Կարծես սփյուռքում մեր ձախողումների դժբախտությունը բավական չէր, այժմ էլ տարաձայությունների եւ անհամերաշխության ալիքը գլուխ է բարձրացրել Հայաստանում պատմության այս ճակատագրական պահին, երբ համագործակցություն ու ներդաշնակություն է անհրաժեշտ մեզ դիմագրավելու համար դարաշրջանի մարտահրավերը:
Հարյուրամյակի գործողությունները առայժմ սահմանափակված են հանդիսավոր արարողություններով, խորհրդանշական հավաքներով եւ սրտաճմլիկ հիշատակություններով, որոնք բոլորն էլ որպես անհրաժեշտ կատարսիս են ծառայում մեր կուտակված ցավին: Բայց եթե այդ գործողություններն ու միջոցառումները զուգակցված չեն քաղաքական ակտիվությամբ, ապա մենք դատապարտված կլինենք ապրելու պատրանքային մի աշխարհում:
Իհարկե քաղաքական ամենամեծ, ամենանշանակալի ուղերձը կլիներ Մ. Նահանգների մայրաքաղաքում Հայերի ցեղասպանության թանգարանի բացումը պաշտոնական արարողությամբ, որը կարող էր խորհրդանիշը դառնալ ապրելու եւ արդարությանը հետամուտ լինելու մեր հավաքական կամքի: Այն կարող էր աշխարհին հիշեցնել, որ անարդարությունը շարունակվում է արդեն մի ամբողջ հարյուրամյակ: Թանգարանը կարող էր նաեւ որպես ուսումնական ֆորում կամ կենտրոն ծառայել հայերի Ցեղասպանության վերաբերյալ նոր բացահայտումների համար:
Թանգարանի ժամանակին պատրաստ չլինելը եթե մի աղետ է, ապա մյուս աղետը այդ հարցում գոյություն ունեցող համատարած անտարբերությունն է: Որտե՞ղ է ցասումը, զայրույթն այդ աններելի ձգձգման հանդեպ: Թանգարանի պատրաստ չլինելը 2015-ին հավասար է թուրքերին արծաթե սկուտեղի վրա հաղթանակ մատուցելուն: Վրդովմունքն ուղղված է այս հսկայական ձախողմանը նպաստող բոլոր կողմերին, բայց առաջին հերթին Մ. Նահանգների ամբողջ հայ համայնքինՙ իր անտարբերության համար: Այսքանը պատասխանատվության սփյուռքի բաժնի վերաբերյալ:
Գալով Հայաստանին, լուրերն ավելի վհատեցնող են: Մտավորականները, որոնք հարյուրամյակի միջոցառումների հիմքերը պետք է դնեին եւ համագործակցեին, ստեղծելով Ցեղասպանության վերաբերյալ գիտական լուրջ գրականություն, այսօր իրար դեմ են դուրս եկել: Մինչ մտահոգություն կար, որ Հայաստանի եւ սփյուռքի հայ մտավորականները տարբեր նպատակներ են հետապնդում եւ իրար տհաճ մակդիրներով բնութագրում (մին «դավաճան», մյուսըՙ «ազգայնամոլ») [1] այժմ պարզվում է, որ հակասությունը ներթափանցել է Հայաստան, որտեղ գիտության հեղինակավոր մշակներ պայքարում են միմյանց դեմ:
Վերջերս կայացած հաշվետու մամուլի ասուլիսի ժամանակ Ցեղասպանության հուշահամալիր-թանգարանի տնօրեն, 100-ամյակի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի քարտուղար Հայկ Դեմոյանը մեղադրել է Հայաստանի որոշ պատմաբաններին եւ գիտաշխատողներին, ասելով, որ նրանք Թուրքիայի հատուկ ծառայությունների գործակալներ են:
«Հարյուրամյակի տարելիցին նվիրված միջոցառումներում միտում կա խոսել բարի թուրքերի մասին, թե ոնց են նրանք հայերի կյանքը փրկել, անտեսելով 1,5 միլիոն հայերի ճակատագիրը: Այդ մարդիկ համագործակցում են Թուրքիայի հատուկ ծառայությունների հետ: 10-ից 9-ը Թուրքիայի հատուկ ծառայություններն են իրականացնում: Խոսքը միայն սփյուռքի մասին չէ: Կան ՀՀ պաշտոնյաներ, որոնք փորձում են խոչընդոտել իմ գործունեությունը որպես միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի քարտուղար», ասել է նա, նշելով. «Խոսքը Աշոտ Մելքոնյանի մասին է, ով փորձեց բոլոր ճիգերը գործադրել տապալելու իմ ատենախոսությունը»:
Տեղին չէ այստեղ քննարկել Հայկ Դեմոյանի կամ Աշոտ Մելքոնյանի գիտական արժանիքներն ու թերությունները: Ասենք միայն, որ երեւույթը չափազանց տգեղ է, հատկապես այս շրջանին, երբ մեր բոլոր ջանքերը պետք է համախմբված լինեն եւ ուղղվածՙ 100-ամյակի հիշատակությունները պատշաճ մակարդակով եւ հաջողությամբ պսակելու գործին, մասնավորապես որովհետեւ ապրիլի 24-ին ակնկալում ենք մեծ թվով օտարազգի հարգարժան անձնավորությունների ժամանումը Երեւան: Միմյանց ուղղված էժանագին ակնարկներն ամենեւին չեն կարող դրական հետեւանքներ խոստանալ:
Դեմոյանը նոր էր հայտնի դարձել գիտական շրջանակներում, երբ կառավարությունը նրան վստահեց Ցեղասպանության թանգարանի տնօրենի պաշտոնը: Բայց մինչեւ նոր ու պատասխանատու աշխատանքին հարմարվելը նրան մեղադրեցին բանագողության մեջ եւ խստորեն քննադատեցին իր դոկտորական թեզը ոչ թե հայերեն, այլ ռուսերեն լեզվով ներկայացնելու համար: Ճանաչված թուրքաբան Ռուբեն Մելքոնյանը անդրադառնալով երկու գիտնականների միջեւ ծագած տարաձայնությանը նշել է. «Ե՛վ Աշոտ Մելքոնյանը, ե՛ւ Հայկ Դեմոյանը տաղանդավոր գիտնականներ են: Ես կարծում եմ, որ նրանց միջեւ առկա գիտական վեճը պետք է մնար գիտական ինստիտուտի պատերի ներքո եւ չպետք է դառնար հրապարակային քննարկման թեմա»: Այնուհետեւ ավելացրել, որ «դրսից 100-ամյակի տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպման համար տրվող դրամաշնորհները մեծ մասամբ ծառայում են ոչ թե հայությանը, այլ Թուրքիայի շահերին: Դրանց մեջ շեշտվում է երկխոսության, անցյալը մոռանալու, երկուստեք ցավի եւ ընդհանուր դժբախտության մասին»:
Իրականում ճիշտ է, որ արդարամիտ, բարի կամքի տեր թուրքերին պատվելը որոշ շրջանակներում կարեւոր տեղ է զբաղեցնում: Կգա ժամանակը պատշաճ վերաբերմունք ցուցաբերելու այն անհատ թուրքերին, որոնք դեմ գնալով թուրք զանգվածներին եւ վտանգի ենթարկելով իրենց անձնական կյանքըՙ մարդկայնություն ցուցաբերեցին եւ փրկեցին հայերի կյանքը: Սակայն այդ մարդիկ բացառություններ էին: Այս պահին հիշել նրանց նշանակում է բովանդակությունից զրկել Ցեղասպանության հարցը, շեղել ուշադրությունը հիմնական, էական խնդրից եւ խառնել հերթականությունը:
Հրեաները սկսեցին պատվել արդարամիտ, ազնիվ այլադավաններին, բայց ինչի՞ց հետո: Միայն իրենց հայրենիքում վերահաստատվելուց եւ աննախադեպ փոխհատուցում ստանալուց հետո: Կայացած, ուժեղ դիրքերից նրանք ի վիճակի էին կատարել այդ քայլը:
Ռուբեն Մելքոնյանն այնուհետեւ անդրադառնալով դրամաշնորհներին նշել է. «Եթե խորը ուսումնասիրություն կատարվի արտասահմանյան գրանտների ծագման եւ սկզբնաղբյուրի վերաբերյալ, կարող է պարզվել, որ դրանք թուրքական ծագում ունեն: Ես կոչ եմ անում, որ գոնե այս տարի հայկական կազմակերպությունները զերծ մնան գրանտային ծրագրերից»:
Ցանկալի պիտի լիներ տարին սկսել դրական լուրերով, բայց, ըստ երեւույթին, մենք շատ հեռու ենք այդ բաղձալի վիճակից:
Խոսելով բարի կամքի տեր թուրքերի մասին, տեղին է մեջբերել «Today՛s Zaman» թերթում թուրք սյունակագիր Չինգիզ Աքթարի հովածից մի հատված. «Հայերի ցեղասպանությունը Անատոլիայի Մեծ Աղետն է եւ տաբուների մայրը այս երկրում: Դրա անեծքը շարունակելու է հետապնդել մեզ այնքան ժամանակ մինչեւ չխոսենք դրա մասին, չճանաչենք, չհասկանանք եւ հաշվի չնստենք դրա հետ: Դրա հարյուրամյա տարելիցը իրականում պատմական հնարավորություն է ձերբազատվելու մեր սովորությունից, հասկանալու Մյուս Կողմին եւ սկսելու հավաքական բուժումը»:
Ցանկալի պիտի լիներ, որ հավաքական բուժման մի դեղատոմս էլ մեզՙ հայերիս համար դուրս գրվեր, որպեսզի կարգի բերեինք մեր ներքին խոհանոցը, ցուցաբերեինք միասնականություն եւ վճռականություն եւ հարյուրամյակի տարին սխալ չմկենարկեինք:
Դետրոյթ, ԱՄՆ, Թարգմ. Հ.Ծ.
1. Այս մասին կարդալ մեր նախորդ համարում լույս տեսած Եր. Ազատյանի հոդվածը: