Համաշխարհային Առաջին պատերազմի եւ փլուզված Օսմանյան կայսրության ավերակների վրա 1923-ին Թուրքական հանրապետության հռչակման հետեւանքով հսկայական քանակությամբ քաղաքական, սոցիալական եւ էթնիկական խնդիրներ առաջացան, որոնք տեղի տվեցին սարսափի եւ արյունահեղությունների: Թուրքական իրարահաջորդ վարչակազմերի այդ քաղաքականությունը թեեւ իրագործվում էր համայն աշխարհի աչքերի առաջ, բայց անտեսված էր մնում երկար ժամանակ: Թվայնացման դարաշրջանի մեկնարկումով, երբ բռնապետական իշխանություններին սկսեցին քննադատաբար վերաբերվել, եւ երբ Եվրոմիությանը անդամակցելու Թուրքիայի ցանկությունները կրկնապատկվեցին, այդ խնդիրները հետզհետե ջրի երես դուրս եկանՙ ստիպելով թուրք ղեկավարներին չափազանց անշնորհք ձեւով վարվել դրանց հետ:
Հայոց ցեղասպանության արյունալի ժառանգությունը, ինքնավարություն եւ անկախություն ձեռք բերելու քրդական ձգտումները աղավաղվեցին եւ պատմությունը խեղաթյուրված ձեւով վերստին գրվեց Աթաթուրքի եւ մյուսների կողմից, երկրին նոր տեսք տալու նպատակով:
Բայց քաղաքակիրթ երկրների ընտանիքին միանալու ցանկություն ունեցող երկիրը այլեւս չէր կարող քողարկել իր երբեմնի խնդիրները: Ի հայտ եկան թուրք երկու առաջնորդներ, որոնք շատ նման են Միգել դե Սերվանտեսի անմահ հերոսներինՙ Դոն Կիխոտին եւ Սանչո Պանսային, մեկը խառնաշփոթ առաջացնող, մյուսըՙ խառնաշփոթը հարթեցնող: Ռեջեպ Թայիփ Էրդողանն ու Ահմետ Դավութօղլուն, համապատասխանաբար երկրի նախագահն ու վարչապետը, քաղաքականություն են մուտք գործել կրկնօրինակելու Սերվանտեսի անզուգական կերպարներին եւ աշխարհի շատ կառավարություններ եւ պետական գործիչներ լուրջ են վերաբերվում նրանց պարզապես հաշվի առնելով Թուրքիայի ռազմավարական նշանակությունը ինչպես աշխարհաքաղաքական, այնպես էլ այլ առումներով: Տուժողի դերում հայերն ու քուրդերն են, որոնք ամեն ջանք գործադրում են աշխարհին լսելի դարձնելու համար իրենց դատը:
Միջազգային ասպարեզում Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ հզոր քարոզարշավ ծավալելուց բացի, Թուրքիան իր նպատակների իրագործման համար օգտագործում է նաեւ տեղի պատանդ դարձած հայկական համայնքի ներկայացուցիչներին: Մինչ Էրդողանը սպառնացողի դերն է կատարում, փորձելով ահաբեկել աշխարհի քրդերին եւ հայերին, Դավութօղլուն իր վրա է վերցրել զգուշավոր հարթեցնողի բարդ պարտականությունը: Կարծես բավական չէր «բեմականացնել» Գալիպոլիի ֆարսը, Ստամբուլում վերջերս կայացած մի ելույթի ժամանակ Էրդողանը դարձյալ մարտահրավեր է նետել հայերին, ասելով. «Քանի՞ փաստ ունեք: Բերեք այդ փաստերը, եւ մենք գործի կդնենք պատմաբաններին, քաղաքագետներին եւ նույնիսկ փաստաբաններին ու հնագետներին (ուսումնասիրելու դրանք)»:
Պետք է նշել, որ Էրդողանի հիշողությունը դավաճանում է իրեն: Նրա պատմական գիտելիքները մեկ դարով հետ են մնացել, քանի որ գոյություն ունի դեռեւս 1919-ին Կոնստանդնուպոլսում կայացած զինվորական դատարանի վճիռը: Բացի դրանից 2000 թվականին «Նյու Յորք Թայմսի» էջերում տպագրվել է Էլի Ուիզելի գլխավորությամբ միջազգային ճանաչման արժանացած 120 ցեղասպանագետների պաշտոնական հայտարարությունը:
Հայերս պարտավորված չզգացինք պատասխանելու նրա մոլեգին մարտահրավերին: Մեր փոխարեն, սակայն, ընդդիմադիր «Todays Zaman-ն» էր արձագանքել գրելով. «Այս դիրքորոշումը (որ ցեղասպանություն կատարվել է, Հ.Ծ.) պաշտպանում են արեւմտյան շատ պատմաբաններ, որոնք մասնագիտացած են մարդկության դեմ գործադրված հանցագործությունների ուսումնասիրության մեջ:… Հայոց ցեղասպանությունը պատմական աներկմտելի փաստ էՙ արձանագրված բազմաթիվ վկայություններում»: Իսկ 2007-ին Մ. Նահանգների կոնգրեսին ուղղված նամակում Ամերիկայում գործող ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը նշել էր, որ ցեղասպանության գործադրման փաստը «ապացուցված է Մ. Նահանգների, Ֆրանսիայի, Մ. Բրիտանիայի, Գերմանիայի, Ավստրո-Հունգարիայի արտգործնախարարությունների, ինչպես նաեւ 1918-1920 թվերի Օսմանյան զինվորական տրիբունալների արձանագրություններում եւ տասնամյակների գիտական ուսումնասիրությունների եզրակացություններում»:
Մինչ Գալիպոլիի հարյուրամյակի առթիվ հայերին ուղղված հրավերը «ցինիկ խաղ» կարելի է անվանել, մյուս կողմից մեկ այլ հարց դեռ պատասխանի է սպասում: Հայերին հրավեր ուղղվել էր այն պատճառաբանությամբ, որ Գալիպոլիում թուրքերի հետ կողք-կողքի կռվել էին նաեւ Օսմանյան բանակ զորակոչված հայ զինվորներ: Բայց ճակատագրի հեգնանքն այն է, որ նույնիսկ այդ զինվորների ընտանիքներին թուրքերը չխնայեցին: Սա աներկբայորեն ապացուցում է, որ երիտթուրքերի նպատակն էր բնաջնջել բոլոր հայերին, եւ այն փաստարկը, որ նրանք բերում են, թե իբր հայերը ռուսների կողմն անցելով «դավաճանել» են Օսմանյան կառավարությունը եւ դրա համար «տեղահանվել են», քննություն չի բռնում:
Էրդողանի մարտահրավերները ամբողջացնելու միտումով Դավութօղլուն անցյալ փետրվարի 11-ին տարբեր փոքրամասնությունների առաջնորդներին Անկարա է հրավիրել եւ մի նուրբ առաջադրանք հանձնարարել նրանց: «ՎԱԴԻՊ» (VADIP*) անունը կրող համայնքային խորհրդի քննարկումներից պարզվել է, որ Դավութօղլուն զայրացած է եղել «Նյու Յորք Թայմսում» տպագրված Ֆեթուլլահ Գյուլենի հոդվածից, որտեղ նշվել է, թե թուրքական կառավարությունը շարունակում է ճնշել փոքրամասնություններին եւ խնդրել է փոքրամասնությունների ղեկավարներից նման պնդումները հերքող մի փաստաթուղթ հրապարակել: Նա քաղաքավարության կանոնները հարգելով վերջում ավելացրել է. «Այս խնդրանքը չպետք է որեւէ մեկի կողմից մեկնաբանվի որպես պարտադրանք»:
Համայնքային խորհուրդը նաեւ քննարկել է հայ-թուրքական հաշտեցման խնդիրը հայ համայնքի ղեկավար Պետրոս Շիրինօղլուի պայմաններով, որ պահանջում է փոխհատուցում թուրքերից իրենց գործած «հանցագործությունների» համար: Միայն այդ դեպքում կարելի է հասնել «հալալաշմակի»ՙ այսինքն հաշտեցման:
Պատանդ դարձած հայկական համայնքի համար Դավութօղլուի վերոնշյալ ցանկությունը կամ խնդրանքը սոսկ «պարտադրանք» չէ, այլ քողարկված շանտաժի փորձ: Հայկական պատվիրակությունը «Ենի Շաֆաք» թերթի աշխատակից Մարգար Եսայանին է հանձնարարել երկու հոդված գրել, մեկով հերքել «Նյու Յորք Թայմսի» պնդումները, իսկ մյուսովՙ ներկայացնել հայ համայնքի նուրբ իրավիճակը Ցեղասպանության 100-րդ տարելիցի շեմին: Շիրինօղլուն հոդվածները ուղարկել է Անկարա, նախագահի հավանությունը ստանալու համար:
Մինչ այդ Պատրիարքական տեղապահ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը գերազանցել է կառավարության ակնկալիքներըՙ հրամայելով ութ հայկական եկեղեցիներին հոգեհանգստյան պատարագ մատուցել «Չանակկալեի (Գալիպոլի) զոհերի» հիշատակին: Ինքն անձամբ նման պատարագ է մատուցել Եշիլքոյի Սբ. Ստեփանոս եկեղեցում: Մյուս կողմից նա մերժել է միանալ աշխարհի մյուս հայկական եկեղեցիներին, որոնք պարտավորվել են ապրիլի 23-ին ժամը 19.15-ին հնչեցնել իրենց զանգերը ազդարարելով 100-րդ տարելիցի սկիզբը:
Այսպես, պատանդ պահելով հայկական համայնքը Թուրքիայում, շարունակելով ժխտել Հայոց ցեղասպանությունը եւ արհամարհելով համաշխարհային հասարակության կարծիքը, Էրդողանը հավատացած է, որ կկարողանա հաշտեցման եզրեր գտնել հայերի եւ թուրքերի միջեւ:
Նա նույն խաղը խաղում է նաեւ քուրդ փոքրամասնության հետ, որ Թուրքիայի բնակչության 20 տոկոսն է կազմում:
Երեք տարի առաջ Անկարայի կառավարությունը սկսեց բանակցել PKK կուսակցության բանտարկված առաջնորդ Աբդուլլահ Օջալանի հետ: Ստորագրվեց տասը կետից բաղկացած մի համաձայնություն: Սակայն կառավարության կողմից այդ դրույթները չկատարելու հետեւանքով բանակցությունները փակուղի մտան: Սակայն հաշվի առնելով առաջիկա խորհրդարանական ընտրությունները, եւ քրդական համայնքի ձայների անհրաժեշտությունըՙ բացարձակ հաղթանակ տանելու եւ իր նախագահական իշխանությունը ամրապնդելու համար, Էրդողանը դարձյալ կարողացել է Օջալանի աջակցությունը ձեռք բերել: Վերջինս դիմել է իր հայրենակիցներին, կոչ անելով համագումար հրավիրել, վերջ տալ 40-ամյա զինված պայքարին ընդդեմ Թուրքիայի հանրապետության եւ նոր քաղաքական ու սոցիալական մարտավարություն մշակել, որը համահունչ կլինի նոր դարաշրջանի ոգուն:
Քուրդ առաջնորդից նման հաշտվողական հայտարարություն ձեռք բերելուց հետո, Էրդողանը հանդգնել է անամոթաբար պնդել, որ Թուրքիայում երբեք էլ քրդական խնդիր չի եղել: «Ինչի՞ մասին ես խոսում, եղբայր: Ի՞նչ քրդական խնդիր», հռետորական հարցով իրեն հարց տվողին է դիմել նա Բալիքեսերում կայացած մի միջոցառման ժամանակ:
Քառասուն հազար քուրդերի սպանությունից եւ երկու հազար քրդական գյուղեր ոչնչացնելու հրեշավոր քաղաքականություն վարելուց հետո երկրի նախագահը հայտարարում է, թե «Թուրքիայում երբեք էլ քրդական խնդիր չի եղել»: Սա շատ նման է հայերից թեկուզ «մեկ» փաստ պահանջելունՙ առ այն, որ Ցեղասպանությունը կատարվել է:
Այս անգամ երկրի ղեկավարին օգնության է հասել փոխվարչապետը: Ըստ «Նյու Յորք Թայմսի», Օջալանի հայտարարությունից հետո «շաբաթ օրը Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենտ Արինջը վերահաստատել է կառավարության պարտավորվածությունը խաղաղության գործընթացին եւ Էրդողանի ակնարկը բնութագրել որպես «զգացմունքային պոռթկում»:
Հայերիս համար անպատվություն է ներգրավված լինել նման երկդիմի քաղաքական խաղերի մեջ, մինչ անշիրիմ աճյունները մեր նահատակների հարյուր տարի անց դեռ սպասում են արդարության:
Սա՞ է հաշտեցման թուրքական ձեւը:
Դետրոյթ, ԱՄՆ, Թարգմ. Հ.Ծ.
* «ՎԱԴԻՊ-ը» (VADIP) համայնքային խորհուրդ էՙ կազմված բարեգործական կազմակերպությունների (վաքըֆ), հիվանդանոցների եւ եկեղեցիների ներկայացուցիչներից: Հայերից բացի, հույներն ու հրեաներն էլ ՎԱԴԻՊ-ի միջոցով են հաղորդակցվում կառավարական հիմնարկների հետ: