Անկասկած, ոմանք տարակուսանքով պիտի ծանոթանան ստորեւ հրապարակվող հաղորդագրությանը: Ութ տասնյակից ավել կուսակցությունների շարքում ի հավելումն ի՞նչ է անելու քաղաքական այս նոր կազմակերպությունը, մյուսներն ի՞նչ են արել, որ այս մեկը ի՛նչ անի:
Նախ հստակեցնենք, որ իբրեւ գաղափարախոսություն ու դավանանք՝ այս կուսակցությունը նոր չէ, այլ՝ հնարմատ, մինչեւ 133 տարի առաջ Վանում ծնունդ առած Արմենական եւ 102 տարի առաջ Պոլսում վերամիավորված Ռամկավար Ազատական կուսակցությունները երկարող արմատներով:
Երկրորդ՝ նորակազմ այս կուսակցությունը չի գալիս որեւէ այլ կազմակերպության տեղն ու դիրքը գրավելու. այդ տեղն ու դիրքը արդեն տեւական ժամանակ, փառասիրական եւ այլ նկրտումների հետեւանքով, թափուր է եւ անգործության մատնված:
Երրորդ՝ այս կազմակերպությունը մերժում է «ընդդեմը» եւ դավանում է «հանունը»: Վասն պետականության եւ ազգի, վասն Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության, Հայկական պահանջատիրության եւ Հայ եկեղեցու միասնության: «Ընդդեմն» արդեն խեղդում է մեզ, սպառել է մեր ուժերը, քայքայել ազգային միասնականությունը, դիմադրողականությունը, ինքնապաշտպանական բնազդն անգամ:
Նորակազմ այս կուսակցությունը, հայրենիքի դժնդակ այս պահին չէր կարող եւ չի կարող անգործ մնալ, հետեւաբար գալիս է իր բաժին պատասխանատվությունը վերցնելու, գալիս է առողջ այլ ուժերի ջանքերին միացնելու իրը, իր պատմական փորձառությունը, մասնագիտական հմտությունն ու սփյուռքյան ներուժը:
Ժամն է պատասխանատվություն ստանձնելու:
Հ.Ա.
#Մամլո հաղորդագրություն
Երեւան
2023թ. ապրիլի 28
Ապրիլի 25-ին Երեւանում կայացավ Հայ ազգային ռամկավար կուսակցության հիմնադիր համագումարը:
Հայ ազգային ռամկավար կուսակցությունը կենտրոնամետ քաղաքական ուժ է, որի գործունեությունը խարսխվում է իրատեսության եւ ողջամտության վրա: Կուսակցույթունը ստեղծվել է հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում եւ նրա շուրջ ստեղծված վտանգավոր կացությունը, ինչպես նաեւ հայ հասարակության ծայրահեղ բեւեռացումն ու միմյանց չհանդուրժող թեւերի բաժանված լինելու իրողությունները:
Կուսակցությունն իր գործունեությունը նպատակաուղղելու է «Մարդու կողքին, մարդու միջոցով եւ մարդու համար» կարգախոսի իրականացմանը եւ քաղաքացիական առողջ հասարակության ձեւավորմանը, մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանությանը:
Հիմնադիր համագումարի ընթացքում հաստատվեց կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմնի՝ վարչության հետեւյալ կազմը՝
1. Վահե Դարբինյան (ԹՄՄ Սոցիալ մշակութային հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ)
2. Հակոբ Ավետիքյան (ԱԶԳ շաբաթաթերթի գլխ.խմբագիր, ՀՊՄՀ դասախոս)
3. Սուրեն Սարգսյան (Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Գիտությունների Ազգային ակադեմիա)
4. Գայանե Մուրադյան (տնտեսագետ, Միացյալ Նահանգների եւ Կանադայի ԹՄՄ հայաստանյան ներկայացուցչության տնօրեն)
5. Արմեն Մանվելյան (Պատմական գիտությունների թեկնածու, ԵՊՀ դասախոս, փորձագետ)
6. Հրայր Կամենդատյան (տնտեսագետ-վերլուծաբան)
7. Անժելա Գրիգորյան (ԱԶԳ շաբաթաթերթի աշխատակից)
Կուսակցության հիմնադիր համագումարի պատվիրակների ձայների մեծամասնությամբ կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմնի նախագահ ընտրվեց Վահե Դարբինյանը, փոխատենապետներ՝ Սուրեն Սարգսյանը եւ Գայանե Մուրադյանը:
Համագումարի ընթացքում ներկայացվեցին կուսակցության նպատակները եւ ծրագիրը:
Կուսակցության նպատակն է՝
– Կառուցել համայն հայությանը միավորող, իրավունքի գերակայությունը, կայուն զարգացումն ու սոցիալական արդարությունն ապահովող ժողովրդավար, տոկուն եւ մրցունակ ինքնիշխան պետություն, որը կհանդիսանա մեր Հայրենիքում հայության անվտանգ, ազատ եւ արժանապատիվ ապրելու երաշխիքը:
– Ամրապնդել Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի միջեւ հաստատուն կապը, բարենպաստ պայմաններ ստեղծել սփյուռքահայության ներուժի, մտավոր եւ ֆինանսական հնարավորությունների համախմբման համար, որի նպատակն է Հայրենիքի անվտանգային, տնտեսական եւ գիտա-տեխնոլոգիական կարողությունների զարգացումն՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության հզորացման եւ Հայրենիք վերադարձի համար անհրաժեշտ նպաստավոր պայմանների ստեղծման:
– Հետապնդել Հայ դատը, Ցեղասպանության միջազգային ճանաչումը:
Մենք կարեւորում ենք խորքային ախտորոշման գործընթացը, որը թույլ կտա վերլուծել անցյալի ու ներկայի այն սխալներն ու վրիպումները, որոնք խարխլել են մեր դիմադրողականությունն ու զարգացումը: Նման հանրային դիսկուրսը թույլ կտա դասեր քաղել եւ, օգտագործելով պետության գործիքակազմը՝ լուծումներ տալ այդ սխալածին խնդիրներին:
Կուսակցության համագումարի ընթացքում սահմանվել են Հայոց պետականության հիմնասյուները եւ արժեքները.
Հայոց պետականության անձեռնմխելի հիմնասյուներն են ՝
Սրբազան Հայրենիքը:
Հայաստանի անկախությունը` 1990 թ. հռչակագրում ամրագրված հիմնադրույթներով:
Արցախի Հանրապետությունը՝ 1991 թ. հռչակագրում ամրագրված դրույթներով:
Հայոց լեզուն:
Հայ Առաքելական եկեղեցին:
Հայոց պետականության հիմնարար արժեքներն են՝
Միասնականություն եւ Հայոց պետականության շուրջ համահայկական ներուժի համախմբում` հիմնված պետության նկատմամբ խորը հավատարմության վրա:
Հայ ինքնության, հայկական պատմական ժառանգության եւ մշակույթի պահպանումը, Հայոց եկեղեցու բացառիկ դերակատարությունը:
Իրավունքի գերակայություն եւ օրենքի անխտրական, անաչառ ու հավասար կիրառումը:
Ապահովել մարտունակ բանակի, ուժային եւ իրավապահ կառույցների հզորացումը՝ որպես Հայրենիքի անվտանգության կարեւորագույն բաղադրիչ:
Ապահովել Արցախահայության ազատ կամարտահայտության, ինքնորոշման եւ անվտանգ ու անկախ ապրելու իրավունքը:
Ամրապնդել Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի միջեւ հաստատուն կապը, բարենպաստ պայմաններ ստեղծել սփյուռքի հայության ներուժի, մտավոր եւ ֆինանսական հնարավորությունների համախմբման համար ի նպաստ Հայաստանի Հանրապետության հզորացման Համագումարն ամփոփվեց նորընտիր ատենապետ Վահե Դարբինյանի շքանշանի շնորհումով Հակոբ Ավետիքյանին՝ ի հարգանս եւ առ ի գնահատանք նրա վաստակի: