Վահան Տերյանը մի բանաստեղծություն ունի, որն ինձ զբաղեցրել է երկար ժամանակ: Ահա այն.
Պետերբուրգ
(Սոնետ)
Մառախուղներ` ծանր ու մռայլ բոլորած,
Ցուրտ կրակներ` ահաբեկ ու դողդոջուն,
Նեւա՜ն, Նեւա՜ն, մի՛շտ դավադիր, չի ննջում,
Վետերը` մութ, օձանման ոլորած:
Եվ պալատներ- արյունաներկ անրջում-
Արքայական- սեւախորհուրդ ու սառած-
Բյուր աչքերը խոժոռ ու չար սեւեռած
Դիվային ինձ ոճիրներ են անրջում:
Ու երկինքն` ամպ, որ հենվել է սեւ գետին,
Հայացքով իր անաստղ, անխինդ ու մռայլ
Նայում է միշտ այնպես ցուրտ ու անայլայլ,
Որ անսփոփ` աչքըդ նետում ես գետին:
Բայց դյութիչ է մղձավանջն այս դժնափայլ,
Որ գրկում է քեզ ահերով իր մթին…
Բանաստեղծությունը գրվել է 1914 թվականին, ունի երկու այլ տարբերակ, որոնք քիչ են տարբերվում վերը բերվածից:
Ինձ շատ է զբաղեցրել բանաստեղծության չորրորդ տողը` «Վետերը` մութ, օձանման ոլորած»:
Երկար ժամանակ ես չէի հասկանում, թե ինչ ասել է «Վետեր»: Բառը թվում էր շատ խորհրդավոր: Տողի սկիզբն է, գրված է գլխատառով: Առաջին քառատողի բոլոր տողերը սկսվում են գոյականներով` առարկաների թվարկումով` «Մառախուղներ…», «Ցուրտ կրակներ…», «Նեւա՜ն, Նեւա՜ն…», «Վետերը…»: Ի՞նչ էր «Վետերը», պետք է խոստովանեմ, որ այն ինձ անհասկանաիլ էր:
Առաջին տպավորությամբ բառը պետք է մատնանշեր Պետերբուրգի հետ կապված, Պետերբուրգ քաղաքը ներկայացնող որեւէ իրակություն: Սա ինձ զբաղեցրել է դեռեւս ուսանողական տարիներից: Նախապես մտածել եմ, որ հնարավոր է, որ «Վետերը» Նեւայի վտակներից մեկն է, կամ թե Նեւայի հետ կապված, Նեւայից սկիզբ առնող որեւէ ջրանցք. չէ՞ որ բառը դրված է «Նեւա» բառից հետո եւ ակնհայտորեն կապվում է Նեւային: Ես ուսումնասիրեցի ողջ Պետերբուրգի քաղաքային հատակագիծը: Նեւա գետը ո՛չ նման անվանումով վտակ ունի, ո՛չ էլ նման անվանումով որեւէ ջրանցք գոյություն ունի: Հետո մտածել եմ, որ դա որեւէ նրբանցքի անուն է, որեւէ նեղ փողոցի անուն` «մութ, օձանման ոլորած»: Պարզվեց, որ Պետերբուրգում այդ անունով ոչ փողոց է եղել, ոչ նրբանցք: Նույնիսկ մտածել եմ, թե «վետեր»ը օտար բառ է, օտար անվանում, եւ փնտրել եմ այլալեզու բառարաններում ու հանրագիտարաններում: Իզուր եւ ապարդյուն:
Հանելուկը մնում էր անլուծելի, հարցը պատասխան էր հայցում: Որեւէ հրատարակության մեջ այդ բառի շուրջ որեւէ բացատրություն կամ որեւէ ծանոթագրություն չկա: Նայել եմ Տերյանի գրականության շուրջ եղած բոլոր գրությունները: Հարցիս պատասխանը չկար:
Բայց նման դեպքերում են ասում` «ճշմարտությունը շատ պարզ է եւ քեզ շատ մոտ է, կողքիդ է»: Բացատրությունը եկավ անսպասելի ու միանգամից: Հայերենում կա «վետ» բառը: Ահա թե ինչ է ասում հայոց լեզվի աստվածներից մեկը` Ստեփան Մալխասյանցը. «Վէտ, 2 գ[ոյական]- 1. Մանր ալիք ջրերի երեսին թեթեւ հողմից: Վէտ-վէտ, մկ[մակբայ]. թեթեւ ծփանքներով»:
Ա՛խ, Վահան Տերյա՜ն, Վահան Տերյա՜ն… «Վէտ» բառից կազմել է հոգնակի` «վետեր»: Սա, որքան գիտեմ, «վետ» բառի հոգնակի միակ գործածությունն է հայ գրականության մեջ: Եթե որեւէ մեկը երկրորդ գործածության տեղը գիտի, թող ասի: «Ալիքներ» բառի փոխարեն «վետեր»ը շատ անսովոր գործածությունն է:
Եվ դեռ ավելին, բանաստեղծը «Վետեր» բառից կազմել է բայ` «վետերել» եւ այն գործածել է
«Գինով եմ, գինով ես էլ…» սկսվածքով հայտնի բանաստեղծության մեջ: Դա վերջին քառատողն է, ամենաողբերգականը.
Պարում են, երգում վետերում,
Սահում ենք եթեր առ եթեր.
Գուցե վաղն իսկ կարդաս թերթերում
Եվ ժպտաս` «հանգեաւ ի տէր»…
Ինչպես տեսնում ենք, «երգում» բառից հետո ստորակետ չի դրված: Դուրս է գալիս, որ «վետեր»ը տեղ ցույց տվող բառ է, որտեղ երգում, երգում են վետերում: Բայց ո՞վ կարող է ասել, թե ի՞նչ բան է այդ «վետեր»ը, որտեղ երգում են:
Կարելի է ենթադրել, որ «երգում» բառից հետո, այնուամենայնիվ, ստորակետ պետք է լինի. Տերյանի բանաստեղծությունների ինքնագրերում միշտ չէ, որ կետադրության նշաններ կան: Ենթադրում եմ, որ բանաստեղծը ստեղծել է «վետերել» բառը, որ այս բանաստեղծության մեջ ունի պարային թեթեւ ոստոստումների իմաստ: Ի դեպ, մեր ոչ մի բառարանում «վետերում, վետերել» բառը արձանագրված չէ:
***
Խաչիկ Դաշտենցը մի հրաշալի պոեմ ունի, որ ես շատ եմ սիրում: Դպրոցական տարիքից գրեթե ողջ պոեմը անգիր գիտեմ: Պոեմը կոչվում է «Ֆայտոն Ալեքը»: Պոեմը հեռացող, այլեւս անցյալի գիրկն անցնող տոհմիկ քաղաքի մասին է: Պոեմում պատկերված է կենդանի, ապրող քաղաք, պոեմում քաղաքը ապրում է լիարյուն կյանքով: Քաղաքի վառվռուն կյանքի տարածությունը զբաղեցնում են տոհմիկ քաղաքի պատվավոր բնակիչները, ամենատարբեր զբաղմունքի ու գործի մարդիկ` արհեստավորներ, վաճառականներ, երաժիշտներ, բանաստեղծներ, պետական աշխատողներ… Նշանավոր գյումրեցիներ իրենց մականունները կրում են պատվավոր տիտղոսի պես, կյանքը ապրում են պարզ մարդու հոգեկան գեղեցկությամբ…
Պոեմում մի քառատող կա, որի շուրջ ես վաղուց ասելիք ունեմ եւ կարծեմ, որ վաղուց ժամանակն է ասելիքս բարձրաձայնելու: Ահա այդ քառատողը.
Ետեւում մնաց Կամերսկու տունը,
Թատրոնի շենքը, քաղաքի այգին,
Եվ հին աֆիշներ պատերի վրա,
«Հույսի կործանում», «Պեպո», «Չար ոգի»…
Իմ ասելիքը վերաբերում է չորրորդ տողին` «Հույսի կործանում», «Պեպո», «Չար ոգի»…. Որքան ինձ հայտնի է, պոեմը տպագրվել է չորս անգամ: Առաջին անգամ 1963 թվականին Խաչիկ Դաշտենցի «Լեռան ծաղիկներ» ժողովածուի մեջ, այնուհետեւ առանձին գրքերի ձեւով, նկարազարդված, 1967, 1982 եւ 2010 թվականներին: Իմ մատնանշած քառատողը բոլոր չորս հրատարակության մեջ տպագրված է նույն ձեւով, վերը բերված տեսքով: Եթե մեկ այլ հրատարակություն էլ կա, ես չգիտեմ, ինձ անծանոթ է:
Քառատողում բացահայտ սխալ կա: Բանն այն է, որ հիշված պիեսի անվանումը ոչ թե «Հույսի կործանում» է, այլ` «Հույս»ի կործանումը»: Դա նիդերլանդացի գրող, վիպասան, դրամատուրգ Հերման Հեյերմանսի (Heijermans, բուն անունով` Սամուել Ֆուլկլանդ, Samuel Falkland, 1864-1924) պիեսի վերնագիրն է: Պիեսը գրված է 1901 թվականին: Պիեսի գործողությունները կատարվում են Հյուսիսային ծովի եզերքին գտնվող ձկնորսական մի ավանում: «Հույս»ը ձկնորսական նավի անունն է: Այնպես որ պիեսի անունը պետք է գրվի ճիշտ ձեւով` «Հույս»ի կործանումը» եւ ոչ թե` «Հույսի կործանում»: Խոսքը ոչ թե մարդկային սովորական հույսի մասին է, այլ «Հույս» անունով ձկնորսական նավի, որի խորտակումը դառնում է ձկնորսական ավանի ընտանիքների մեծ ողբերգությունը:
Պոեմի չորս տպագրությունն էլ խմբագիր է ունեցել: Մի պահ ընդունենք, թե հեղինակը, որբանոցի սան, լավ չի հիշել 1920-ական թվականներին Լենինականում բեմադրված պիեսի ճիշտ անվանումը: Լավ, իսկ խմբագիրնե՞րը: (1963` Վ. Դաքեսյան, 1967` Ե. Զարեհյան, 1982 եւ 2010` Դ. Հովհաննես): Վերջին հրատարակության խմբագիրը միայն մի բութ է ավելացրել այս քառատողի երրորդ տողում, «աֆիշներ» բառի վրա: Սա է եղել ողջ պոեմի իր «խմբագրական» աշխատանքը:
Ի դեպ, Խաչիկ Դաշտենցի նկարագրած տարիներին, այն է` 1920-ական թվականերին, Լենինականում «Հույս»ի կործանումը» պիեսը չի բեմադրվել: Այլ թատրոններ, ինչպես, օրինակ, Երեւանի պետական թատրոնը 1927-ին, բեմադրել են այն եւ ազդագրերի վրա էլ ճիշտ են գրել` «Հույս»ի կործանումը»:
Խաչիկ Դաշտենցը պարզապես բանաստեղծական պատկերավորության համար տվել է այդ պիեսի անունը: Եվ գրել է առանց որոշյալ «ը» հոդի` «Հույս»ի կործանում», որովհետեւ հակառակ դեպքում տողում մեկ վանկ կավելանար:
Սա ես գրում եմ հույս ունենալով, որ հաջորդ տպագրության մեջ սիրելի գրողի պոեմում պատկան անձինք կուղղեն այս սխալը:
ԵՐՎԱՆԴ ՏԵՐ-ԽԱՉԱՏՐՅԱՆ