ՎԱԼԵՐԻ ՄԱՐԿԱՐՅԱՆ
Հայաստանի Հանրապետության նախագահը հայտարարեց, որ սպասվում է հանրաքվե, թե ի՞նչ կառավարման համակարգ պիտի լինի Հայաստանում:
Ըստ էության, կարծում եմ, որ նման հարց տալ հանրությանը այդքան էր ճիշտ չէ: Եվ դա ոչ թե նրա համար, որ պետք է արհամարել ժողովրդի կարծիքը, այլ այն պարզ պատճառով, որ այդ խնդիրը այնքան բարդ է, որ պահանջում է լուրջ մասնագիտական կարողություններ, քննարկումներ եւ հետազոտություններ: Կարող է պատահել, որ միայն մի քանի մասնագետներ հանրաքվեի օրը կունենան հնարավորություն ընդհանրապես հասկանալ, թե ինչի մասին է այդ ամենը:
Այսինքն, հանրությունը պիտի պատասխանի մի հարցի, որի մասին չունի եւ չի ունենալու կայացած սեփական կարծիք:
Անհրաժեշտ է հասկանալ նաեւ, որ բոլոր քննարկումները եւ բոլոր հետազոտությունները իրականում կկատարվեն փակ քաղաքական խմբերի կողմից, եւ հանրաքվեից անմիջապես առաջ կմիանա հզոր քաղաքական քարոզչությունը, որի հիմնական նպատակը կլինի ոչ թե բացատրել հանրությանը թե որ համակարգն է ավելի ճիշտ, այլ կփորձեն ստեղծել տպավորություն, որ այս կամ այն համակարգը միակ ճիշտն է:
Կարծում եմ, որ ավելի արդյունավետ կլիներ, եթե այդ հարցի լուծումը փոխանցվեր հաջորդ նախագահին: Այսինքն, ժողովուրդը սովորականի պես ընտրի երկրի նախագահին, որը անհրաժեշտության դեպքում ներդնի խորհրդարանական համակարգը եւ ինքը իրեն զրկի սեփական իրավասությունների մեծ մասից: Մանավանդ դա կլինի տրամաբանական, եթե նա գնում է նախագահական ընտրությունների նման պարտավորություններով:
Կա մի այլ տարբերակ: Տալ ներկա կամ ապագա խորհրդարանին իրավասություն լուծելու այդ խնդիրը, ինչպես որ նախատեսում է կանոնակարգը օրենքների ընդունման դեպքում:
Եթե այս առաջարկը կընդունվի, ապա կարելի է անցկացնել հանրաքվե երկու հարցովՙ
ա. Համաձայն ե՞ք, որ Հայաստանի Հանրապետության նախագահը ստանա իրավասություն որոշելու, թե ինչ կառավարման համակարգ է անհրաժեշտ մեր երկրին:
բ. Համաձայն ե՞ք, որ Հայաստանի Հանրապետության խորհրդարանը ստանա իրավասություն որոշելու, թե ինչ կառավարման համակարգ է անհրաժեշտ մեր երկրին:
Այսքանը: Նման հարցերի դեպքում ընտրողը շատ ավելի ընդունակ կլինի հասկանալ խնդիրը եւ կատարել պատասխանատու ընտրություն:
Սակայն, եթե լինի հանրաքվե այնպեսՙ ինչպես որ հայտարարվել է, ապա անհրաժեշտություն կա, որ քաղաքական ուժերը, հասարակական կազմակերպությունները եւ լրատվամիջոցները օգնեն քաղաքացիներին հասկանալու, թե ինչի մասին է խոսքը:
Եվ այսպիսով:
Ընթերցողին առաջարկում եմ դեպքերի հնարավոր սցենարների ցանկը եւ այն, թե ինչ հաջողությամբ այս կամ այն կառավարման համակարգը կարող է լուծել այդ խնդիրները: Անշուշտ, գնահատականները ես տալիս եմ այնպես, ինչպես ենթադրում եւ առաջարկում եմ ընթերցողին սեփական պատասխաններ գրանցել: Սակայն կարեւորն այն է, որ այդ սցենարների քննարկումը կարող է օգնել ընտրողներին ավելի լավ ծանոթանալու խնդրի էությանը:
1. Երկրի ղեկավարի ընտրության ժամանակ ժողովրդավարության աստիճանըՙ
Նախագահականՙ բարձր
Խորհրդարանականՙ ցածր
Հասկանալի է, որ երկրի ղեկավարի անմիջական ընտրությունները ավելի բարձր ժողովրդավարության մասին են խոսում եւ ընտրությունը քաղաքացու համար լինում է հասկանալի եւ պատասխանատու:
2. Ո՞ր համակարգն է ընդունակ ապահովելու գործադիր մարմինների ավելի արդյունավետ աշխատանքըՙ
Նախագահականՙ բարձր
Խորհրդարանականՙ ցածր
Կարծում եմ, որ նախագահական կառավարման մոդելը ունի ավտորիտարիզմի ավելի բարձրաստիճան եւ գործադիր մարմինները ավելի են պարտադրված ճիշտ եւ ժամանակին կատարելու սեփական պարտականությունները:
3. Ո՞ր համակարգն է ընդունակ ապահովելու օրենսդիր մարմինների ավելի արդյունավետ աշխատանքըՙ
Նախագահականՙ ցածր
Խորհրդարանականՙ բարձր
Կարծում եմ, որ նախագահական կառավարումը մշտապես ունի հակասություններ խորհրդարանի քաղաքական ուժերի հետ եւ, համապատասխանաբար, շահագրգռված է պարտադրելու իշխող քաղաքական ուժերին համագործակցել, իսկ ընդիմադիրներին զրկել արդյունավետ պայքարի հնարավորություններից:
Խորհրդարանական համակարգը ապահովում է իշխող կուսակցության անկաշկանդ գործունեությունը, ինչպես նաեւ այնքան էլ շահագրգռված չէ ճնշելու ընդդիմությանը, քանի որ ինքն էլ կարող է լինել ընդդիմություն:
4. Ո՞ր համակարգն է ընդունակ ապահովելու երկրում քաղաքական կայունությունՙ
Նախագահականՙ ցածր
Խորհրդարանականՙ բարձր
Բնական է, որ նախագահական համակարգը մշտապես հիմք է տալիս ընդդիմությանը բարձրացնելու քաղաքական ջերմաստիճանը: Նման պայմաններում կայունությունը նվազում է ընդդիմության պայքարի հնարավորությունների նվազմանը զուգահեռ:
5. Ո՞ր համակարգն է ընդունակ ընդդիմանալու կոռուպցիայինՙ
Նախագահականՙ ցածր
Խորհրդարանականՙ ցածր
Կարծում եմ, որ կոռուպցիան ինքնին ունի հատկություն լավագույնս հարմարվելու տարբեր համակարգերին, եւ այստեղ ավելի կարեւոր է ժողովրդի իրական բարոյական ու քաղաքակրթական հատկանիշները այդ երեւույթի նկատմամբ, քան կառավարման համակարգի արդյունավետությունը:
6. Ո՞ր համակարգն է ընդունակ արդյունավետ իրականացնել իր առջեւ կանգնած խնդիրները, եթե երկրում սկսվեն օրինական եւ ժողովրդավարական զանգվածային բողոքներՙ
Նախագահականՙ ցածր
Խորհրդարանականՙ բարձր
Ակնհայտ է, որ խորհրդարանական կառավարման համակարգը ավելի հարմար է արձագանքելու օրենքին եւ ժողովրդավարությանը չհակասող զանգվածային բողոքները հանդուրժելու տեսակետից: Անշուշտ, իշխանական կոալիցիաները կկորցնեն կայունությունը, եթե փորձեն գործել անազնիվ եւ չհարգեն ժողովրդի օրինական եւ արդարացի բողոքները:
7. Ո՞ր համակարգն է ընդունակ արդյունավետ իրականացնել իր առջեւ կանգնած խնդիրները, եթե երկրում սկսվի ոչ օրինական եւ ոչ ժողովրդավարական զանգվածային բողոքները եւ բռնություններըՙ
Նախագահականՙ բարձր
Խորհրդարանականՙ ցածր
Եթե երկրում սկսվեն զանգվածային ոչ օրինական եւ ոչ էլ ժողովրդավարական գործընթացներ, ապա խորհրդարանական կառավարման պարագայում իշխող քաղաքական կոալիցիան եւս կարող է կորցնել իր սեփական կայունությունը եւ դա կարող է բերել երկրի կառավարման ճգնաժամի: Իհարկե դա շատ վտանգավոր է եւ այս սցենարի պարագայում նախագահական կառավարման համակարգը ունի անշուշտ շահեկան հատկություններ:
8. Ո՞ր համակարգի պայմաններում է հնարավոր ավելի հեշտ օրինական եւ ժողովրդավարական ճանապարհով պաշտոնազրկել երկրի ղեկավարինՙ
Նախագահականՙ ցածր
Խորհրդարանականՙ բարձր
Իհարկե խորհրդարանական կառավարման համակարգը ավելի շուտ է արձագանքում սեփական ընտրողների պահանջներին: Իսկ նախագահական համակարգը, մեր իսկ պատմության վկայությամբ, կարող է ղեկավարին պաշտոնազրկել միայն հեղաշրջման ճանապարհով:
9. Ո՞ր համակարգի պայմաններում է հնարավոր ավելի հեշտ ոչ օրինական եւ ոչ էլ ժողովրդավարական ճանապարհով պաշտոնազրկել երկրի ղեկավարինՙ
Նախագահականՙ ցածր
Խորհրդարանականՙ բարձր
Ոչ օրինական եւ ոչ էլ ժողովրդավարական իշխանափոխությանը բոլոր երկրներում ավելի հեշտ է ընդդիմանում նախագահական կառավարման համակարգը: Նման դեպքերում խորհրդարանական համակարգը որպես օրենք չի կարողանում իրեն պաշտպանել, եթե իհարկե այդ երկրի հանրությունը ինքը չկանգնի ի պաշտպանություն իր խորհրդարանին: Սակայն նման սցենարը շատ քիչ է հավանական:
10. Ո՞ր համակարգի պայմաններում է հնարավոր լուծել Լեռնային Ղարաբաղի խնդիրըՙ
Նախագահականՙ բարձր
Խորհրդարանականՙ ցածր
Կարծես թե Լեռնային Ղարաբաղի պարագայում ուզենք թե չուզենք լինելու են փոխզիջումներ: Նման զարգացումները ավելի հեշտ է հաղթահարել, եթե երկրում գործում է նախագահական կառավարման համակարգ: Եվ ավելի հեշտ է, եթե նախագահը ինչ-ինչ եղանակով վերահսկում է խորհրդարանը:
Ենթադրում եմ, որ խորհրդարանական կառավարման համակարգի պարագայում փոխզիջումների ճանապարհը կարող է դառնալ անանցանելի, եթե իհարկե այդ խորհրդարանական համակարգը իրականում քողարկված նախագահական չէ:
11. Ո՞ր համակարգի պայմաններում է հնարավոր ապահովել երկրի տնտեսական իրական առաջընթացը
Նախագահականՙ բարձր
Խորհրդարանականՙ ցածր
Կարծում եմ, որ Հայաստանի համար խոսել իրական տնտեսական իսկական առաջընթացի մասին կարելի է միայն Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծումից հետո: Համապատասխանաբարՙ նախագահական կառավարման համակարգը ունի ավելի մեծ հնարավորություններ:
12. Ո՞ր համակարգի պայմաններում է հնարավոր ապահովել տարածաշրջանային կայունություն եւ խաղաղությունՙ
Նախագահականՙ բարձր
Խորհրդարանականՙ ցածր
Կարծում եմ, որ Հայաստանի համար խոսել տարածաշրջանային կայունության եւ խաղաղության մասին կարելի է միայն Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծումից հետո: Համապատասխանաբարՙ նախագահական կառավարման համակարգը ունի ավելի մեծ հնարավորություններ:
13. Ո՞ր համակարգի պայմաններում է հնարավոր ՀՀ անկախության մասնակի կորուստՙ
Նախագահականՙ բարձր
Խորհրդարանականՙ ցածր
Համոզված եմ, որ խորհրդարանական կառավարման համակարգը ավելի է պաշտպանված եւ ավելի հետեւողականորեն կարող է պաշտպանելու Հայաստանի անկախությունը: Նույնիսկ, եթե դրա պատճառով մենք չենք ունենալու տարածաշրջանային կայունություն եւ տնտեսական էական զարգացում:
***
Ուզում եմ վերջում ասել, որ չէի ցանկանա, որ այս հարցերը եւ դրանց պատասխանները ընկալվեին որպես քողարկված հարազրույց ինքս ինձ հետ: Ավելի լավ կլինի, որ այս հարցերին պատասխանեն հնարավորինս ավելի շատ անձինք եւ միգուցե իրենց պատասխանները ներկայացնեն «ԱԶԳ» շաբաթաթերթին ապագա քննարկումների համար:
Բոլոր պարագաներում, անհրաժեշտ է հասկանալ, որ մեր երկիրը գտնվում է պատմական շատ բարդ եւ վտանգավոր փուլում: Եվ արդյոք ճի՞շտ է փորձությունների ճանապարհը բռնել, թե՞ ավելի լավ կլինի առողջ պահպանողականություն դրսեւորել:
Չէ՞ որ կա եւ մի այլ տարբերակ:
Անցկացվում է հանրաքվե: Հայտարարվում է, որ Հայաստանում լինելու է խորհրդարանական կառավարման համակարգ, սակայն կառավարման իրական լծակները կմնան Սահմանադրությամբ չնախատեսված քաղաքական եւ պետական կառույցների մոտ: Եվ դա կարվի այն պարզ պատճառով, որ երկրի գործող ղեկավարները կհասկանան, որ այս վտանգավոր եւ բարդ ժամանակաշրջանում հանցանք կլինի գնալ քաղաքական մոդաների եւ լոժաների հետեւից եւ վտանգել մեր Հայրենիքը:
Կարող ենք գնալ Սահմանադրական բարեփոխումների եւ արդյունքում ստանալ անկայուն քաղաքական մթնոլորտ, ժողովրդավարության անկում եւ պետականության ու անկախության նվազում:
Վերջ ի վերջո, մեր ժողովրդի պատմության դառը փորձից գիտենք, որ երբ «շատ դարեր առաջ, հին Հայաստանում» բազմաթիվ նախարարներ «աշխատանք» էին տանում մտցնել «խորհրդարանական կառավարման համակարգ» եւ նվազեցնել Հայաստանի թագավորի «նախագահական» իրավասությունները եւ հնարավորությունները (չէ՞ որ իրենք եւս միայն բարին էին ցանկանում Հայաստանին), ապա ՄԻՇՏ (կրկնում եմ` ՄԻՇՏ) Հայաստանը դառնում էր թիրախ կամ պարսիկների, կամ Բյուզանդիայի, կամ արաբների, կամ այլ կորած-մոլորած բարբարոս ցեղերի:
Կամ ինչի՞ գնանք պատմության խորքերը: Մեր իսկ առաջին Հանրապետության պատմությունը ոչ մի խորհուրդ չի՞ տալիս: Առաջին Հանրապետությունում գործում էր խորհրդարանական կառավարման համակարգ: Այդ հանրապետությունը կործանվեց: Եվ դրանում իր հստակ տեղը ուներ անարդյունավետ «խորհդարանական» կառավարման համակարգը:
Կասեք օրինակները տեղին չե՞ն: Միգուցե իրավացի եք: Դե եւս մեկ անգամ եկեք Հայաստանի համար ծանր ժամանակաշրջանում նման հետաքրքրական փորձություն կազմակերպենք:
30 օգոստոսի 2014թ.