Առավոտյան աշխատանքի գնալու ժամն էր: Տնից դուրս եկա ու մնացի զարմացած. ավտոմեքենաների երկար շարասյունըՙ Նորք-Մարաշից Արմենակյան փողոցով վարՙ մինչեւ Սարալանջի փողոցի խաչմերուկ, սառած կանգնել էր, մինչ ներքեւից բարձրացող մեքենաների շարքը լրիվ դատարկ էր: Վարորդներըՙ ոմանք ջղային, իսկ շատեր հանդուրժող-համակերպվածի դեմքերով, ծխում էին կամ խոսում բջջային հեռախոսներով եւ սպասում: Արմենակյան փողոցի վրա խցանումները հաճախադեպ չեն, թեեւ երբեմն լինում է մեքենաների «սողացող» ընթացք: Հաստա՛տ վթար է պատահել ներքեւում:
Եվ իրոք, 40 րոպեից մի քիչ ավել սպասելուց հետո մեր շարասյունը շարժվեց, եւ հենց հիշյալ խաչմերուկի վրա, երկու ավտոմեքենաներ առավոտյան «համբույր» էին տվել միմյանց եւ ՃՏՈ-ի (Ճանապարհատրանսպորտային ոստիկանություն, կամ ընթացիկ եւ առավել հասկանալի արտահայտությամբՙ ԳԱՅ-ին) եւ ԱՊՊԱ-ի (Ավտոտրանսպորտային պատահարների պարտադիր ապահովագրություն) աշխատակիցներին երեւի մի կես ժամ սպասելուց եւ վերջինների չափչփումներին ենթարկվելուց եւ կազմված ակտը ստորագրելուց հետո, այժմ փորձում էին տեղաշարժվել: Ու քանի որ ես էլ զուրկ չեմ երեւանցի վարորդների հետաքրքրասիրությունից, նկատեցի, որ պատահարը թեթեւ տեսակից էրՙ մեկի աջ լույսը, մյուսի կողային դուռն էր վնասվել:
Սակայն դրանով չավարտվեց շրջանցիկ կամրջով ու թունելով դեպի ներքեւՙ Հերացու փողոց շտապող մեր ավտոմեքենաների ոդիսականի այդ օրվա փայաբաժինը: Բնականաբար: Այս փողոցի վրա, որի երկարությունը հազիվ 300 մետր է, օրվա բոլոր ժամերին 10-20 րոպեանոց խցանումներ են, առնվազնՙ սողացումներ:
Համալսարան հասա կես ժամ ուշացումով: Ուսանողներիցս չորսըՙ նույնպես: Նրանք կուրսի ավագին տեղեկացրել էին խցանումների մեջ «ընկնելու» մասին…
Իսկ քանի՜ տասնյակ հազար երեւանցիներ են ամեն օր «ընկնում» նման խցանումներում, որքա՜ն ուշացումների պատճառով որքա՜ն մարդ է հանդիմանանք ստանում աշխատավայրում, կրթօջախներում, ժամանակ ու ներվեր կորցնում, քանի՜ տոննա ծուխ ու մուր շնչում եւ արտաշնչում, որքա՜ն բենզին ու գազ է ավելորդ սպառվում, որքա՜ն են մաշվումՙ հաճախ դժվարին զոհողություններով ձեռք բերված ավտոմեքենաները…
Չեմ ուզում շարունակել «քանիների», «որքանների», «ինչքանների» շարքը: Այդ պարտականությունը թողնում եմ ՃՏՈ-ի ինքնագոհ շեֆերին եւ ԱՊՊԱ-ների մեծահարուստ պետերին: Անշուշտ թե նրանք հաճախ են լինում արտասահմանյան երկրներում, մասնակցում «փորձի փոխանակում» կոչվող այցերի ու խորհրդակցությունների: Չե՞ն տեսնում, որ աշխարհի մյուս քաղաքներում ինչպես են լուծել այդ եւ հարակից խնդիրները: Հասարակության առողջության ու կենսագործունեության, օդոլորտի աղտոտվածության, երկրի շահերի նկատմամբ նրանց զարմանալի անպատասխանատվությունը վերջ չի՞ ունենալու:
Ինձ զարմացնում են նաեւ մեր քաղաքացիները. տուժելով, տրտնջալով, հանդուրժելով ու համակերպվելով կարելի՞ է լուծել, ավելի ճիշտՙ ստիպել լուծել նման հարցերը: Ո՞ւր են քաղաքացիական մի քանի հաջող նախաձեռնություններով հանդես եկած մեր ինքնաբուխ եւ ինքնածին երիտասարդական շարժումները: Ահա՛ հետապնդման արժանի խնդիր, որը կարելի է լուծել բողոքի տարբեր միջոցառումներով, որոնք, վստահ կարելի է ասել, քաղաքացիների ամենալայն աջակցությունն են վայելելու: