Մի լավ բան, այդուհանդերձ, տեղի ունեցավ. բոլորս փաստորեն իմացանք,որ Բերձորը Լաչինն է: Չնայած, չի բացառվում, որ Բերձոր ասող-գրողներից շատերը գիտեն, թե Բերձոր էլ կա, Լաչին էլ: Ինչեւէ, իրենց խնդիրն է, չնայած, եթե իրենք շատ են, ապա նաեւ մեր խնդիրն է:
Բայց մեր այս պատմությունը մի փոքրիկ ընտանիքի մասին է, ենթադրենք` Գրիգորյանների: Ընտանիքի հայրն աշխատում է, լավ, թե վատ, այսինքն` փող բերում է, թե՞ չի բերում, կարեւոր չէ. աշխատում է: Ընդ որում` գիշեր-ցերեկ, այսինքն ցերեկները խանութում բեռնակիր է, գիշերները` դպրոցում պահակ: Հասկանալի է, որ այս մարդը ժամանակ չունի, օրինակՙ վերանորոգելու իր տան, ենթադրենք, ջրի խողովակները: Հետեւաբար կինը, նման կենցաղային հարցերով որպես կանոն, դիմում է իր հորը: Հայրն էլ սիրով օգնում է, առանց դա, ինչպես ասում են` մատին փաթաթան սարքելու: Օրերից մի օր, երբ ամուսինը կարճատեւ ժամանակով տուն եկած է լինում եւ պատրաստվում է կրկին դուրս գալ` աշխատանքի, հենց դռան մոտ կինն ասում է` «Բա գիտե՞ս, լվացքի մեքենան փչացել է»: Ամուսինը խնդրում է կնոջը` դիմել հորը, ինչպես միշտ անում է, կինն էլ թե` «Բայց չէ՞ որ դու ես մեր տան տղամարդը»: Այստեղ ամուսինը մի պահ կանգ է առնում եւ ուշադիր նայելով ուղիղ կնոջ աչքերի մեջ` արձագանքում է. «Իյա, իրո՞ք»: Անշուշտ այս փոքրիկ երկխոսությունից հետո կնոջ մտքով անգամ չի անցնում մտնել Ֆեյսբուք եւ այնտեղ ստատուս գրել, որտեղ եւ կասկած հայտնել սեփական ամուսնու տղամարդկության մասին, քանի որ, հասկանալի է, որ ամուսինն ուղղակի հեգնել է, ինչի իրավունքը երեւի ուներ տվյալ պարագայում:
Նույն օրը ամուսինը զանգահարում է տուն եւ ասում, որ ինքն անպայման այսօր երեկոյան կզանգահարի Ղազախստանի Ոստ-Կամենագորս քաղաքում բնակվող իրենց ազգականին եւ կխնդրի նրան, որպեսզի վերջինս որոշ գումար պարտքով տա, քանի որ իր աշխատավարձն ուշացնում են, եւ ամենակարեւորը` այնպես, ինչպես իրենք են ապրում, ապրել չի կարելի: Կինը ճշտում է` «Հաստատ կզանգե՞ս», ինչին ամուսինը պատասխանում է` «Քեզ տղամարդու խոսք եմ տալիս»: Ուշ երեկոյան ամուսինը կրկին կարճատեւ ժամանակով տուն է գալիս, եւ կինն առաջինը հարցնում է` «Հը՞, զանգեցի՞ր»: Ամուսինն ասում է, որ այո, բայց պարզ չէՙ կուղարկի՞ արդյոք ազգականը գումար, թե՞ ոչ: Կինը հետաքրքրվում է, թե կոնկրետ ի՞նչ է ասել ամուսինը ազգականին, ի՞նչ կոնկրետ բառերով է դիմել: Ամուսինը բարկանում է` ասելով, թե «ի՞նչ կարեւոր են բառերը, տղամարդու խոսք տվել եմ, որ կզանգեմ, զանգել-ասել եմ, էլ ի՞նչ ես ուզում»: Այս ամենից հետո կինը Ֆեյսբուքում` «դժբախտ եմ եւ անտեսված եմ» ոճի մեջ մի շարք ստատուսներ է գրում, իսկ ամուսինը, արդեն դպրոցում` պահակություն անելով, մտածում է, որ գուցե անիմա՞ստ վիրավորեց կնոջը, բայց, ախր, չէ՞ որ ինքն ընդամենը չէր ցանկանում եւ չի ցանկանում, որ կինն իմանա, թե ինչպես է նա ստորացել ազգականի մոտ, որն, ի դեպ, մինչեւ օրս լռում է եւ այդպես էլ պարզ չի` ուղարկելո՞ւ է գումար, թե՞ ոչ:
Հաջորդ օրը, պահակությունը ցերեկային պահակին հանձնելիս, հենց վերջինիցս ամուսինն իմանում է, որ երկրում շուտով արտահերթ համապետական ընտրությունններ են լինելու, եւ իրենց դպրոց քարոզարշավի են գալու բոլոր կուսակցությունների ներկայացուցիչները: Ճանապարհին Գրիգորյանը մտածում է, որ ինքը անպայման կհանդիպի նրանց բոլորի հետ մի շատ կարեւոր հարց տալու համար:
Առաջինը դպրոց գալիս է հանրապետականը: Ելույթից հետո, նրան առանձին մոտենում է Գրիգորյանը եւ ասում` «Բարեւ ձեզ»: Հանրապետականը այս բառերի մեջ քաղաքական ենթատեքստ տեսնելով, հարցնում է Գրիգորյանին. «Դու մեզ հե՞տ ես»: «Ոչ», պատասխանում է Գրիգորյանը: «Ուրեմն երբեք չես ընտրվի»,- ասում է Հանրապետականը եւ հեռանում: Հաջորդ օրը նույն պատմությունը կրկնվում է ԲՀԿ-ականի հետ: Վերջինս Գրիգորյանի` «Բարեւ ձեզ»-ին պատասխանում է հարցով` «Դու մեզ հե՞տ ես»: Գրիգորյանն էլի ասում է` «Ոչ»: «Ուրեմն դաշնակցական ես»,- ասում է ԲՀԿ-ականն եւ հեռանում: Երրորդ օրը դպրոց է գալիս ՀԱԿ(ՀՀՇ)-ականը, որը Գրիգորյանի «Բարեւ ձեզ»-ին պատասխանում է նույն հարցով` «Դու մեզ հե՞տ ես»: «Ոչ»,- արդեն հոգոց հանելով պատասխանում է Գրիգորյանը: «Ուրեմն սրիկա ես»,- ասում է ՀԱԿ(ՀՀՇ)-ականն եւ հեռանում: Դաշնակցականը գալիս է չորրորդ օրը: Նորից Գրիգորյանի «Բարեւ ձեզ»-ից հետո հարցնում է վերջինիս` «Դու մեզ հե՞տ ես»: Գրիգորյանն էլի ասում է` «Ոչ», ինչին դաշնակցականն պատասխանում է` «Ուրեմն ապազգային ես», եւ հեռանում է: Հինգերորդ օրը դպրոց է գալիս ՕԵԿ-ի ներկայացուցիչը: Նորից «Բարեւ ձեզ», եւ նորից կուսակցականի նույն հարցը` «Դու մեզ հե՞տ ես»: Գրիգորյանն էլ նորից` «Ոչ»: ՕԵԿ-ականը ժպտում եւ պատասխանում է` «Ուրեմն բախտդ բերել է»: Վեցերորդ օրը դպրոցում կախում են ԱՄՆ եւ Եվրոմիության դրոշները, ինչը նշանակում է, որ դպրոց է գալիս «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչը: Գրիգորյանի` «Բարեւ ձեզ»-ին այս մեկը ոչ թե հարց է տալիս` «Դու մեզ հե՞տ ես», այլ ձեռքն է սեղմում ու համոզմունք հայտնում` «Դու մեզ հետ ես»: Սակայն Գրիգորյանի` «Ոչը» սթափեցնում է կուսակցականին, որը ասում է. «Ուրեմն Ռուսաստանի ճորտն ես»:
Յոթերորդ օրը, երբ երեկոյան Գրիգորյանն էլի անցել էր իր սովորական պահակությանը եւ պարապությունից հեռուստացույց էր նայում, հանկարծ տեսնում է, որ այս վեց հոգին միաժամանակ հեռուստատեսային հաղորդում-բանավեճի են մասնակցում, որի ընթացքում հնարավոր են հեռուստադիտողի հարցերը նաեւ: Գրիգորյանն անմիջապես զանգում է ստուդիա եւ բոլորին միաժամանակ տալիս իրեն հուզող հարցը` «Դուք մեզ հե՞տ եք»: Ստանալով բոլորից այն պատասխանը, որը ինքը սպասում էր ստանալ, Գրիգորյանը հենց ուղիղ եթերում հայտարարում է` «Ուրեմն ես գնացի Ռուսաստան»:
Այս զանգից հետո հեռուստաբանավեճը շարունակվում է, որի ընթացքում մասնակիցները քննարկում են անչափ կարեւոր այլ հարցեր:
Իսկ Գրիգորյա՞նը… Գրիգորյանը մենք ենք: