ՀԱՄԼԵՏ ԴԱՎԹՅԱՆ
Լոռիՙ Գուգարք, Ախթալաՙ Պղնձահանք, Ալավերդիՙ Կյուրիկյան
Մարդու համար ծնողից ու հայրենիքից զատ` թանկ են նաեւ ծնողից ժառանգած ազգանունն ու հայրենիքի հատկապես այն անկյունը, որտեղ նրա արմատներն են: Ավելին` ազգանունն էլ, փոքր հայրենիքի անվանումն էլ այն սրբություններից են, որոնք ընդունվում են այնպես, ինչպես կան եւ, ըստ ամենայնի, ենթակա չեն փոփոխության: Բայց արդյո՞ք նույն մոտեցումը պետք է ունենանք նաեւ այն դեպքում, երբ մեզ փոխանցված անվանումներն իրենց տեսքն ստացել են օտարի, առավել եւս` թշնամու թելադրանքով կամ աղավաղումով, եւ հիմա մենք, անտեսելով այս կարեւոր հանգամանքը, սոսկ սովորույթի ուժով շարունակում ենք դրանց հավատարիմ մնալ ու նույնությամբ գործածել: Որքանո՞վ է արդարացված նման վերաբերմունքը: Մեզ համար հայրենասիրության բարձրագույն դրսեւորումներից մեկը հայոց լեզուն անաղարտ պահելն ու այդ վիճակով այն հաջորդ սերունդներին փոխանցելն է: Ցավոք, կյանքը ցույց է տալիս, որ հաճախ հայրենիքում թե հայրենիքից դուրս, լեզվի պահպանության պարտադիր պայմանը գիտակցելով անգամ, հիմնականում բավարարվում ենք մայրենի լեզվով ազգակիցների հետ հաղորդակցվելով, ամենեւին հաշիվ չտալով ինքներս մեզ, որ աշխարհին իբրեւ երկիր ու հարուստ պատմություն ունեցող ժողովուրդ ներկայանալու համար դա քիչ է, ավելի ճիշտ` դա ոչինչ չի նշանակում: Աշխարհի համար ամենեւին կարեւոր չէ, թե դու քո տանն ինչ լեզվով ես խոսում, աշխարհի համար կարեւոր է, թե դու քո տանը, գյուղին, քաղաքին, գետին, սարին, վերջապես, քո ցեղին, տոհմին ինչ անուն ես տալիս, ինչպես ես մեծարում, նրանց ուրիշին ինչ անունով ես ծանոթացնում ու ճանաչ դարձնում:
Խոստովանենք, որ այս առումով մեր վիճակը պարզապես անմխիթարական է: Ընդ որում` անհասկանալիորեն անմխիթարական, քանզի ամեն ինչ մեզանից է կախված: Իսկ մենք շատ քիչ բան ենք անում այդ ուղղությամբ: Պատճառներն անշուշտ կարող ենք բացատրել պատմական հանգամանքների դասավորվածությամբ, բայց դրանից ոչինչ չի փոխվի, կամ թե` մեր մտահոգությունները չեն վերանա: Ի վերջո, անձնանունների եւ տեղանունների հայացման անհրաժեշտությունն այսօր ոչ այնքան ինքնամաքրման հարց է, որքան որ ինքնապաշտպանական շարունակվող պայքարի միջոց: Մեր հարեւաններն իրենց ագրեսիվությամբ ու հավակնոտությամբ թույլ չեն տալիս մոռանալ, որ մենք` որպես ժողովուրդ` ոչ միայն անասելի մեծ տարածքային կորուստներ ունենք, այլեւ իրենք էլ չեն բավարարվում մեզանից խլածով ու պատեհ-անպատեհ առիթներով պահանջ են ներկայացնում Հայոց պետականության մաս կազմող տարածքների նկատմամբ: Իսկ նրանց «հիմնավորումներն» առավել քան զավեշտական են, իբր` այդ տարածքներում թուրքերեն կամ վրացերեն տեղանուններ ու ջրանուններ կան: Միանգամայն հասկանալի է, որ թերթային հոդվածի շրջանակներում անիմաստ է նրանց հետ բանավեճ բացել, փոխարենը, սակայն, պարտավոր ենք մեզ համար չափազանց կարեւոր ու խիստ հրատապ մի հարց բարձրացնել: Այն է` վերականգնել խեղաթյուրված, այլանդակված ու իմաստափոխված հայկական տեղանունները: Դա արդեն միայն եւ միայն մեզանից է կախված, եւ այս գործում ոչ ոք չի կարող մեզ խանգարել, որովհետեւ փոփոխությունները կատարելու ենք մեր իսկ տան մեջ:
Անշուշտ, այստեղ չենք կարող անդրադառնալ այն հարյուրավոր տեղանուններին (պաշտոնական տվյալների համաձայն` այդպիսիք ընդհանուրի 60 %-ն են կազմում), որոնց փոխելը հիրավի կենսական անհրաժեշտություն, կարելի է ասել` նույնիսկ ազգային արժանապատվության խնդիր է դարձել, բայց ահա երեք տեղանուն հատուկ կշեշտենք, ավելացնելով, որ դրանց փոխելը խիստ պարտադիր է, հրատապ եւ հնարավոր: Այդ տեղանուններն են` Լոռու մարզ, Ալավերդի քաղաք եւ Ախթալա քաղաք: Բերենք մեր փաստարկները, թե ինչու ենք առաջարկում փոխել հայ մարդու լսողությանն այդքան ծանոթ քաղաքանունները, ավելին` նաեւ վաղուց հոգեհարազատ դարձած մարզի անունը:
ԼՈՌՈՒ ՄԱՐԶ: ՀՀ մարզերի անունները հիմնականում համապատասխանում են հայոց այն երկրների, գավառների ու աշխարհների պատմական անուններին, որոնց տարածքները նրանք ներկայումս այս կամ այն չափով զբաղեցնում են (հասկանալի է, որ Այրարատ աշխարհի Արարատյան դաշտն ընդգրկող Արարատի եւ Արմավիրի մարզերի պարագայում նույն սկզբունքը չէր կարող գործել): Բացառություն է Լոռու մարզը: Բանն այն է, որ մենք հիշյալ անունով պատմական երկրանուն երբեք չենք ունեցել: Իբրեւ ապացույց` բացենք Անանիա Շիրակացու «Աշխարհացոյցը», որտեղ ամենայն մանրամասնությամբ ու ճշգրտությամբ նկարագրված են Մեծ Հայքի բոլոր 15 նահանգները: Այնտեղ Լոռի անունով նահանգ կամ գավառ չկա: Կա Գուգարք, Գուգարաց աշխարհ, նրա մասը կազմող Տաշիր գավառ: Իսկ Լոռին (Լոռե) բերդն էր, բերդաքաղաքը, որը գտնվում էր Տաշիր գավառում:
Արդ, ուրեմն, ինչպե՞ս եղավ, որ քաղաքանունը ծածկեց նահանգի անունը, գրավեց նրա տեղը` փոքր միավորը կուլ տվեց մեծ միավորին: Պարզվում է` դա առանց օտարի շահադիտական միջամտության չի եղել: Տարօրինակ կարող է հնչել, բայց փաստ է, որ Լոռի-Տաշիր տեղանունը հայկական չէ` վրացական է: Հայկականը առանձին-առանձին Լոռի բերդի ու բերդաքաղաքի անունն է, եւ Մեծ Հայքի Գուգարք նահանգի Տաշիր գավառի անունն է: Քարթվելները, լինելով փոքրաթիվ ժողովուրդ եւ, բնականաբար, ոչ մեծ երկրի տեր, սովոր էին աշխարհը մոդելավորել միայն փոքրաչափ տարածքային միավորներով: Սկզբունքը հետեւյալն էր` քիչ թե շատ խոշոր բնակավայրն իր շրջակա հողերով արդեն առանձին երկիր էր: Եթե նկատի ունենանք կոլխերին, կախերին, կուխերին, սվաններին, մեգրելներին եւ մյուսներին, ապա, իսկապես, շրջապատն ասես ինքն էր հուշում նման պատկերացումը աշխարհի վերաբերյալ: Բագրատունյաց թագավորության վերացումից հետո քարթվելները նույն մոդելը փոխադրեցին հայկական տարածքների վրա, գրելով, օրինակ` Ալաշկերտի երկիր, Երզնկայի երկիր եւ այլն:
Այսպիսով, մի կողմից Հայաստանը նրանց համար բավականին մեծ երկիր էր, որպեսզի կարողանային մեկ ամբողջություն ընկալել, մյուս կողմից, սակայն, կանխամտածված կերպով այն մասնատում էին իրենց պատկերացումների մեջ, որպեսզի հեշտ լիներ ժամանակի ընթացքում նրանից մեծ կամ փոքր հողատարածքներ յուրացնելը: Դեռ հնուց այդպես բյուզանդացիներն էին գործում: Այս պրակտիկան հատկապես տարածում գտավ Տաշիր-Ձորագետի թագավորությունն իրենց բռնակցելուց հետո: Այնտեղ նրանք, ի զորու չլինելով ժողովրդագրական փոփոխություններ կատարել, տեղագրական-տեղանվանական փոփոխություններ կատարեցին: Գուգարքը կոնկրետ սահմաններ, կոնկրետ ժողովուրդ ուներ, Լոռին չուներ նման կոնկրետություն: Լոռին` Լոռե բերդն է իր շրջակայքով, իսկ թե որքան է այդ շրջակայքը` հայտնի չէ: Եվ վրացի պատմաբանները, բնակավայրի անունը կցելով գավառի անվանը, հորինեցին Լոռե-Տաշիրի տեղանունը, այնուհետեւ վրացական երանգ տալով վրացացրին` ինչ է թե մի որոշ շրջան տարածքը վրաց վարչական ենթակայության տակ է եղել, այժմ էլ փորձում են նաեւ դրա հիման վրա պատմական պահանջ ձեւակերպել: Նրանք ասում են` բուն վրացական տարածքներ Լոռե եւ Տաշիրի, որոնք Հարավային Վրաստանի` Քվեմո Քարթլիի մի մասն են, սակայն ներկայումս գտնվում են Հայաստանի Հանրապետության կազմում (տե՛ս Թբիլիսիի պետհամալսարանի հրատարակած «Վրաստանի պատմությունը»): Սա, իհարկե, պատմական անգրագիտություն չէ եւ ոչ էլ ինքնածաղր, այլ սառը հաշվարկ է. այսօր հայտարարում են, իսկ վաղը կարող են եւ պահանջել` նայած քաղաքական դրությանը:
Բայց մեզ հիմա վրացական այս անհիմն հավակնությունները չեն անհանգստացնում, այլ այն, որ անպայման պետք է վերականգնել պատմական ճշմարտությունը, մաքրել մեր ազգային հիշողությունը, հարգել մեր նախնիների հիշատակները, տեր կանգնել մեր ժառանգությանը: Եվ առաջին հերթին մեզ համար, որովհետեւ Լոռին փոքրացնում է մեր հայրենիքի իրական սահմանները, կրճատում մեր հորիզոնը, ավելին` հարեւանի հետ խնդիրն արծարծելիս մեզ անընդհատ պաշտպանական դիրքերում է պահում, իսկ Գուգարք անունն ամբողջական պատկերացում է տալիս մեր հայրենիքի հյուսիսային պատվարի` հայոց լայնատարած, հզոր ու չքնաղագեղ աշխարհի մասին, ուժ ու ավյուն հաղորդում հային: Աներկբայորեն հարկավոր է վերականգնել Գուգարք անունը (ի դեպ, սովետական տարիներին Լոռու շրջան չկար, կար Գուգարքի շրջան, իսկ Հայաստանյայց եկեղեցու համապատասխան թեմն այսօր կոչվում է Գուգարքի թեմ): Ըստ այդմ` Հայաստանի Հանրապետության մարզի անունը պետք է լինի ոչ թե Լոռու, այլ Գուգարքի մարզ:
ԱԽԹԱԼԱ ՔԱՂԱՔ: Այս քաղաքանվան անհեթեթությունն իր ողջ «հմայքով» ներկայացնելու համար, կարծում ենք, բավական է միայն բառարանային բացատրությունը մեջբերել. «Ախթալա թուրքերեն նշանակում է «սպիտակ բացատ» («աղ+թալա»): Այսպես է ստուգաբանվում որպես թե տեղի հանքաքարի սպիտակության պատճառով»: Ինչպես ասում են` մեկնաբանություններն ավելորդ են: Անիմաստ է ստացած տպավորությունը խորացնել, պետք է պարզապես առաջացած մեծ բիծը մաքրել: Կողմնորոշվելու համար նշենք միայն, որ այդ անունը հիշատակվում է XVIII դ. սկսած, իսկ միջնադարում բնակավայրն անվանվել է Պղնձահանքեր:
Ինքներս մեզ հաշիվ տանք` անհիշելի ժամանակներից այստեղ հայն է ապրել, այն Մեծ Հայքի բդեշխության, Բագրատունիների թագավորության, Զաքարյանների իշխանապետության ամուր հենակետերից մեկն է եղել, այստեղ հայկական ամրոց ու եկեղեցի է կառուցվել, հայ վանականը հունարենից թարգմանություններ է կատարել ու ստորագրել` Սիմեոն Պղնձահանեցի, որ հիմա շարունակենք բնակավայրը թուրքերե՞ն կոչել, անունը քարտեզի վրա ի լուր աշխարհի թուրքաբա՞ր գրել: Ո՞ւմ ամոթանք տանք դրա համար` թուրքերի՞ն, որ թուրքացրել են անունը, թե՞ մեզ, որ շարունակում ենք հնչեցնել ու բազմացնել թուրքացրածը: Մենք նրանցից հայրենի՞ք ենք պաշտպանում, թե՞ առանձին մի խնամքով նրանց հետքերն ենք պահպանում մեր հողի վրա: Անհապաղ եւ առանց երկմտանքի հարկ է վերանվանել հայկական բնակավայրը, վերականգնել Պղնձահանք կամ Պղնձահանքեր (որ տարբերակը հարմար կգտնենք) անունը:
ԱԼԱՎԵՐԴԻ ՔԱՂԱՔ: Այս մի անունն իր տարօրինակությամբ գերազանցում է նախորդ երկուսին: Ավելին` այն պարզապես եղկելի է: Չենք հորինում` կարդում ենք. «- (Արնաթաթախ Ալլահվերդի) գյուղի անունը վկայում է, որ հիմնադիրը եղել է իրեն սպանությամբ պղծած եւ արյան վրեժից խույս տալու համար այստեղ փախած ոմն Ալլահվերդի» (հեղինակ` ռուս հետազոտող Ի. Շոպեն, գրել է 1852 թ.): Հայ մասնագետներն էլ չեն առարկում, որ իսկապես քաղաքն «Ալավերդի է կոչվել 17-րդ դ. բորչալու կոչված քոչվոր ցեղի ցեղապետներից մեկի` Ալլահվերդու անունով» (տե՛ս Հայաստանի եւ հարակից շրջանների տեղանունների բառարան): Հիմա`մի երկու հարյուր տարի առաջ ինչ եղել` եղել է մենք մեր երկրի տերը չէինք` ամեն ավազակ ինչ ուզենար կաներ բայց այսօր բերանն արնոտ մարդակերի անունը մե՞նք պիտի սուրբ-սուրբ պահենք, ավելին` ալավերդցի կոչվելով ակամայից այդ ավազակի հետեւորդն ու ժառա՞նգը համարվենք:
Թուրքի հիմնած փախստավայրից ոչինչ չի մնացել, իսկ հանգամանքների բերումով նույն տեղում կառուցված հունա-հայկական բնակավայրը դեռեւս 1939 թ. քաղաքի կարգավիճակ է ստացել: Եվ չնայած այդ երկու բնակավայրերը միմյանց հետ գենետիկ ոչ մի կապ չունեին, բայց չգիտես ինչու` ժողովուրդների բարեկամության դրոշի տակ կանգնած հայ կոմունիստները որոշեցին քաղաքն անվանել «եղբայր» ժողովրդի «հերոս» ներկայացուցչի անունով, թերեւս ոգեւորված, որ Բորչալուի թուրքերն էլ թույլ էին տվել, որ իրենց ամենամեծ բնակավայր Շուլավերը (ի դեպ` հայկական) վերակոչվի Շահումյան: Չենք բացառում, որ հայկական կողմի համար ականավոր հեղափոխականի ու ավազակապետի միջեւ դրված հավասարության նշանը պարտադրված քայլ էր, բայց այսօր արդեն դա ոչինչ չի նշանակում: Արնախում թուրքի անունը պետք է հանվի մեր գեղեցիկ ու աշխատավորական քաղաքի վրայից:
Իհարկե, քաղաքի անվանափոխության հարցն առաջին անգամ մենք չենք բարձրացնում, բայց, ինչպես գիտենք, նախորդ փորձերն իրենց ավարտին չեն հասել, որովհետեւ համապատասխան անուն չի գտնվել: Եվ, իսկապես, ի՞նչ անուն տալ քաղաքին. հինը չկա, իսկ առաջարկված նոր անուններն էլ կարծես ժողովրդի սրտով չեն լինում: Այնուամենայնիվ, ուրիշ ճանապարհ չկա, մենք պիտի այնքան ժամանակ առաջարկություններ անենք, մինչեւ ընդհանուր (կամ գոնե շատերի) հավանությանն արժանացող մի անուն գտնենք: Այդ իսկ պարտավորությամբ ենք հիմա առաջարկում, որ քաղաքն անվանակոչենք ԿՅՈՒՐԻԿՅԱՆ: Անսովո՞ր է: Կարծում ենք` առաջին հայացքից միայն: Փորձենք հիմնավորել առաջարկությունը. ա) հնչածը սոսկ ազգանուն չէ` թագավորական հարստության անուն է, եւ ժամանակն է վերջապես, որ մեր թագակիրները, թեկուզ հարյուրամյակներ անց, հարգանք ու պատիվ ստանան մեզանից: Հիշենք միշտ, որ մենք ոչ թե ավազակապետերի ու ցեղապետերի կողմից առաջնորդվող ժողովուրդ ենք եղել, այլ թագավորներ ենք ունեցել: Ուրեմն` վերականգնենք այս գիտակցությունը, եւ մեր երկրին էլ կսկսենք ուրիշ աչքով նայել; բ) Կյուրիկյանները Տաշիր-Ձորագետի թագավորներն էին, եւ արժանի են, որ Գուգարաց աշխարհի հենց այդ անկյունում հավերժացվի նրանց անունը; գ) ազգանունով կամ տոհմանունով բնակավայր կոչելն ամենեւին անծանոթ չէ մեզ: Թվարկենք ներկայիս մեր քաղաքների ու գյուղերի նմանատիպ անուններից մի քանիսը` Աբովյան, Թումանյան, Իսահակյան, Նալբանդյան, Պռոշյան, Բաղրամյան, Մյասնիկյան, Շահումյան, մինչեւ անգամ` Մուսայելյան ու Ղարիբջանյան: Իսկ ինչո՞ւ այս շարքին չավելացնենք ԿՅՈՒՐԻԿՅԱՆ քաղաքանունը: Տեսեք ինչքան հպարտ ու գեղեցիկ է հնչում:
Տեղանունները ինքնության խորհրդանիշներ են, որոնք եթե չենք մաքրում ու կրկին չենք հայացնում, ապա դրանով ինքնաբերաբար աջակցում ենք չարակամ հարեւաններին: Նրանք գրեթե ավարտին հասցնելով իրենց տարածքներում ամեն տեսակի հայկական հետքերի վերացումը, նույնը հավակնում են նաեւ Հայոց պետականությունների զբաղեցրած տարածքների նկատմամբ: Ահա թե ինչու է հայկական տեղանունների պաշտպանությունն ազգային անվտանգության հարց: Մեր տեղանունները մեր սեփականության վկայականներն են: Արդ, ուրեմն, վերականգնենք հայոց ամեն ինչի` սարի, ձորի, գետի, դաշտի, գյուղի, քաղաքի հայկական անունները: Այս առումով մենք հրաշալի օրինակներ ունենք. սովետական տարիներին շատ տարածված Զանգեզուր անունը կարող էր մարզանուն դառնալ, բայց հիմա Սյունիք անունով մարզ ունենք, թյուրքական շամշադին ցեղի անունով շրջան ունեինք, որն արժանիորեն Տավուշի մարզ դարձավ, Սելիմի (եւս մի թուրք ավազակի անուն) լեռնանցքը հանգիստ, առանց ավելորդ քննարկումների դարձավ Վարդենյաց լեռնանցք եւ այլն: Տեղանունը հավերժության ու անմահության նշան է: Ո՞վ է Հայոց աշխարհում հավերժն ու անմահը, եթե ոչ հայը: Կոչենք իրար ու կանգ չառնենք, շարունակենք, անպայման շարունակենք այս հայրենանվեր գործը …
Նկար 1. Լոռի