Այն, որ Ադրբեջանը 44-օրյա պատերազմից հետո մի քանի տասնյակ մեծ զորավարժություններ է անցկացրել և համալրել բանակը, նշանակում է, որ այդ երկիրն, այնուամենայնիվ, իր զինանոցում ունի նպատակ՝ ռազմական գործողությունների միջոցով ստանալ այն, ինչ դեռ չի ստացել։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը՝ անդրադառնալով ադրբեջանական բանակում կրակային պատրաստության պարապմունքների մեկնարկին։
«Իսկ Ադրբեջանը չի ստացել երկու հիմնական բան՝ Արցախի ամբողջական հայաթափում և «Զանգեզուրի միջանցք»։ Բայց այս նպատակներին խանգարող գործոններ կան՝ Արցախում ռուս խաղապահները և Իրանը, որը խիստ շահագրգիռ է, որպեսզի «Զարգեզուրի միջանցք» կոչվածը երբևիցե իրականություն չդառնա։
Ինչ վերաբերում է ադրբեջանական բանակում բուն կրակային պատրաստության անցկացմանը, դա, բնականաբար, մտնում է իրենց մարտունակության բարձրացման, պլանային վարժանքների մեջ։ Այստեղ արտառոց որևէ բան չկա»,- ասաց մեր զրուցակիցը՝ միաժամանակ շեշտելով, որ պատերազմը չի ավարտվել, քանի դեռ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր չի կնքվել։
Անդրադառնալով Տեղ գյուղի մերձակայքում նոր դիրքեր տեղակայելու Ադրբեջանի քայլին՝ Հայկ Նահապետյանը նկատեց՝ նման գործողություններով թշնամին ոչ միայն փորձում է վերահսկողություն սահմանել Հայաստանից Արցախ գնացող ճանապարհի վրա, այլ նաև հստակ խնդիր ունի նշված տեղանքում անցակետ տեղակայելու և թույլ տալու երթևեկել բացառապես Ադրբեջանի քաղաքացիության համաձայնած արցախահայերին։
«Սա նշանակում է, որ ՀՀ իշխանությունների լռելյայն հարմարվողականության և բացահայտ թողտվության պայմաններում Ադրբեջանը խնդիր է դրել Արցախը 100 տոկոսով վերցնել շրջափակման մեջ»,- ասաց ռազմական փորձագետը։
Ստեղծված իրավիճակից ելք, ըստ Հայկ Նահապետյանի, կարող է լինել ՀԱՊԿ-ի հետ համագործակցության սերտացումը և այդ կառույցի կողմից Հայաստանին տրվող օժանդակության փաթեթի ստորագրումը։
«Ըստ այդմ՝ Հայաստանը պետք է ռազմական և ռազմատեխնիկական համագործակցություն իրականացնի ՀԱՊԿ-ի հետ, ՀԱՊԿ-ի դիտորդներ տեղակայի հայ-ադրբեջանական սահմանի խնդրահարույց բոլոր կետերում և կառույցի հետ համատեղ զորավարժություններ անցկացնի։ Այսօր սեղանին կա այս ամենի մասին փաստաթուղթ, որը Հայաստանը չի ստորագրում, մինչդեռ ՀԱՊԿ անդամ երկրները պատրաստակամ են կյանքի կոչել այդ պայմանագրի կետերը։
Սրան գումարած՝ ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը նախօրեին հայտարարեց, որ ՀԱՊԿ-ը պատրաստ է հայ-ադրբեջանական շփման գծում տեղակայել ՀԱՊԿ-ի խաղաղապահներ։ Իսկ խաղաղապահների մասին փաստաթղթում հիշատակում չկա։
Այնպես որ, եթե շուրջ երկու տարի Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ ՀԱՊԿ-ը մեզ չի օգնում, այդ փուչիկը շատ արագ պայթելու է։ Այժմ ՀԱՊԿ-ն է առավել շահագրգիռ, որ մեր սահմաններն ամուր լինեն։
Հիմա, եթե Փաշինյանը ՀԱՊԿ-ի առաջարկած փաստաթուղթը չի ստորագրում, նշանակում է՝ հնարավոր էսկալացիայի և կորուստների պատասխանատվությունը մնում է նրա ուսերին։ Նման պարագայում, կարծում եմ, Հայաստանում իշխանափոխության համար լրջագույն գործընթացներ տեղի կունենան»-, ամփոփեց Հայկ Նահապետյանը։