Օպերային դիվա Վերոնիկա Ջիոևան «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական 24-րդ փառատոնի հրավերով ելույթ կունենան մայիսի 16-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում։
Օպերային երգչուհուն կնվագակցի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբը (գլխավոր դիրիժոր` Սերգեյ Սմբատյան)։
Կհնչեն արիաներ Ջուզեպպե Վերդիի «Աիդա», «Ճակատագրի ուժը» «Տրավիատա», Պյոտր Չայկովսկու «Տատյանայի նամակի տեսարանը» «Եվգենի Օնեգին» Սերգեյ Ռախմանինովի «Ալեկո», Պիետրո Մասկանիի «Ընկեր Ֆրիցը» օպերաներից։
Երաժշտական քննադատները Վերոնիկա Ջիոևային անվանում են «Օպերային դիվա», «Աստվածատուր ձայնով օժտված երգչուհի», որն իր ներդաշնակ և խարիզմատիկ երգեցողությամբ պարզապես կախարդում է հանդիսատեսին։
Անզուգական ձայնի և արտիստականության շնորհիվ 2022 թ. Ցյուրիխում բեմադրված Վերդիի «Մակբեթ» օպերայում Լեդի Մակբեթի դերում նրա դեբյուտը երաժշտական քննադատները «սենսացիա» են անվանել:
Լինելով Ռուսաստանի «Մեծ թատրոնի», «Մարիինյան» և Միխայլովսկու թատրոնների հրավիրյալ մեներգչուհի՝ Վերոնիկա Ջիոևան ելույթներ է ունենում Վերոնայի ֆիլհարմոնիկ, Մադրիդի թագավորական, Ժնևի Մեծ և Բրյուսելի «La Monnaie» թատրոնների, Համբուրգի պետական, Ցյուրիխի, Ֆինլանդիայի ազգային և այլ օպերաների հետ: Վերոնիկա Ջիոևան համագործակցում է նաև այնպիսի դիրիժորների հետ, ինչպիսիք են Մարիս Յանսոնսը, Վալերի Գերգիևը, Թրևոր Պիննոքը, Ինգո Մեցմախերը, Հարթմուտ Հենչենը, Ռոդիոն Շչեդրինը, Սիմոնե Յանգը, Պիտեր Սելլարս, Պակո Ազորին և ուրիշներ։