«Այսօր մեր կյանքում միմյանց հանդեպ ամենամեծ խնդիրն անվստահությունն է բոլոր առումներով, ընդհուպ մինչև ընտանիք»- «Բեկում. 2018-2023թթ. Հայաստանը ջրբաժանի առաջ» համաերիտասարդական ֆորումում ասաց Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը։
«Բոլորի մասին է խոսքը, բնականաբար, առաջին հերթին նրանց, ովքեր պատասխանատու են մեր կյանքի՝ լինի քաղաքական, վարչական իմաստով, բոլոր առումներով։ Յուրաքանչյուր մարդ մեր կյանքում այս կամ այն պատճառով մեղքի ծանրության տակ է գտնվում անկախ նրանից՝ որքան կզգա դա։
Մեղքի մեջ գտնվող ժողովուրդը չի կարող ունենալ շեն երկիր։ Ասում է Տեր Աստված՝ քո երկիրը լքված ու ավերակ կլինի, եթե դու չկարողանաս հրաժարվել առաջին հերթին ինքնաարդարացումից, գործածի համար պատասխան տալու քաջություն ունենաս»,- ասաց Տավուշի թեմի առաջնորդը։
Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի խոսքով, մեր այսօրվա կյանքը, գոնե իր համար, գողացված ուրախության, գողացված պատվի ժամանակաշրջան է։
«Տաճարը պետք է հաղթի փողոցին, այսինքն՝ այն բարքերին, որոնք գոյություն ունեն մեր կյանքում։ Այո, Հոգևոր Հայաստանը պետք է հաղթի նոր Հայաստանին, սա պետք է լինի մեր նշանաբանը»,- ընդգծեց Սրբազանը։