Ակնհայտ է, որ այս փուլում ռազմական էսկալացիայի լուրջ վտանգ կա. Ադրբեջանը նմանատիպ գործողություններ վերջին ամիսների ընթացքում նախապատրաստում է ինչպես Արցախում, այնպես էլ ՀՀ տարածքում, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը։
Անդրադառնալով Տեղ գյուղի մերձակայքում տեղի ունեցած միջադեպին՝ քաղաքագետը նկատեց՝ դժվար է հասկանալ՝ այն ավելի մեծ էսկալացիայի նախապատրաստական մա՞ս էր, թե, այնուամենայնիվ, լոկալ գործողություն։
«Ընդհանուր առմամբ՝ կարելի է արձանագրել, որ էսկալացիայի վտանգն այս փուլում բավականին բարձր է»,- ընդգծեց մեր զրուցակիցը։
Ինչ վերաբերում է Տեղ գյուղի մերձակայքում ադրբեջանական կողմի սադրիչ գործողություններից հետո ՀՀ վարչապետի հայտարարությանը, որ «կոնկրետ անձանց տրվել են կոնկրետ հանձնարարություններ, և այդ հանձնարարությունների կատարումը ձախողվել է, և իհարկե դրան պետք է հետևեն որոշակի ադմինիստրատիվ հետևանքներ», քաղաքագետը նկատեց.
«Եթե հանձնարարական եղել է, և չեն կատարել, իհարկե պետք է պատասխանատվություն կրեն։ Բայց այստեղ դժվար է հասկանալ, թե ինչքանով է այդ պնդումը համապատասխանում իրականությանը։
Այն, որ այս միջադեպը պայմանավորված է նաև հայկական կողմի անգործությամբ, հստակ է։ Այսինքն՝ մենք գիտենք՝ պայմանավորվածություն է եղել, որ Լաչինի միջանցքի նոր երթուղին Տեղ գյուղի հատվածի հետ կապող ժամանակավոր ճանապարհը ապրիլի 1-ին պետք է փոխանցվեր Ադրբեջանին։
Այսինքն՝ հայկական կողմը հստակ գիտեր, որ առնվազն ապրիլի 1-ին ադրբեջանական ուժերը լինելու են առնվազն ՀՀ սահմանին։ Թե ինչու մինչ այդ նշված հատվածում դիրքեր չեն կառուցվել, մեծ հարցական է։ Իրականում, եթե հայկական կողմն այդ հատվածում դիրքավորված լիներ մինչև ադրբեջանցիների՝ հայկական տարածք ներխուժումը, դժվար թե Տեղ գյուղի միջադեպը տեղի ունենար»,- ամփոփեց մեր զրուցակիցը։