Լավագույն կառավարությունները համարվում են նրանք, որոնց ներկայությունը չես զգում: Նման կառավարություններն աշխատում են լարված, ավտոմատ մեխանիզմների պես, հակակշիռների ներքին համակարգով, որտեղ յուրաքանչյուրն իր գործն է անում սուսիկ-փուսիկ, առանց շեփորի ու թմբուկի, առանց ֆանֆարոնիզմի: Յուրաքանչյուր պաշտոնյա, բարձր, միջին կամ ստորին, իր դիրքում գործում է իր համար սահմանված օրենքի եւ պատասխանատվության շրջանակներում, առանց կողմնակի կամ ուղղակի անհարկի միջամտության:
Տարիներ առաջ Մոնրեալում կուսակցական ժողովի մասնակցելուց հետո անցել էի Նյու Յորք՝ անձնական գործերով: Օդանավի տոմսս դեպի Երեւան վերադարձս նախատեսում էր Նյու Յորք-Մոնրեալ երթուղով: Թռիչքից ընդամենը մի քանի ժամ առաջ անձնագրումս նկատեցի, որ Կանադա մուտքս ընդամենը մեկ անգամվա համար էր թույլատրելի: Ստիպված՝ օգնության համար զանգահարեցի Մոնրեալ՝ կուսակցական ղեկավար ընկերոջս, որը սերտ հարաբերություն ուներ Կանադայի վարչապետի հետ: Խոստացավ օգնել: Սպասում էի համապատասխան կարգադրության: Վերջապես հնչեց զանգը. Կանադայի վարչապետի գրասենյակից էր: Պաշտոնյան ասաց, որ կարող եմ ներկայանալ հյուպատոսություն, որտեղ հանձնարարված է ինձ տալ տրանզիտ վիզա: Սակայն, ավելացրեց, որ հյուպատոսության պաշտոնյան, իր խոսքով՝ օֆիսըրը, համենայնդեպս ինքն է որոշելու՝ տա՞լ, թե՞ չտալ: Ամեն ինչ բարեհաջող եղավ, ու ես թռա Մոնրեալ:
Ներողություն եմ խնդրում ընթերցողից անձնական բնույթի միջադեպը հիշելուս համար: Սակայն, ընդունենք, հայաստանյան նաեւ նախկին՝ լիբանանյան բարքերին սովոր անձիս համար պաշտոնյայի այդ զգուշացումը՝ թե վիզա տալու կամ չտալու հարցը բացառապես հյուպատոսության աշխատակցի հայեցողությանն է թողնված՝ անկախ վարչապետի գրասենյակի հանձնարարությունից, տպավորիչ էր ինձ համար:
Վերեւում ասվեց, որ լավագույն կառավարությունները նրանք են, որոնց ներկայությունը չես զգում: Իմ կողմից ավելացնեմ, որ լավագույնները նրանք են նաեւ, որոնց բացակայությունն էլ չես զգում:
Բոլորս հիշում ենք. մի քանի տարի առաջ Բելգիայում սահմանադրական ճգնաժամ առաջացավ, ու երկիրը ավելի քան մեկ տարի մնաց առանց կառավարության: Այդ օրերին ինչ-որ սեմինարի մասնակցելու համար Բրյուսելից Երեւան ժամանած գործընկերներիս հարցրեցի, թե առանց կառավարության երկիրը ի՞նչպես է յոլա գնում, բելգիացիք պատասխանեցին՝ շա՜տ հանգիստ, իսկ նրանցից մեկ ուրիշն էլ կատակեց՝ երնեկ բնավ կառավարություն չունենայինք:
Կառավարություն չունենա՞լ, մեզ համար աներեւակայելի է, նույնիսկ՝ անհեթեթ: Ու թեեւ Բելգիայի նման երկրների համար էլ նման երկարատեւ կառավարազրկությունը սովորական երեւույթ չէ, սակայն ընդգծում է կառավարման ֆրանսական ձեւի առանձնահատկությունը, ըստ ինձ՝ առավելությունը: Բանն այն է, որ ֆրանսական կառավարման մոդելը, որով առաջնորդվում են նաեւ ժամանակին նրա մանդատի տակ գտնվող արաբական որոշ երկրներ, ենթադրում է Գլխավոր տնօրենների (Directeur Ge՛ne՛rale) ինստիտուտը, որն ստանձնում է պետական կառավարման տարբեր ոլորտների (երբեմն մինչեւ 30) ղեկավարումը նշանակովի գլխավոր տնօրենների կողմից, որոնք արհեստավարժ ու ոլորտի մասնագետ մնայուն պաշտոնյաներ են՝ եկող-գնացող նախարարներից շատ հարցերում անկախ: Վերջիններն ընդամենը քաղաքականություն թելադրողներ են, իսկ տնօրենները՝ ընթացիկ գործերը տնօրինողներ: Կառավարությունները կարող են գնալ, բայց բուն կառավարիչները կմնան: Այսինքն ճիշտ հակառակը մեր երկրի, որտեղ ամեն մի վարչապետի, նախարարի կամ բարձրաստիճան պաշտոնյայի այս կամ այն պատճառով պաշտոնից հեռանալուն զուգահեռ՝ աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացնում ազգականների, համագյուղացիների, համակուրսեցիների եւ ծանոթ-բարեկամների մի մեծ խումբ՝ տեղն ազատելով հաջորդ շեֆի բերելիք նոր խմբի համար: Սովետի ժամանակներից մնացած ընկալյալ մի սովորություն, որին անդրադառնալու առիթ կունենանք հետագայում:
Մինչ այդ՝ փորձենք որոշել, թե կառավարման ո՞ր կամ ի՞նչ մոդել է կիրառվում Հայաստանում, հատկապես հաշվի առնելով վերջին հինգ տարիների փորձը կամ փորձառությունը: Անձնիշխանությո՞ւն, միապետությո՞ւն, «ժողովրդավարական» բռնապետությո՞ւն, ցեղապետական հասարակարգին հատուկ շամանի՞զմ: Ի՞նչ անուն պետք է տալ գործող այս մոդելին, ուր նույն անձը թե՛ օրենսդիր է, թե՛ գործադիր, թե՛ քննիչ ու դատախազ, թե՛ հավատաքննիչ ու փաստաբան, թե՛ դատավոր ու փաստաբան, թե՛ ռազմագետ ու դիվանագետ, թե՛ ոստիկանապետ ու աստվածագետ, թե՛ ֆինանսագետ եւ… ամենագետ: Նա ամեն ինչ է՝ բացի վարչագետ լինելուց: Երկիրը, Արցախը ներառյալ, կախված են նրա կամքից, առողջությունից, մարսողությունից, ուղեղի վիճակից, քմահաճույքից: Միաժամանակ՝ նա բացառիկ կարողություն ունի սցենարներ գրելու, բեմադրելու, ներկայացնելու, հաճախ նաեւ՝ իր ընտանիքի անդամներին էլ կարեւոր դեր տալու: Միշտ շրջապատված է «Ալելուիա» երգող բուրվառակիրներով, ոչ միայն խորհրդարանում, այլեւ ամբոխների մեջ:
Իսկապես դժվար է բնորոշել եւ անուն տալ այս վարչաձեւին, չմոդելավորված այս մոդելին, այս միակ մարդուն, որ Հակոբ Պարոնյանի բնորոշմամբ նման է մեկուն, որուն նմանը չկա:
Դուք ճանաչո՞ւմ եք այդ մարդուն:
ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ