Ադրբեջանցի կեղծ բնապահպանները, որոնք դեկտեմբերի 12-ից փակել էին Լաչինի միջանցքը, ապրիլի 28-ին, ժամը 18։00-ից դադարեցրել են իրենց ակցիան, որը սկսել էին բնապահպանական կեղծ պատրվակներով՝ արգելափակելով ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով:
«Ակտիվիստները» հայտարարել են, որ ակցիայի դադարեցումը ժամանակավոր է, «եթե նրանց պահանջներն ամբողջությամբ չկատարվեն, ակցիան վերսկսելու են»։
Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ Շուշիում Ադրբեջանի նախագահի ներկայացուցիչ Այդին Քերիմովը հանդիպել է, այսպես կոչված, «էկոակտիվիստների» 10 ներկայացուցիչների հետ, և նրանց ասվել է, որ Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետի տեղադրմամբ պայմանավորված՝ նոր իրավիճակ է առաջացել:
Հետևաբար, նրանց առաջարկվել է դադարեցնել ակցիան:
Ադրբեջանի իշխանությունների կողմից հովանավորվող կեղծ բնապահպանները թեմայի շուրջ խորհրդակցություն անցկացնելուց հետո հայտարարել են, որ ապրիլի 28-ին, ժամը 18։00-ից կդադարեցնեն իրենց այսպես կոչված բնապահպանական ակցիան։