Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության վերաբերյալ խորհրդարանական վերջին լսումները պետք է դառնային առաջին հանրային մեծ քննարկումն այս թեմայով, որտեղ ակնկալվում էր ստանալ ծագող բազմաթիվ հարցերի գոնե մասնակի պատասխաններ, սակայն ոչ միայն այդ հարցերի պատասխաններն այդ լսումներին չէին տրվում, այլեւ կիսատ-պռատ բացատրությունները նոր հարցեր էին առաջացնում: Մեր թանկարժեք պատգամավորների մեծ մասը չբարեհաճեց մասնակցել այդ լսումներին, մասնակցողներից էլ հատուկենտ ելույթներ եղան: Իսկ ընդհանուր առմամբ հրավիրված մասնակիցների շրջագծում էլ տեսանելի էր բոլոր հայկական քննարկումների այն ողջ ողբերգությունը, երբ իրականում ոչ թե Հայաստանի շահի բացահայտումն է օրակարգի գլխավոր առոգանությունը, այլ տարբեր երկրների շահերի լոբբիինգների հայ կրողների մրցությունը` ով ավելի լավ, ավելի գունագեղ ելույթով կքարոզի իր «ուղղությունը»: Չենք չափազանցում:
Իսկ չէ՞ որ եկող շաբաթ ԵՏՄ անդամակցության համաձայնագիրը քննարկվելու է Ազգային ժողովում, արժեր, չէ՞, մանրադիտակով ու առավել թափանցիկ դիտարկել ե՛ւ անդամակցության հնարավորությունները, ե՛ւ վտանգները: Բայց լսելով համաձայնագիրըը պատրաստած աշխատանքային խմբին, ինչպես նաեւ լոբբիստներին` հասկանալի էր դառնում, որ նրանց քարոզչական շեշտադրումների տակ առկա չէ որոշակիություն առավելապես այն պատճառով, որ նրանք իրականում չգիտեն, թե գործելուց հետո ինչ անկանխատեսելի խնդիրների առաջ կարող է կանգնել ԵՏՄ-ն: Մանավանդ Ռուսաստանի հանդեպ կիրառվող պատժամիջոցների, ռուսական ռուբլու արժեզրկման եւ այլ բացասական միտումների առկայությամբ բոլորիս, հատկապես ՀՀ հասարակ քաղաքացու մոտ առաջացող անպատասխան հարցերն առնվազն կրկնապատկվում են: Դրամի վերջին շեշտակի արժեզրկման պաշտոնական բացատրություններն էլ անվստահելի են թվում` ռուսական շուկային այս պահին օդի պես անհրաժեշտ ու պատժամիջոցների պատճառով դեֆիցիտ դոլարի, այսինքն` ռուսական ռուբլու եւ հայկական դրամի` զուգահեռ արժեզրկման պարագայում, երբ մերՙ առանց այդ էլ բավական խեղճուկրակ եկող տարվա բյուջեն հաշվարկված է դոլարի արժեւորումից առաջվա փոխարժեքով: Պատկերացնո՞ւմ եք ցայտնոտը մի բյուջեի, երբ ավելի դետալացված անհասկանալի է, թե ի՞նչ է սպասվում մեր դրամին ԵՏՄ անդամակցության նոր ու անկանխատեսելի պայմաններում: Իսկ Հայաստանում ամանորյա թանկացումներն արդեն սկիզբ են առել, դրանք ավելի կծանրանանՙ բա հո թանկ դոլարով ներկրված ապրանքը մեր թանկարժեք օլիգարխները էժան չե՞ն ծախի մեզ:
Այս ֆոնին ծագող բազմաթիվ հարցերի պատասխանը պետք է տային ե՛ւ պաշտոնյա շրջանակները, ե՛ւ այլեւս միայն սոպրանո եւ ալտ ձայներից կազմված ոչ իշխանական դուետը (քանզի եռյակը կարծես արդեն դուետ դարձավ` ԲՀԿ-ից ու ՀԱԿ-ից կազմված): Իսկ նրանք դեռ անկապ հարցեր են բարձրացնում` շեղելով բոլորի ուշադրությունը ԵՏՄ գնալու հետ կապված բազմաթիվ հարցադրումներից:
Խոր վերլուծությունների գիրկը չընկնելով ու նկատի առնելով, որ եկող շաբաթ խորհրդարանը ԵՏՄ անդամակցության նշանի տակ է աշխատելու, ու միգուցե որոշ պարզություն մտնի խրթին հարցերում, մի անգամ եւս ձեւակերպենք ավելի հանրային հնչեղության հարցերը, որոնք Հայաստանի հասարակ քաղաքացին կուզենար ունենալ նաեւ իր հետագա անելիքը պատկերացնելու համար.
– Ովքեր են օգտվելու անդամակցության տնտեսական բարենպաստ հնարավորություններից` արդյո՞ք էլի միայն իշխանության կտուրի տակ հավաքված մեր թանկարժեք օլիգարխնե՞րը` նոր բիզնեսներ գրանցելով ու ծածկելով նաեւ փոքր բիզնեսի համար նախատեսված ենթադրվելիք բարենպաստ դաշտը, ի՞նչ է արվում փոքր եւ միջին բիզնեսին դուրս չշպրտելու համար նաեւ ԵՏՄ շուկայից:
– Մի քանի հարյուր ապրանքների չթանկանալու վերաբերյալ երաշխիքների կողքին` քանի հարյուր անուն ապրանք է թանկանալու, ո՞ր ապրանքները կթանկանան եւ որքա՞ն:
– Ընդհանուր սահմանի բացակայության պատճառով առաջանալիք խոչընդոտներն ինչպես են հաղթահարվելու` գերադասելի է լսել առարկայական պատասխաններ` ընդհանրական եւ անորոշ ձեւակերպումների փոխարեն:
– Ի՞նչ վիճակում է հայտնվելու ՀՀ քաղաքացին` ԵՏՄ տարածքի մյուս պետությունների համեմատ իր փոքր միջին աշխատավարձով, ինչպե՞ս է լուծվելու նոր փափուկ միգրացիոն ռեժիմի առկայությամբ Ռուսաստան արտահոսող որակյալ աշխատուժի փոխարեն սեփական նորմալ աշխատուժ ունենալու հարցը:
– ԼՂՀ-ն Հայաստանի տարածք չի հանդիսանում` բարձրաձայնեցինք, հետո՞, եթե համաձայնագրում չկա մաքսակետ տեղադրելու վերաբերյալ դրույթ (այն չտեղադրելու դրույթ եւս չկա), դա չի նշանակո՞ւմ, որ ինչ-որ պահի, այնուամենեայնիվ, քաղաքական նպատակադրումներով այդպիսի մաքսակետ կարող է տեղադրվել:
– Նույն կերպ` Հայաստանի եւ Վրաստանի միջեւ գործող ազատ առեւտրի ռեժիմը տարբեր երկրների շահերի բախումների ժամանակ չի՞ թրթռա` վտանգի տակ դնելով մեր արտահանումը եւ զրոյացնելով ձեռքբերված հայ-վրացական պայմանավորվածությունը::
– Կամ մեր բյուջեի համար ստացվելիք մաքսային եկամուտը ( 250 մլն դոլար կամ ընդհանուր գանձված մաքսատուրքերի 1,13 տոկոսը), որ կախված է լինելու ԵՏՄ ներմուծումից, Ռուսաստանի հանդեպ շատ ապրանքների ներմուծման վրա պատժամիջոցների շարունակական կիրառմամբ եւ ընդհանուր մաքսային եկամուտի նվազմամբ չի՞ նվազի նաեւ մեր մասնաբաժնում` վտանգի տակ դնելով մեր բյուջեի եկամտային մասը:
– Եթե մեծ աշխարհից Ռուսաստանի մեկուսացումը գնալով խորանա, ապա դա չի՞ նշանակի նաեւ Հայաստանի մեկուսացում, եւ արդյո՞ք միջազգային կառույցներում դիրքորոշումներ հայտնելիս այսուհետ Հայաստանի ձեռքերն ավելի ամուր չեն կապվելու` մեր քաղաքական շահերը սպասարկելու առումով:
– Արդյո՞ք Հայաստանն ունի պահեստային ռազմավարություն` ԵՏՄ-ի չգործելու տարբերակի համար նախատեսված:
Հարցերը շարունակելի են, ու թեեւ հարցերի լիարժեք պատասխանի հույս չկա պարզապես այն պատճառով, որ կառույցը դեռ չի գործում, թղթի վրա արտացոլված հնարավորությունների իրական լինելը դեռ հնարավոր չի լինի շոշափել, եւ մեր տնտեսագետներից շատերն էլ նույն հարցի վերաբերյալ հաճախ տրամագծորեն տարբեր կարծիքների են, այնուամեենայնիվ` գոնե տեսականորեն այդ հարցերը եկող շաբաթ ԱԺ-ում այս համաձայնագրի քննարկման ընթացքում գուցե մի փոքր ավելի երեւակվեն, ըստ այդմ` ՀՀ քաղաքացին եւս գուցե կարողանա կողմնորոշվել:
Այս շաբաթավերջին ԱԺ տնտեսական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց եւ երաշխավորեց Հայաստանի` ԵՏՄ-ին միանալու մասին պայմանագիրը առաջիկա քառօրյայի օրակարգում ներառելու որոշմանը` հինգ կողմ, երկու դեմ ձայնով: