Հայաստանում հաճախ են օգտագործում, նույնիսկ պաշտոնական հաղորդագրություններում, «թշնամին նենգ է ու խորամանկ» կամ նման արտահայտություններ: Կարծեք թշնամին կարող է նաեւ այլ կերպ լինել, ասենք՝ բարի, պարկեշտ, ազնիվ ու ողորմած: Մանավանդ թուրքը, առավել եւս՝ թուրք-թաթարը: Նախորդ օրը Ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանը գերազանցեց բոլորին, նույնիսկ՝ ինքնիրեն, երբ, անդրադառնալով երեքշաբթի օրը Տեղ գյուղի մոտ տեղի ունեցած բախմանը, գործածեց «ուխտադրուժ» բառը, որը նենգության առավելագույն աստիճանն է հուշում: Հայերենում «ուխտ» բառը, ինչպես օտար լեզուներում (անգլերեն՝ pact, ֆրանսերեն՝ pacte), նշանակում է դաշինք, պայմանադաշինք, որի դրժումը ծանրագույն հանցանք է ոչ միայն անձնամիջյան, այլեւ հատկապես միջպետական հարաբերություններում: Բայց Հայաստանի վարչապետը փոխանակ բացատրելու, թե Ադրբեջանի հետ այդ ե՞րբ եւ որտե՞ղ է նման pact կնքել, իր սովորության համաձայն շարունակեց մտամարզանքները Հայաստան-Ադրբեջան ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո ավելի քան երկու տասնամյակ շարունակված բանակցությունների Մադրիդյան փուլի շուրջը, որն առավելաբար ծանոթ է «Մադրիդյան սկզբունքներ» անունով: Թե ո՞րն էր վարչապետի նպատակը այդ հանգրվանին անդրադառնալու, այն էլ ներկա պայմաններում, երբ իրողապես գոյություն չունի որեւէ բանակցություն Արցախյան հարցի շուրջ, իսկ ԵԱՀԿ Մինսկի խումբը փաստորեն, այսպես ձեւակերպենք, կլինիկական մահվան մեջ է գտնվում Փաշինյան-Ալիեւ համատեղ ջանքերով, պարզից էլ պարզ է՝ եւս մեկ անգամ ակտիվացնել «նախկիններ» կոչվող ինքնարդարացման թեզը ու եւս մեկ անգամ պարտության, Արցախը ազերիներին զիջելու մեղքը բարդել «նախկինների» վրա ու դրանով մաքրաջրվել:
Կարիք չկա այստեղ անդրադառնալու Մադրիդյան սկզբունքների նիկոլական՝ յուրովսանն մեկնաբանություններին: Այլ կարիք կա սեւեռվելու երեքշաբթի օրը Տեղ գյուղի մոտ տեղի ունեցած բախմանը, որին զոհ գնացին մեր 4 քաջորդիները եւ վիրավորվեցին 3-ը: Առավել եւս կարիք կա անդրադառնալու Նիկոլ Փաշինյանի չորեքշաբթի օրվա հարցուպատասխան ձեւաչափով ԱԺ ելույթի այն հատվածին, որը վերաբերում է այդ բախմանը, որը նրա գնահատմամբ «պետք է տեղի չունենար»…
Բայց, փոխարենը, դարձյալ Փաշինյանի կարծիքով, ի՞նչ պետք է տեղի ունենար: Այն՝ ինչը տեղի է ունեցել մինչ այդ, այսինքն՝ շուրջ երեք տարի շարունակ ադրբեջանցի զինվորը գալիս է առաջ, իսկ մենք քաշվում ենք ետ, զիջում ենք ռազմագիտական բարձունքներ, գերազանց դիրքեր, մշակելի տարածքներ: Այսինքն՝ ետ-ետ երթալով բացում ենք «խաղաղության դարաշրջանը»: Ականջը կանչի Երվանդ Օտյանի վերակենդանացած հերոսի՝ Փանջունու:
Վարչապետն այդ ելույթում ասում է, որ իր կամ իրենց կողմից նախատեսվել էր նման սցենար, այսինքն մի իրավիճակ, ուր հայ զինվորը ինչ-որ մի տեղ կհրաժարվեր ետ-ետ գնալուց, կկանգներ ու կկրակեր: Սակայն ինքը կամ իրենք «այդ սցենարի շրջանակներում նույնպես կոնկրետ անձանց կոնկրետ հանձնարարություններ» են տվել: Ի՞նչ հանձնարարություն: Չկանգնել, չկրակել, հայրենի հողը չպաշտպանել, շարունակել ետ-ետ երթալը: Մինչեւ ո՞ւր: Մինչեւ Երեւա՞ն, մինչեւ կառավարության շե՞նք:
Այդ մասին վարչապետն իր ելույթում ոչինչ չասաց: Միայն ասաց, ավելի ճիշտ՝ սպառնաց, որ տրված «հանձնարարությունների» կատարումը ձախողելու համար կատարվելու է հետաքննություն եւ «դրան պետք է հետեւեն որոշակի ադմինիստրատիվ հետեւանքներ»: Այսինքն՝ կիրառվելու են պատժամիջոցներ, ընդհուպ, կարելի է ենթադրել, վիրավոր մեր երեք զինվորների նկատմամբ, անշուշտ ոչ հիմա, այլ՝ բուժվելուց եւ հիվանդանոցից դուրս գրվելուց հետո: Փաշինյանը այդքան անխիղճ չէ, ամենեւին:
Ինչո՞ւ համար է այդ սպառնալիքը եւ ո՞ւմ դեմ է ուղղված: Անշուշտ՝ մեր բոլո՛ր զինծառայողների, ո՛ւր էլ որ տեղակայված լինեն, հայրենիքի ո՛ր հատվածն էլ պաշտպանելիս լինեն նրանք, Սյունիքից մինչեւ Վարդենիս: Զինվորը պետք չէ կանգնի ու կանգնեցնի թշնամուն, պետք չէ կրակի, պետք է միայն ետ-ետ երթա:
Կրտած բանակ, կրտած զինվո՞ր: Դա՞ է խաղաղության նոր տեսլականը կամ նոր բանաձեւը՝ չկրակել, չդիմադրել, միայն ետ-ետ երթալ:
Այդ դեպքում՝ հարցերի հարցը. ինչո՞ւ ենք բանակ պահում: Մանավանդ որ թշնամին նենգ է ու դաժան, նաեւ, զարմանալիորեն, ուխտադրուժ: Մեղք չե՞ն մեր տղաներն ու եղբայրները: Կարող է, չէ՞, պատահել, որ ինչ-որ պահի Նաիրյան ոգին պոռթկա նրանց մեջ եւ կրակեն ոսոխի ճակատին:
Դրանից հետո ո՞վ է «օրինազանցության», «հանձնարարությունը չկատարելու», «էսկալացիա հրահրելու», «5-րդ շարասյանը մաս կազմելու», «դասալիք ու դավաճան» լինելու ամբաստանություններից փրկելու նրանց:
Մե՞նք՝ ժողովո՞ւրդս: Բայց այս բաստիոնում մենք ո՞վ ենք որ:
ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ