Մոտ մեկ տարի առաջ՝ մայիսի 27-ին, «Ազգ»-ում «Փաշինյանի հետ, բայց իշխանությանը դեմ. «ուլտրաընդդիմադիրները» վերտառությամբ լուր էինք հրապարակել, որտեղ անդրադարձել էինք արտախորհրդարանական ընդդիմադիր որոշ ուժերի, որոնք պարբերաբար հանդիպումներ են ունենում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ու ինչ-ինչ հարցեր քննարկում: Վերոնշյալ հրապարակումը տպագրվել է ճիշտ այն նույն ժամանակահատվածում, երբ խորհրդարանական ընդդիմությունը՝ «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցություները, իբրեւ թե «երկիրը փրկելու» ցավով տարված, փողոց էին դուրս եկել եւ հերթական «սիթի-տուրն» էին իրականացնում: «Մենք խորհրդարան միայն սեփական օրակարգով, այն է՝ Փաշինյանի եւ իշխող վարչախմբի հրաժարականի հարցը քննարկելու դեպքում կվերադռնանաք». խրոխտ կեցվածք ընդունելով՝ հայտարարում էին գարնան տաք եղանակին երեւանյան փողոցներում զբոսնող ընդդիմադիրները:
Թե իրականում սեփական ինչ օրակարգի մասին էին խոսում կամ բարձրագոչում խորհրդարանական «ուլտրաընդդիմադիրները», դժվար է ասել, քանզի 2022-ի աշնանային նստաշրջանից սկսած կամաց-կամաց (ինչ-որ առումով՝ գաղտագողի) սկսեցին խորհրդարան վերադառնալ: Սկզբնական շրջանում միայն գրանցվում էին լիագումար նսիտերի մեկնարկի ժամանակ, ապա լքում դահլիճը: Հետո սկսեցին նաեւ ԱԺ հանձնաժողովների նիստերին մասնակցել, դե իսկ հիմա արդեն ամբողջապես՝ ոտով-գլխով, ներառված են խորհրդարանական բոլոր տեսակի աշխատանքներին՝ թե՛ հանձնաժողովների նիստերին են ներկա, թե՛ լիագումար նաիստերին են մասնակցում, թե՛ գործուղումների մեկնում: Ավելին՝ իշխանական պատգամավորներին հարցեր են տալիս, առաջարկներ անում, քննարկումներ ունենում, ընդմիջման ժամերին էլ, լրագրողների աչքից հեռու, միմյանց հետ սուրճ խմում:
Այս ամենն, իհարկե, չի խանգարում, որ նրանք երդում-կրակ ուտեն, թե, միեւնույնն է, խորհրդարանում «սեփական օրակարգն» են առաջ տանում: Իսկ սեփական օրակարգն, իրականում, հետեւյալն է՝ խուսափել անհարգելի բացականերից, ինչը կարող է մանդատից զրկվելու պատճառ դառնալ:
Իշխող «Քաղաքացիական պայմանագրի» խմբակցության հետ հաճախ բանավիճող, լեզվակռիվ տվող ընդդիմադիրները սակայն խուսափում են առերեսվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: 2022-ին սեպտեմբերից (մի քանի ամիս բացակայելուց հետո այդ ժամանակ նորից ԱԺ վերադարձան) առ այսօր, ընդդիմադիրները թեեւ մասնակցել ու շարունակում են մասնակցել ԱԺ լիագումար նիստերին, բայց Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանին ներկա չեն լինում: «Ազգ»-ի տեղեկություններով՝ ընդդիմադիրները չեն ցանկանում Փաշինյանի «դրբի» տակ ընկնել: Փաստ է, որ վարչապետը նրանց ցանկացած կոշտ քննադատություն կարողանում է շոուի վերածել ու հերթական անգամ «նախկիններն են մեղավոր» թեզը հրամցնել մարդկանց: Փաստենք նաեւ, որ ընդդիմադիր պատգամավորների մեջ, բացառությամբ մեկ-երկուսի, խարիզմատիկ ու համարձակ այնպիսի անհատներ չկան, որ առանց վարանելու կարող են կանգնել ու նույն տոնայնությամբ հակաճառել Փաշինյանին:
Ի՞նչ է ստացվում, թե՛ «Հայաստան», թե՛ «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացուցիչներն այսօր նույնպես, արտախորհրդարանական որոշ ուժերի նման, «ուլտրաընդդիմադրի» կեցվածք են որդեգրել. հանուն տաքուկ մանդատի՝ զուսպ են թե՛ քննադատություն հնչեցնելիս, թե՛ գործունեության մեջ: Դե իսկ Նիկոլ Փաշինյանին սուր եւ ուղիղ հարցեր տալուց պարզապես խուսափում են:
ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ