Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի այսօրվա՝ մայիսի 18-ի հայտարարությունը շատերի համար էր անսպասելի։ Արայիկ Հարությունյանի թիմակիցը նախագահի հրաժարականն է պահանջում։ Մի կողմ դնելով ԱԺ նախագահի ելույթի բովանդակությունն ու դրա համոզիչ լինել-չլինելը՝ պարզ ու անմիջական հարց ուղղենք ոչ միայն պարոն Թովմասյանին, այլև բոլոր-բոլոր արցախցիներին՝ Հարությունյանի հրաժարականը նո՞ր եք պահանջում։
Արցախի նախագահի հրաժարականը պետք էր պահանջել պատերազմի առաջին իսկ օրը, երբ ԱԹՍ-ն Ստեփանակերտի բազմաբնակարան տներից մեկն էր խոցել, մինչդեռ նախագահ Հարությունյանը վստահեցնում էր․ «Ոչ միայն Ստեփանակերտի, այլ նաև ամբողջ Արցախի օդն է պաշտպանված»։
Հարությունյանի հրաժարականը պետք էր պահանջել այն «հուզիչ» լուսանկարի հրապարակումից հետո, որտեղ երկրի նախագահը գոհունակ ժպիտով հավատացնում էր, թե մարտադաշտում մի գավաթ սուրճ վայելու աստիճան խաղաղ է։
Պատերազմի վերջին օրերին, երբ Ստեփանակերտում «100 մարդ ու 100 շուն էր մնացել», պետք էր մտորել նոր ղեկավար ունենալու մասին։ Ռազմաճակատ մեկ արկղ կոնֆետ ուղարկողներին պատվոգերեր ու մեդալներ շնորհելուց, պատերազմի մասնակիցներին մոռանալուց, չգնահատելուց, ինչպես նաև՝ թիմակիցներին եվրոպական տարբեր երկրներ գործուղելուց հետո էր պետք հրաժարականի մասին բարձրաձայնել։ Բայց լրագրողների հետ մասնավոր շփումների ժամանակ Արցախի իշխանությունների անարդարություններից անդադար բողոքո արցախցիները հրապարակավ Արայիկ Հարությունյանի մասին որևէ թթու խոսք չեն ասում։
Սևակ Վարդումյան