ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆ, Քաղաքական վերլուծաբան, բանասիրական գիտությունների թեկնածու
Խոհեր Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախօրեին
Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի տարում հնչեղ ձեռնարկների պակաս չկա: Երեկ եւ առաջին օրը Երեւանում էին հավաքվել 34 երկրների ավելի քան 160 լրագրողներ, որոնք մասնակցում էին «Արարատի ստորոտում» մեդիա-ֆորումին: Այդ հզոր համաժողովի թեման Հայոց ցեղասպանությունն էր, եւ պետք է սպասել, որ այդքան երկրների մամուլում բավարար չափով ու բավարար որակի հրապարակումներ կլինեն օրվա թեմայով: Մեդիա-ֆորումի բարձրակետը ՀՀ նախագահի ելույթն էր ու դրան հաջորդած հարցուպատասխանը, ինչը լույս է սփռում 100-րդ տարելիցի թեմայով մեր երկրի պաշտոնական դիրքորոշումների ու մոտեցումների հարցում: Մասնակցելով մեդիա-ֆորումին եւ շփվելով տարբեր երկրների լրագրողների հետՙ ես մտածում էի, թե որքան մնայուն եւ ամուր են աշխարհի պետությունների աշխարհաքաղաքական նախապատվությունները, բարոյականության նկատմամբ ըմբռնումները եւ քաղաքական նպատակահարմարության դրսեւորումները:
Աշխարհաքաղաքականություն
Ինչպես եւ 100 տարի առաջ, մեր ժողովրդի ողբերգության հարցում հստակ տարբերվում են բարեկամները, անտարբերներն ու հակառակորդները: Ինչպես եւ 100 տարի առաջ, Ռուսաստանը եւ Ֆրանսիան այն երկրներն են, որոնց հասարակական կարծիքը եւ քաղաքական միտքը տրամադրված է հօգուտ հայությունը: Դրա արտահայտությունը նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Ֆրանսուա Օլանդի պատրաստակամությունն է Ապրիլի 24-ին լինելու մեր կողքին: 100 տարի առաջ, երբ սպանվեց մեկ ու կես միլիոն արեւմտահայ, 600 հազարը փրկվեց գաղթի ճանապարհներին: Դեռ 1960-ական թվականներին պատմաբան Մկրտիչ Ներսիսյանը հաշվել էր, որ 600 հազար հայերի կեսը անցավ ռազմաճակատի գիծը եւ մտավ Ռուսական կայսրությունՙ փրկություն գտնելով ընդհուպ Դոնի Ռոստովի, Եկատիրինոդառի, Մայկոպի ու Դերբենդի շրջաններում: Այդ գաղթականների Հայաստան վերադարձման գործը առաջին հանրապետության հիմնադիր հայրերի եւ Հովհաննես Թումանյանի գլխավորած Հայ Օգնության Կոմիտեի հոգսն էր: Մյուս 300 հազարը ապաստանեցին Սիրիայի, Լիբանանի ու հարակից շրջանների գաղթականական ճամբարներում: Ֆրանսիական պրոտեկտորատի հաստատումից հետո, հիմնականում նանսենյան անձնագրերով այդ հայերի զգալի մասը հաստատվեց Ֆրանսիայում կամ Ֆրանսիայի միջով տեղափոխվեց օվկիանոսից այն կողմ: Ինչպես եւ այժմ, 100 տարի առաջ էլ հայերը մեծ հույսերով սպասում էին ԱՄՆ դիրքորոշումներին, որտեղից մարդասիրական մեծ օգնություն եւ հասարակական ու բարոյական սատարում էր գալիս: Ինչպես եւ այսօր, 100 տարի առաջ, չնայած ազնիվ եւ ուղղամիտ մարդկանց առկայությանը, Գերմանիան չէր շտապում հայանպաստ սկզբունքային քաղաքական կեցվածք ընդունել իր փորձված դաշնակցինՙ Թուրքիային նեղացնելու հաշվին: Ինչպես եւ 100 տարի առաջ, աշխարհի մամուլը Հայոց ցեղասպանության հարցում հայանպաստ է եւ արդարամիտ, սակայն այդ դիրքորոշումներից քաղաքական եզրակացություններ անելը բոլորը չէ, եւ միշտ չէ, որ շտապում են անել: Թուրքիայում, ինչպես եւ 100 տարի առաջ, չափազանց շատ են մարդիկ, որոնք պնդում են, որ հայերը առաջին աշխարհամարտի ժամանակ դավաճանեցին թուրքերին ու անցան ռուսների կողմը, ինչի համար պատժվեցին եւ աքսորվեցին: Հայրենիքը փրկելու թուրքական պատկարացումներում տեղ չկա արեւմտահայությանն իր հայրենիքից զրկելու եւ բնաջինջ անելու հարցի բարոյական գնահատականների համար: Դրա համար է, որ Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակը այսօրվա թուրքերը հույս ունեն ներկայացնել իբրեւ հայրենիքի փրկությանն ուղղված իրադարձություն: Պարզ երեւում է, որ քաղաքական ու աշխարհաքաղաքական պատկերացումները վերջին 100 տարում աշխարհում առանձնապես չեն փոխվել եւ Հայոց ցեղասպանության թեման մի զգայուն ինդիկատոր է, որտեղ բյուրեղանում է «ով ով է» հարցը:
Բարոյականություն
Ավելի քան 70 տարի է թուրքական պատմագիտական եւ քաղաքագիտական միտքը զբաղված է թուրքերին ու մնացած աշխարհին համոզելով, որ հայերը եւ թուրքերը կռվել են իրար դեմ, սպանել են իրար եւ որ թուրքական պետությունը ստիպված է եղել հայերին հեռացնելու գործող ռազմաճակատների գծից, որովհետեւ նրանք անվստահելի էին: Թուրքերը վերջին տարիներին համաձայնվել են նույնիսկ փոքրիկ ճշտում կատարել այդ տեսության մեջՙ ասելով, որ հայերի կրած տառապանքները ավելի մեծ են եղել եւ չնայած զոհվել են թե՛ հայերը, թե՛ թուրքերը, բայց հայերի զոհերն ավելի շատ են եղել: Ընդամենն այսքանը: Եվ ոչ մի խոսք այն մասին, որ Արեւմտյան Հայաստանի եւ Անատոլիայի հարակից շրջանների հայությունը մի քանի տարում դադարեց գոյություն ունենալ, իսկ նրա անշարժ ու շարժական գույքը, հողերը եւ մյուս հարստությունները մի քանի տասնամյակ յուրացվում ու թալանվում էին թուրքական իշխանություններին մոտ կանգնած մարդկանց միջոցով: Ո՞ւր են 1912թ. դրությամբ Արեւմտյան Հայաստանում հաշվված 2 միլիոն 200 հազար հայերը: Այս հարցին թուրքերը պատասխան չունեն եւ ինչ խորամանկ տեղեկատվություն ասես այս պարզ իրողությունը հերքելու համար չեն արել վերջին տասնամյակում: Օրինակ, 2010թ. «Անադոլու» գործակալությունը մի լուր տարածեց, թե Արեւելյան Անատոլիայում ապրում են կես միլիոն իսլամ ընդունած հայեր: Մեր հետազոտողները կարծում են, որ թրքացած կամ քրդացած հայերի թիվը կարող է հասնել երկու միլիոն եւ ավելիի:
Այն, որ ցեղասպանությունը հանցագործություն է մարդկության դեմ եւ չունի վաղեմության ժամկետ, ոչ ոք չի կարող վիճարկել: Թուրքիայում վերջին տասնամյակում ստվարացել է ազնիվ մտավորականների թիվը, որոնք հասկանում են, որ ժխտումն ու ուրացումը պատիվ չի բերում թուրքական հասարակությանը: Ընդհանրապես ցեղասպանության ժխտման դեմ խոսելն ու պայքարելը բարձր բարոյականություն է պահանջում: Այս գործը անմաքուր ձեռքերով անել չի կարելի: Հայոց ցեղասպանության թեման, ինչպես եւ Հոլոքոստի թեման, արծարծելու ժամանակ առաջ են գալիս բարոյական կարգի բազմաթիվ դատողություններ եւ սկզբունքներ, որոնք նույնպես ինդիկատորի պես ցույց են տալիս, թե «ով ով է»: Աշխարհի բոլոր երկրներում էլ կան մարդիկ, որոնք սրտի ու խղճի թելադրանքով պարտավորված են համարում արտահայտվել հանուն Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման: Յուրաքանչյուր հայ դեսպան կհաստատի, որ տարբեր երկրներում այսօր ապրող ու գործող մարկանց շրջանում մեր ազնիվ ու բարոյական բարեկամների թիվը քիչ թե շատ հայտնի է: Բայց դատապարտման գործընթացը պահանջում է, որ նրանում ընդգրկված քաղաքական ու հասարակական շրջանակները անընդհատ ընդլայնվեն: Ահա, թե ինչու են ամերիկյան պրոֆեսորները խոսում համալսարաններում Հայոց ցեղասպանության մասին դասընթացներ մտցնելու մասին: Ահա, թե ինչու են Ֆրանսիայում եւ Շվեյցարիայում համոզված, որ Հայոց ցեղասպանությունը, ինչպես եւ Հոլոքոստը, չի կարելի ժխտել: Հանուն դրա պայքարի հիմքում ընկած է բարձր բարոյականությունը, որը ստիպում է ընդհանրապես ավելի բարոյական լինել բոլոր նրանց, ովքեր իրենց կյանքում գեթ մեկ անգամ առնչվում են այս թեմային:
Նպատակահարմարություն
Աշխարհում շատ քաղաքական մարդկանց, մտավորականների ու հասարակական գործիչների շրջանում, ինչպես եւ Հայոց ցեղասպանության ժամանակ ու դրանից հետո, մի հարց է հուզումՙ այո՛, ակնհայտ է, որ հայերի հետ Օսմանյան կայսրությունում պատահածը ցեղասպանություն է եղել: Բայց անցել է 100 տարի, ասում են նրանք, աշխարհը փոխվել է, բազում նոր խնդիրներ, քաղաքական ու ռազմական նոր դաշիքներ են ձեւավորվել, քաղաքական նոր օրակարգեր են մշակվել եւ այս ամենի համապատկերում քաղաքական դաշտում սրելը 100 տարվա վաղեմության հարցը տարբեր պատճառներով կարող է նպատակահարմար չլինել: Այսպես մտածողների շրջանում է, որ կարող են մտքեր ծնվել, թե ո՞րն է ավելի ճիշտՙ Ապրիլի 24-ին լինել Երեւանում, թե՞ այնուամենայնիվ գնալ Ստամբուլ: Կամ գուցե երկուսն էլ անել միաժամանակ: Այսպիսով մեր եւ մեր բարեկամների համար զուտ քաղաքական ու աշխարհայացքային նպատակահարմարությունից ելնելով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործընթացը չթուլացող տեմպերով շարունակելը ոչ միայն աշխարհաքաղաքականության, ոչ միայն բարձր բարոյականության, այլեւ այժմէական գործնական քաղաքականության նպատակահարմարության հարց է: 1998 թվականից սկսած Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման գործընթացն առաջ մղելը դարձնելով Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունՙ մենք նշաձողը բարձրացրել ենք մի մակարդակի, որից այն իջեցնել ուղղակի հնարավոր չէ: Եթե Հայաստանում կամ Սփյուռքում հանկարծ գտնվեն ուժեր, որոնք ամենատարբեր պատճառներով համաձայն չեն այդ թեզի հետ, եւ եթե հանկարծ նրանց «ամենախաղաղասիրական» կամ այլ մտադրություններով հաջողվի հասարակության վրա էական ազդեցություն ձեռք բերել, մենք որպես ազգ եւ պետություն անդառնալի նոր կորուստներ ենք ունենալու: Մենք ձեռք չենք բերելու նոր բարեկամներ նախկին հակառակորդների ճամբարից, որովհետեւ այդ նոր բարեկամները մեզ ուղղակի խաբելու են, բայց կորցնելու ենք բարեկամներ, ովքեր մաքուր մտքի, մաքուր սրտի ու մաքուր խղճի թելադրանքով անցած տասնամյակներում մեր կողքին են եղել: Ամենահիմար վիճակը «յուրայինների մեջ օտար, օտարների մեջՙ յուրային» լինելու վիճակն է: Եվ վերջին քսան տարիների ընթացքում այս վիճակի մեջ հայտնվածներից շատերն իրենց մաշկի վրա համոզվել են, որ դրանից օգուտ չկա:
Համոզված եմ, որ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի դասերից մեկն այն է լինելու, որ 100-ամյա փորձի իմաստավորման ու մշակման արդյունքում մենք մեր ազգային անվտանգության համադրույթում շատ ավելի մանրակրկիտ եւ խորը պետք է ձեւակերպենք աննպաստ միջավայրում գտնվող Հայաստանի արտաքին քաղաքական եւ ներքին քաղաքական քայլերը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման, ինչպես նաեւ Թուրքիայի իշխանություններից, քաղաքական համակարգից եւ հասարակությունից մեր ակնկալիքի վերաբերյալ: Հրեաները երբեք Հոլոքոստի թեման առուծախի առարկա չեն դարձրել: Ոչ թե այն պատճառով, որ առեւտրից լավ չեն հասկանում, այլ այն պատճառով, որ դա հրեական ազգի եւ Իսրայել պետության անվտանգ գոյության կարեւորագույն հոգեբանական-բարոյական երաշխիքներից մեկն է: Հրեական ողջակիզման խնդիրը ցեղասպանություն ձեւակերպելիսՙ Ռաֆայել Լեմկինը աչքի առաջ ուներ հայկական ողբերգության նախադեպը: Այսօր մենք ենք դատապարտված ուսումնասիրելու ու ավելի լավ հասկանալու աշխարհի հրեաների մոտեցումները Հոլոքոստի դատապարտման մերօրյա գործընթացներում: Հայոց ցեղասպանության միջազգային դատապարտման գործընթացը չթուլացող տեմպերով պետք է շարունակել հաջորդ տասնամյակներին: