թվում է, որ այն փուլ կգա գլխիդ: Չորս տարի շարունակ թատրոնում սպասում են շենքի նորոգման աշխատանքների մեկնարկին: Վրացական կառավարությունը խոստացել է ֆինանսավորել կառույցի շինարարությունը, սակայն խոստումը մնացել է օդում կախված, ֆինանսավորումն ուշանում ու անընդհատ հետաձգվում է: Բեմում ներկայացումներ անցկացնելն արգելվում է: Արդեն երեք տարի է ներկայացումները տեղի են ունենում այլ թատերասրահներում: Մեկ ժամից ավել չի կարելի բեմում մնալ. հետեւանքները կարող են ողբերգական լինել: Բեմի տեխնիկան հնագույններից է երկրում, հիսունականներից հետո ոչինչ չի փոխվել, եւ թատրոնում հույս ունեն, որ վերանորոգումից հետո նոր տեխնիկայի շնորհիվ բեմադրությունների որակն ավելի բարձր կլինի: