Անցած շաբաթ հասարակությանը համոզիչ ի ցույց դրվեց, թե ինչ տեղի կունենա այն ժամանակ, երբ օլիգարխն արմատական ընդդիմություն դառնա: Ով կարող է գտնել առավել համոզիչ փաստարկ սրանց համեմատ, երբ հարկայինը մտնում է ընդդիմադիր օլիգարխի բիզնեսները ստուգելու` կանխատեսելի արդյունքով, ոստիկանությունը բերման է ենթարկում քաղաքական հակառակորդներին` քրեական պատճառաբանություններով, մանդատը վայր դնելու սպառնալիք է հնչեցվում ` ենթադրաբար ձերբակալվելու հեռանկարով, իսկ կողմնակիցներն էլ վախից առնետավազք են սկսում: Պետական մեքենայի ամենազոր ուժի դեմ հազիվ թե որեւէ փաստարկ կարողանա աշխատել, այսպես եղել է Հայաստանում մինչեւ այժմ, այդ տեղի ունեցավ նաեւ այս անգամ: Այդ բոլորից հետո բնականաբար պետք է հնչեր այն, ինչ հնչեցրել է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը երկու օր առաջ, հնգօրյա պատերազմի վերջին օրը, թե` «ոչ մի նպատակ չի կարող արդարացնել մեկ մարդու արյուն», եւ իշխանությունն ու ընդդիմությունը չպետք է անցնեն ողջամտության սահմանը: Ապա եւ չեղյալ է համարվել նախօրոք հայտարարված փետրվարի 20-ի «իշխանափոխիչ» հանրահավաքը:
Բացի այդ` հասարակության համար հերթական անգամ, ընդ որում`այս անգամ ամենաակնառու ձեւով, պարզ դարձավ, որ Հայաստանում քաղաքական դաշտ, բառի իսկական իմաստով, գոյություն չունի: Կան անձերի շուրջ ստեղծված խմբավորումներ, որոնք կախված են առաջնորդի կամ մեկ-երկու հոգու գործողություններից միայն: Մի դեպքում այդ խումբն անգործունակ է դառնում, երբ առաջնորդին շարքից հանում են, մյուս դեպքում` էլի առաջնորդի շուրթերի շարժմանը համահունչ, ինքնամոռաց էքստազի մեջ է ընկնում` առանց մտածելու հաջորդ պահին իրադրության փոփոխության հետեւանքով ծիծաղելի դառնալու մասին:
Իհարկե, այն ինչ ասել էր ՀՀԿ ղեկավար եւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 12-ին, ՀՀԿ խորհրդի նիստում, թե` քաղաքականությամբ տրամաբանության հետ խնդիր ունեցողները եւ տգետները չպիտի զբաղվեն, ու քաղաքական դաշտը ֆեոդալական տրամաբանությունից մաքրելով, քաղաքական գործիչների համար տեղ բացելով պետք է գտնել քաղաքական խնդիրների լուծումն ու ճիշտ որոշումների կայացումը, հարյուրտոկոսանոց ճշմարտություն է: Բայց «ժամանակն է` տգետին ցույց տալու իր տեղը, ամբարտավանին` իր տեղը» կարգախոսը հավասարապես պետք է վերաբերի իշխանական կուսակցությունում պատսպարված ոչ քաղաքական տարրերին ու ֆեոդալներին նույնպես: Միայն այդպես կարելի է հավատով շուլալել արտասանված խոսքերը: Եւ հիշեցնենք, որ արդեն ութ տարի ղեկավարելով Հայաստանը, նախագահը առիթից առիթ այդպիսի` ժողովրդի համար ականջահաճո խոսքեր ասել է, բայց դրանք մնացել են առավելապես բանավոր հնչման մակարդակում: Այո, մենք կրկեսի վերածելու հայրենիք չունենք, բայց դա պետք է վերաբերի կրկեսի բոլոր դերակատարներին, կամ ինչպես Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց` ստուգել է պետք բոլորին, ու ոչ թե` ընտրողաբար:
Մյուս կողմից քաղաքական սրացումը` նախագահ Սարգսյանի փետրվարի 12-ի անսպասելի ելույթով, մեզ զարմացրել էր, քանի որ նա առաջներում երբեք բացահայտ չէր սրում, նա միշտ ստվերային գործընթացների կողմնակից է դիտվել, որը միշտ կլորացրել է սուր անկյունները: Բացի այդ` դիմացը Ցեղասպանության տարելիցն էր, որից առաջ ներքաղաքական լարումը կխանգարեր ժխտողին ազգովին համախմբված ապտակ տալու հայկական իղձին, ինչո՞ւ, ուրեմն, նա (ինչպես նաեւ` ԲՀԿ-ականներն ու նրանց թիկունքում կանգնած ուժերը) լարումը չի հետաձգել գոնե ապրիլի 24-ից հետո: Մտածում էինք` մի բան լավ չի հաշվարկված, կամ թաքնված այլ գործընթացներ կան, որոնց մասին մենք չենք կարող իմանալ. ի դեպ` տեղի ունեցողի վերաբերյալ վարկածների պակաս չկար: Հայ-թուրքական արձանագրությունների հետկանչը խորհրդարանից եւ հնգօրյա կայծակնային պատերազմը` նախագահ Սարգսյանի համար, կարելի է ասել, ցանկալի ելքով, պարզ դարձեց, որ այս անգամ նույնպես ՀՀԿ ղեկավարը լավ էր հաշվել: Նա, փաստորեն, ազատեց իր ձեռքերի ներքաղաքական կապանքները` մինչեւ ապրիլի 24-ը արտաքին քաղաքական գործընթացներով լիարժեք զբաղվելու, ինչպես նաեւ… սահմանադրական փոփոխություններն առանց լուրջ դիմադրության սկսելու համար:
Հավանաբար սեփական հասարակության հիասթափությունն ու անկումային տրամադրությունը վերջին մեկ շաբաթվա գործընթացների պատճառով իշխանություններին շարունակում են չհուզել, քանի որ բոլորի համար ակնառու երեւում է, որ հնգօրյա պատերազմն ու ֆինանսական կուռքի արժեզրկումը ավելի շատ անհուսությամբ պատեցին հասարակության դժգոհ, դրական փոփոխությունների սպասող ու բավական ստվար խավին, որն արդեն չգիտե` ում ուղղի հայացքը:
Մանրամասների մեջ չխորանալով` «Ազգի» ընթերցողներին հիշեցնենք տեղի ունեցածի ժամանակագրությունը: Նախ փետրվարի 5-ին ԲՀԿ խորհրդաժողովում հնչում է Ծառուկյան հայտնի ելույթը` սահմանադրական բարեփոխումների դեմ (որպես իշխանության վերարտադրության մեխանիզմի` նախագահի հավակնություններով ԲՀԿ-ի համար նախագահի ինստիտուտի խեղճացումը սահմանդրական փոփոխություններով անընդունելի է) եւ իրենց պահանջներով գնդակն իշխանության դաշտն ուղղելու առումով: Փետրվարի 7-ին ծեծվուն է ԲՀԿ-ական ակտիվիստը` ակամա (կամ էլ` դիտմամբ, ընդ որում այդ դիտմամբը եւ ԲՀԿ-ին կարող էր պետք լինել, եւ իշխանությանը) ավելի լարելով կրքերը ԲՀԿ-ում: Փետրվարի 8-ին հնչում է այդ առթիվ ԲՀԿ քաղխորհրդի կոշտ հայտարարութունը, փետրվարի 9-ին կոշտ հայտարարությանը կոշտ է պատասխանում վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նույն օրը Ծառուկյանը պատվիրակությամբ մեկնում է Մոսկվա` ում են հանդիպում- ինչ են խոսում, պարզ չէ, բայց երեւի նախագահ Սարգսյանի համար է պարզ, քանի որ փետրվարի 12-ին ՀՀԿ խորհրդի նիստում հնչում է Սերժ Սարգսյանի` շատերի համար անսպասելի խիստ ելույթը: Այդ ելույթում Ծառուկյանին աննախադեպ կոշտ որակումներ են տրվում` ընդհուպ նրա մականունի, Ազգային ժողովում նրա բացակայությունների ստուգման, ԱԱԽ անդամությունից հեռացման, չմուծած հարկերի եւ պարտակած հանցագործությունների բացահայտման, Ծառուկյանի նման չարիքից ազատվելու անհրաժեշտության համատեքստում: Նույն օրը վարչապետը խոսում է չհասկացողներին (Ծառուկյանին) բամփելու մասին, հանրապետականներից ոմանք վերջին բառերով հարձակվում են Ծառուկյանի վրա: Նախագահն, ինչպես որ խոստացել էր, Ծառուկյանին ազատում է անվտանգության խորհրդի անդամի պաշտոնից, Ազգային ժողովում ստուգում են նրա եւ մյուս բացակայողների բացակաների հարգելիությունը` Ծառուկյանին մանդատից զրկելու վտանգ է սպառնում: Հնչում է Ծառուկյանի պատասխանը նախագահին` արտահերթ նախագահական ընտրություններով իշխանափոխության հասնելու եւ անընդմեջ հանրահավաքային պայքար սկսելու մասին` չարիքի իշխանությունը հեռացնելու վերջնանպատակով: Այս ընթացքում հրապարակվում է Տեր-Պետրոսյանի բաց նամակը Սերժ Սարգսյանին, նա փոխանակ իր գործընկերոջը պաշտպանի` Ցեղասպանության միասնական շրջաբերականի շուրջ քննարկումների մահանայով հանդիպում է խնդրում Սերժ Սարգսյանից: Հայաստան են ժամանում հայտնի գործարար Սամվել Կարապետյանը եւ Երեւանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը` կողմերին հաշտեցնելու առաքելությամբ, նույն գործին է լծվում ՀՅԴ-ն: Ծառուկյանն ու Սարգսյանն ի վերջո հանդիպում են, արդյունքում, երբ փետրվարի 20-ին նշանակված էր «իշխանափոխիչ» հանրահավաքը, այն չեղյալ է հայտարարվում, Ծառուկյանն էլ «զադնի» է տալիս` իր հայտարարությամբ նշելով, որ արյուն չի ուզում եւ խնդիրները լուծելու քաղաքական ու ողջամիտ ճանապարհն է նախընտրում:
Արդյոք այս բոլորն անսպասելի՞ էր: Մեծ հաշվով` իհարկե ոչ: Հայաստանի նախագահը արդեն մի քանի անգամ ապացուցել է, որ բոլորից լավ է հաշվում քայլերը, գիտե` երբ եւ ինչպես քաղաքական հակառակորդին իր տեղը ցույց տա, ի՞նչ մեթոդներով, ինչից հետո ի՞նչ ձեռնարկի: Մեթոդների ընդունելի-չընդունելի լինելու մասին չխոսելով` հիշեցնենք, որ այդպես վարվեց նա իր նախագահական առաջին տարիներին Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ` վերջինիս անկյուն մղելով, վերջին նախագահական ընտրություններից հետո Րաֆֆի Հովհաննիսյանի հետ` նրան այնպես շփոթեցնելով, որ նա մինչեւ հիմա պատեպատ է խփվում` չգտնելով տեղը: Եւ այժմ էլ` Գագիկ Ծառուկյանին բլից-քրիգով այնպես «վնասազերծեց», որին, փաստորեն, ուրիշ ընտրություն չի մնացել այժմ, բացի հետ քաշվելուց : Ուրիշ բան, որ երկրի, հասարակ մարդու պրոբլեմները ոչ դրանից լուծվում են, ոչ կյանքն է բարելավվում, ոչ էլ մարդկանց զգալի մասի դժգոհությունն ու ընդդիմադիր տրամադրություններն են անհետանում: Ընդհակառակը, կարելի է ասել, դրանք ավելանում-խտանում են, ու մի օր կարող են պայթել կուտակված լիցքով ու շատ հասարակ առիթով, նչպես Գյումրիում եղավ: Այս մասին պետք է ի վերջո մտածեն Հայաստանի քաղաքական դաշտի բոլոր դերակատարները, ոչ թե բազմատակ եւ միայն կուսակցական շահերից բխող խաղ խաղան:
Բոլոր դեպքերում մի քանի օրով արմատական ընդդիմություն դարձած այլընտրանքը վերջնականապես բացահայտեց իր անընդունակությունը` կարեւոր պահերին ճիշտ չկողմնորոշվելու եւ քայլերի համարժեքություն չապահովելու , եւ ընդհանրապես` միայն ցուցափեղկ լինելու առումով: Դրա մեջ իննսուն տոկոսով դեր ունի այն, որ այս ուժի ղեկավարն ու որոշողը քաղաքական փորձառության եւ քաղաքագիտության պակաս ունեցող գործարար էր, իսկ գործարարը Հայաստանում լիովին կախված է պետությունից: Առհասարկ, խոստովանենք, Հայաստանի միակ քաղաքական գործիչը փողն է, անկախ նրանից` ո՞վ է սիրուն բառեր գործածում եւ բարեփոխումներից խոսում: Հայաստանի իշխող կուսակցության անդամների բավական մասը եւս ցույց տվեց ինքնուրույն մտածելու բացակայությունը: Փաստորեն` Սերժ Սարգսյանը հասարկությանը ցույց տվեց ոչ միայն ԲՀԿ ղեկավարի ու նրա կուսակիցների խոցելիությունը, այլեւ այն, թե ՀՀԿ անդամներից յուրաքանչյուրն ինչքան է կախված իրենից, այդպիսով նրանցից շատերը եւս դասական առումով հեռու են քաղաքական գործիչ լինելուց:
Իշխող կուսակցության ղեկավարն իր գործողություններով այնպես շփոթեցրեց բոլորին, որ ոչ միայն քաղաքական դաշտն էր անսպասելիության առաջ, այլեւ նույնիսկ շատ վերլուծաբաններ (ոչ նրանք,որոնք իրենց մատերիալը ստանում էին երկուստեք` նախագահականից եւ ԲՀԿ կենտրոնացված տեղեկատվական ամբարից եւ ուղղորդված էին վերլուծում տեղի ունեցողը) շփոթված էին եւ չէին կարողանում դուրս գալ տեղի ունեցողի շարժառիթների վրա: Փաստորեն Սերժ Սարգսյանը մի լավ խառնեց, ապա պարզաջրեց քաղաքական դաշտը. պարզվեց` Ծառուկյանին կոտրելը հեշտ է, նրա թիկունքում կանգնածներին` դեռ չէ, այնպես որ սա հանգրվանային ոչ- ոքի կամ հաղթանակ էր, մի մարտ էլ, գուցե առանց Ծառուկյանի, Ցեղասպանության տարելիցից հետո կլինի` արդեն ԲՀԿ նոր ղեկավարության ուղղորդմամբ: Ծառուկյանի կողքին շուտով կմնան մի քանի մարդ` Օսկանյանը, Նաիրա Զոհրաբյանը, Ստեփան Մարգարյանը, գուցե Վահե Հովհաննիսյանն ու Էլինար Վարդանյանը, բայց գործարարների մեծ մասը կգնա, նրանցից հինգն արդեն խմբակցությունից հեռանալու դիմում են գրել` մեկը, ասում են, նույնիսկ շփոթվել ու խմբակցությունից հեռանալու դիմումի փոխարեն, մանդատից հրաժարվելու դիմում է գրել (այ, այ, այ): Միգուցե նաեւ Ծառուկյանը կկատարի իր վաղեմի խոստումը` ԲՀԿ ղեկավարությունը հանձնելով ավելի փորձառու մարդկանց (ի դեպ, արդեն անուններ էին նշվում` Իշխան Զաքարյան, Ստեփան Մարգարյան, սրանք չափավոր գործիչներ են համարվում) : Այն ժամանակ, երբ Ծառուկյանը ասում էր այդ մասին` դա ընկալվեց Ռոբերտ Քոչարյանը, իսկ հիմա, երբ Քոչարյանը ընդամենը մի թեթեւ պաշտպանեց Ծառուկյանին` գերադասելով իր հարաբերությունները չփչացնել Սերժ Սարգսյանի հետ, երեւում է նա առայժմ կմնա դեռ ստվերում:
Պարզվեց` ՀՅԴ-ն հաշտեցնելու կարողություններ ունի. «Այդ մարդիկ պետք է հաշտվեն, չհաշտվելը նշանակում է պատերազմ», փոխնիփոխ ասում էին Արմեն Ռուստանմյանն ու Աղվան Վարդանյանը լրատվամիջոցներին այն պահին, երբ լուրեր կային, թե Հայաստան են ժամանել գործարարներ Սամվել Կարապետյանն ու Կարեն Կարապետյանը`ՀՅԴ միջնորդությամբ, եւ հանդիպում են Ծառուկյանի , նախագահ Սարգսյանի հետ: Անձերի մեջ եղած կռիվն, այսպիսով, անձերն էլ կարգավորում են, քաղաքական բան` չիք այստեղ, թեեւ որ արյունահեղությունից խուսափում ենք, իրոք ողջունելի է: Բացի այդ` պարզվեց` ՀՅԴ-ն պատրաստ է կոալիցիա մտնելու, եթե հայ-թուրքական արձանագրությունները խորհրդարանից հետ կանչելուն զուգահեռ` իշխանությունը ժամանակին բարձրաձայնած ՀՅԴ մյուս պահանջներն էլ կատարի: Եթե ԲՀԿ-ն քանի գնա-դառնա փոքր խմբակցություն, ՀՅԴ-ն մտնի կոալիցիա, այս կերպ քաղաքական քարտեզ է փոխվում, որի դեպքում հանգիստ ու առանց խոչընդոտների կանցկացվեն ոչ բոլորի համար ընդունելի սահմանադրական փոփոխությունները:
Ընդհանրապես` շատ բան պարզվեց վերջին շաբաթվա ընթացքում, մարդիկ ազատվեցին իլյուզիաներից ու հասկացան, որ ԲՀԿ-ից ընդդիմադիր հնարավոր չէ ձուլել` իզուր չէ, որ նա երբեք իրեն ընդդիմադիր չէր հայտարարել: Այս իմաստով` միգուցե Ծառուկյանը շնորհակալ պիտի լինի, վերջապես ազատվեց ուրիշների ցանկությունները կատարողի երկիմաստ վիճակից, իսկ ժողովրդի մեջ էլ «տուժած տղայի» իմիջ ստացավ` չեն թողնում, էլի, տղեն օգնի ժողովրդի վիճակը լավացնել, այսպես կմտածի նրա հասարակ կողմնակիցը:
Հիմա հարկ է, որ Հայաստանում իրական ընդդիմություն ձեւավորվի, որը չի վախենա բիզնես կորցնելուց, կհենվի գաղափարների վրա, իր գոյությամբ նաեւ իշխող ուժին կհարկադրի ազատվել ֆեոդալական տրամաբանությամբ քաղաքական գործիչներից եւ բարեփոխվել: Սա շոկ էր ոչ միայն Ծառուկյանի եւ նրա կողմնակիցների համար, այլեւ հասարակության, որը հասկացավ, որ չի կարելի փողատիրոջից փրկչի կերպար ձուլել, փողատիրոջից փրկություն անկնկալել, որ ինքն էլ պիտի փոխվի, կրթվի ու գաղափարական ընդդիմության պահանջ ներկայացնի:
Պարզվեց նաեւ մի այլ բան` Ծառուկյանի քայլի չերեւացող մոդերատորներից մեկը նաեւ Տեր-Պետրոսյանն է, որի կողմնակիցներն այդպես էլ ծպտուն չհանեցին հնգօրյա պատերազմի ժամանակ: Նրա` հապշտապ նախագահին դիմելու քայլը հենց դա էր հուշում` իշխանության հետ համագործակցության առաջարկը երկկողմանի հետ տարավ քողը բոլորի` Ծառուկյանի կողմնակիցների եւ իշխանության աչքերից, հիմա երկու կողմն էլ պետք է որ հեռու մնան այս մարդուց եւ նրա ղեկավարած ուժից: Ընդ որում` այդ ուժի խորհրդարանական միավորն առանց այդ էլ կոտորակվել էր, այնտեղ մարդիկ կային, որ վաղուց էին հասկացել իրենց ղեկավարի «հումանիզմը» եւ գործընկերների վրայով քայլելու սովորույթը:
Իսկ Սերժ Սարգսյանին ուղղած Տեր-Պետրոսյանի բաց նամակի գլխավոր ուղերձն այն է, որ Տարելիցի հռչակագրի հիման վրա պետք է ստեղծվի մի նոր շրջաբերական, ավելի հստակեցված, ՀՀ նախագահի անունից այն ուղղելով ՄԱԿ գլխավոր քարտուարին, ԵԱՀԿ գործող նախագահին, Եվրոմիության նախագահին եւ աշխարհի բոլոր պետությունների ղեկավարներին: Է, սա առանց հուշումների կարող է անել Ցեղասպանության պետական հանձնաժողովը, միայն թե առանց Տեր-Պետրոսյանի մատնանշած բովանդակության կամ նրա առաջարկած անդամներով նոր հանձնաժողովի, նրա թվարկած մարդկանցից իր կողմնակիցները վաղուց այրված քարտեր են: Իսկ թե ինչու էր պետք սա գրել այս տաք օրերին, երբ ԲՀԿ գործընկերոջ օրը մի օր չէր, սա մատնում էր մի բան, որը, եթե Տեր-Պետրոսյանը չշտապեր, դեռ կարելի էր թաքցնել. Ծառուկյանին բզբզողներից ու դրդողներից մեկն ինքն է եղել:
Փաստորեն, Գ. Ծառուկյանը մանրադրամ է դարձել ուրիշի խաղում, որին կարող են մի կողմ շպրտել, չնայած այդպես էլ իրական խաղացողների խաղաքարտերը մինչեւ վերջ չբացվեցին: Այսինքն` այս հնգօրյա պատերազմի հասցեատերն իրականում Ծառուկյանը չէր: Խաղն էլ դեռ ավարտված չէ: